31 ՅՈՒՆՈՒԱՐ 2019
Կա՛մ մենք, կա՛մ նրանք. իրենք այլ տարբերակ չեն թողնում, մենք էլ առաջվանը չենք. Մեզ հաղթել հնարավոր չէ, սա մի ամբողջ ժողովուրդ է, հինգ մարդ չէ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբինախկին պետ (1992-1995 թթ.), 1993թ. պաշտպանության նախարարիպաշտոնակատար, գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։
– Պարոն գեներալ, վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ՝ հատկապես Փաշինյան-Ալիև մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներից հետո։ Ի՞նչ դիտարկումներ ունեք՝ լա՞վ է, որ երկրների առաջին դեմքերը հանդիպում են, թե՞ կան մտահոգություններ։
– Ես, իհարկե, տեղյակ եմ այդ հանդիպումների մասին։ Առանձին եթե դիտարկենք, վատ չէ, որ վարչապետ Փաշինյանը հանդիպում է Ալիևի հետ, ինչ-որ բան քննարկում են, ինչ-որ բան պայմանավորվում, կան հարցեր, որոնք չեն ներկայացվում հանրությանը՝ գաղտնիք է, հետևաբար չեմ կարող մեկնաբանել։ Իմ կարծիքով՝ հաճախակի հանդիպումները վատ չէ, որ լինում են, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր է, մտահոգություն ունեմ։
Ինչո՞ւ. որովհետև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այդ առաքելությունը տրված է նրան։ Պետք է հաշվի առնել, որ Ալիևը անկանխատեսելի, շատ վտանգավոր երկրի նախագահ է, որը անընդհատ միլիարդավոր դոլարներ է ծախսում զենք գնելու համար, նա Էրդողանի հետ գնում է Նախիջևան ու հայտարարում, որ Երևանը ու ամբողջ այս տարածքը Ադրբեջանինն է, չնայած հայտնի չէ, թե ովքեր են ադրբեջանցիները, որտեղից են առաջացել։
Վերջին շրջանում էլ Մամեդյարովը և մյուս նախարարները հայտարարում են՝ մենք հիմա այնքան ուժեղ ենք, որ բանակցություններից կախված է ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի ճակատագիրը, ու եթե հիմա նախագահը հրահանգի պաշտպանության նախարարին գործողությունների դիմել, դա կլինի Հայաստանի վերջը։
Դա հիմար ու անօգուտ իրավիճակ է ստեղծում ու ցույց է տալիս, որ այդ մարդկանց հետ պետք է խոսել համաշխարհային մասշտաբով, անհատապես նրանց հետ հանդիպել պետք չէ. երբ անհատապես ես խոսում, նրանք կարող են պատերազմական գործողություններ սկսել, հետո էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը կասի՝ գուցե դուք պայմանավորվե՞լ էիք պատերազմել, ինչո՞ւ եք մեզ դիմում։
Այս տեսանկյունից ես դեմ եմ, երբ պարոն վարչապետը անհատապես հանդիպում է այդ ագրեսիվ նախագահի հետ ու Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններ վարում։ Ես սա ուղղակի զգուշացնում եմ։
– Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն օրերս հայտարարեց, որ խաղաղության այլընտրանքը «կատաստրոֆան է», կիսո՞ւմ եք այդ մոտեցումը։
– Այո՛, համաձայն եմ այդ մոտեցման հետ, բայց ո՞ւմ համար է պատերազմը «կատաստրոֆա»։ Պատերազմը երկու բաղադրիչ ունի, առաջինը՝ քաղաքականությունը, և երկրորդը՝ ռազմական բռնությունը։
Ադրբեջանը Ղարաբաղի, Զանգեզուրի, հետո Նախիջևանի կողմից Երևանի վրա հարձակվելու քաղաքականությունն ուզում է իրականացնել ռազմական բռնության միջոցով, այսինքն՝ ռազմական գործողությունների միջոցով։ Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուզեց գրավել ռուսական սովետական հողերը՝ նա այդ քաղաքականությունը տարավ ռազմական բռնության միջոցով։ Հիմա վերադառնանք այստեղ.
Ղարաբաղը հայկական հող է, սա տարածքային հարց է, սխալ է ասել՝ անկախություն և այլն։ 1921 թվականի հուլիսի 5-ին, երբ Ղարաբաղը Սովետական Հայաստանի մասն էր, բոլշևիկները այն խլել են Սովետական Հայաստանից ու տվել մուսուլմանական պետությանը՝ Ադրբեջան անունով։
Ինչպես Ղրիմը. ժամանակը եկավ ասացին՝ մենք գնում ենք հայրենիք, չենք ուզում ապրել ձեզ հետ, դա արեցին հանրաքվեի միջոցով։ Պարոն Պուտինը լավ արեց, որ ճանաչեց, որովհետև նախկինում էլ այն անօրեն կերպով խլել էին ու տվել Ուկրաինային։ Հիմա էլ Ղարաբաղը պետք է հայրենիքում լինի, միանա Հայաստանին, մնացած հարցերը քաղաքական անբարոյականություն են։
Այժմ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմին, ու կան որոշ նախադրյալներ։ Առաջինը՝ ագրեսիվ քաղաքականություն են վարում ու նման հայտարարություններ անում, հետո՝ ամբողջ հասարակությանը պատրաստում են դրան, իրենց ժողովրդի մեջ ատելություն են սերմանում, նույնիսկ մանկապարտեզում են երեխեքին ասում՝ հայերը ձեր թշնամիներն են, երեխաները նույնիսկ այդ բառերը դեռ չեն հասկանում, բայց փոքրուց լսում ու ընկալում են։
Հետո՝ տնտեսապես է պատրաստվում պատերազմին, գումար է ներդնում զենք գնելու համար, ինֆորմացիոն քաղաքականությունը ևս խոսում է պատերազմին պատրաստվելու մասին։
Դա նշանակում է, որ հայկական կողմը՝ Արցախի հետ միասին, հզոր պետք է պահի ԶՈՒ-երը և այն արդիականացնի, չմնա կանգնած նույն տեղում, բարձրացնի մարտունակությունը, հետո՝ հատկապես սահմանին ապրող ժողովրդին ռազմականապես պետք է կրթել, նրանց զենք տրամադրել, եթե հանկարծ թշնամին հարձակվի։ Եթե թշնամին հարձակվի, պետք է ամբողջապես ոչնչացվի։
– Հանդիպումների հետ կապված կա այլ մտահոգություն ևս, որ պայմանավորվածություն է ձեռք բերվում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչը ենթադրում է որոշակի զիջումներ. ռուս որոշ փորձագետներ վերջերս անընդհատ այդ մասին են խոսում…
– Ես գիտեմ բոլոր այդ մտահոգությունները։ Հարցն այն է, որ այդ տարածքներում մեր ժողովուրդն է ապրում, և մարդիկ չեն ուզում այդ տարածքները տալ թուրքին, նրանք չեն կարող հայերի հետ խաղաղ ապրել՝ պատմությունը դա է ցույց տվել։ Հիմա էլ մարդիկ անհանգիստ են՝ եթե այդ տարածքները տանք Ադրբեջանին, մարդկանց հետ ի՞նչ է լինելու։
2016-ի պատերազմը ցույց տվեց՝ ինչի են ունակ, նրանք մարդկանց գլուխ էին կտրում. ահա ինչու է մեր ժողովուրդը դիմադրում, ինչու է անհանգստանում, որ հանկարծ հող չտանք, նրանց ոչինչ տալ չի կարելի, ոչ մի հող։
– Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ առանց ժողովրդի համաձայնության Ղարաբաղյան հարցում որևէ լուծման չի գնա։
– Իհարկե, պետք է վստահել պարոն Փաշինյանին։ Նա ժողովրդի օգնությամբ հեռացրեց իշխանությանը ու թավշյա հեղափոխությամբ եկավ իշխանության ղեկին։ Հիմա Ղարաբաղի հարցը նույնպես պետք է ժողովուրդը որոշի, թող հանրաքվե անցկացվի, այդ ամենը պետք է ժողովուրդը որոշի։
Բայց գիտեք հարցն ինչ է. նրանք ատում են հայերին, Թուրքիան Արևմտյան Հայաստանը գրավել է, Նախիջևանը վերցրել են, հիմա էլ նույն քաղաքականությունն են վարում, մի բան տաս՝ ավելի հեռուն կուզեն գնալ, իրենք մի բանով չեն բավարարվի։
Իրենք ուզում են մեկուսացնել հայերին, բայց դա իրենց մոտ չի ստացվի։ Ալիևը ուզում է Ղարաբաղ տարածքը ընդհանրապես, ուզում է այդտեղի ժողովուրդը մահանա, ուզում է կոտորել, այդ մարդու հետ ընդհանրապես ի՞նչ խոսես, ի՞նչ բանակցես։
Իրենք ուզում են միավորվել Թուրքիայի հետ ու ոչնչացնել բոլոր հայերին, նրանց ոչինչ չի կարելի տալ, բացարձակապես ոչինչ։ Մեր անելիքը պետք է հետևյալը լինի՝ ճանաչել Ղարաբաղն ու այն միավորել մայր Հայաստանին, լավ զինվել ու միշտ պատրաստ լինել պատերազմի։
Կա՛մ մենք, կա՛մ նրանք. իրենք այլ տարբերակ չեն թողնում, մենք էլ առաջվանը չենք, մենք հիմա զինված ենք, բանակ ունենք՝ ցույց ենք տվել, որ կարող ենք պատերազմել ու ջախջախել այդ ագրեսորին։ Մեզ հաղթել հնարավոր չէ, սա մի ամբողջ ժողովուրդ է, հինգ մարդ չէ։
hay-life.ru/2019/01/31