
14.02.2019 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը
Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Վիտալի Բալասանյանն արդեն հայտարարել է, որ առաջադրվելու է։ Ինչպես եք գնահատում այս հանգամանքը և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակը։
Ես արդեն ասել եմ մեր կուսակցության դիրքորոշումը, որ մենք կողմ չենք նախագահական ընտրություններին, մենք կողմնակից ենք, որ Սահմանադրության փոփոխությամբ վերացվի նախագահի ինստիտուտը, և երկիրը անցնի խորհրդարանական կառավարման։ Խորհրդարանը ժամանակավոր ղեկավարի, մինչև Արցախը դառնա Հայաստանի մարզերից մեկը։ Մենք չենք անձնավորում, թե ով է ուզում թեկնածու լինել, ով չի ուզում, դա իրենց անձնական գործն է, իրենց տեսակետն է, իրենց մարտավարություն է։ Մենք համարում ենք, որ նախագահի ինստիտուտը խոչընդոտում է Արցախի միավորմանը մայր Հայաստանին։ Միանշանակ հանուն Արցախի և համայն հայության անվտանգության անհրաժեշտ է շուտ միավորվել, հզորացնել բանակն ու տնտեսությունը։
Սա ոչ միայն մեր ցանկությունն է, սա ցանկանում են տարածաշրջանի բլոր ժողովուրդները։ Մասնավորապես, սա ցանկանում է և կաջակցի Իրանը, թալիշները, ավարները, լեզգիները, լեռնային հրեաները, որոնք ներկայիս Ադրբեջանի սահմանում են, բայց նրանք բնիկ կովկասյան ժողովուրդներ են՝ իրենց էթնիկ տարածքով։ Նրանք ազերիներ չեն։ Արցախի միավորումը մայր Հայաստանին հզոր քայլ կլինի տարածաշրջանում հանուն խաղաղության, ինչպես նաև Թուրքիայի սպառնալիքների վերացման, որին անշուշտ կաջակցի թե Չինաստանը, թե Իրանը, թե Ռուսաստանը, թե նույնիսկ Վրաստանը։
Որովհետև Թուրքիան 21-րդ դարի սպառնալիքներից մեկն է, որը սպառնում է կրոնական ու ազգային անմարդկային նկրտումներով արյուն հեղել աշխարհում։ Պանթուրքիստական իրենց ձգտումներին եթե նախորդ դարում ԽՍՀՄ-ը խանգարում էր, այս դարում խանգարողը միմիայն Հայաստանն է։ Ռուսաստանն այնքան էլ չի կարողանում խանգարել։ Իհարկե, որոշ չափով նրան զսպում է նաև Իրանը։ Պանթուրքիզմը 21-րդ դարի սպառնալիքն է։
Մենք ընդհանրապես ավելի արժանապատիվ կեցվածք կունենանք մասնավորապես Մինսկի խմբի և ընդհանրապես աշխարհի ուժեղագույն երկրների աչքին, որոնք ուզում են դերակատարություն ունենալ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման։ Նման պարագայում մենք շատ դաշնակիցներ կունենանք։ Սին են կարծիքները, թե բա դրսում ինչ կասեն և այլն։ Դրսում արդեն ասել են վաղուց, երբ մենք ազատագրում էինք մեր պատմական շրջանները, երբ վերացնում էինք մեր շուրջ գտնվող կրակակետերը, բոլորը նորմալ էին վերաբերվում։
Բոլորը գիտեին, որ դա ճիշտ է արվում, և դրա համար մեզ հարգում էին։ Հարգանքը մի պահ արդեն չեղավ, երբ մեր երկիրը գլորվում էր անդունդը, տնտեսապես թուլանում էր, երբ այդ 1990-ականներին աղքատության մեջ գտնվող, բայց երբեմնի հզոր ժողովուրդը, որ կարողացավ դուրս գալ իր ափերից և իր դարավոր թշնամուն ծնկի բերել, ազատագրել իր տարածքները, վեր էր ածվել այնպիսի մի երկրի, որտեղ ամենուրեք թալան էր, բանակի թուլացում, արտագաղթ և այլն։
Մենք պետք է շատ արագ վերականգնենք մեր այդ իմիջը, արտագաղթը կանխենք, հայրենադարձություն ապահովենք, տնտեսությունը զարգացնենք, բանակը հզորացնենք և Արցախը միավորենք մայր Հայաստանին։ Սա շատ ավելի վեհ և ազգային արժեքներով գաղափար է, քան հիմա մեկնաբանեմ, թե ով ինչպես է իր թեկնածությունը դնելու և ինչ ինտրիգներով է գալու իշխանության ու վարի նույն քաղաքականությունը, ինչ իր նախորդները։
Ինչ վերաբերում է անձերին, ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ այն անձինք, որոնք եղել են նախորդ իշխանությունների մեջ և նրա շարունակությունն են, համոզված եմ, որ մեր ժողովրդի մոտ վստահություն չեն ունենալու, չպետք է ունենան։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ այս գաղափարները մենք տուն առ տուն, գյուղ առ գյուղ շրջելու ենք ու տարածելու ենք։ Մենք մեր ժողովրդին հորդորելու ենք առաջնորդվել միայն այս գաղափարով, այլ ոչ թե նախագահական ընտրությամբ։ Մենք այդ ինտրիգներով չենք տարվելու։
Կհամախմբվե՞ն արցախցիները այդ գաղափարի շուրջ։
Ես առավել քան երբեք համոզված եմ, որովհետև արցախցին ինչո՞ւ պետք է հանուն ձեր նշած անձանց կամ ուրիշների, որ նրանք նախագահ դառնան, պաշտոն զբաղեցնեն, պետք է իրենց վստահության քվեն տան ու իրենց դնեն թակարդի մեջ։ Արցախցին արդեն 30 տարվա փորձ ունի։ Նույնիսկ եթե մեր ժողովուրդը չցանկանա կապանքներից ազատվել ու ազատ ապրել, մենք պարտավոր ենք մեր ժողովրդին զգուշացնելու, նրան պարտադրելու, որ ինքը ոչ թե պետք է որպես ստրուկ ապրի, այլ ապրի ազատ, անկախ և միացյալ Հայաստանում, այլ ոչ թե մասնատված ու բզկտված Հայաստանում։
Մեր առաքելությունն այն է, որ մենք մեր ժողովրդին անպայման ամեն կերպ ուղղորդենք, առաջնորդենք, որ ապրի անվտանգ, անկախ ու միացյալ Հայաստանում։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ականջալուր կլինի, կհետևի մեզ, և կիրականացնենք մեր այդ ազգային նպատակը։ Չէ՞ որ ժողովրդի նպատակը դա էր՝ միանալ Հայաստանին։ Այս տարիներին հանուն Արցախի սահմանների պաշտպանության և ժողովրդի անվտանգության ապահովման, ոչ խաղաղություն, ոչ պատերազմի պայմաններում նորից հազարավոր մեր պատանիներն են իրենց գլուխը դրել զոհասեղանին։ Մենք պատվով պետք է այդ ամենը սրբագրենք և ապահովենք Արցախի միավորումը մայր Հայաստանին։ Մենք միացյալ ու հզոր երկիր պետք է կառուցենք։
lragir.am/2019/02/14/417966/





