Պաքուն Խիստ Անհանգստացած Է: Ինչո՞ւ – ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական վերլուծաբան

19 ՓԵՏՐՈՒԱՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Պաքուի անհանգստութեան պատճառները, կարելի է ասել, առաւել քան շատ են: Սկսած բնակլիմայական ու ընկերային-տնտեսական բնոյթի խնդիրներից մինչեւ ներքին ու արտաքին քաղաքական մարտահրաւէրներ, որոնց լուծումները իւրաքանչիւր առանձին դէպքում պահանջում են ջանքերի լրացուցիչ լարում, ինչը, մեղմ ասած, միշտ չէ, որ յաջողութեան յոյսեր է ներշնչում եւ կամ պարզապէս յաջողութեան հեռանկար չունի: Փորձենք կանգ առնել դրանցից առաւել էականների վրայ` փոքր ի շատէ վերլուծական անդրադարձով:

Եւ այսպէս, Պաքւում բնական աղէտի զգալի վտանգ է պարունակում քաղաքի արեւմտեան որոշ բարձրադիր հատուածներում, առանձնապէս Պայիլ, Փաթամտար, Լոքպաթան եւ այլ արուարձաններում, տարիներ ի վեր շարունակուող, իսկ վերջին շրջանում հետզհետէ ուժգնացող զանգուածային սողանքը, ինչը սպառնում է մօտ ապագայում լիովին փլուզել խիտ բնակեցուած լեռնալանջային այդ եւ յարակից տարածքների շէնքերն ու արդիւնաբերական ձեռնարկութիւնները, բնակելի զանգուածների շուրջ սփռուած բազմաթիւ նաւթահանքերը, ընդհուպ մինչեւ Ազրպէյճանի պետական հեռուստառատիոյի ընկերութեան շինութիւնները` հեռուստաաշտարակով հանդերձ:

Ի դէպ, ընկերութեան այդ շինութիւններն անցեալ դարի կէսերին` 50-ական թուականներին, կառուցուել են քաղաքի արեւմտեան հատուածը եզրագծող լեռնալանջի բարձունքում մինչ այդ գործող հայկական հին գերեզմանատան տարածքում, որտեղ հողին էին յանձնուած ինչպէս բնական մահով կեանքից հեռացած, նոյնպէս եւ 1918թ. սեպտեմբերի 15-18 թուրքական ու մուսաւաթական հրոսակների կողմից Եղեռնի ենթարկուած բազմահազար հայ քաղաքացիների մարմինները: Որպէս Պաքուի նախկին բնակիչ եւ ականատես` յիշում եմ. 70-ականների վերջերին, երբ հեռուստատեսութեան լրացուցիչ տաղաւարների կցաշէնքն էին կառուցում այդ տարածքում, հողային աշխատանքների ժամանակ գետնի երես էին ցաք ու ցրիւ թափւում հանգուցեալների կմախքները: Շինարարները պատմում էին, որ նոյնիսկ գերեզմաններից մէկից հանել են մի մանկահասակ աղջկայ` ապակէ դագաղի մէջ ամփոփուած դիակ, որ երեւի թէ զմռսուած լինելով, համեմատաբար պահպանուած էր: Ըստ երեւոյթին, հանգուցեալ աղջնակը հարուստ ընտանիքի զաւակ էր: Ինչ վերաբերում է դէպի ծովափ իջնող լեռնալանջին, որ հայկական գերեզմանատան շարունակութիւնն էր, ապա այն դարձրել էին քաղաքի կենտրոնական զբօսայգի` յայտնի պոլշեւիկեան պետական-քաղաքական գործիչ Կիրովի անուամբ ու նրա բարձրադիր յուշարձանով: Իսկ զբօսայգու աստիճանների քարերին կարելի էր հանդիպել հայերէն տապանագրերի` առանձին բառերի եւ կամ թուագրութիւնների տեսքով: Հետագայում` 90-ական թուականներին, զբօսայգին անուանափոխել էին, այսպէս կոչուած` Շահիտների (Նահատակաց.- խմբ.) ծառուղու, դէն նետել Կիրովի յուշարձանը եւ տարածքը վերածել 1990-ի յունուարին քաղաք մտած խորհրդային զօրքերի հետ բախումների ընթացքում զոհուած ժողճակատային հայասպան գրոհայինների եւ ղարաբաղեան ռազմաճակատի մարտերում Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի կրակից մահացու խոցուած ասկեարների դամբանատեղի: Այդտեղ առ այսօր պարբերաբար արտասահմանեան բարձրաստիճան պաշտօնեաների ու պատուիրակութիւնների են բերում` գործող արձանագրային կարգով յարգանքի տուրք մատուցելու համար: Եւ հիմա սողանքի աղէտը սպառնում է նաեւ այդ լեռնալանջին ու դրա բարձունքին: Տեղական իսկ մասնագէտների տեսակէտով, զանգուածային սողանքի պատճառը տարածքի հողային շերտի ամրութեան ու կայունութեան խախտումն է, ինչը կատարւում է, նախ, այդտեղ կառուցուած վիթխարի ծանրութեան շէնքերի ու շինութիւնների մեծ ճնշման ներքոյ, եւ ապա` ընդերքից նաւթի արդիւնահանման շուրջ մէկուկէսդարեայ անընդհատ գործընթացի պատճառով: Իսկ խնդրի լուծումը, որ ենթադրում է կազմակերպել բնակչութեան ու ձեռնարկութիւնների շտապ տարհանումն աղէտեալ տարածքից, դժուար չէ պատկերացնել, իրօք որ բոլոր առումներով մեծ գլխացաւանք է իշխանութիւնների համար:

