
11 ՓԵՏՐՈՒԱՐ 2019 – ԻՆՔՆՈՒԹԻՒՆ:
– ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԷՐԿԻՐ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:
– ԻՆՔՆՈՒԹԻՒՆ ՓՆՏՌԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ:
– ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԽԵՂԱԹԻՒՐՈՒՄ ՓՈՐՁԱՐԿԵԼՈՒ ՈՃ:
Պետրոսյան Հրաչ անունով ամերիկաբնակ մեկը ՖԲ-ում փորձել է ինձ վիրավորել՝ մեղադրելով առնվազն ստախոսության մեջ:
Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ մարդ կարող է կարծիք հայտնել մի հարցի մասին, որից անտեղյակ է: Դա գիտությունից ու գիտականությունից հեռու երևույթ է և բնորոշվում է այլ կերպ…
Մի խոսքով….
Այժմ ողղակի դիմում եմ Ձեզ, պրն. Պետրոսյան: Դուք մտահոգված եք, որ ես, կրոնափոխ հայերի թվի վերաբերյալ ներկայացնելով սխալ տվյալներ, ավերներ եմ գործել «դաշնակցական պատանիների մտքի, տրամաբանության, դատողության վրա» (ի դեպ՝ պետք է գրել ոչ թե վրա, այլ՝ մեջ):
Ես կփորձեմ փարատել ձեր մտահոգությունը, բայց չեմ հասկանում, թե ինչու՞ ոչ դաշնակցական պատանիներով չեք մտահոգված: Ես կրոնափոխ հայության խնդիրներով զբաղվում եմ ավելի քան 14 տարի, եղել եմ Արևմտյան Հայաստանի և Թուրրքիայի բազմաթիվ հայաբնակ վայրերում, տարիներ շարունակ շփվում եմ այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հետ թե Ա. Հ.-ում, թե Պոլսում, թե Երևանում:
Իմ հավաքած տեղեկությունները և հարցով զբաղվող հայ, թուրք և օտարազգի հետազոտողների ուսումնասիրությունները, արխիվային բազում փաստաթղթեր հիմք են տվել ինձ՝ այդ հարցերի վերաբերյալ գրելու երկու գիրք
1.«Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում»,
2. «Համշեն և համշենահայություն. արդի հիմնախնդիրները») և
3.բազմաթիվ հոդվածներ:
Հրատարակել եմ Սոչիում տեղի ունեցած՝ համշենահայերին նվիրված գիտաժողովի նյութերի մի ծավալուն հատոր (Ի դեպ՝ բոլորն էլ և հայերեն և թուրքերեն լեզուներով, որոնք արժանացել են թե հայ, թե թուրք մասնագետների գնահատանքին): Մասնակցել եմ նաև մի շարք գիտաժողովների՝ Թուրքիայում և Հայաստանում: Այսինքն՝ գիտեմ՝ ինչի մասին եմ գրում:
Այս բացատրությունները ես ավելի շատ տալիս եմ ոչ թե Ձեզ, այլ հարցով հետաքրքրվողներին, քանզի, ինչպես հասկացա Ձեր գրությունից, Դուք դրա կարիքը չունեք:
Դուք նաև մի արտառոց կարծիք եք հայտնում, որը իրականության հետ կապ չունի. ահա, խնդրեմ. «Արի եւ ինձ բացատրի թե ումից են ծնվել այդ 3-5 միլիոն Հայերը? Որպեսզի այդքան “քրդացած Հայ” լինի այսօր Թուրքիայում, պետք է որ 1915-18-ին առնվազն կես միլիոն հայ դեռատի աղջիկներ “փրկված” լինեին, մի տեղ պահված, խնամված լինեին, եւ ոչ թե առեւանգված, բռնաբարված եւ բռնի ամուսնացած, եւ իրենց երեխաներն էլ իրենց հերթին մահմեդական Քուրդերի եւ Թուրքերի հետ ՊԱՐՏԱԴԻՐ ամուսնացած իրենց հայկական ինքնությունից սերնդից սերունդ զրկելու համար!»:
Բացատրում եմ, հարգելի պարոն.
1. Իմ ասած հայերը նախ՝ չեն ծնվել այն կանանցից, որոնք «ամուսնացել են» թուրքերի և քրդերի հետ. դրանց սերունդները գիտական գրականության մեջ կոչվում են ԹՈՌՆԵՐ:
2. Ես երբեք չեմ խոսել 5 միլիոնի մասին,
3. Այո, 1922թ. տվյալներով փրկված հայերի թիվը մոտ կես միլիոն էր (առևանգված կանանց ու աղջիկների մասին չէ խոսքը), որն էլ տալիս է 3- 4 միլիոն թիվը՝ առանց համշենահայերի:
Կարծում եմ ավելի լավ է՝ ներկայացնեմ հատվածներ իմ գրքից («Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում», երևան, 2014)
Եւ այսպս՝ Ձեզ հետաքրքրող բաժինները:
Կրոնափոխ հայերի խմբերն ու բնակավայրերը
1. Իսլամացած հայության խմբերը
Թուրքիայում բնակվող կրոնափոխ հայերն՝ ըստ կրոնա¬կան հատկանիշի բաժանվում են երկու խմբի` սուննի իսլամներ եւ ալեւիներ. Վերջիններիս թիվն անհամեմատ փոքր է:
Ըստ ազգային հատկանիշի, որով ներկայանում են, պատկերն ավելի խայտաբղետ է՝ քրդեր, թուրքեր, զազաներ, մասամբ՝ արաբներ, ասորիներ եւ այլն:
Առանձին մեծ խումբ են կազմում մոտ երեք դարերի ընթացքում իսլամացած համշենահայերը: Սրանց ինքնանվա¬նումն է հեմշինլի կամ հեմշիլ, այսինքն` համշենցի. նրանց այդպես են անվանում նաեւ մյուս ժողովուրդները: Լազերի հետ նույն շրջաններում բնակվող համշենահայերից ձեւավորվել է նաեւ հայ լազերի մի առանձին շերտ (համշենահայերին կանդրադառնանք առանձին բաժնով, քանզի այս խնդիրն ունի որոշ յուրահատկություններ):
Այս խմբերն իրենց հայկական անցյալի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեն եւ ըստ այդմ բաժանվում են երկու հիմնական խմբի.
Առաջին խմբի հայերը 1915 թվից ի վեր շարունակում են ապրել քրդերի կամ թուրքերի կողքին` որպես մուսուլ¬մաններ: Սրանց հիմնական մասը մահմեդական ընտանիք¬ներում դաստիարակված հոգեզավակների սերունդներն են: Եթե անգամ տեղյակ էլ են իրենց հայկական ծագման մասին, առանձնապես հակված չեն վերադառնալու այդ ինքնությանը: Հիմնականում հաշտվել են կատարված իրողության հետ եւ չեն փորձում իրենց համար բարդություններ ստեղծել: Սրանց մասին էր պատրիարք Շնորհք Գալուստյանն ասում, որ «մինչեւ միլիոնի հասնում են իրենց թվով»:
Երկրորդ խումբը կազմում են գաղտնի կամ ծպտյալ հայերը, ովքեր գիտակցում են իրենց ազգային պատկա¬նելությունը, այն գաղտնի կերպով փոխանցում են սերնդե¬սերունդ, իրենց ընտանիքներում պահպանում են հայկական ազգային որոշ սովորույթներ, ավանդույթներ եւ մշակութային տարրեր, հիմնականում խուսափում են օտարների հետ ամուս¬նությունից եւ այլն: Այսինքն՝ նրանք ամուսնանում են իրենց նման ծպտյալների հետ: Ինչպես նշում է Ռ. Մելքոնյանը, «Ներ¬քին ամուսնությունների ինստիտուտը ենթադրում է նաեւ ծպտյալ հայերի շրջանում որոշակի ցանցի առկայություն, որը թույլ է տալիս նրանց, թեկուզ հեռակա, ճանաչել միմյանց։ …Երբեմն այս վարկածի օգտին է խոսում նաեւ ներքին ամուսնությունների աշխարհագրությունը, երբ բավական հեռու գյուղերի բնակիչներ ամուսնանում են իրար հետ»[1]։
Նրանք նպաստավոր պայմաններում մկրտության ճանա¬պարհով վերադառնում են հայկական ինքնության: Սրանց թիվն առայժմ մեծ չէ, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ դարեր շարունակ իրենց մաշկի վրա զգացած լինելով թուրքական ազգային քաղաքականության հետեւանքները, կրելով անասելի տառապանքներ եւ ենթարկվելով ցեղասպանության, նրանց մեծ մասը, բնականաբար, չի կարող վստահել Թուրքիայի իշխանու¬թյուններին եւ բացահայտ կերպով խոսել իր ինքնության մասին:
2013 թ. մի հարցազրույցում Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն իր իսլամացած ազգականների մասին ասում է, թե թեեւ գիտեն, որ հայ են. «Սակայն նրանք չեն վերադառնում քրիստոնեության, քանի որ վերադառնալու դեպքում աշխատանքից դուրս կշպրտվեն, եթե աշխատում են պետական գրասենյակներում: Հարեւանը կարող է անհանգստացնել նրանց: Նման դեպքեր գրանցվում են. իմ ընտանիքն էլ է ներկայում որպես մուսուլման ապրում Դիարբեքիրի Սիլվան գավառում: Այնտեղ ավագ քրոջս զավակներն են: Ոմանք վերադարձել են իրենց արմատներին: Նրանք 1950-ական թվականներին հարկադրանքով են իսլա¬մացվել: Քրոջս ամուսնուն ասել են` եթե մահմեդական չդառնաս, քեզ կսպանենք, եւ այդ կերպ մուսուլման են դարձրել: Ես ծնվել եմ 1954 թ., ավագ քույրս մահմեդական էր դարձել, երբ 4-5 տարեկան էի»[2]:
Կան նաեւ այլ դժվարություններ. նախ` պետք է դիմել պետական համապատասխան մարմնին, արխիվային փաստա¬թղթերով ապացուցել հայկական ծագումը, դատարանի միջոցով այն վավերացնել, որը տեւում է մինչեւ 6 ամիս, այնուհետեւ մասնակցել պատրիարքարանի կազմակերպած դասընթաց¬ներին, որից հետո մկրտության համար մուծել շոշափելի գու¬մար, դրանից հետո դիմել անձնագրային վարչություն եւ փոխել անձնագիրը, որի մեջ պետք է նշում կատարվի տվյալ անձի քրիստոնյա լինելու մասին: Եթե հաշվի առնենք, որ այս մարդիկ բնակվում են գավառներում, ներկայացնում են ժողովրդի առա¬վել համեստ խավերը, հիմնականում ունեն ցածր իրավագի¬տակցություն եւ ի վիճակի չեն մեկ տարի բյուրոկրատական քաշքշուկներով զբաղվելու կամ Պոլսում դասընթացների մասնակցելու, պատկերը կամբողջանա:
Առանձին խումբ են կազմում հայ կանանցից ծնվածների սերունդները (թոռները), ում մասին համապատասխան տեղում խոսեցինք:
Թուրքիայում, այս խնդրի ի հայտ գալուն զուգահեռ, սկսվեց լայն քննարկում, որի նախաձեռնողը պետությունն էր, թեեւ ինքը կարծես քաշվել էր մի կողմ՝ ասպարեզը թողնելով Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախա¬գահ (այժմ խորհրդարանի պատգամավոր), պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուին, պատմաբանների, քաղաքագետների, հասարակական-քաղաքական կազմակեր¬պու¬թյուն-ներին եւ մամուլին:
Հարցը բավականին բուռն քննարկման նյութ դարձավ սկզբնական շրջանում եւ, հատկապես, Հրանտ Դինքի սպա¬նությունից հետո: Այս քննարկումներին հետեւած թուրքագետ Մելինե Անումյանի դիտարկմամբ` «Թուրքական ԶԼՄ-ներում նման հայերի հանդեպ ընդհանուր առմամբ նկատելի է երկու տեսակի վերաբերմունք` բացասական եւ դրական: Բացասա¬կան, երբ թուրքական, հիմնականում, աջակողմյան մամուլի էջերում իսլամացված ու հատկապես ծպտյալ հայերը դիտվում են որպես Թուրքիայի ամբողջականությանը սպառնացող վտանգ, ու դրական, երբ թուրքական ձախակողմյան պարբե¬րա¬կաններում ներկայացվում են նման հայերի ապրումները»[3]:
Նա, նշելով մի քանի հոդվածներ, որոնցում իսկապես առկա է դրական վերաբերմունք բռնի կերպով իսլամացած հայերի նկատմամբ, հատկապես առանձնացնում է «Յենի Աքթյուել» հանդեսի 2007 թ. սեպտեմբերի 6-ի համարում հրատարակված մի ծավալուն հոդված՝ «Իրենց անցյալի հետ են առերեսվում նրանք, ում մեծ մայրերն ու մեծ հայրերը հայ են. պատմում են մուսուլման հայերը» [4] վերնագրով: Այս հոդվածում նա հատկապես ուշադրություն է հրավիրում «Թոփլումսալ թարիհ» ամսագրի նախկին խմբագիր, «Բիրզամանլար» հրատարակչության տնօրեն Օսման Քյոքերի այն կարծիքի վրա, որ իսլամացումը, հակառակ Հալաչօղլուի պնդման, հայերին չի փրկել ոչնչացումից «Անհնար է, թե հայերը, «մենք ալեւի քուրդ ենք» ասելով, փրկվեին զինվորների ձեռքից, իսկ այն անտեր մնացած կանանց եւ երեխաների մահմեդականացումը, որոնց ամուսինները կամ հայրերը մահացել էին կամ էլ նախապես աքսորվել, ոչ թե բացառություն էր, այլ` այն ժամանակվա պետական քաղաքականություն»[5]:
Այս քննարկումներում, թեկուզ ոչ հաճախ, հանդիպում են նաեւ բավականին սթափ, զգացմունքայնությունից եւ, հատ¬կապես, ազգայնամոլական էժանագին քարոզչությունից հեռու, իսկապես անաչառ գիտական մոտեցումներ, ինչպիսին է հա¬մալսարաններից մեկի երիտասարդ ռեկտոր Սեդաթ Լաչիների հայտնած տեսակետը դեռեւս 2005 թվականին. «Ամենա¬կա¬րեւորն այն է, որ իրական ինքնության մասին իմանալով կամ չիմանալով` հայ եւ հույն դյոնմեները կարեւոր դեր խաղացին Թուրքիայի եւ թրքության վերակառուցման մեջ: Անհնար է Թուրքիայի պատմությունը գրի առնել կամ ըմբռնել` առանց հասկանալու նրանց անցած ուղին: Բացի այդ` ուսումնա¬սիրության է արժանի նաեւ դյոնմեների դերը Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ»[6]:
Սակայն, ինչպես միշտ է եղել հայերին վերաբերող հար¬ցերում, այս հարցում էլ Թուրքիայի հասարակական կարծիքը ձեւավորվեց թշնամանքի հասնող հակահայ քարոզչության վրա: Նախ՝ իսլամացած հայությանը բաժանեցին երկու հիմնական խմբի:
Ըստ այս հարցով զբաղվողների` առաջին խմբին պատ¬կանողներն, ըստ էության, ձուլված կամ ձուլվող հայերն են: Թեեւ բացառված չէ, որ սրանց միջից իրենց արմատներին վերադարձողներ լինեն, բայց դա հավանաբար զգալի թիվ չի կազմի: Սրանց վերաբերյալ թուրքական մամուլում եւ հասա¬րակական տարբեր շրջանակներում առավել տարածված տե¬սակետն այն է, որ «Թեեւ Եվրոպայից սնվող որոշ միություններ ու կազմակերպություններ ձգտում են այս հատվածի ուսյալ երիտասարդներին հիշեցնել իրենց հայկական արմատների մասին, գործընթացը գնում է հայկական ծագում ունեցող մեր հայրենակիցների` հետզհետե անատոլիացու հետ միաձուլման ուղղությամբ»[7]:
Թուրքիայի համար հիմնական խնդիր համարվում են երկ¬րորդ խմբի հայերը՝ ծպտյալները, որոնց իր հերթին բաժանում են երկու խմբի:
Առաջին խմբի հայերը, հայկական արմատները գիտակ¬ցելով հանդերձ, հանդես են գալիս որպես թուրք կամ քուրդ: Այս հատվածը մի կողմից` տեղ է գտել քրդական ազգային ինք-նագիտակցության կրող ՊԿԿ-ի, ինչպես նաեւ` նրա քաղաքա¬կան կազմակերպության ամենաառաջին շարքերում, մյուս կողմից՝ թուրք ազգայնական, նույնիսկ ազգայնամոլ ինքնագի¬տակ¬ցությամբ կարողանում է տեղ գրավել ամենամոլեռանդ պանթուրքիստների շարքում, ինչպես, օրինակ, Էրգենեքոնում:
Յուսուֆ Հալաչօղլուն բազմաթիվ առիթներով գրել կամ տարբեր գիտաժողովներում անընդհատ առաջ է մղել այն տեսակետը, թե ՊԿԿ-ն հիմնականում բաղկացած է հայերից: Ահա մի հատված Քոնիայում կազմակերպված կոնֆերանս¬ներից մեկում նրա ելույթից. «Չափազանցնում են, թե ողջ Անատոլիան, Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիան քրդական է: Արդյոք տեղյա՞կ եք, թե որքան քուրդ կա ամբողջ Թուրքիայում: Եթե կուզեք, սկսենք ոչ քրդական կազմակեր¬պություն հանդիսացող ՊԿԿ-ից, որի անդամների 80 տոկոսը կազմում են հայերը»[8]:
ՊԿԿ-ի հետ հայերի համագործակցության գաղափարը, հասկանալի պատճառներով, շատ արդիական խնդիր է եւ բազմաթիվ կողմնակիցներ ունի Թուրքիայում: Այն առավել համոզիչ դարձնելու համար հաճախ հնչում է բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից: 2010 թ. օգոստոսին փոխվարչա¬պետ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց, թե «…հայկական ահաբեկ¬չության ու ՊԿԿ-ի ահաբեկչության միջեւ գոյություն ունի սերտ համագործակցություն, նրանք արյան եղբայրներ են: Հայկական ահաբեկչության փուլից դուրս եկան. գործը հանձնեցին այս կողմին: Ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, բայց այն հանգամանքը, որ ահաբեկիչների մի մասը թլպատ¬ված չէ, արդեն իսկ խոսուն փաստ է: Այսինքն` դրանք ընդամենը խոսակցություններ չեն: Մենք լավ գիտենք` ով ինչ է»[9]:
Պետական քարոզչամեքենան այսպիսով լուծում է երկու խնդիր. նախ՝ վարկաբեկում է քրդական ազատագրական պայ¬քարը, այն ներկայացնելով որպես հայկական դավադրություն, երկրորդ՝ հասարակության մեջ բորբոքում է հակահայկական տրամադրություններ եւ թշնամանք՝ փորձելով ահաբեկել ազգային ինքնության զարթոնք ապրող կրոնափոխ հայությանը:
Սակայն ենթադրվում է, որ սրանք առավել ազդեցիկ են քաղաքացիական ու զինվորական բյուրոկրատիայի մեջ, հատ¬կապես` բյուրոկրատիայի հանգուցային կետերում:
Ըստ թուրք հետազոտողների` այս խումբը կողմնակից չէ իրեն բացահայտելուն: Կարծում է, թե իր ուժը գաղտնիության մեջ է: Համոզված է, որ պետական համակարգում, Քրդական բանվորական կուսակցության մեջ, ազգայնականների շրջա¬նակ¬ներում դիրքավորված ծպտյալ հայերը ներսից ավելի հանգիստ կերպով կարող են բաժանել, թուլացնել թուրք պե-տությունն ու հասարակությունը: Տվյալ խումբն անհանգստա¬նում է, որ բացահայտ քաղաքականություն վարելու դեպքում կբացահայտվեն իր այն ռազմավարական դիրքերը, որոնք ձեռք են բերվել երկար տարիներ կատարված աշխատանքների արդյունքում:
Թուրքական լրատվամիջոցներով քարոզվող տեսակետն այն է, որ սրանք համոզված են, թե ծպտյալ լինելը շատ ավելի ազդեցիկ ու արդյունավետ է, շատ ավելի հարմար` իրենց նպատակներին հասնելու, թուրքերից վրեժ լուծելու առումով:
Այս հարցերով զբաղվող հայտնի պատմաբան, պրոֆեսոր Ջյոհջեի կարծիքով, հայերին գիտակցաբար կհիշեցնեն իրենց արմատների մասին, եւ նրանք Թուրքիայի առջեւ հանդես կգան հողի փոխհատուցման պահանջներով: Նա համոզված է, որ այս խմբի մարդիկ Թուրքիայի ներսում կօգտագործվեն ահաբեկ¬չական նպատակներով[10]:
Երկրորդ խումբը, որն ըստ թուրք հեղինակների, աջակ¬ցություն է ստանում նաեւ հայկական սփյուռքից, բացա¬հայտ¬վելու քաղաքականության կողմնակից է: Թուրքական մամուլում այս խմբի մասին ձեւավորված տեսակետը հե¬տեւյալն է. հայության ձուլումը կասեցնելու համար այս խումբը համոզված է, թե անհրաժեշտ է հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիներին վերադարձնել իրենց արմատ¬ներին: Այդ նպատակով սկսել են շրջանառության մեջ մտցվել մշակութային, մարդաբանական ուսումնասիրությունների ան-վան տակ էթնիկ արմատների հետազոտությամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիական, հասարակական կազմակերպու¬թյուն¬ներ:
Որպես ամերիկացի, եվրոպացի ուսումնասիրող, լրագրող, զբոսաշրջիկ կամ այլ անվան տակ ուղեւորություններ են կազմակերպվում դեպի հայ քաղաքացիների բնակավայրերը, նրանք ջանում են վերակենդանացնել սրանց հայկական ինքնությունը: Ձգտում են Եվրամիության ֆոնդերից եւս օգտ¬վելով` վերականգնել Անատոլիայի հայկական հուշարձա¬նները: Հայկական մշակույթի վերակենդանացման խնդրում լուրջ կեր¬պով աջակցություն են ցուցաբերում նաեւ պետական համա¬կարգում դիրքավորված ծպտյալ հայերը:
Ուշագրավ է այն տեսակետը, թե ԵՄ-ին անդամակցելու գործընթացն մեկնարկելու հետ մեկտեղ լուրջ պայքար է սկսվել այս երկու խմբերի միջեւ: Հակառակ բացահայտվելուն կողմնակից գաղտնի հայերի` մյուս խումբը ցանկանում է, որ շարունակեն օգտվել այն առավելություններից, որ իրենց ընձեռում է գաղտ¬նիությունը, չի ուզում վտանգի ենթարկել տարիներ շարունակ մեծ ջանքերի գնով ձեռք բերված փորձառությունը եւ դիրքերը:
Բացահայտվելու կողմնակիցներին պետական համակար¬գում դիրքավորված խմբի համեմատ ավելի անմեղ եւ խոհեմ են համարում, քանի որ այս խմբի աշխատանքները, մյուս խմբի կատարած աշխատանքների համեմատ, երկրին ավելի քիչ վնաս կարող են հասցնել:
Էրգենեքոնի դատավարությունը փաստեց, որ այս քարոզ¬չական նախապատրաստություններն ամբողջությամբ ծրագր¬ված քաղաքականության արտահայտություն են:
Դատական գործընթացն «ի հայտ բերեց» եւ մամուլին տրամադրեց ծպտյալ հայերի վերաբերյալ այնպիսի «փաստեր», որոնք անսպասելի էին անգամ թուրք ազգայնամոլների համար. «պարզվեց», որ, բացի զորավար Վելի Քյուչյուքից, ազգությամբ հայեր են նաեւ Էրգենեքոնի բազմաթիվ ղեկավար դեմքեր, Լեւենթ Գյոքթաշը, որի հրամանով են շարժվում շատ գենե¬րալներ, Ազգային շարժում կուսակցության (Գորշ գայլեր) նախա¬գահ Դեւլեթ Բահչելին, նույն կուսակցությունից խորհրդա¬րանի պատգամավորներ Մեհմեթ Շանդըրը, Մեհմեթ Էյմուրը, Ժողովրդավարական հասարակություն կուսակցության նախագահ Ահմեթ Թուրքը, մոտ 20 համալսարանների ռեկտորներ, դեկան¬ներ եւ այլք[11]:
Էրգենեքոնի գործով մեղադրվող, Հատուկ գործողություն¬ների գրասենյակի նախագահի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինի գրություններում հայտնաբերվել են տվյալներ, ըստ որոնց` Անատոլիայի կենտրոնական եւ հարավարեւելյան շրջանների միջեւ ընկած տարածքի բնակչությունն իբր թե կազմված է հայերից: Շահինը համոզված է, որ «PKK-ն քրդական ծագմամբ մեր եղբայրներին ներկայացնող մի կառույց չէ, այլ հայկական կառույց է»[12]:
Հետաքրքիր է, որ նույն հա¬մոզմունքն ունի նաեւ Քյուչուքը. «Ելույթներ եմ ունեցել արեւելյան հարցի վերաբերյալ եւ միշտ պաշտպանել եմ այն տեսակետը, թե դա քրդական հարց չէ: Գյուղ առ գյուղ բացատրել եմ, որ PKK-ն քրդական չէ, որ արեւելյան հարցը ոչ թե քրդական, այլ հայկական հարց է»[13]:
Դողու Փերինչեքի, հայտնի պանթուրքիստ Վելի Քյուչյուքի եւ այլոց «հայկական ծագումը» բացահայտելը, նրանց հայ¬կական դավադրության մեջ մեղադրելը կամ PKK-ի եւ Էրգե¬նեքոնի միջեւ թուրքական իշխանությունների կողմից կապ տեսնելը, բացի հայերի մեջ պառակտում մտցնելու ծրագրից, հետապնդում է մի քանի նպատակ եւս, որոնցից կարեւորվում են հետեւյալները.
ա. նախ` ասպարեզ է նետվում քրդական շարժման եւ թուրքական «խորքային պետության» գաղտնի համա¬գործակցության ենթադրյալ իրողությունը, որի նպա¬տա¬կը ռազմական հեղաշրջման ճանապարհով երկ¬րում անկայունություն ստեղծելն է:
բ. Երկրորդ` այս ճանապարհով խնդրո առարկա է դառ¬նում ազգայնամոլ ուժերին եւ Էրգենեքոնին հովանա¬վո¬րող բանակի ղեկավարության հեղինակությունը:
գ. Երրորդ` քրդերի մեջ PKK-ի նկատմամբ անվստահու¬թյուն է սերմանվում:
դ. Չորրորդ` Թուրքիայում բնակվող հայերը (նաեւ` այլ փոքրամասնություններ) հայտարարվում են անվստա¬հելի կամ թշնամի տարրեր, որոնք քրդական շար¬ժումն օգտագործում են` երկրում անկայունություն ստեղծելու եւ արտաքին ու ներքին շահագրգիռ ուժե¬րի աջակցությամբ հայկական պետականությունը «Ա¬րեւել¬յան Անատոլիայում» (Արեւմտյան Հայաստանում) վերականգնելու նպատակով:
2. Բնակության վայրերը
Հասկանալի է, որ դժվար է ամբողջական պատկերացում կազմել կրոնափոխ հայերի եւ Թուրքիայի մյուս էթնոկրոնական խմբերի բնակության վայրերի մասին: Կ. Խանլարյանն այս մասին գրում է. «Թուր¬քիայի էթնոկրօնական պատկերը բարդ խճանկար է յիշեցնում։ Հակառակ պետական պնդումներին ու ներկայացրած վիճակա¬գրական տւեալներին` այսօր աւելի քան 50 էթնոկրօնական խմբեր են ապրում Թուրքիայում[14], որոնց կարելի է ամփոփել հետեւեալ աղիւսակում»[15]։
Աղյուսակ 3
Էթնիկական խումբ Կրօն Դաւանանք Ենթա-խումբ
1 աբդալ իսլամ սուննի
2 ադրբեջանցի իսլամ շիա
3 արաբ իսլամ սուննի
4 արաբ իսլամ շիա ալեւի
5 արաբ քրիստոնեայ ուղղափառ մելչիթ
6 ասորի քրիստոնեայ ուղղափառ քելդանի
7 ասորի քրիստոնեայ ուղղափառ ջելօ
8 ասորի քրիստոնեայ ուղղափառ սիրիակ
9 բոշնակ իսլամ սուննի հանեֆի
10 գնչու իսլամ – –
11 դաղստանցի իսլամ սուննի հանեֆի
12 դաղստանցի իսլամ սուննի շաֆէյի
13 զազա իսլամ սուննի շաֆէյի
14 զազա իսլամ շիա ալեւի
15 թահթաջի իսլամ սուննի –
16 թաթար – ուզբեկ իսլամ սուննի հանեֆի
17 թաթար – ղրիմի իսլամ սուննի հանեֆի
18 թաթար – նողայի իսլամ սուննի հանեֆի
20 թուրք իսլամ սուննի –
21 թուրք իսլամ սուննի –
22 թուրք իսլամ սուննի իւրուկ
23 թուրքմէն իսլամ սուննի –
24 թուրքմէն իսլամ շիա ալեւի
25 լազ իսլամ սուննի հանեֆի
26 կարափափախ իսլամ սուննի –
27 կարաչայ իսլամ սուննի հանեֆի
28 կիրգիզ իսլամ սուննի հանեֆի
29 հայ քրիստոնեայ ուղղափառ –
30 հայ քրիստոնեայ կաթողիկէ –
31 հայ քրիստոնեայ բողոքական –
32 համշէնցի իսլամ սուննի –
33 հրեայ մովսիսական – –
34 ղազախ իսլամ սուննի հանեֆի
35 յոյն քրիստոնեայ ուղղափառ –
36 յոյն քրիստոնեայ կաթողիկէ –
37 յոյն քրիստոնեայ բողոքական –
38 յոյն – պոնտացի իսլամ սուննի –
39 ուզբեկ իսլամ սուննի հանեֆի
40 չերքեզ իսլամ սուննի հանեֆի
41 սերբ քրիստոնեայ ուղղափառ –
42 սուդանցի իսլամ շիա ալեւի
43 վրացի իսլամ սուննի հանեֆի
44 վրացի քրիստոնեայ ուղղափառ –
45 իւգուրս իսլամ սուննի հանեֆի
46 քուրդ իսլամ սուննի հանեֆի
47 քուրդ իսլամ սուննի շաֆէյի
48 քուրդ իսլամ շիա ալեւի
49 քուրդ եզդի – –
50 օս իսլամ սուննի –
Ինչպես տեսնում ենք, էթնոկրոնական տեսակետից Թուր¬քիան միատարրությունից շատ է հեռու, ինչպիսին փորձում է ներկայանալ թե երկրի ներսում, թե, առավել եւս, միջազգային հանրությանը: Ցանկում չեն ներառված հույն, հրեա, ասորի եւ այլ կրոնափոխների խմբերը, որոնք բավականին մեծ թիվ են կազմում: Որոշ տվյալներով միայն Պոնտոսի իսլամացած հույների թիվն անցնում է 300 հազարից (կրոնափոխ հայության թվի մասին կխոսենք հաջորդ վերնագրի ներքո):
Վերջին տարիներին հեղինակավոր միջազգային կազմա¬կեր¬պությունների անցկացրած հարցումների տվյալներով Թուրքիայի բնակչության 55 տոկոսն իրեն թուրք չի համարում: Այդ բազմամիլիոնանոց զանգվածը, բնականաբար, միատարր չէ նաեւ լեզվական առումով. Թուրքիայում բնակվող ժողո¬վուրդները խոսում են 36 լեզվով[16]:
Էթնոկրոնական եւ լեզվական այս խառնարանում կրո¬նափոխ հայերը հանդես են գալիս այլ ինքնություններով՝ քրդեր, թուրքեր, արաբներ, զազաներ, ասորիներ, լազեր եւ այլն: Նրանք հիմնականում բնակվում են Արեւմտյան Հայաստանում, Փոքր Հայքում, Պոնտոսում, Կիլիկիայում եւ Թուրքիայի Հանրա¬պետության տարբեր շրջաններում:
Թուրքիայի մի շարք քաղաքներում բնակվող ծպտյալ հայերի թվաքանակի, աշխարհագրական սփռվածության, ինչ¬պես նաեւ «պաշտոնական» կարգավիճակի մասին[17]
որոշ տե¬ղե¬կություններ է հայտնում թուրք պատմաբան Սալիհ Ջյոհջեն «Աքսիյոն» կիսապաշտոնական հանդեսում լույս տեսած իր մի հոդվածում: Ուշագրավ է, որ հանդեսը հայերի համար գոր¬ծածում է ոչ թե իսլամացած, այլ՝ «ծպտյալ» տերմինը:
Աղյուսակ 4
Քաղաքը Ծպտյալ հայերի թիվը «Պաշտոնական» կարգավիճակը
Դիարբեքիր 1000 ընտանիք քուրդ, ասորի, ալեւի
Մալաթիա 3655 ընտանիք քուրդ-ալեւի
Կեսարիա 5000 ընտանիք թուրք
Էլյազիգ (Խարբերդ) 1000 ընտանիք քուրդ, ալեւի
Վան 4000 ընտանիք քուրդ
Թունջելի (Դերսիմ) 2000 ընտանիք քուրդ-ալեւի
Շանլըուրֆա 3500 ընտանիք քուրդ, արաբ
Սղերդ 1200 ընտանիք արաբ, քուրդ
Հաթայ (Ալեքսանդրեթ) 1100 ընտանիք արաբ
Բիթլիս 200 ընտանիք քուրդ
Էրզրում 3000 ընտանիք քուրդ, ալեւի, թուրք
Երզնկա 1300 ընտանիք ալեւի, քուրդ
Սեբաստիա 2000 ընտանիք քուրդ, ալեւի
Մարդին 1500 ընտանիք արաբ
Քահրաման Մարաշ 3000 ընտանիք քուրդ, ալեւի
Ադըյաման 1600 ընտանիք քուրդ
Ադանա 2000 ընտանիք քուրդ, արաբ, ալեւի
Ցանկում ներառվել են հիմնականում Արեւմտյան Հայաս¬տանի եւ մասամբ էլ Կիլիկիայի խոշոր քաղաքներից 17-ը, եւ հասկանալի է, որ չեն արտացոլում ծպտյալ հայության ամբողջ թվային պատկերը[18]:
Չեն նշվել անգամ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մուշը, ուր, բացի բազմահազար իսլամացած հայերից, տարբեր տվյալներով բնակվում է մինչեւ 3000 ծպտյալ հայ[19], Սեւ ծովի ափամերձ արեւելյան նահանգները` 9200 ընտանիք, Կիլիկիայի Մերսին եւ Տարսուս քաղաքները` 1200 ընտանիք եւ այլն: Սակայն այս տվյալները, թեկուզ խիստ նվազեցված, ուշագրավ են միջին վիճակագրական առումով:
