Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանն այս գործում. Ամալ Քլունի

Ամալ Քլունի

16 հոկտեմբեր 2015

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճիռը արձանագրեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անառարկելի իրողություն է, ինչը հայության համար հաղթանակ է։ Այս մասին աղմկահարույց գործով վճռի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության հետ զրույցում ասել է գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի ներկայացուցիչ Ամալ Քլունին։

«Թուրքիան կարող է շարունակել ժխտել այդ իրողությունը, բայց այս որոշումից հետո նրանք այլևս չեն կարող վկայակոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատի վճիռը»,–news.am-i փոխանցմամբ՝ ասել է Քլունին։

Փաստաբանի կարծիքով` թուրքական ժխտողականությունն անհեռանկարային է, դանդաղեցնում է այդ երկրի հանրության առողջացումը և բարդացնում հաշտությունը:

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանն այս գործում: Համոզված եմ՝ հայերին առանձնապես չեն մտահոգում Փերինչեքի հնչեցրած արտահայտությունները: Հայերին շատ ավելի սրտամոտ է Հռոմի պապի ուղերձը, որում հստակորեն նշվում է Հայոց ցեղասպանության մասին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս, մինչև երկրի ղեկն ստանձնելը, կիրառում էր Հայոց ցեղասպանություն եզրաբառը։ Ես զգացված եմ, որ դեր եմ ունեցել այս գործում»,– ասել է Քլունին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՄԻԵԴ Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որով մերժեց Շվեյցարիայի կառավարության հայցը` միաժամանակ բավարարելով գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության պահանջները եւ Ստորին պալատի վճռի տեքստից հանելով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող գնահատականները։

2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ 2013թ. Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Շվեյցարիայի դատարանի վճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի ոտնահարում է։ Շվեյցարիայի կառավարությունն իր հերթին դիմել էր ՄԻԵԴ` գործը ՄԻԵԴ Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով, որը 2014թ. բավարարվել էր։

http://hayernaysor.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail