Պատճառը, որ Հրանտ Մարգարյանն այսպիսի նեղացած ելույթ ունեցավ, նաև այն էր, որ նա այսքան տարի անց հրաժարական էր տալիս

25.01.2019 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեր զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

Պարոն Սասունյան, ՀՅԴ ընդհանուր ժողովը Բյուրոյի նոր կազմ ընտրեց, որտեղ ընդգրկված չէ Հրանտ Մարգարյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը և արդյոք ՀՅԴ-ն հնարավորություն կունենա Հայաստանում նոր օրակարգով հանդես գալու և ընկալվելու հասարակության մոտ:

Ես ողջունում եմ Դաշնակցության Bյուրոյի նոր կազմը և հասկանում եմ Հրանտ Մարգարյանի հրաժարականի պատճառները: Ինչպես բոլորս, ինքն էլ ուզում էր նոր սկիզբ ունենա ՀՅԴ-ն, մանավանդ նոր կառավարության օրերին ամեն բան վերանայվի, նոր մոտեցումներ լինեն: Գալով այն հարցին, թե ինչ նոր մոտեցումներ կան, ես չեմ կարող դա իմանալ, որովհետև Ընդհանուր ժողովին ներկա չեմ եղել: Նոր ընտրված Բյուրոն հաջորդ օրերին կհրապարակի բոլոր որոշումները, որոնք կայացրել են: Դրանից հետո միայն կիմանանք, թե ինչ նոր ծրագրեր, ինչ նոր մոտեցումներ կան:

Նրանք հայտարարել են, որ Արցախի անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Ըստ Ձեզ՝ արդյոք այսպիսով ՀՅԴ-ն հայտարարում է մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու անհրաժեշտության մասին

Միակ հարցը, որ Ընդհանուր ժողովը դրսևորել է, Արցախի հայտարարությունն էր: Մնացած բոլոր հարցերի մասին ոչ մի տեղեկություն այս պահին չունենք, և պետք է սպասենք, որ իրենք բացահայտեն Ընդհանուր ժողովի որոշումները: Ինչ վերաբերում է Արցախին, ես հատուկ մտահոգության պատճառ չեմ տեսնում, որովհետև Արցախը, Արցախի անկախությունը բոլորս էլ պաշտպանում ենք: Թե Դաշնակցությունը, թե նոր կառավարությունը, թե ողջ հայությունը կողմ են, որ Արցախը մասնակից լինի բանակցություններին: Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, ես իսկապես այդքան ներսից տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչ են որոշել, ինչ նպատակով, ուր ենք գնալու: Դա մի հարց է, որը պետք է ուղղել վարչապետ Փաշինյանին, թե իր դիրքորոշումն ինչպիսին է, մանավանդ որ ինքը արդեն երեք անգամ փոքր զրույցներ է ունեցել Ալիևի հետ: Այդ խոսակցությունները բանակցություն չեն համարվում, պարզապես ծանոթացել են, խոսել են գործընթացի մասին: Երբ հաջորդ ամիսներին իրենց առաջին հանդիպումը կլինի, այն ժամանակ կիմանանք, թե պարոն Փաշինյանի դիրքորոշումն ինչպիսին է մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:

Ձեր կարծիքով, ի՞նչ էր կատարվում Դաշնակցությունում վերջին տարիներին, ի՞նչն էր ՀՅԴ-ի թուլացման պատճառը, որ նա անգամ տեղ չգտավ խորհրդարանում: Նախկին իշխանությունների հետ համագործակցությո՞ւնն էր պատճառը: Մյուս կողմից տեսնում ենք, որ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ 5 տարի հետո այս իշխանություններին տուն են ուղարկելու և ստանձնելու են երկրի ղեկը:

Ես կարող եմ վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել մինչև այսօր, բայց դժբախտաբար չեմ կարող ասել, թե ինչ կարող է պատահել 5 կամ նույնիսկ մեկ տարի հետո: Դա մարգարեության ոլորտից է, իսկ ես մարգարե չեմ: Քանի որ ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր մի ռեժիմի հետ, որը ժողովրդի կողմից ատելի էր, դա անդրադառնում էր նաև Դաշնակցության մարմնի վրա, և դա էր պատճառը, որ թե Սփյուռքում, թե Հայաստանում ժողովրդի մակարդակով ատելություն կա կուսակցության հանդեպ: Անշուշտ, եթե հարցնելու լինեիք, թե ինչու որոշվեց Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ կոալիցիա կազմել, հավանաբար, պետք է ասեն, որ ուզում էինք ղեկավարության մեջ լինել, որ կարողանանք ինչ-որ փոփոխություններ անել, երկրի իրավիճակի վերաբերյալ բարեփոխումներ անել: Վերլուծումը հետևյալն է. մի կողմից ՀՅԴ-ն ուզում է իր լուման ներդնել այդ փոփոխությունների մեջ՝ կառավարության մաս կազմելով, մյուս կողմից էլ կոալիցիայի մաս կազմելով վատ տեսքով է երևում հասարակության առջև: Այս պահին շատ հստակ է, որ Դաշնակցությունն ավելի շատ կորցրեց, քան շահեց: Նաև դա էր պատճառը, որ Բյուրոյի կազմում փոփոխություններ եղան վերջին օրերին:

Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ Ընդհանուր ժողովին ողջույնի ուղերձ հղեց ոչ թե սկզբում, այլ 5 օր անց: Ընդ որում, դա հաջորդեց Հրանտ Մարգարյանի կողմից իշխանությունների հասցեին կոշտ քննադատությանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ զարգացումները, գործող իշխանությունը նման քննադատությունների առիթ տվե՞լ էր:

Վարչապետի ողջույնի խոսքը շատ լուրջ, խելացի և պետական մարդու հայտարարություն էր: Ես ողջունում եմ և շատ դրական տպավորություն ունեմ այդ ողջույնի խոսքից: Ես Հրանտ Մարգարյանի ելույթը կարդացել եմ և իմ վերլուծումն այն է, որ ինքը հայտնում էր իր դժգոհությունը: Այս ընթացքում եղել էին մի քանի հանրային վեճեր Հրանտ Մարգարյանի և վարչապետի միջև: Նախ, վեճ էր եղել այն մասին, թե վերջին շրջանում Ռուսաստանից զենքի ներկրում եղել է, թե ոչ: Մեկ անգամ էլ Հրանտ Մարգարյանը խնդրել էր հանդիպում Փաշինյանի հետ, սակայն մերժվել էր: Գուցե էլի բաներ են եղել, բայց ես այս երկուսից եմ տեղյակ: Պատճառը, որ Հրանտ Մարգարյանն այսպիսի նեղացած ելույթ ունեցավ, նաև այն էր, որ նա այսքան տարի անց հրաժարական էր տալիս, և վստահ եմ, որ շատ ուրախ չէր այդ առիթով: Նա քննադատության կիզակետում էր և նույնիսկ կային քննադատություններ կուսակցության ներսից, որի մասին նա իր ելույթում ևս խոսեց: Ընդհանրապես, շատ հաճելի ելույթ չէր, բավական խիստ ոճով հնչած ելույթ էր:

Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Դավոսում ունեցած հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Ձեր կարծիքով, այդ հեռախոսազրույցն ինչո՞վ է կարևորվում և ընդհանրապես, ի՞նչ է սպասվում Արցախի խնդրում: Այսպիսի հանդիպումներն ու հեռախոսազրույցներն ինչի՞ կարող են հանգեցնել: Բանը հասել է նրան, որ ռուս քաղաքագետ Տարասովը հայտարարում է, որ ամռանը Հայաստանը 5 շրջան հանձնելու է Ադրբեջանին:

Ընդհանրապես, ես դրական եմ համարում այսպիսի հանդիպումներն ու հեռախոսազրույցները, որովհետև, եթե վերջիվերջո, որևէ լուծում պետք է գտնվի, այն պետք է գտնվի բանակցությունների միջոցով, ոչ թե զենքի ու պատերազմի: Քանի դեռ կա շփում, խոսակցություն, այդ ընթացքում, հուսամ, որ չեն կռվում: Որովհետև չես կարող բանակցել ու կռվել միաժամանակ: Այո, Ադրբեջանը այս ընթացքում որոշ սադրանքների դիմում է, նույնիսկ երբ խոստանում են, որ չեն կրակելու, նորից կրակում են: Ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը մինչև այսօր շատ զուսպ և դիվանագիտական ձևով հարաբերվել է Ալիևի հետ, որևէ անձնական բախում չի եղել իրենց միջև: Ճիշտ հակառակը, փորձել են ինչ-որ հարցեր իրար բացատրել ու հասկանալ: Եվ երբ որ նրանք առաջին անգամ պաշտոնական հանդիպում ունենան, այդ ժամանակ մթնոլորտն այլ կլինի:

Ինչ վերաբերում է Բոլթոնին, ես հետևել եմ նրա այցելությանը Հայաստան, և շատ հստակ էր, թե պարոն Բոլթոնն ինչ է ուզում անել: նա ուզում էր, որ Հայաստանն ավելի ներգրավվի ամերիկյան ազդեցության ոլորտում, հեռացնի Հայաստանին Ռուսաստանից, նաև առաջարկելով զենք վաճառել Հայաստանին: Վերջին հեռախոսազրույցի վերաբերյալ Փաշինյանն ասել է, որ Արցախի մասին չեն խոսել: Իսկ թե ինչի մասին են խոսել, չեմ կարող ասել: Շնորհավորանքը քաղաքավարական խոսքեր են, պարզ է, որ Բոլոթոնը չի զանգահարել պարզապես շնորհավորելու համար, քանի որ արդեն ԱՄՆ նախագահի մակարդակով շնորհավորանքը եղել է: Վստահ եմ, որ քանի որ հեռախոսով խոսել են, որպես քաղաքավարական ժեստ, Բոլթոնն իր խոսակցությունն սկսել է շնորհավորանքով: Իմ ենթադրությունն այն է, որ երկու թեմայից կարող էին նրանք խոսել. մեկը ԱՄՆ-Իրան հարաբերություններն են, որ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա, մյուսը հայ-ամերիկյան հարաբերություններն են:

lragir.am/2019/01/25/412406/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail