1 Փետրվար, 2019
Մենք կաջակցենք, որպեսզի Գերմանիայի տնտեսական ներուժը Հայաստան գա. ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերն ամփոփել են բանակցությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։ «Արմենպրես»-ը ներկայացվում է մամուլի ասուլիսի ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած սղագրությունն ամբողջությամբ.
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել.
«Հարգելի պարոն վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյան, ուրախ եմ ողջունել Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Ուրախ էի անցած տարի Հայաստան այցելելու համար, որի շրջանակում մենք նաև զգացինք այն տրամադրությունները, որոնք տիրում են Ձեր երկրում: Դրանից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչությունը շատ մեծ հույսեր է կապում նոր վարչապետի հետ: Այս համատեքստում մենք նաև քննարկել ենք, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները` Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարելավելու նպատակով: Մենք քննարկել ենք տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության ծրագրեր: Որոշում ենք կայացրել մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել, քաջալերել ժողովրդավարության զարգացումը։ Ուրախ ենք, որ հետազոտական ինստիտուտների միջև արդեն կապեր ունենք: Այսօր նաև ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողովի հետ տեղի են ունենալու բանակցություններ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Մենք կաջակցենք, որպեսզի Գերմանիայի տնտեսական ներուժը Հայաստան գա: Անցյալ տարի մեր առևտրաշրջանառությունը 40 տոկոսով աճել է: Կարծում եմ` անելիքներ շատ կան, և հնարավորություններ կան այդ ամենն անելու համար: Շատ կարևոր է, որ պարոն վարչապետը արագ զարգացումներ, հաջողություններ արձանագրի, որպեսզի տնտեսական թերզարգացումը, որ անցյալում կար, ներկայում և ապագայում չլինի:
Մենք նաև խոսել ենք կնճռոտ հարցերի մասին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հակամարտության մասին։ Ինչպես գիտեք, կողմերի միջև առաջին հանդիպումներն են եղել, և իհարկե, անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ բարի կամեցողություն ցուցաբերեն, միակողմանի չլինի այդ ամենը։ Մենք այն կարծիքին ենք, որ պետք է խաղաղության գործընթացը կանգուն պահվի, որպեսզի հնարավորություններն օգտագործվեն։
Շատ ուրախ եմ, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մենք կրկին հանդիպելու և մտքեր փոխանակելու առիթ ունեցանք։ Հուսով եմ, որ դա հայ-գերմանական հարաբերությունների սերտացման վրա դրական ազդեցություն կունենա: Եվս մեկ անգամ սրտանց բարի գալուստ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«Շնորհակալություն, հարգելի տիկին կանցլեր:
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր տիկին Անգելա Մերկելին պաշտոնական այցով հրավիրելու համար: Գերմանիան Հայաստանի կարևոր միջազգային գործընկերն է, Եվրամիության երկրներից` առաջին առևտրատնտեսական գործընկերը Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում` երկրորդը: Եվ իհարկե, այս փաստով արդեն արձանագրվում է այն առանձնահատուկ կարևորությունը, որ ունեն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի հարաբերությունները:
Իհարկե, հիմա կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները բավական լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե մանավանդ հաշվի ենք առնում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, և ահա տեղի է ունենում իմ պատասխան այցը:
Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգն անշրջելի են Հայաստանի համար, և ուրախ ենք, որ և՛ Գերմանիան, և՛ Եվրամիությունն ընդհանրապես պատրաստակամ է Հայաստանի Հանրապետությանն աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիության մեր գործընկերները և Գերմանիան առավել ևս այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չեն դնում և չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգն իսկապես կարող է լիարժեք իրագործվել նաև Եվրամիության և հատկապես Գերմանիայի աջակցությամբ:
Իհարկե, մենք քննարկել ենք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ թվում՝ առանձնահատուկ կարևորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման և արձանագրել ենք, որ այսօր արդեն գերմանական կապիտալի ներգրավման մի քանի ներդրումային կարևոր ծրագրեր են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, և մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում անխուսափելիորեն կավելանան:
Ըստ էության, մենք խոսեցինք նաև տարածաշրջանային իրավիճակի մասին, միջազգային օրակարգին վերաբերող հարցերի վերաբերյալ: Եվ ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում: Իհարկե, մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը չափազանց կարևոր են, բայց նաև կարևոր է արձանագրել, որ այդ խաղաղությունը և կայունությունը պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք:
Մենք խոսել ենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, և այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ գործընթացը պետք է լինի երկկողմանի, և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ այս պահին, գոնե ես, բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, բանակցությունների արդյունքներից և Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես թե կա փոխադարձ հետաքրքրություն այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր ուժ, նոր թափ հաղորդել: Ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»:
