
16.02.2019 | Մեկնաբանություն |ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա:
Փաշինյանի արտաքին եւ ներքին քաղաքական ձեռնարկումները դինամիկ եւ կոշտ փոխազդեցության մեջ են մտնելու հակադիր ուժերի հետ: «Թավշյա» առաջնորդը առաջիկայում կարիք կունենա զանգվածային աջակցության՝ նախորդ ռեժիմների «վատ գենետիկան» հաղթահարելու ժեռոտ ուղու վրա:
Պաշտոնական Երեւանի վերջին շաբաթը նշանավոր է արտաքին քաղաքական երկու կարեւորագույն իրադարձությամբ: Կա եւս մեկը՝ ներքինը: Դա տնտեսական բարեփոխման հայտն է, որի իրականացումը, սակայն, զորեղ հենարանների կարիք կունենա հենց արտաքին քաղաքական ասպարեզում: Դրությունը կարճ բնութագրելով, ասենք, որ Կառավարության առաջարկած տնտեսական առողջացումը տեսականորեն նշանակում է ՀՀ եւ Արցախի դեպոպուլացիայի, այսինքն, կենսաբանական եւ տնտեսական պատճառներով բնակչության նվազեցման՝ երկրի ամայացման դադարեցում: Այսպիսի հավակնություն հայտավորվում է 1991-ից ի վեր առաջին անգամ եւ դա պատահական չէ:
Բացառապես ներքին թվացող տնտեսական խնդիրը, Հայաստանի պարագային, հստակ արտաքին քաղաքական աղերսներ ունի: Հազարամյակների ընթացքին հայերը եղել են թե տեղահանող, թե տեղահանվող էթնիկ խումբ: Վերջին կես հազարամյակում երկրորդն առավել, քան առաջինը: Մեր պահի իրողությունն այն է, որ շրջանում գործող որեւէ մեծ ուժի կողմից, թերեւս մեկ բացառությամբ, ազգային պետական իրավասության ներքո ավելի քան 600-800 հազար հայի բնակությունը «նպատակահարմար» չի դիտվում:
Վերջին 150 տարիների ընթացքին հայերին Անատոլիայից եւ Միջագետքից չեն քշել կիսաանապատ գոտի, որպեսզի այնուհետեւ թույլ տան հզորանալ աշխատասիրության ներքին ռեզերվի հաշվին: «Գոտի» ասածը սիրիական Դեյր-Զոհրը չէ բնավ, այլ Հայաստանի Հանրապետությունը: Վարչապետ Փաշինյանի ներքին քաղաքական հստակ հայտը, որ արվեց նոր խորհրդարանի առաջին նստաշրջանին, հարկ է դիտարկել մեկ համալիր կազմող արտաքին քաղաքական զույգ-համադրության հետ: ՄԱԿ ԸԱ ամբիոնից ուրվագծված այս համադրության շնորհիվ է, որ հզորացող Հայաստանն ու հայությունը ստիպված են լինելու ճռռալով, բայց հանդուրժել բոլորը:
Որն է արտաքին քաղաքական այդ զույգը: Նախեւառաջ Փաշինյանի «ցատկը Անատոլիայի վրայով»: Անկախ նրանից, թե Սիրիայում հայ մարդասիրական առաքելության ուղին անցել է Թուրքիայի թե Իրանի օդային տարածքով, քաղաքական իմաստով այն իրականացվել է թուրքերի գլխավերեւով: Հայկական առաքելության ռուսական «ակունքների» մասին ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուի արած հայտարարությունն ուղղված էր Թուրքիային: Ուղերձի իմաստը հետեւյալն է. այո, հայ զինծառայողները հայտնվել են ձեր ստրատեգիական թիկունքում, ավելին՝ ձեր «ազգային տարածք» Հալեպում: Համարեք, որ դա արվել է մեր խնդրանքով, առարկություններ չեն ընդունվելու:
Փոստային նոթատետրի թերթիկի վրա կազմված Անատոլիայի մուսուլմանների «Ազգայի երդումի» հայտարարագրի պատառիկ:
Հիշեցնենք, որ ոչ միայն 1938-ին բռնակցված սիրիական Աղեքսանդրեկը իր Մուսալեռով, այլեւ Հալեպ քաղաքը Մուստաֆա Քեմալի 1919-ի հորինվածք «Ահդ-ի Միլլի»՝ Ազգային երդումի մեջ համարվում էր բուն թուրքական, ազգային տարածք: Ի դեպ, ի տարբերություն Արարատ լեռան շրջանի եւ Նախիջեւանի: Ավելացնենք, որ նույնիսկ Կարս-Արդահանի շրջանը անվերապահ թուրքական չէր Քեմալի մտքին: Արցախի խնդիր առհասարակ գոյություն չուներ ծնկի եկած Օսմանլիի համար: 1921-ին ամեն ինչ փոխվեց Մոսկվայի շռայլ առաջարկով: Մինչ այդ, 1918-1919 սահմանին, Անատոլիայի խորքերում քեմալական «Թուրքիան» սաղմի մեջ ոչնչացնելու բացառիկ հնարավորության անտեսումն էր դաշնակցական կառավարության կողմից: Արագ փոփոխվող աշխարհում սեփական նախաձեռնության զգացումի կորուստի հետեւանքները հայտնի են:
Այսպիսին է Փաշինյանի սիրիական համեստ առաքելության պատմական չափանիշով նորագույն, 100-ամյա հյուսվածքը: Իրական հյուսվածքը շատ ավելի խորն է եւ Սիրիայի հայ համայնքի վերաբերյալ դիասպորա, սփյուռք, ռեֆյուժե եզրերի օգտագործումը պատմական տեսակետից, մեղմ ասած, տեղին չէ: Հազարամյակների մշուշից նայող հայկական հնագույն ավանդը որոշիչ է եղել այդ շրջանի քաղաքական եւ ռազմական պատկերի համար թե Տիգրան Մեծի կայսրության, թե Հիսուս Քրիստոսի հետ նամակագրության մեջ գտնվող Եդեսսիո Աբգար Ե թագավորի, թե հեթանոս Ռուսիո հայ պաշտոնական մկրտիչ Բարսեղ Բուլղարասպան կայսեր, թե Անտիոք-Եփրատի սքոլերի գերագույն սպարապետ Փիլարտոս Վարաժնունու, թե Կիլիկիո Լեւոն Առաջին արքայի օրոք:
Եդեսսիո Աբգար Ե հայ թագավորին ընծայված Հիսուս Քրիստոսի անձեռակերտ դաստառակի պատկերումը 1818-ին Մոսկվայում կանգնեցված քանդակագործ Ի.Մարտոսի հուշարձանի ֆիգուրներից՝ իշխան Պոժարսկու վահանի վրա: Կարմիր հրապարակ (լուս. Shakko)
Հայերի վճռորոշ քաղաքակրթական ազդեցությունը, համաձայն Վալերի Բրյուսովի, նշանակում էր «միանձնյա դիմակայություն ողջ Ասիային»՝ Չինգիզ խանի թոռ Մունկեի մոնղոլներին, Կարամանի թուրքերին, Յուսեֆ իբն-Այուբ Սալադդինի արաբներին: Ավելացնենք, իրականում նաեւ Ֆրիդրիխ Ա Բարբարոսսայի ու Ռիչարդ Ա Առյուծասրտի լատինական Եվրոպային: Նաեւ այդ դարերին հայ էթնիկ պետական, կրոնական եւ ռազմական իշխանության շնորհիվ վերածնված Հովհաննես Ա Չմշկիկ կայսեր Կոստանդնուպոլսին: Չնայած հայ իշխանավորների փայլուն դիվանագիտական արվեստին եւ Առաքելական եկեղեցու խոհեմ ճկունությանը, այսօրինակ շրջանաձեւ դիմակայությունը հնարավոր էր միայն զորեղ քաղաքակրթական հենքի շնորհիվ: Կարեւոր է վերգտնել այդ հենքը: Հայերը իրենց ազդեցությունը տարածելու համար թվային մեծամասնության կարիք չեն ունեցել:
Ուկրաինական Բերդյանսկ քաղաքում հայտնաբերված հայկական գանձի հիասքանչ նմուշ: Արծաթակուռ, ոսկեզոծ եւ մարգարտազարդ խեցի-շերեփը, որ պատկանում էր ենթադրաբար XI-XII դարերի սիրիական Անտիոքի հարուստ առեւտրականի: Թվում է մեսրոպատառ մեդալյոնը եւ զարդանախշերը ալանական, սկյութական, հունական, «սիրիական», սլավոնական, հրեական, թաթարական եւ հակահայ ուրիշ հերթապահ ֆանտազիաների հնարավորություն չեն թողնում: Տերը հայտնի է՝ «Շահուկ ծառայ Աստուծոյ»: Այդուհանդերձ Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի ցուցադրություն մեջ իբրեւ ստեղծման (sic!) վայր նշված է «Կիլիկիա, Զոլոտայա Օրդա»: Առանձին շնորհակալություն թանգարանի տնօրեն, մեր հայրենաձից Միխայիլ Պիոտրովսկուն (լուս. Hermitage museum, խոշորացում՝ Լրագրի)
