ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԾՆՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Հայ ազգի ժառանգական հիշողության հետ պատահած 301-ի ՄԵԾ ՎԹԱՐԻՑ հետո մեզանում չքացավ ազգային ջիղը, արմատի զգացողությունն ու նրա հանդեպ հավատարմությունը, չեզոքացվեցին կամ ծայրահեղ ստորադասվեցին հայրենապաշտական և հայրենատիրական արժեքները, ազգը կորցրեց ամեն ինչ, մինչև իսկ անուն-ազգանունը (ամեն հրեա-թուրք-պարսկա-ռուսական հատուկ կամ հասարակ անվան պոչին` ՅԱՆ ավելացնելով երևակայում ենք, թե ազգանուն ունենք, դե իսկ անունների մասին հիշելն ավելորդ է…):

Այս ամենով պայմանավորված ազգը կորցրեց ամենից էականը` իր դեմքն ու արժանապատվությունը: ՀԱԵ բաղադրատոմսով հունցված խմորից թխված ազգային նոր տեսակը խորթացավ ինքն իրենից, բոլոր այն արժեքներից, որ գնահատելի էին որպես ԱԶԳԱՅԻՆ:

Առաջ եկավ ազգի հանունների նոր հասցեատեր. Հայրենիքին փոխարինեց Քրիստոսի ուսմունքը, որն ազգություն չէր ճանաչում: Դարից-դար հանուն խաչի (այլ ո՛չ Հայրենիքի) բազում զոհաբերություններ ու նահատակություններ արձանագրվեցին:

Կառչած խաչին, այլ ո՛չ Հայրենիքին ծայր առան մեկը մյուսին հերթ չտվող արտագաղթերը: Գաղթողներն ուր որ հաստատվեցին իրենց փայփայած խաչի փառաբանության համար եկեղեցիներ կառուցեցին: Կառուցեցին ու անէացան, լուծվեցին ու վերացան:

Դա էր Հայրենիքը որպես գերագույն արժեք ուրացած ազգի անխուսափելի վախճանը, իսկ ազգի այն մասը, որ չգաղթեց` սեփական Հայրենիքում ապրեց (ավելի ճիշտ կլիներ ասել գոյությունը քարշ տվեց) իբրև տնվոր, իր կամքից անկախ պատմության ընձեռած բոլոր խաղաղ տարիներն ի հրճվանք հոգևոր առաջնորդների` նվիրաբերելով եկեղեցա-վանքաշինության, այլ ոչ հերթական նվաճողին ավելի պատրաստ դիմավորելու նպատակին:

Ազգային պետականություն չհանդուրժող և յուրաքանչյուր հերթական նվաճողին ստրկական ծառայություններ մատուցող ՀԱԵ-ն որոշիչ դերակատարությամբ երկու անգամ գերեզմանեց հայ պետականությունը:

Տիրող թշնամի պետություններին պարտաճանաչ հարկահավաքի ծառայությունների դիմաց իրավունք ստացավ հոտի վերածած ազգին իր ուսմունքը ներարկելու համար, բացել ու պահել վանական կամ եկեղեցական դպրոցներ:

Ճիշտ է, դա արվում էր զուտ կրոնական գիտելիքները հոտին հասու դարձնելու նպատակով, բայց միայն այստեղ է, որ ի մեծ մխիթարություն ազգի` 17 դարի մեջ գոնե մի 17 անուն անձեր գտնվեցին, որ ավետարան ընթերցելու համար սերտած տառերով գրի առան նաև ազգի պատմությունը և պսակվեցին ՊԱՏՄԻՉ կոչումով:

Իհարկե այստեղ էլ մի երկաթյա սահմանափակում կար. ազգի պատմությունը պետք է սկիզբ առներ միմիայն նոր հավատքի ընդունման ժամանակից սկսած և ընդունողների փառաբանությամբ: Հենց այս պատճառով էլ իր պատմությունն ավելի հնից շարադրած Խորենացուն հալածեցին, իսկ մահից հետո «հայ» հոգևորականները նաև պղծեցին իրական երանելու գերեզմանը` ոսկորները դուրս թափելով գերեզմանից…:

Գանք մեր օրերը: Թե ի՞նչ աստիճանի բախտավոր սերունդ ենք մենք նկարագրելու իսկ հնար չկա: Բավական է միայն նշել, որ 301-ից ի վեր, անցած 1718 տարիների ընթացքում մեր ազգը պետականություն է վայելել ընդամենը 317 տարի (301-428, 885-1045, 1918-1920, 1991-ից ցայժմ): Այժմ ունենք դարեր երազված պետական կառույցներ, նախարարություններ, կրթական համակարգ, սահմանադրություն, համաձայն որի ՀԱԵ-ն պետությունից անջատ է, բայց ահա տեսնում ենք, որ նա խախտել է իր իրավասությունների շրջանակն ու հայտնվել ոչ միայն դպրոցում, այլև բանակում:

Ստիպված ենք հիշեցնել, որ դպրոցը եկեղեցական էր մեր պետականազուրկ ժամանակներում (ընդ որում մեզ տիրած իրարահաջորդ թշնամիների լավ հաշվարկված թողտվության պայմաններում), մինչդեռ անկախ պետականության գոյության պայմաններում այդպես չի կարող լինել:

Ելնելով այս ամենից առաջարկում եմ բազմակողմանիորեն և լրջագույնս ուսումնասիրել խնդիրը և միջոցներ ձեռք առնել ազգային պետականության գոյության պայմաններում` սահմանադրորեն պետությունից անջատ ՀԱԵ-ի սպասավորներին մեր կրթական հաստատություններից հեռու պահելու խնդիրը:

Մի կառույց, որի հանունների հասցեատերը երբևէ Հայրենիքը չի եղել անկախ Հայաստանի ազգային դպրոցներում տեղ չունի…

Սամվել Կարապետյան-www.facebook.com/berdagh/posts/1015682531950077

Facebooktwitterredditpinterestlinkedinmail