
26 ՓԵՏՐՈՒԱՐ 2019 – ԿԻԶԱԿԷՏ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքներու պաշտպան Արտակ Բեգլարեան յայտարարութիւն մը հրապարակած է 1988 Փետրուարին Ատրպէյճանի կողմէ Սումգայիթի մէջ կազմակերպուած հայերու կոտորածներու 31րդ տարելիցին առթիւ: Ստորեւ՝ սոյն յայտարարութիւնը.
- 1988թ. Փետրուարին Հայաստանին վերամիաւորուելու պահանջով Արցախում տեղի ունեցած խաղաղ հանրահաւաքներից յետոյ Փետրուարի 27-29ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպուեց եւ իրականացուեց հայ ազգաբնակչութեան զանգուածային կոտորած, որն ուղեկցւում էր առանձնակի դաժանութեամբ՝ խոշտանգումներ, խեղումներ, ողջ ու սպանուած մարդկանց հրկիզում, խմբակային բռնաբարումներ եւ այլն: Միայն իր ազգային պատկանելիութեան համար Սումգայիթի 18 հազարանոց հայութիւնը ենթարկուեց բռնարարքների, որոնց հետեւանքով զանգուածայնօրէն խախտուեցին հայերի կեանքի, խոշտանգումներից ու խտրականութիւնից զերծ լինելու, ազատութեան ու անվտանգութեան, սեփականութեան, արդար դատաքննութեան եւ մի շարք այլ իրաւունքներ:
- Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպուած է եղել պետական մակարդակով, ինչը վկայող բազմաթիւ փաստեր են առկայ: Ջարդերին նախորդող հանրահաւաքներում քաղաքի իշխանութիւնը հաւաքուած ամբոխին բացայայտ բռնարարքների էր դրդում, որոնք արդէն յաջորդ օրերին վերածուեցին վայրագ գործողութիւնների՝ կողմնորոշուելով հայերի բնակութեան հասցէների նախօրօք պատրաստուած ցուցակներով: Բազմաթիւ փաստեր ու վկայութիւններ կան այն մասին, որ ադրբեջանական ոստիկանութիւնը ոչ միայն բացարձակ անգործութեան էր մատնուած, այլ նաեւ շատ դէպքերում աջակցել եւ ուղղորդել է մարդասպանների խմբերին: Թէեւ Սումգայիթ քաղաքն ընդամէնը 25 կիլոմետր հեռաւորութեան վրայ էր գտնւում մայրաքաղաք Բաքուից, սակայն խորհրդային զօրքը միջամտեց եւ դադարեցրեց կոտորածը միայն երեք օր անց: 1988թ. գործող Ադրբեջանական ԽՍՀ գլխաւոր դատախազ Իլիաս Իսմայիլովը 2003թ. յայտարարել է. «(Սումգայիթի) կոտորածները հրահրողները ներկայումս նստած են Միլի մէջլիսում՝ (Ադրբեջանի խորհրդարանում)՝ պատգամաւորական մանդատները գրպաններում» (աղբիւր՝ «Զերկալօ» թերթ, Ադրբեջան, 21 Փետրուարի, 2003թ.):
- Ադրբեջանական եւ ԽՍՀՄ իշխանութիւնները բոլոր ջանքերը գործադրել են թաքցնելու սպանութիւնների հիմնական դէպքերը՝ պաշտօնապէս ներկայացնելով միայն 26 զոհի անուն: Այնինչ, օրինակ, կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Հէյդար Ալիեւ: Իշխանութեան բեռը» ֆիլմում, որը նկարահանուել էր Ադրբեջանի պատուերով, վկայում է. «Միայն մէկ գիշերուայ ընթացքում արդիւնաբերական կենտրոն Սումգայիթում աւելի քան 100 հայ է սպանուել»: Իսկ ռուս դիւանագէտ եւ գրող Վիկտոր Կրիւոպուսկովը «Ըմբոստ Ղարաբաղ» գրքում գրում է. «Հազուադէպ էր պատահում, որ որեւէ մէկը դանակի կ’ամ կացնի հարուածից զոհուէր միանգամից: Մեծամասնութեան առջեւում տառապալի ծաղրանքն էր: Չէին խնայում ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին: Երեք օրուայ ընթացքում սպանուել է մի քանի հարիւր հայ: Ճշտել զոհուածների ստոյգ թիւն այդպէս էլ չյաջողուեց»:
- Կատարուած իրադարձութիւնների վերաբերեալ 1988թ. Յուլիսի 7ին Եւրոպական խորհրդարանն ընդունել է ադրբեջանահայութեան կոտորածները դատապարտող բանաձեւ, որում ասւում է. «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի‘ Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողութիւնը (մարզի բնակչութեան 80 տոկոսը կազմում են հայերը), ինչպէս նաեւ 1923թ.ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպէս նաեւ 1988թ. Փետրուարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգուածային սպանութիւններ Սումգայիթում եւ բռնութիւններ Բաքւում, ինչի հետեւանքով հայերի համար վտանգաւոր է ապրել Ադրբեջանում‘ (Եւրոպական խորհրդարանը) դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդէպ բռնութիւններն ու ճնշումները»: Խաղաղութեան Նոբելեան մրցանակակիր Անդրէյ Սախարովը նշել է. «Եթէ նախքան Սումգայիթը որեւէ մէկը կասկած ունէր, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է պատկանի Ադրբեջանին, ապա այդ ողբերգութիւնից յետոյ ոչ ոք բարոյական իրաւունք չունի այդպիսի բան պնդելու» (աղբիւր‘ «Բաց նամակ Մ. Գորբաչեւին», «Նեզաւիսիմայայ գազետայ» թերթ, 27 Հոկտեմբերի, 1992թ.): Սումգայիթի կոտորածի վերաբերեալ աւելի մանրամասն փաստերի եւ արձագանքների կարելի է ծանօթանալ karabakhrecords.info կայքում:
