26-02-2019 | Հայաստան | Հասարակություն:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանն անդրադառնալով իր նախորդ ֆեյսբուքյան գրառման բովանադակությանը՝ հերթական գրառումն է կատարել՝ հորդորելով չխեղաթյուրել իր խոսքերը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը
Մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել։
Օրինակ, ասում են, որ ես խոսել եմ ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի եմ ունեցել, որ դա պետք է զենքով անել։
Մինչդեռ դա մերկապարանոց հերյուրանք է։
Հորդորում եմ առնվազն զերծ մնալ ակնհայտ ստեր
տարածելուց և, եթե կա ցանկություն, պարզապես ընթերցել իմ հայտարարությունը»։
Ստորև ներկայացնում ենք նաև Ժիրայր Սեֆիլյանի նախորդ գրառումը.
«Համբերության բաժակը լցվել է
Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռևս բանտում են:
Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով և նրա դատարանում:
Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավմամբ շահագրգիռ է Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը,
իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին:
Առնվազն հնարավոր էր, թեկուզ միայն Մարտի 1-ի գործի քննության աղաղակող կեղծիքները հաշվի առնելով, չվստահել Սասնա Ծռերի գործի քննությանը, ապստամբներին ազատ արձակել և զուգահեռաբար քննել ինչպես այդ գործը, այնպես էլ դրա քննության ընթացքում կատարված կեղծիքների գործը:
Լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է:
Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:
Նոյյան տապան – Հասարակություն
nt.am/am/news/265370/