Կա հարցի մյուս՝ թերեւս առավել կարեւոր կողմը. դա հոգեբանական գործոնն է: Կրոնափոխ հայերը հիմնականում ապրում են ծպտված, եւ դա է ծպտյալության բուն էությունը: Ուստի նրանց մասին տվյալներ միշտ չէ, որ հեշտ են ձեռք բերվում նույնիսկ այսօր, երբ թվում է, թե որոշ տաբուներ ջարդվել են: Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այսպես է բնորոշում ստեղծված կացությունը. «Թուրքիային անդրադառնալիս պէտք է տարբերակենք արեւելեան եւ արեւմտեան շրջանները: Արեւմտեան շրջաններում ժողովուրդը համեմատաբար աւելի զարգացած է: Մի կողմ թողնենք այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Պոլիսը, Անկարան, Իզմիրը եւ Անթալիան, եւ նկատի առնենք Սասունը, Կարսը, որտեղ ժողովուրդը թաքցնում է իր ինքնութիւնը, որովհետեւ եթէ, օրինակ, որեւէ նման հայ ուսուցիչ է, եւ եթէ յայտնի դառնայ նրա հայ լինելու մասին, աշխատանքից կը հեռացնեն: Եթէ որեւէ պետական գրասենեակում է աշ¬խատում, կը պաշտօնազրկեն՝ նրա հայկական արմատների մասին իմանալու դէպքում: Նման դէպքեր շատ են գրանցուել: Այսինքն՝ Պոլսի եւ այլ արեւմտեան քաղաքների կեանքը լրիւ տարբերւում է արեւելեան շրջանների կեանքից»[20]:
Ցանկի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ նշված են միայն քաղաքներ, այնինչ կրոնափոխ հայության (հատ¬կապես՝ քրդացած) հիմնական զանգվածն ապրում է գյուղական բնակավայրերում:
Կ. Խանլարյանը, Շնորհք արք. Գալուստյանի բնորոշմամբ «քրդական աշիրեթական ձեւերով» ապրող «թաքուն» կամ ծպտյալ հայերի աշխարհագրական դիրքը ճշգրտելու համար, իր ուսումնասիրության մեջ ի մի է բերել Թ. Գ. Մկրտիչյանի, Ա. Ալպոյաճյանի եւ Վ. Հոխիկյանի՝ համապատասխան աղբյուր¬ներում նշված` հայկական ծագումով աշիրեթների անունները, դրանք համեմատել Մեհրդադ Իզադիի (1997 թ.)[21] եւ Պիեռ Օբերլինգի (2004 թ.)[22] կազմած «քրդական աշիրեթների» ան¬վանացանկերի հետ, որոնք բնակվում են ներկայիս Թուր¬քիայում: Պարզվում է, որ այսօրվա դրությամբ ծպտյալ հայերից բաղկացած առնվազն մեկ տասնյակ աշիրեթներ են ապրում հիմնականում Վանա լճի շրջակայքում, Հարավարեւմտյան Հա¬յաստանում եւ Կիլիկիայում: Ահա այդ աշիրեթների անուն¬ները (զուգահեռ թուրքական կամ քրդական տարբերակներով). Մուհալեմի-միլլի, Կեսան-հասանանլի, Մամիկոնյանք-մամաքան¬լի, Փենճար-փանիջարի, Եկեղյաց-էքերլի, Ռշտունիք-ռաշքու¬թանլի, Մակվինք-մոուքան, Հավերքի-հավերկա, Մոդկա-մոդեքի, Ալանք-ալան, Խալդա-խալքան, Թայան-թափիան, Բալաք-բա¬լիքար:
Ս. Ջյոհջեի կազմած ցանկի 17 քաղաքներում ապրող հայ ընտանիքների (37,000) անդամների թվաքանակը միջին հաշ¬վարկով կարող է կազմել մոտ 200 հազար մարդ: Եթե հաշվի առնենք, որ կրոնափոխ հայերն ապրում են Արեւմտեան Հայաս¬տանի, Պոնտոսի, Պատմական Կիլիկիայի, Փոքր Հայքի եւ հա¬րակից շրջանների հարյուրավոր քաղաքներում եւ հազարավոր գյուղերում, նրանց բնակության վայրերի, սփռվածության եւ թվի մասին պատկերը կփոխվի արմատապես: Եւ քանի որ հայու¬թյունը մշտապես հիմնական զանգվածով ապրել է իր պատ-մական հայրենիքում՝ Մեծ եւ Փոքր Հայքերում, պատմական Կիլիկիայում եւ Պոնտոսում, ուրեմն նրանց կրոնափոխ սերունդ¬ներն էլ հիմնականում պետք է բնակվեն այդ տարածքներում, քանզի կրոնափոխության հիմնական նպատակը տեղահանու¬թյունից խուսափելն էր:
Թուրքիայի Հանրապետության տարածքում բնակվող հա¬յությանը ըստ բնակության վայրերի կարելի է բաժանել հե¬տեւյալ խմբերի.
ա) Արեւմտեան Հայաստանում՝ Բիթլիս, Մուտքի, Սասուն, Աջար, Մուշ, Վարդօ, Էրզրում, Երզնկա, Շապին-Գա¬րա¬հիսար, Կարս, Ակն (Էգին կամ Քեմալիէ), Բինգեօլ բնա¬կավայրերում բնակւում են «թաքուն» հայեր:
բ) Հարաւարեւմտեան Հայաստանում՝ Դիարբեքիր, Հաք¬քեա¬րի, Ուրֆա, Սայլակկայա (Ջբին), Մալաթիա, Կեր¬կեր, Դերիկ, Խարբերդ, Ադիեաման եւ Արաբկիր բնա¬կավայրերում հիմնականում բնակւում են «թաքուն» եւ «պաշտօնական» հայեր:
գ) Պատմական Կիլիկիայում՝ Իսքենդերուն, Հաթայ, Ադա¬նա, Քրքխան, Մէրսին եւ Վագըֆ բնակավայրերում կան «պաշտօնական» համայնքներ:
դ) Փոքր Հայքում եւ յարակից շրջաններում՝ Անկարա, Կե¬սարիա, Ամասիա, Կիւմիւշհաճըգիւղ, Գաստամոնու, Եօզգաթ, Պողազլեան, Սվազ, Թոքատ, Անտալիա եւ այլ բնակավայրերում բնակւում են ե´ւ իսլամացած համ¬շէնա¬հայեր, ե´ւ «թաքուն», ե´ւ «պաշտօնական» հա¬յեր[23]:
ե) Պոնտոսում՝ Տրապիզոն, Արդվին, Ռիզե, Խոփա, Բորչ¬կա եւ այլ բնակավայրերում բնակվում են իսլամացած համշենահայեր[24]:
3. Իսլամացած հայության թիվը
Ինչպես տեսանք, կրոնափոխ հայությունը (եւ, ընդհան¬րապես, մյուս ոչ իսլամ փոքրամասնությունները) լուրջ ան¬հանգստություն է պատճառում թուրքական իշխանություններին: Սա վկայում է այն մասին, որ նրանց թիվն այնքան էլ փոքր չէ: Այս հարցին կարելի էր նաեւ չանդրադառնալ, եթե այն երկար ժամանակ (նաեւ այսօր) չլիներ շահարկման առարկա:
Զանց առնելով մյուս ժողովուրդների խնդիրը, որն այս աշխատանքի նպատակներից դուրս է, անդրադառնանք Թուր¬քիայի Հանրապետության ստեղծման նախօրյակին ցեղա¬սպանու-թյունից փրկված հայերի թվի խնդրին, քանզի դա կա¬րեւոր է նաեւ հետագա իսլամացման գործընթացների եւ նրանց թվաքանակի մասին քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմելու համար: Թեեւ տարբեր աղբյուրներում նշվում են տարբեր թվեր[25], սակայն առավել համոզիչ են թվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տվյալները, որոնց համաձայն՝ 1922 թ. փրկվածների թիվը կազմել է 387,800 մարդ[26] (Աղյուսակ 5):
Աղյուսակ 5
Շրջան Բնակչությունը 1914 թ. Սպանված կամ տեղահանված Բնակչությունը 1922 թ.