Սիրիան հայերի համար նույնպիսի հայրենիք է, ինչպես Երեւանն ու Ստեփանակերտը: Հետագայի համար կենսական նշանակություն ունեցող քաղաքական-քաղաքակրթական այս ճշմարտությունը պիտի հիմնապես ամրագրվի հայության զանգվածային մտածողության մեջ: Քաղաքակրթական գերակայության ուղին ծանր, հակասություններով եւ սայթաքումներով լի ուղի է, որը սակայն այլընտրանք չունի:
Այժմ Փաշինյանի մարդասիրական դեսանտը ճեղքում է միանգամից երկու կարծրատիպ. սրանք նույնիսկ «կարմիր գծեր» անվանելը գռեհկացում կլիներ: Առաջին բեկումը՝ իրադարձությունների բացառապես աշխարհքաղաքական ընկալմանն է վերաբերում, որի համաձայն Հայաստանը ոչ մի պարագային չէր կարող հայտնվել Թուրքիայի հետ միեւնույն հարթության եւ նույնիսկ «կողմի» վրա: Երկրորդը՝ պատմական կանխորոշվածությունն է, այսպես կոչված դետերմինիզմը, ըստ որի 1921-ի աղետից հետո օսմանյան հողը կոխող հայ զինվորի կոշիկը «չըլլալիք» բան է՝ բորբ ուղեղի «նաիրյան» մարմաջ, 3D թրիլեր-ֆենթեզի: Իրականում կատարվածը այլ կերպ է կոչվում՝ սովորական հեղափոխություն:
ԱՄՆ նավատորմի «Լիչֆիլդ» DD-336 էսկադրային զրահակիրը Զմյուռնիայի (Իզմիր) նավահանգստում պահպանում է չեզոքություն ջարդերի եւ քաղաքի հրկիզման ընթացքում: Այստեղ, Մոսկվայի կողմից խրախուսվող Աթաթուրքի բանակը 1922-ի 13-14 սեպտեմբերին ոչնչացնում է շուռջ 200 հազար ծեր, կին եւ երեխա հույների եւ 20 հազար հայերի: Կարելի է հիշել բրիտանական պրեմիեր լորդ Սոլսբերիի՝ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռներ» արտահայտությունը, ասված ի արդարացումն 1895-1896 Վանի եւ Էրզրումի կոտորածներին չմիջամտելուն:
Սիրիական իրադարձության արձագանքը բնականաբար պիտի գար շատ տեղերից ու ջղաձիգ լիներ: Հօգուտ ապագա Պաղեստինի Հայաստանի մանդատից 1920-ին հրաժարված վիլսոնյան Միացյալ Նահանգները շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը: Այս ֆոնին Հայաստանի հասցեին հնչած Պետդեպի բարոյական մեղադրանքները ցինիզմի վերջին աստիճանն են: Թուրքիայի հետ ծայրահեղ բարդացած հարաբերությունների հանգամանքը գալիս է հուշելու, որ ԱՄՆ խնդիրը ամենեւին Թուրքիան չէ, այլ նույն «Պաղեստինը»: 1921-ի Լենին-Աթաթուրք արյունալի գործարքի հետեւանքով ցեղասպանության մեղսակիցների բավականին լայն շրջանին հարած Ռուսաստանը, ինչպես համոզվում ենք Մարգարիտա Սիմոնիանի գռեհկաբանությունից, դաժան կամուկացի մեջ է հայտնվել: Այս երկու բեւեռների, ինչպես նաեւ որոշ այլ կենտրոնների հախուռն տվայտանքների միակ բալասանը Հայաստանի վճռականությունը կարող է լինել: Բոլորը Երեւանի ու Ստեփանակերտի օգնության կարիքն ունեն իրենց անդորրը նորովի կազմակերպելու համար:
Ստեփանակերտի հիշատակումը ամենեւին պատահական չէր: Վարչապետ Փաշինյանի արտաքին քաղաքական զույգ հայտերից երկրորդը կարելի է «Քուռ գետի անցում» անվանել: Արցախի խնդրին Հայաստանի իշխանությունների 25-ամյա տարօրինակ վերաբերմունքի թեման ընդգրկուն է, ուստի այս հարցում սովորական հեղափոխության դրսեւորումները թողնենք առանձին դիտարկման:
lragir.am/2019/02/16/418511/