Հարց – Հարցս ուղղում եմ տիկին կանցլերին` ակնկալելով նաև Ձեր արձագանքը, պարոնվարչապետ: Հարցը վերաբերում է արցախյան կարգավորման խնդրին: Վերջին ամիսներինՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք անգամ հանդիպել են: Տիկին կանցլեր, ի՞նչ եքկարծում` ի՞նչ ազդեցություն կունենան խաղաղության գործընթացի վրա այս հանդիպումներն ունաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:Շնորհակալություն:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել– Հավատում եմ, որ լավ է, եթե մարդիկ իրար հետ խոսեն, բայց երկու կողմը պատրաստ պետք է լինի, խոսքերին պետք է որոշ գործողություններ հետևեն: Եվ կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնվեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը և նաև արձանագրել դա, որովհետև դա իսկապես շատ կարևոր բնորոշում է բանակցային այսօրվա իրավիճակին: Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում` ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից: Բայց, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում և քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը, և ես ուզում եմ ընդգծել, որ նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից` այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել: Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները:
Հարց– Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք կարծում` կարող է Եվրամիությունը միջնորդի դերովհանդես գալ Ղարաբաղի հիմնահարցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես գիտեք, Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված ֆորմատ կա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և համանախագահող երկրներն են` Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Ըստ էության` դա Մինսկի խմբի համանախագահությունն է, բայց Մինսկի խմբի շրջանակը շատ ավելի լայն է, այնպես որ կարող ենք արձանագրել, որ այդ ֆորմատը, ըստ էության, ապահովում է միջազգային հանրության ներկայացվածությունը բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն այս տարիներին համենայնդեպս բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով: Եվ ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ՝ համանախագահող երկրները և նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է հենց հաջողել այդ հարթակն ստեղծելու առումով:
Հարց – Տիկին կանցլեր, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ևհիմա էլ ընթացող հայտարարված հակակոռուպցիոն պայքարը, նաև Եվրամիության բանաձևը «ավելին ավելիի դիմաց» նկատի ունենալով՝ արդյոք Բեռլինը մտադի՞ր է նոր ջանքեր գործադրել`մեծացնելու Եվրամիության կողմից Հայաստանին տրվող օժանդակությունը և նպաստելուվիզաների ազատականացմանը:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել – Այո, այդպես է: Մենք արդեն աջակցում ենք. Եվրամիությունը պարոն Յոհանես Հանի միջոցով արդեն իր աջակցությունը հստակ արտահայտել է, և մենք չենք ցանկանում արտգործնախարարության արտաքին քաղաքականությանը միջամտել: Հայաստանը` որպես անկախ պետություն ինքն է որոշում, թե արտաքին հարաբերություններում որ երկրում պետք է աշխատի: Եվ մենք արդեն ունենք պայմանագիր, որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ Եվրոպական միության Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի վերջին այցը հստակ պատասխան տվեց այդ հարցին: Եվրամիության ներկայացուցիչներն արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները և այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության ու Եվրամիության երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված և չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք: Ըստ էության, իսկապես Հայաստանում ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այդ զարգացումները կշարունակվեն: Ինչպես նախկինում ասել եմ, անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից` ժողովրդավարությունը, ինչը նաև վերջին ընտրություններում արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովրդի արժեքային համակարգը: Շատ կարևոր է, որ այս առումով որևէ կողմից մեր առաջ չի դրվում ժողովրդավարության համատեքստում աշխարհաքաղաքական որևէ ընտրություն կատարելու խնդիր, ինչը նշանակում է, որ մեր զարգացումները, բարեփոխումների մեր օրակարգը կիրականացվի առավել հաջողությամբ, առավել բարենպաստ միջավայրում: Այս առումով, մենք շատ ուղիղ և բաց հարաբերություններ ենք պահպանում և՛ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների, և՛ Եվրամիության մեր գործընկերների հետ հարաբերություններում: Այնպես որ, կարծում եմ, որ գնդակը, ինչպես ասում են, Հայաստանի կառավարության դաշտում է և պետք է կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներից:
Մոռացա անդրադառնալ վիզաների ազատականացման հարցին: Այդ թեման մենք նույնպես քննարկել ենք, և այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար: Ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվն ավելի մեծ է եղել: Մենք պետք է մեր երկրում ինստիտուցիոնալ այնպիսի բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չդիտարկվի որպես, այսպես ասած, փախստականներ մատակարարող երկիր: Այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ մենք այդ ուղղությամբ շարժվում ենք, և շարժվում ենք վստահ: Եվ, իհարկե, մեր քննարկումների, բանակցությունների և հարաբերությունների զարգացման առումով` հույս ունեմ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար, և ի վերջո, կարծում եմ, ժամանակն է, որ մենք մտածենք այդ թեմայով բանակցությունները մեկնարկելու մասին»:
armenpress.am/arm/news/962853.html