Թուրքիայում վանդալիզմի հերթական դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ (ֆոտոշարք)

14 Փետրվար 2019 – ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված: «Ermenihaber.am»-ի թղթակիցը ֆոտոխցիկով ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրառումները:

Սա ոչ այլ ինչ է քան վանդալիզմի դրսևորում քրիստոնյաների սրբավայրի և անհարգալից վերաբերմունք նրանց կրոնական զգացմունքների նկատմամբ:

Ի դեպ, սա նոր երևույթ չէ: Տարիներ առաջ եկեղեցու պատերը պղծվել էին, բայց 2018-ին կապույտ ներկով քողարկվել էին ոչ պատշաճ այդ գրառումները:

Նմանատիպ երևույթները խոսում են այն մասին, որ Թուրքիայում անտեսում են ազգային-կրոնական փոքրամասնություններին պատկանող գույքի, սրբատեղիների և վերջիններիս նկատմամբ  վանդալիզմի դրսևորումները:

Այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ:

 

Հիշեցնենք, որ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ծնունդ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1844թ. սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանի կողմից` Բարութհանեի (Վառոդարան) և Զեյթինբուրնուի դարբնոցների հայ բանվորների խնդրանքով։

Կայսերական հրամանով եկեղեցին վերանորոգվել է 1847թ., իսկ վերջին վերանորոգչական աշխատանքները կատարվել են 1999թ., որից հետո եկեղեցին վերաբացվել է  Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Պատրիարքի օծմամբ:

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թաղված են մի շարք անձինք, ովքեր լուրջ հեղինակություն են ունեցել Օսմանյան պետության մեջ և իրենց նպաստն են ունեցել Պոլսահայ համայնքային կյանքում:

Եկեղեցու և դպրատան հիմնադիր Հովհաննես Տատյանը վախճանվել է 1869թ.։

Նշենք, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։

Աղբյուր`    Ermenihaber.am
Facebooktwitterredditpinterestlinkedinmail