Էրզրում 215,000 213,500 1,500
Վան 197,000 196,000 500
Դիարբեքիր 124,000 121,000 3,000
Խարբերդ 204,000 169,000 35,000
Բիթլիս 220,000 164,000 56,000
Սեբաստիա (Սվազ) 225,000 208,200 16,800
Տրապիզոն 73,390 58,390 5,000
Արեւմտյան Թուրքիա 371,800 344,800 27,000
Կիլիկիա եւ Հիւսիսային Սիրիա 309,000 239,000 70,000
Եւրոպական Թուրքիա 194,000 31,000 163,000
Ընդամենը 2,133,190 1,745,390 387,800
Հենվելով այս թվերի վրա, սակայն այն կարծիքին չենք, որ սրանք ճշգրտորեն արտացոլում են իրական պատկերը, քանզի մինչեւ 1914 թ. Օսմանյան կայսրությունում բնակվող հայության թիվն այս տվյալներով ակնհայտորեն նվազեցված է:
Նշված շրջանների հայության խնդիրներով զբաղվող ուսումնասիրողները նշում են տարբեր թվեր, սակայն առավել հիմնավորված պետք է համարել 2- 2,5 միլիոնը:
Կ. Խանլարյանը կատարել է բավականին մեծ աշխա¬տանք՝ ներկայացնելով ժամանակի գրեթե բոլոր աղբյուրները: Օրինակ՝ Թավրիզում հրատարակվող «Այգ» թերթը 1918 թ. դեկտեմբերի 16-ի համարում գրում է. «Ըստ վերջին ստոյգ տեղեկութիւնների` Տաճկաստանում ապրում է մէկ միլիոն հայ»[27]: Սակայն 1918-1920 թթ. շարունակվող հալածանքների, կոտորածների ու տեղահանությունների հետեւանքով այս թիվը էականորեն կրճատվեց: Սեւրի պայմանագրի նախօրեին` 1920 թ., անգլիացիներին տված իր վիճակագրական տեղեկագրում պատրիարքը ցեղասպանությունից փրկվածների թիվը գնա-հատել է 625 հազար[28], որից, ինչպես նշեցինք վերեւում, 1920-1922 թթ. ընթացքում Մուստաֆա Քեմալի գլխավորած, այսպես կոչված, ազգային-ազատագրական պատերազմին զոհ գնաց մոտ երեք հարյուր հազար հայ:
Թուրքիայի բնակչության աճի տեմպերը հաշվի առնելով (1915 թ. հետո Թուրքիայի բնակչությունն աճել է գրեթե 8 անգամ)` պետք է ենթադրել, որ իսլամացած հայերի թիվն այսօր կարող էր լինել 2,5–3 միլիոնի սահմանում: Այս թիվը չի ներառում համշենահայերին: Համշենահայության խնդիրների լավագույն հետազոտողներից մեկի` ծնունդով ռիզեցի, համշե¬նա¬հայ Ալիե Ալթի (մկրտվելուց հետո` Ալիս Կոստանյան) տվյալ¬ներով` իսլամացած համշենահայության թիվն անցնում է մեկ միլիոնից[29], որից 350 հազարն արտագաղթել է[30]: Նույն հա¬րաբերակցությունն ենք ընդունում նաեւ հայերի մյուս խմբերի համար, այսինքն` արտագաղթածների թիվն ընդունում ենք 30 տոկոս: Այս թիվը Թուրքիայից արտագաղթածների պաշտո¬նական ընդհանուր թվից (6 տոկոս) 5 անգամ շատ է, սակայն նկատի ունենալով, որ հայերը (թեկուզ իսլամացած) ավելի շատ պատճառներ ունեն արտագաղթելու, կարելի է համարել ընդունելի:
Այսպիսով, հանելով արտագաղթածներին, կստանանք 2-2,5 միլիոնին մոտ թիվը, որի գրեթե կեսը ծպտյալ կամ գաղտնի հայեր են: Սրան մոտ են նաեւ թուրքական պաշտոնական տվյալները. այս տարվա սեպտեմբերի 25-ին HÜRRİYET-ում Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախա¬գահ Յուսուֆ Հալաչօղլուն, դարձյալ անդրադառնալով ծպտյալ հայերի խնդրին, գրում է. «Եթե ՄԱԿ-ի գրանցումները նայենք, կարող ենք ասել, որ այսօր Թուրքիայում ապրում է շուրջ 500 հազար ծպտյալ»[31]:
Խոսքը ծպտյալների եւ ոչ թե բոլոր իս¬լա¬մացած հայերի մասին է:
Հետազոտություններում առավել շատ տարածված է մեկ եւ կես միլիոն թիվը: Այդ մասին MILLI GAZETE -ում գրում է նաեւ Մեհմեդ Շևքեթ Էյգին. «Պնդում են, թե Թուրքիայում ապրում են մեկ ու կես միլիոն ծպտյալ հայեր. արդյո՞ք ճիշտ է այս թիվը»[32]:
Մի այլ առիթով Յ. Գեզգինն այս մասին գրում է. «Այսօր Անատոլիայում… ենթադրվում է, որ գոյություն ունի 500 հազա¬րից մինչեւ մեկ ու կես միլիոնի միջեւ տատանվող հայ ազգա-բնակչություն: Այս հատվածի մի մասն իրոք մահմեդական է դարձել եւ լուծվել թուրք ու քուրդ հասարակության մեջ: Բայց նշանակալից չափով հայեր ծպտյալ վիճակում պահպանում են հայկական ինքնությունն ու կրոնը»[33]:
HÜRRİYET-ի նույն համարում հրատարակվել էին նաեւ Կ. Խանլարյանի եւ տողերիս հեղինակի տվյալները. «Զանազան աղբյուրների վրա հիմնվելով` կարող ենք եզրակացնել, որ մուսուլմանացած հայերը 1 միլիոն 300 հազար են, իսկ ծպտյալ¬ները` 700 հազարից ավելի» (Կ. Խանլարյան)[34]:
Իսլամացած հայության թվի մասին ուշագրավ է հարցի լավագույն գիտակներից մեկի` Հրանտ Դինքի տեսակետը. «Եթէ Թուրքիան Եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն եւս շատնայ Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով»[35]:
2006 թ. մի քանի անգամ առիթ եմ ունեցել այս հարցի շուրջ զրուցելու Հ. Դինքի հետ եւ կարող եմ հաստատել, որ նա դա համարում էր նվազագույն թիվ:
Հ. Դինքի մահվանից հետո «Ակօս»-ի խմբագրի պաշտոնում նրան փոխորինած Է. Մահչուփյանի համոզմամբ` «Թուրքիայում բնակվող 60 հազար հայ քրիստոնյաներից բացի՝ ապրում են նաև մոտ մեկ միլիոն մահմեդական դարձած հայկական արմատներով թուրքեր: Մահչուփյանը հայտնելով, որ Հայոց պատրիարքը և ազգայնական թուրքական պետության բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդունում այս ճշմարտության ռազմավարական անհրաժեշտությունը, նշեց նաև հետևյալը. «Երբ թուրքերը եկան Անատոլիա, 100 հազար հոգի էին, Անատոլիան ուներ 5 միլիոն բնակչություն: Մի քանի դարերի ընթացքում մահմեդականացվեցին ոչ միայն հայերի, այլև հույների 50 տոկոսը: Այս գործընթացը չի սկսվել 1915 թվականին:
Մի մասն այսօր կատարյալ մահմեդական է, մյուս մասն էլ` պաշտանմունքի հանդեպ անտարբեր:
150 տարի առաջ կային բազմաթիվ օսմանյան քաղաքացիներ, որոնք մահմեդական էին, սակայն խոսում էին հայերեն: Այսօր Թուրքիայում մոդա է դարձել հայ ազգականներին գտնելը: Այդ կերպ հասկանում են, թե ինչու ցեղապաշտ չեն եղել ու հանգստանում»[36]:
Մեկ միլիոն թիվը հավանական է համարում նաեւ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը. «Թուրքիայում կան մեկ միլիոն ծպտյալ հայեր»[37]:
Իսլամացած հայության թվի մասին խոսելիս պետք է առաջնորդվել միայն գիտականության սկզբունքով եւ երբեք այն չդարձնել շահարկման առարկա: Այս խնդիրը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով որ առնչվում է մեր ժողովրդի մի հատ¬վածի պատմությանը եւ, որպես Հայոց ցեղասպանության հե¬տեւանք, նույնքան կարեւոր է հայագիտության համար, որքան համանման այլ խնդիրներ, ինչպես, օրինակ, ցեղասպանությանը զոհ գնացածների, փրկվածների, տարբեր երկրներում ապաս¬տան գտածների, սփյուռքի գաղթօջախների հայության թիվը եւ այլն:
[1] Ռուբեն Մելքոնյան, Իսլամացված հայերի խնդիրների շուրջ, Երեւան, 2009, էջ 36:
[2] http://haber.stargazete.com/…/tuncelinin-yuzde…/haber-749164 Հայերեն թարգմ.՝ http://akunq.net/am/?p=30757
[3] Մ. Անումյան, Ծպտյալ և իսլամացած հայերի հարցի արծարծումը ժամանակակից թուրքական մամուլում, Ցեղասպանագիտական հանդես, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Տարի 2, No 1, Երևան, 2014, էջ 151:
[4]http://www.yeniaktuel.com.tr/tur103,116@2100.html
[5] Մ.Անումյան, նույն տեղում, էջ 148:
[6] Սեդաթ Լաչիներ, Հայ դյոնմեները,http://www.usakgundem.com/yaz…/110/ermeni-d%C3%B6nmeler.html
[7] http://www.aktifhaber.com/
[8] http://www.haber3.com/pkknin-yuzde-80i-ermeni–563161h.htm
[9] http://www. radikal.com.tr, 21.08.2010.
[10] http://www.milligazete.com 28.12.2005
[11] www.hyetert.com/haber3.asp?Id=31202&DilId=1
http://www.odatv.com/n.php…
http://www.milligazete.com.tr/index.php…, http://www.alternatifforum.org/…/t%C3%9Crkle%C5%9Een-v…/6084
Zaman օրաթերթ, 20.07. 2009:http://www.aktifhaber.com/author_article_detail.php?id=4596
http://www.noravank.am/upload/pdf/1_globus_National.pdf
[12] Այս եւ հաջորդ մեջբերման թարգմանությունը՝ ըստ Ռ.Մելքոնյանիhttp://www.noravank.am/upload/pdf/1_globus_National.pdf, կատարված
www.hyetert.com/haber3.asp?Id=31202&DilId=1-ից
[13] Նույն տեղում:
[14] Oehring O., Human Rights in Turkey, Secularism, Religious Freedom, 2002, missio order no 600 215, p. 2.
[15] Կարեն Հրանտի Խանլարեան, նշվ. աշխ. էջ 23-24:
[16] Թուրքիայում խոսվող լեզուներին և աշխարհի բոլոր լեզուներին նվիրված մի համապարփակ ուսումնասիրություն հրապարակած www.ethnologue.com-ի` Թուրքիայի մասին զեկուցման համաձայն` Թուրքիայում խոսվում է 36 լեզու` թուրքերենը ներառյալ:
[17] Söylemez H., Türkiye’de, Araplaşan binlerce Ermeni de var,
http://www.aksiyon.com.tr/detaylar.do?load=detay&link=17376
[18] Ըստ հանդեսի տեղեկության` այս տվյալներն անընդհատ փոփոխվում են, քանի որ աշխատանքները շարունակվում են։ Տե´ս նույն տեղում:
[19] Տե´ս, օրինակ, Վարդանեան Ա., Երկիրն իմ աչքերով, Թեհրան, 2008, էջ 32:
[20] «Ակունք»-ի հարցազրոյցը Պոլսոյ հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ, Արամ արք. Աթեշեանի հետ http://asbarez.com/arm/93261/
[21] http://www.dersim.biz/html/dersim_neresidir_.html.
[22]http://www.iranica.com/…/ot…/ot_kurdish_tribes_20040616.html.
[23] Կարէն Հրանտի Խանլարեան, նշվ. աշխ. Էջ 257-258:
[24] Պոնտոսը Կ. Խանլարեանն ընդգրկել է ա) Արեւմտեան Հայաստան բաժնում: Կարծում եմ՝ թե´ պատմաաշխարհագրական ու վարչատա¬րածքային, թե´ այնտեղ բնակվող հայերի (իսլամացած համշենահայեր) խմբի յուրահատկության առումով Պոնտոսը նպատակահարմար է ներկայացնել որպես առանձին տարածք:
[25] Այս մասին մարամասն տե´ս Կ. Խանլարեան, նշվ. աշխ.:
[26]http://www.armenocide.am/genocide_museum.htm.
[27] «Այգ», Թաւրիզ, 1918, դեկտեմբերի 16:
[28] «Նոր Մարմարա», 2005, փետրուարի 12:
[29] «Դիտակ», Բէյրութ, 2002, մարտ-ապրիլ, էջ 26:
[30] «Դիտակ», 2004, ապրիլ-մայիս, էջ 58:
[31] Savaş Özbey, Cevizin kalınlığı boynunu geçerse o boyun gider, HÜRRİYET, 25.09. 2014, http://www.hurriyet.com.tr/yazarlar/24811724.asp
[32]Milli Gazete 2009-10-12, http://www.milligazete.com.tr/…/kurt-acilimi-mi-ermeni-mese…
[33] http://www.sagduyu.de/blog/?p=251
[34] Նույն տեղում:
[35] Հանդիպում Պոլիս հրատարակուող «Ակօս» շաբաթաթերթի խմբա¬գիր Հրանդ Տինքի հետ, Օրակարգ, Գլենդել, 10.01.2007:
[36] canadaturk.ca13.12.2007
[37] http://www.haber5.com/archive_details?id=310341
Հայկազուն Ալվրցեան