- Սումգայիթում կազմակերպուած մարդկութեան դէմ յանցագործութիւնը պատասխան էր արցախահայութեան խաղաղ ցոյցերին, որոնք ուղղուած էին ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրացմանը: Բացի այդ, ադրբեջանական իշխանութիւնները, որպէս օրինակ ունենալով հայաթափուած Նախիջեւանը, շարունակում էին իրագործել իրենց կողմից մշակուած հայութեան էթնիկ զտման քաղաքականութիւնը, որը սաստկացաւ յատկապէս Սումգայիթի դէպքերից յետոյ: Այդ քաղաքականութեան շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատուածում Ադրբեջանի Կիրովաբադ, Բաքու եւ մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանութիւնների իմացութեամբ ու թողտուութեամբ, սպանուեցին հազարաւոր եւ բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր:
- Դրան յաջորդող տարիներին (ներառեալ‘ 1991-1994թթ. Ադրբեջանայ-ղարաբաղեան պատերազմի ժամանակ) նոյնպէս Ադրբեջանի կողմից շարունակուել է հայերի էթնիկ զտման քաղաքականութիւնը, որը, ըստ մեր վերլուծութեան, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» կոնուենցիայով սահմանուած ցեղասպանութեան յանցագործութեան իրաւական ձեւակերպմանը: Աւելին, բացի հարիւրհազարաւոր ադրբեջանահայութեան հայրենազրկումից, մեր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ նրանց սեփականութեան, ազատ տեղաշարժի եւ մի շարք այլ իրաւունքներ շարունակաբար մնում են խախտուած, եւ շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականութեան ֆիզիկական, հոգեբանական ու նիւթական հետեւանքները:
- Կատարուած յանցագործութիւնները մինչ օրս պատշաճ իրաւական գնահատական չեն ստացել եւ փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետեւանքներից է նաեւ ներկայումս Ադրբեջանի Հանրապետութեան կողմից հայատեացութեան պետական քաղաքականութեան իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայութիւնն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան բնակչութիւնը, այլեւ հայ ազգի բոլոր ներկայացուցիչները եւ Արցախ այցելող օտարերկրացիները: Յիշեցնենք, որ Ադրբեջանի հայատեացութեան քաղաքականութեան վերաբերեալ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է յատուկ զեկոյց‘ ներկայացնելով դրա դրսեւորման կոնկրետ օրինակներ եւ վերաբերելի միջազգային իրաւունքի վերլուծութիւն:
- Ադրբեջանական հասարակութեան մէջ սերմանուած հայատեացութեան դրսեւորման ակտիւ փուլ արձանագրուեց նաեւ 2016թ. Ապրիլին Արցախի վրայ Ադրբեջանի լայնածաւալ յարձակման ժամանակ, եւ Մարդու իրաւունքների պաշտպանն իր փաստահաւաք առաքելութեան շրջանակներում 2016թ. յատուկ զեկոյցով ներկայացրել է քաղաքացիական ու զինուորական անձանց սպանութեան, գլխատման, խոշտանգման եւ իրաւունքների խախտման ու պատերազմական յանցագործութիւնների մի շարք այլ դէպքեր: Յատկանշական է, որ այդպիսի յանցագործութիւններ կատարած ադրբեջանցի զինուորականներն այնուհետեւ պարգեւատրուել ու խրախուսուել են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից:
- Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրութեանը պատշաճ իրաւական գնահատական տալ 1988թ. Փետրուարին Սումգայիթում կատարուած բռնութիւններին՝ համաձայն միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, ինչպէս նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակուող հայատեացութեան քաղաքականութեան դադարեցման ուղղութեամբ: Ռասիստական ատելութեան այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքներին, այլեւ աւելի ու աւելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտութեան կարգաւորումից եւ տեւական խաղաղութիւնից»:
asbarez.com/arm/338510/Արցախի-Մարդու-Իրաւունքներու-Պաշտպան-3/