Իշխող վարչախմբին խիստ անհանգստութեան տեղիք է տալիս նաեւ բնակչութեան ծանր վիճակից բխող յարաճուն հանրային դժգոհութիւնը, ինչն աւելի է ուժգնանում աղքատ եւ հարուստ խաւերի միջեւ ընկերային բեւեռացման համապատկերում: Ազրպէյճանում արդիւնահանուող նաւթի ու կազի պաշարները, տարէցտարի սրընթաց նուազելով հանդերձ, այնուամենայնիւ, մեծ ծաւալ են կազմում: Հանդիսանալով արտահանման ենթակայ հիմնական արտադրանքը, հետեւապէս եւ` պետական գանձապետարանի եկամուտների գլխաւոր աղբիւրը, ընդերքից կորզուող այդ հարստութեան առիւծի բաժինը, փաստօրէն, միլիառաւոր տոլարներով ու եւրոներով նստում է երկու իշխող ընտանիքների` Ալիեւների եւ Փաշայեւների ու նրանց մի խումբ մերձաւորների արտասահմանեան դրամատնային, այդ թւում` անդրծովեան կառոյցների հաշիւներում` բնակչութեան հիմնական զանգուածներին թողնելով, այսպէս ասած, «կոտրած տաշտակի» մօտ:

Դրան գումարենք այն իրողութիւնը, որ մի շարք միջազգային խոշոր նաւթային ընկերութիւններ արդէն իսկ դադարեցրել ու շարունակում են դադարեցնել իրենց գործունէութիւնն Ազրպէյճանում` այդպիսով իսկ փողոց շպրտելով հազարաւոր մասնագէտների ու բանուորների: Մասնաւորապէս, վերջերս, ուղիղ անցեալ տարուայ դեկտեմբերի սկզբներին, նման որոշում է ընդունել նաւթային ոլորտի ամերիկեան հսկայ «Էքսոն մոպայլ» ընկերութիւնը` անսպասելի յայտարարելով, որ լքում է միջազգային ընկերութեան կողմից Ազրպէյճանում իրացուող նաւթակազային նախագիծը եւ նախատեսում է 2 միլիառ տոլարով վաճառել, այսպէս կոչուած, «Դարի պայմանագրում» 6,8 տոկոսի իր մասնաբաժինը: Համաժամանակ նման յայտարարութիւն է հրապարակել նաեւ «Էքսոն մոպայլ»-ի մրցակից ամերիկեան մէկ այլ հսկայ` «Շեւրոն» նաւթային ընկերութիւնը` յայտնելով, որ նոյնպէս պատրաստւում է Ազերի-Չիրաղ-Կիւնեշլի նաւթահանքավայրը շահագործող միջազգային ընկերութեան վաճառել իր 9,6 տոկոս մասնաբաժինը` այս անգամ խոր տագնապ առաջ բերելով Ազրպէյճանում: Ի լրումն դրա` «Շեւրոն»-ը յայտարարել է նաեւ, որ միաժամանակ պատրաստւում է վաճառքի հանել իր 8,9 տոկոս մասնաբաժինը Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթամուղ խողովակաշարում: Այսպիսով, դեռեւս Հայտար Ալիեւի վարչախմբի օրօք կնքուած «Դարի պայմանագրից» 25 տարի անց ամերիկեան նաւթակազային ընկերութիւնները լքում են Ազրպէյճանը: Յիշեցման կարգով նշեմ, որ այդ պայմանագրին ի սկզբանէ մասնակցում էին հինգ ամերիկեան ընկերութիւններ, որոնցից երեքն առ այսօր արդէն վաճառել են իրենց մասնաբաժինները եւ հեռացել Ազրպէյճանից: Բայց դա մինչ այդ է տեղի ունեցել, եւ կարծես թէ հաստատուն կերպով վերջնականապէս կարգաւորուած էր պայմանագրի մասնակիցների փոփոխուած կազմը, յատկապէս երբ արդէն եւս 25 տարով երկարաձգուել էին պայմանագրի ժամկէտները: Եւ յանկարծ, որպէս թէ ամպրոպի ճայթիւններ պարզկայ երկնքում, ամերիկեան եւս երկու խոշորագոյն ընկերութիւններ ցանկանում են վաճառել իրենց մասնաբաժիններն ու լքել Ազրպէյճանը: Թէ ինչո՞ւ, կարելի է պարզել ժողովրդական առածի միջոցով: Իսկ առածն ասում է. «Կա՛մ աղն է պակաս, կա՛մ` մաղը»: Աղը, կարելի է հասկանալ, Ազրպէյճանում նաւթի ու կազի ծաւալների արագընթաց նուազումն է շահագործուող հանքավայրերում: Այլ կերպ ասած` միջազգային նաւթային ընկերութիւնների ակնկալիքները չեն արդարանում: Չեն արդարանում, քանզի ի սկզբանէ չափազանց ուռճացուած էին հանքավայրերում ուժանիւթի պաշարների նախապէս յայտարարուած ծաւալները: Մաղը, կարելի է ենթադրել, Ազրպէյճանում տիրող կառավարման համակարգի բռնապետական ու փտած` կաշառութեան բնոյթն է, որը, բացառելով արդար, փոխշահաւէտ գործընկերութիւնը, հաւատարիմ է մնում սովորաբար ուրագին վերագրուող «միշտ դէպի ինձ» աւանդական սկզբունքին ու շարունակաբար «թաթին դրուելիք» մասնաբաժին է կորզում նաեւ միջազգային ընկերութիւնների վաստակած հասոյթներից:

Այնպէս որ, պատկերն ամբողջացնելու համար այս ամէնին գումարենք նաեւ համատարած փտած Ազրպէյճանում գլխաւոր կաշառառուները, ամենեւին էլ գաղտնիք չէ անգամ ազրպէյճանցի տնային տնտեսուհիների համար: Ի հարկէ, դարձեալ վերը նշուած իշխող ընտանիքների անդամները միայն եւ նրանց տարբեր տրամաչափի կամակատարները` օլիկարխի համբաւ վայելող մեծահարուստ պետական բարձրաստիճան պաշտօնեաներից սկսած մինչեւ բնակարանային շահագործման գրասենեակների պետերը: Այսինքն` միայն ու միայն նրանք, ովքեր, յայտնի թալիշ քաղաքագէտ Իսմայիլ Շապանովի դիպուկ բնորոշմամբ, համարւում են «Հայտար Ալիեւի անուան Ազրպէյճան» փակ բաժնետիրական ընկերութեան շահաբաժնի տէրեր:

Զաւեշտալի է հնչում, բայց, իրօք, իրողութիւն է նախագահ Իլհամ Ալիեւի «հայրական» յորդորը վերը նշուած «կոտրած տաշտակի» մօտ յայտնուած ազրպէյճանական երիտասարդութեանը, որ նա բարձրաձայնել է բոլորովին վերջերս: Ելոյթ ունենալով Ալիեւ աւագի ժամանակներից ի վեր Ազրպէյճանում փետրուարի 1-ին նշուող Երիտասարդութեան օրուայ առթիւ կայացած հանրապետական ժողովում` նա իր պատանի ու երիտասարդ ունկնդիրներին կոչ է արել հետեւել իր իսկ անձնական օրինակին, չվախենալ, չվհատուել դժուարութիւններից ու զբաղուել… պիզնեսով: Նրա խօսքով, 80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին, երբ Մոսկուայում իր հօրը` Հայտար Ալիեւին, հեռացրել էին պետական բարձր պաշտօններից, իսկ իրեն` որպէս նրա որդու, Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական հիմնարկում դասախօսական աշխատանքից, ստիպուած է եղել ապրուստի միջոցներ հայթայթել հէնց պիզնեսի միջոցով եւ այդպիսով իսկ յաղթահարել կենցաղային դժուարութիւնները: Շարունակելով պատմել իր կեանքի այդ, այսպէս ասած, ինքնահաստատման քնարական շրջանի «ձեռքբերումների» մասին, նա, ի հարկէ, չի բացել բոլոր փակագծերը` չնշելով, որ իր պիզնեսը սոսկ ճամպրուկային առեւտուր էր Մոսկուա-Պոլիս եւ հակառակ ուղղութեան օդային երթուղում, այսինքն` չարչիական պիզնես, քանզի սկսնակ վաճառականի իր ճամպրուկներում կանացի ու տղամարդկային ներքնաշորեր էին, հազար ու մի այլ մանրուքներ` «գնիր-ծախում եմ» տխրահռչակ սկզբունքով: Չնշեց, որ Պոլսի խաղատների մոլի յաճախորդն էր այն տարիներին եւ քանիցս խոշոր գումարներ է տանուլ տուել, իսկ նոյն այդ խաղատներում կատարած խոշոր պարտքերի համար ենթարկուել նուաստացումների, ընդհուպ` մինչեւ ճարահատեալ հաւաքարարի աշխատանք կատարել դրանցում: Ի հարկէ, չասաց, որ նոյնիսկ մի անգամ էլ, իր ազդեցիկ հօր խնդրանքով` այն ժամանակ Պոլսի քաղաքապետ, ներկայումս Թուրքիայի նախագահ Էրտողանն է մարել իր եօթ միլիոն տոլարի հասնող խաղատնային պարտքը` փրկելով իրեն հերթական ստորացումներից կամ աւելի հաւանական է` փրկելով իր կեանքը: Բնականաբար խօսք անգամ չասաց, որ հէնց այդ տարիներին է գայթակղուել հերոյինով եւ առ այսօր գերի է այդ թմրանիւթին:

«Հայտար Ալիեւի անուան Ազրպէյճան» փակ բաժնետիրական ընկերութեանը, անշուշտ, անհանգստութիւն է պատճառում նաեւ ազրպէյճանական ընդդիմութիւնը, որը վերջերս սկսել է վերազարթօնք ապրել տեւական մահաքնից յետոյ: Բանը, ի հարկէ, այն չէ, որ իշխանութիւնների թոյլտուութեամբ ընդդիմադիր քաղաքական ուժերը նոր տարուայ յունուարի վերջերին հանրահաւաք են անցկացրել Պաքուի Եասամալի արուարձանի «Մահսուլ» կոչուող փոքր մարզադաշտում: Հանրային ընդվզման նման միջոցառումներ անցեալում էլ են անցկացուել: Եւ ամէն անգամ հանրահաւաքի մասնակիցները, ոստիկանական ուժերի վերահսկողութեան ներքոյ լիուլի գոռգոռալուց յետոյ, սպառելով իրանց բողոքական ամբողջ ներուժը, հանգիստ հեռացել են իրենց տները: Արդիւնքում, առածի ասած, ե՛ւ գայլերն են կուշտ մնացել, ե՛ւ գառները` ողջ: Այս անգամ եւս հնչած կարգախօսները, չնչին տարբերութեամբ, գրեթէ նոյնական էին` «Ո՛չ բռնապետութեանը», «Ո՛չ փտածութեան», «Ազատութի՛ւն պլոկեր Մեհման Հուսէյնովին», «Ռուսները, պարսիկները, հայերը թուրքի թշնամիներն են» եւ այլն: Սակայն այս անգամ հանրահաւաքին ներկայ էր ընդդիմադիր քաղաքական հանրութեան գրեթէ ողջ կազմը` մինչ այդ իրար հետ անհաշտ կուսակցութիւնների առաջնորդների գլխաւորութեամբ: Այսինքն հանդէս են եկել միացեալ ուժերով, ինչը չի բացառում տեսանելի ապագայում այդ ուժերի միաւորման ու որպէս մէկ հաւաքական տանիքի տակ յայտնուելու հաւանականութիւնը: Այն, ինչ, բնականաբար, խիստ վտանգաւոր է տիրող վարչախմբի համար, ուստի եւ խորապէս անհանգստացրել է նրան: Այս պարագայում զաւեշտալին այն է, որ Ազրպէյճանի իշխանութիւնները մէկ օր ուշացումով են սկսել ապրել այդ անհանգստութիւնը: Նոյն օրը քաղաքային ոստիկանութիւնը պաշտօնական հաղորդագրութիւն էր տարածել, թէ հանրահաւաքը խաղաղ է անցել, եւ հասարակական կարգի խախտման ոչ մի դէպք չի արձանագրուել: Բայց, կարելի է ենթադրել, քանի որ վերեւներում յաջորդ օրն են դիտել իրենց բարձր աչաց ներկայացուած հանրահաւաքի տեսագրութիւնը, ականատես եղել, թէ ովքեր են մասնակցել ընդդիմադիր կուսակցութիւնների առաջնորդներից, նոր միայն հասկացել են, որ ոստիկանութիւնը կոպիտ քաղաքական սխալ է թոյլ տուել` հաղորդագրութեան մէջ հաւաստելով հանրային բողոքի միջոցառման խաղաղ ու ոչ կարգախախտ ընթացքը: Եւ յաջորդ օրն իսկ հապշտապ շտկուեց իրավիճակը: Հրապարակուեց նոյն իրաւապահ մարմնի նոր հաղորդագրութիւնն առ այն, որ հանրահաւաքն անցել է հասարակական կարգի կոպիտ խախտումներով, եւ թէ` ոստիկանութիւնը դիմելու է քաղաքի գործադիր իշխանութեանը` առաջարկելով այսուհետեւ չթոյլատրել ընդդիմութեան հանրահաւաքները: Ընդ որում` նոյնիսկ քաղաքի արուարձաններից մէկում ծուարած այդ մարզադաշտում, որտեղ, ըստ ոստիկանութեան հաղորդագրութեան, հաւաքուել էր ընդամէնը 2 հազար մարդ, հանրահաւաքի կազմակերպիչների պնդմամբ` առնուազն 10 անգամ աւելի: Պաքուի քաղաքապետարանը, ինչ խօսք, ընդունել է ոստիկանութեան վարչութեան առաջարկութիւնը, քաջ գիտակցելով, որ դա ոչ այնքան քաղաքի իրաւապահ մարմնի քմահաճոյքն է, որքան որ ամենավերեւից` նախագահի նստավայրից իջեցուած կարգադրութիւն: Թէկուզ թէ՛ վերեւներում եւ թէ՛ քաղաքային գործադիր մարմնում յստակ գիտակցում ու պատկերացնում են, թէ ընդդիմութեան դիմումների ի՛նչ հեղեղ կ՛ուղղուի եւրոպական եւ այլ միջազգային ատեաններին եւ նոյն այդ եւրոպաներից քանի՛ անգամ կարող են մատ թափ տալ Պաքուի վրայ: Բայց, ինչպէս ասում են, օրը օր ցոյց կը տայ, անելիքն էլ հետը:

Սակայն պաշտօնական Պաքուի համար այս ամէնը երեւի թէ մանրուք է այն խոր անհանգստութեան համեմատ, որ վերջին օրերս այնտեղ ապրում են արցախեան կարգաւորման գործընթացի կապակցութեամբ: Պարզւում է, որ ինչպէս Սերժ Սարգսեանի օրօք էր, Հայաստանի նոր իշխանութիւնները նոյնպէս յուսախաբ անում, չեն արդարացնում իրենց սպասելիքները: Նրանք, ովքեր ուշադիր հետեւել են վերջին ամիսների լրահոսին, անկասկած նկատած կը լինեն Պաքուի լաւատեսութիւնը` հակամարտութեան բանակցային կարգաւորման նորոգ գործընթացում: «Ահա-ահա,- կարծես թէ ձեռքներն իրար շփելով, մտածում էին նրանք,- որպէս փուլային լուծում` եօթ շրջանները կամ գոնէ դրանցից հինգը կը վերադարձուեն մեզ: Յետոյ կը գայ երկրորդ փուլը` ազրպէյճանցի փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Յետոյ կամաց-կամաց կը լուծուեն նաեւ միւս ցաւոտ հարցերը: Ի վերջոյ` Ղարաբաղը մերը կը լինի»: Ընդ որում, ազրպէյճանական կողմը կարծես թէ ունէր կամ, յամենայն դէպս, նրան թւում էր, թէ ունի այդ լաւատեսութեան բոլոր հիմքերը. է՛լ Հայաստանում ամերիկեան նախկին դեսպանի յայտարարութիւն, է՛լ Պոլթընի ծրագիր` Լաւրովի ծրագրի փոխարէն, է՛լ Տուշանպէի յայտնի վերելակ ու երկու առաջնորդների ոտի վրայ ձեռք բերուած պայմանաւորուածութիւն, էլ Ալիեւ-Փաշինեան մէկուկէս ժամուայ ոչ պաշտօնական զրոյց` Տաւոսում եւ այլն, եւ այլն: Բայց Հայաստանի վարչապետի վերջին յայտարարութիւնները, մանաւանդ, վերջերս Գերմանիայում, սառը ջուր է մաղել Ալիեւի ողջ վարչախմբի գլխին` հասկացնելով նրանց, որ ապարդիւն են արցախեան հիմնախնդիրը Հայաստանի նոր իշխանութիւնների միջոցով Ազրպէյճանի օգտին լուծելու իր փայփայած սին յոյսերը:

Եւ ի՞նչ, կարող էք հարցնել: Դեհ, ոչինչ: Մնում է, այսպէս ասած, եւս մէկ մանրուք, աւելի ճիշդ` տարրական ճշմարտութիւն: Այն է` որպէսզի Իլհամ Ալիեւը ականջին օղ անի, հաստատապէս հասկանայ, որ Արցախի ճակատագիրը հազիւ թէ ի զօրու լինեն անձամբ, ինքնակամ որոշել հակամարտ կամ միջնորդ երկրների ղեկավարները եւ կամ միջազգային բարձր ատեանները: Մանաւանդ որ այն որոշուած է էն գլխէն` Ազրպէյճանի ռազմական պարտութիւնն արձանագրած 90-ականների պատերազմի աւարտից, հետեւապէս որոշուած է վերջնականապէս, Արցախի օրինական տիրոջ` Արցախի բնիկ հայութեան եւ համայն հայ ժողովրդի միասնական կամքով ու վճռականութեամբ: Ի վերջոյ, մարդկութեան պատմութեան մէջ երբեւէ ո՞վ է տեսել, որ պատերազմում պարտուած կողմը պայմաններ թելադրի իրեն յաղթող կողմին: Քաղաքագիտութիւնը նման երեւոյթն անուանում է ոչ այլ կերպ, քան` նոնսենս: Այսինքն անիմաստ է, հետեւապէս` ընդմիշտ անհնարին:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

Facebooktwitterredditpinterestlinkedinmail