Փաշինյանի միջոցով Պուտինը մերժեց Էրդողանին ու Ալիեւին

26.01.2019 | Մեկնաբանություն ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում չեղավ հանդիպում նախագահ Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Դմիտրի Մեվեդեւի հետ, ընդ որում ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հանդիպումը եղել էր հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ հունվարի 25-ին Պուտինի օրակարգը խիստ հագեցած է, իսկ Փաշինյանի հետ հանդիպման նախնական պայմանավորվածություն չկա եւ չի կարող ասել՝ արդյոք օրակարգը կփոխվի:

Փաստորեն, օրակարգը չփոխվեց, եւ Մոսկվա այցի շրջանակում Փաշինյանը չհանդիպեց Պուտինին: Այդ հանգամանքը Հայաստանում առաջացրել է հարցեր, բնականաբար դիտարկվելով «մերժման» համատեքստում, ինչն էլ իր հերթին մատուցվում է իբրեւ խնդրահարույց հարաբերության իրողություն:

Պուտինի հետ հանդիպումները հայ-ռուսական հարաբերության չափման միավոր են նախկին համակարգից, որը ՌԴ հետ հարաբերությունը վերածել էր վերադաս-ստորադաս բնույթի: Այդ պարագայում իհարկե խնդրահարույց էր դիտվում, երբ «ստորադաս» կարգավիճակ ունեցող Հայաստանի ղեկավարին չէր ընդունում «վերադասը»: Հայաստանի քաղաքական կյանքում նույնիսկ կար մրցակցություն, թե ով է ավելի մոտ Պուտինին: Ավելին, օրինակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչ այժմ էլ փորձում է կիրառել այդ հանգամանքն իր պաշտպանական մարտավարությունում:

Ընդ որում հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի օրը Ռոբերտ Քոչարյանն ուղերձ տարածեց կալանավայրից, որտեղ իրեն հայտարարում է քաղբանտարկյալ, միաժամանակ նշում, որ իր հանդեպ գործը չի խանգարի զբաղվել քաղաքականությամբ: Քոչարյանը դիմում էր համախոհներին եւ ոգեւորում նրանց, ասելով, թե այդ ամենը ժամանակավոր է:

Կապ ունե՞ր երկրորդ նախագահի ուղերձը Փաշինյանի Մոսկվայում գտնվելու հետ, թե պայմանավորված էր այլ՝ ներքին հանգամանքներով: Հնարավոր է իհարկե դիտարկել ամենատարբեր վարկածներ եւ շարժառիթներ, ներքին ու արտաքին: Միաժամանակ, Պուտին-Փաշինյան հանդիպման չլինելը շատերը կարող են կապել նաեւ հենց Քոչարյանի հետ, որի կալանքը գրավով չփոխարինեցին եւ երկարաձգեցին եւս երկու ամսով: Շատերը համոզված են, օրինակ, որ Պուտինը Քոչարյանի համար է թանկացրել գազը: Ի դեպ այդ համոզվածության առիթով հնարավոր է հիշել հենց համոզվածության մասին հայտնի անեկդոտը, որտեղ իր քայլվածքի յուրահատկության վերաբերյալ սեփական համոզմունքները պնդող երկու բժիշկների վեճին հիվանդը պատասխանում է՝ «տղերք, ես էլ համոզված էի, որ գազեր էին, պարզվեց՝ լուծ եմ»:

Փաշինյանի Մոսկվա այցից առաջ եւ Դավոսում Ալիեւի հետ նրա հանդիպումից հետո Պուտինը Ռուսաստանում հյուրընկալել էր Էրդողանին, նրա հետ քննարկել էին Սիրիայի եւ ռեգիոնալ այլ հարցեր: Դավոսում Ալիեւի հետ հանդիպումից հետո Փաշինյանին զանգարել էր Ջոն Բոլթոնը եւ խոսել երկկողմ հարաբերության, ռեգիոնալ հարցերի մասին: Բայց Արցախի մասին չեն խոսել, ինչպես նշել էր Փաշինյանը:

Հետաքրքիր է, որ այդ հագեցած անցուդարձից հետո Պուտինը չունեցավ Փաշինյանի հետ խոսելու անհրաժեշտություն: Նրա համար ամեն ինչ պա՞րզ էր, թե՞ նա դժգոհ էր ինչ որ բանից: Հատկապես, եթե ուշադրության դարձնենք հանգամանքին, որ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ոչ միայն Բոլթոնի հետ էր խոսել հեռախոսով, այլ նաեւ համաժողովի ավարտին կարճատեւ հանդիպումներ ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Եվ մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ, երբ Փաշինյանն արդեն Մոսկվայում էր, Գերմանիայի կանցլեր Մերկելի խոսնակը հայտարարել էր, որ փետրվարի 1-ին Բեռլինում տեղի կունենա Փաշինյան-Մերկել հանդիպումը:

Սեպտեմբերին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունը տեսնում է դաշնակցային, ռազմավարական, միաժամանակ միմյանց գործերին չմիջամտելու եւ ինքնիշխանության սկզբունքի վրա կառուցված հարաբերություն:

Ռուսաստանին անշուշտ խորթ է հայ-ռուսական հարաբերության այդ բնույթը: Մյուս կողմից, Մոսկվան ներկայում մի իրավիճակում է, երբ առավել քան երբեւէ ունի հենց ինքնիշխան Հայաստանի անհրաժեշտություն, թյուրքական աքցանում հայտնված սեփական ինքնիշխանությունը ամբողջությամբ չկորցնելու համար:

Պուտինը թերեւս այդ կարիքից ելնելով է, որ Էդողանի հետ իր, եւ Փաշինյանի հետ Ալիեւի հանդիպումներից հետո չհանդիպեց Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանին մերժման միջոցով խոշոր համատեքստում մերժելով Էրդողանին ու Ալիեւին:

lragir.am/2019/01/26/412503/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail