«Ինչ-որ մի բան կա,որ մենք մոռացել ենք…». Այսօր հուղարկավորեցին Անկարայի ահաբեկչության ժամանակ զոհված հայազգի ակտիվիստին

15 հոկտեմբեր 2015

Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խաղաղությանը նվիրված ցույցի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյուններից մահացած 120 (ըստ ոչ պատոնական տվյալների 128) զոհերից մեկի ` դերսիմցի հայ Սերդար Բենի հուղարկավորման արարողությունը տեղի ունեցավ այսօր առավոտյան. Հոգեհանգիստը կատարվել է Ստամբուի Գազի ալևիական մեջեթում:

Թուրքիայում ավելի շատ հայտնի է Սերդար Բենի եղբոր` Հասան Բենի անունը, որը դեռևս երեսուն տարի առաջ զոհվել էր քրդական շարժման զինյալների և թուրք զինվորների բախման ժամանակ:
Թողնում եմ մի կողմ այն հարցերը , թե ինչ քաղաքական հայացքներ, կրոնական պատկանելիություն ունեին Սերդար Բենն ու իր եղբայրը, ինչպես էին ընդունում իրենց հայկական ծագումը, ինչ գործ ուներ Հասանը քուրդ զինյալների շարքում երեսուն տարի առաջ,իսկ Սերդարը Անկարայի ցույցին, և այլն…
Անշուշտ, քրիստոնյա համայնքից չլինելու պատճառով Սերդարը «պաշտոնապես» հայ չի համարվում նաևԹուրքիայում և մեր համայնքը ըստ պաշտոնական տվյալների այս ահաբեկչության ժամանակ կորուստներ չի գրանցել:
Հայտնի չէ, թե հարյուրից ավելի զոհվածների շարքում քանիսի երակներում կարող էր հոսել հայկական արյուն, Սերդար Բենի հայ լինելու մասին էլ կարող էին երբէ չիմանալ ,բայց այդ հարցն էլ անցնեմ:

Լուրն առիթ տվեց ավելի շատ խորհելու հետյալ հարցերի շուրջ.

Երբ Թուրքիայի մասին որևէ լուր է հրապարակվում,մեզանից քչերն են դա ընկալում որպես ինֆորմացիա,որը վերաբերվում է նաև հայերին,այո, Թուրքիայի հայերին:
Աառհասարակ, ամեն բան ինչ կապված է Թուրքիայի հետ, բայց չի առնչվում անմիջապես Ցեղասպանության թեմային, մեզ քիչ է հուզում: Քանի որ որքան էլ մենք վերջին տարիներին գիտակցենք,որ այնտեղ դեռ հայեր կան, միևնույնն է` մեր ենթագիտակցության մեջ դա ամբողջությամբ հայաթափված տարածք է, որի հետ մեր կապը ավարտվեց ուղիղ հարյուր տարի առաջ:
Իրականում մենք գիտենք,որ կրոնափոխ հայերը կան,մեզանից ոմանք ընդունում են նրանց, բայց նրանք չկան մեզ համար Ցեղասպանության թեմայից դուրս: Կա՞նք արդյոք մենք նրանց մեջքի ետևում, հուզական ելույթներից դուրս, Արևմտյան Հայաստան տուրիստիկ այցելություններից դուրս, իսլամացած հայերի մասին ֆիլմերից դուրս: Ցանկանում ենք ճանաչել նրանց իսկապես, թե ոչ… Սա է հարցը:

Թուրքիայում պատերազմ է: Մահանում են թուրք զինվորներ , քուրդ գուղացիներ, ձերբակալվում են քաղաքացիական ակտիվիստներ, այրվում են տներ, դաշտեր, լեռներ:
Առաջին հայացքից այս ամենը մեզ հայերիս չի վերաբերվում: Ավելին` մեր երկու թշնամիները ‘’իրար են ուտում’’, կարծես թե եկել է ահեղ դատաստանը, գուցե ուղիղ մեկ դար անց իրականանում են մեր տատերի` դեպի Դեր-Զոր գաղթի ճանապարհին ամեն օր հնչեցվող անեծքները:

Բայց…
Ինչ-որ բան կա որ մենք մոռացել ենք
Այո, Ցեղասպանության տարիներին մեր տատերն ու պապերը ճարահատված լինելով թողել են ճանապարհին բազմաթիվ որբեր, որոնց մի մասը մնաց կենդանի և նրանք ինչ-որ մի տեղ,ինչ-որ կերպ,ինչ-որ մեկի կողքին ապրեցին, շահագործվեցին կամ պաշտպանության տակ առնվեցին: Ապրեցին: Քրդի,թուրքի,արաբի կամ հայի ինքնությամբ: «Ծպտյալ հայեր» ասելով ինչպիսին ենք մենք պատկերացնում նրանց… Ցեղասպանության շրջանի պես գաղթի ճամփաներին որևէ ծառի կամ քարի տակ ծպտվա՞ծ: Կամ անտեսանելի՞: Կամ իներտ, մեկուսացված մի զանգված,որը բացարձակապես կապ չունի թուրք հասարակության հետ, չունի քաղաքական հայացքներ, չի մասնակցում այդ երկրում կատարվող իրադարձություններին:
Բայց նրանց երեխաները գնում են դպրոց,նրանք բուժվում են թուրքական հիվանդանոցներում, նաև իրենք են սպասարկում թուրքերին,քրդերին,արաբներին,լազերին ու այդ երկրի բոլոր քաղաքացիներին ամենատարբեր ոլորտներում: Իսկ այս պատերազմում նրանք կարող են լինել և ճնշումների ենթարկվող քրդերի շարքերում և հենց զենքը ձեռքին կանգնած թուրք զինվորների շարքում:

Սերդար Բենի մահվան լուրից հետո առաջինը,որ հիշեցի, դա Ստամբուլում ծնված մեծացած հայ տղայի թուրք-իրաքյան սահմանին անցկացրած բանակային ծառայության այն դառը պատմածներն էին,որոնց մանրամասները լսելն անգամ բարդ է առանց հոգեկան սարսափելի ապրումների: Երբ միայն փորձում ես պատկերացնել, որ մի երիտասարդի, ում ծնողները ոտաբոբիկ են հասել Սասունից Ստամբուլ, այո այդ երիտասարդի հայ լինելը իմանալով հանդերձ նրան էին հանձնարարել ռմբակոծել Հաքքարիի քրդական ճամբարները, անձամբ հետևելով գործողության ամբողջ ընթացքին: Եվ այդպես երկար ու ձիգ ամիսներ շարունակ:

Այսպիսի պատմությունները բազմաթիվ են: Ամեն մեկը լսելուց հետո հասկանում ես մի բան.
Իրականում մենք ( և Հայաստանում և Սփյուռքում) բավականաչափ պատկերացում չունենք Թուրքիայի հայության խնդիրների իրական չափի և ծանրության մասին: Ավելին` մենք մինչ օրս չենք ընկալում նրանց որպես համայն հայության մի մաս. նրանք մեզ համար շարունակում են մնալ պարզապես մեր ցեղասպանված լինելու խորհրդանիշն ու ապացույցը Թուրքիայում, թանգարանային նմուշ. «Օհհ,այնտեղ դեռ հայեր կան: Օօօ իրա՞վ: Ինչ հուզիչ է»:
Մի քանի աղմկահարույց հոդված, մի քանի էմոցիոնալ և հիմնականում չափազանցված ու ծաղկեցված ռեպորտաժներ, մի քանի լուսանկար Արևմտյան Հայաստանի ‘’քրդացած’’-ներից մի քանիսի հետ, մի քիչ արցունք, մի քիչ պաթոս, մի քիչ հայրենասիրական ‘’քոմենթներ’’ ֆեյսբուկում, և վերջ:

Իսկ ինչ էին անում նրանք մինչ մեր ու նրանց «հայտնությունը»… Ում հետ էին շփվում, ում հետ էին կիսում իրենց ցավն ու ուրախությունը, ում հետ էին ամուսնանում, ում կողմից էին հալածվում կամ պաշտպանության տակ առնվում,կուշտ էին, թե սոված:
Նրանք եղել են և կան բոլոր կողմերում,բայց միևնույն ժամանակ ոչ մի հասարակության մեջ չեն երևում: Սերդար Բենն ,օրինակ, թուրքերի համար «քռո» (այդպես են թուրքերը անպատվում քրդերին) էր թուրքերի մեջ, «ֆըլլա» (քրդերեն` հայ, քրիստոնյա) քրդերի մեջ, «տաճկացած»՝ հայերի մեջ և այլն:

Ի վերջո մենք էլ եթե անգամ ընդունում ենք նրանց, միևոնույնն է` երբ խոսում ենք «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության մասին,Թուրքիայի հայությունը այս երեքից ոչ մեկի մեջ չի մտնում:

Նրանց կարող են աշխատանք չտալ Մուշում, բանկային վարկ չտրամադրել Իզմիրում, «հայի ծնունդ» ասելով ապտակել թուրքական բանակի շարքերում և ետևներից «թուրք» բղավել Հայաստանում` ինչպես դա պատահեց վերջին համահայկական խաղերի ժամանակ Սասուն-Մոսկվա, Սամաթյա-Երևան և մի քանի այլ խաղերի ժամանակ:

Իրականում` սփյուռքահայ լինի թե հայաստանցի` մեզ համար նախ և առաջ բարդ է ընկալել հային կամ հայկական ծագում ունեցող մեկին որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Այո, հայ,իսկ անձնագրի վրա թուրքական կիսալուսինն ու աստղը: Այո, հայ, որը կարող է լինել Թուրքիայում քաղաքացիական ծառայող, թուրքական բանակի զինվոր… Հայ, որը մասնակցում է նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին, հայ, որը պարտավոր է դպրոցում երգել Թուրքիայի ազգային օրհներգը: Ավելին` հայ, որը գուցե հաջողացնի ներկայացնել Թուրքիան որևէ միջազգային մրցույթում և այլն…Թուրքիայի քաղաքացի հայ, այսինքն` հպատակ մի դրոշի, որը տեսնելուն պես այդքան բացասական լիցքեր է ունենում գրեթե ամեն հայ:
Մենք երկար ժամանակ ի վիճակի չենք լինի հայերի այս խմբին ընկալելու այնպիսին ինչպիսին կան, փորձելու ենք աչք փակել այն ամենի վրա, ինչը մեզ ձեռնտու չէ հասկանալ ու պատմել:

Եվ ամենակարևորը` ինչպես բոլոր երկրներում Թուրքիայում էլ կան լավ ու վատ, հայրենասեր ու դավաճան, անտարբեր ու ակտիվ հայեր: Ոմանք գնում են եկեղեցի,սակայն Աթաթուրքի նկարն են կախում իրենց պատշգամբից, ոմանք հինգ անգամ նամազ են անում, բայց ամուսնանում են միայն հայերի հետ, ոմանք անում են ամեն ինչ,որպեսզի նրանց երեխաները չմոռանան իրենց պապիկի վերապրածներն ու նույնն էլ պատմեն իրենց երեխաներին, ոմանք էլ նյարդային շարժումներով հասկացնում են, որ «Ինչ եղել եղել է, ինչ կարիք կա անընդհատ անցյալը փորփրելու»: Ոմանք իշխանամետ են, ոմանք քրդամետ, ոմանք հայ ազգայնական, որոնցից անգամ սփյուռքի ամենապահպանողական գաղթօջախներում դժվար կլինի գտնել: Ոմանք քրիստոնյա են, ոմանք մահմեդական, ոմանք ալևի, ոմանք էլ աթեիստ:
Նրանց ճանաչելը ժամանակ,համբերություն,նյարդեր կպահանջի մեզանից:

Ոչ ոք չի լսի,աշխարհը զբաղված է. Պատերազմ է …

Թուրքիայում շարունակվող պատերազմն ու ամբողջ այս զարգացումները ենթադրում են գլոբալ փոփոխություններ ոչ միայն քրդերի կամ թուրքերի համար, այլ նաև մեր հայկական համայնքի համար: Եթե Արմտյան Հայաստանում մնացածները ռմբակոծությունների ձայնից ու ոստիկանների նետած գազի հոտն առնելով են զգում պատերազմը, ապա Կ.Պոլսի հայ համայնքում մի փոքր այլ կերպ է. նոր հարձակումներ պատրիարքարանի և եկեղեցիների վրա, ազգայնական գրություններ հայական դպրոցների պատերին և գերեզմաններում, նախագահի կողմից ԱՍԱԼԱ-ի մասին հիշատակում և այլն:
Չմոռանանք նաև Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու վրա երկու գրոհները, և Ջիզրեյում քրդերի վրա կրակահերթ բացած ոստիկանների «Բոլորդ հայի ծնունդ ենք» բացականչությունները:
Անշուշտ, առանց այդ էլ կամաց-կամաց դեպի Եվրոպա արտագաղթող Պոլսի հայերը գուցե պարզապես արագացնեն Ստամբուլի հայ համայնքի նոսրացման գործընթացը: Առաջին հայացքից` լավ է, Թուրքիայից հեռու, կրոնական ճնշումներից ազատված, թուրքացումից փրկված: Բայց… Փաստն այն է, որ եվրոպական երկրներում այս զանգվածը ձուլվելու է տասն անգամ ավելի արագ, քան հենց Թուրքիայում: Այսօր ավելի մեծ թափով տեղի ունեցող այս պրոցեսի մասին Հրանտ Դինքը դեռ գրել էր տարիներ առաջ ու իրավացիորեն նշել, որ, ցավոք սրտի, ազատ միջավայրում համայնքներն ավելի արագ են ինտեգրվում տվյալ հասարրակության մեջ և երկու-երեք սերունդ հետո պարզապես ձուլվում, ի տարբերություն մահմեդականների մեջ ապրելով ավելի փակ համայնքային կյանքով ապրող զանգվածի, որտեղ միշտ գիտեն և շատ դժվար են մոռանում իրենց «տարբերության»` հայ լինելու մասին:
Այո, թեկուզ մեզ առաջին հայացքից թվաց, թե թուրք-քրդական այս պատերազմի հետ մենք որևէ կապ չունենք , մեկ բան լավ պետք է հիշենք` ցանկացած պատերազմ Թուրքիայում, լինի արտաքին թե ներքին, իշխանությունների համար նաև հարմար առիթ է հայկական տարրը մինչև վերջ արնաքամ անելու:

Այդպես իրականացվեց Ցեղասպանությունը Առաջին համաշխարհայինի տարիներին,այդպես թուլացվեց Թուրքիայի հայ համայնքը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, այդպես էլ ոտնձգությունների մի ամբողջ շարան է նախապատրաստվել արևմտահայության համար նաև այս անգամ: Ոչ ոք չի լսի,աշխարհը զբաղված է: Եթե հանկարծ լսեն էլ` գիտեն ինչ ասել. «Պատերազմ է,պատահում է,միայն հայերը չեն տուժել»:

Սոֆյա Հակոբյան

http://hayernaysor.am/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail