Թուրքագետ. «Մեզ զրկեցին Կարսում չարենցյան սիմվոլիկ ներկայությունը վերստեղծելու հնարավորությունից»

01 Մարտ 2019 – ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ:

Դեռևս մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ անհայտ պատճառներով քանդվել է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի Կարսում գտնվող տունը: Այս թեմայի շուրջ «Ermenihaber.am»-ը զրուցեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ:

Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Կարսում Եղիշե Չարենցին վերագրվող տունը քանդելու մասին մամուլում շրջանառվող լուրերը:

-Այդ կառույցը հայերիս համար ունի խորհրդանշական նշանակություն: Զբոսաշրջիկները, որոնք այցելում են Արևմտյան Հայաստան իրենց հարգանքի տուրքն են մատուցում Չարենցին:

Ոչնչով աչքի չընկնող այդ կառույցը փաստորեն դարձել էր տուրիստական հետաքրքրությունների առարկա: Բնականաբար դա հայտնի է և Կարսի իշխանություններին, և ազգայնամոլական տարբեր շրջանակներին: Փաստորեն անգամ այդ կիսախարխուլ շենքը դառնում է թիրախ լոկ այն պատճառով, որ ասոցացվում է հայերի և հայերի համար նվիրական բանաստեղծի` Եղիշե Չարենցի անվան հետ:

Ես այն կարծիքին եմ, որ սա ընդհանուր մի քաղաքականության մաս է կազմում. քաղաքաշինական վանդալիզմի կամ պատմամշակութային եղեռնի շարունակություն, որովհետև այս կառույցը բացառություն չէ: Կարսում մինչ այդ էլ տարբեր հայկական կառույցներ, 19-րդ դարի շենքեր, որոնք երբեմն ունեցել են ադմինիստրատիվ նշանակություն կամ անհատների տներ են եղել, տարբեր տարիներին քանդվել են այն պատրվակով, որ վթարային վիճակում են կամ խանգարում են քաղաքաշինական պլաններին:

Այս միտումները ավելացան վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ քաղաքային իշխանության ղեկը անցավ ադրբեջանցիներին և գորշ գայլերի քաղաքական թևին` ազգայնամոլական աջ ծայրահեղական քաղաքական ուժին:

Նախկինում Կարսում մի քանի անգամ ականատես եմ եղել և տեղեկություններ են եղել, որ քաղաքապետը միտումնավոր, քաղաքական, պետական գերակա շահի պատրվակով քանդում է հատկապես հին հայկական տները: Եվ դա կարծում եմ նման դրսևորումներից մեկն է:

Տարբեր վարկածներ են շրջանառվում տան շուրջ, թե արդյոք քանդված շինությունը իսկապես Չարենցի տունն է եղել: Ի՞նչ կարող եք ասել այս խնդրի կապակցությամբ, հստակ տեղեկություններ կա՞ն Չարենցի տան տեղակայման հարցում:

-Չարենցի բանաստեղծություններից մեկը հիմա անգիր չեմ հիշի, բայց ձևակերպումը հետևյալն էր, որ տունը գտնվում է «չուգունի մոստի» դիմաց: «Չուգունի մոստ» կրող այդ կամուրջը պահպանված է և տունն էլ հենց այդ կամուրջի դիմաց է:

Եթե մենք ենթադրենք, որ այդ բանաստեղծությունը ճիշտ է և փաստագրական նկարագրել է այդ տեղը, ապա այս կառույցը համընկնում է Չարենցի տանը: Բայց կրկին կցանկանամ նշել, որ այս շենքը, թե մեկ այլ շենք է Չարենցի տունը, այնուամենայնիվ այն ունի խորհրդանշական կարևոր իմաստ: Բացի այդ, ես գիտեմ, որ այս շենքի շուրջ տարիներ շարունակ տարբեր խմորումներ կային:

Ստամբուլի հայ համայնքն էլ ինչ-որ կերպ ընդգրկված էր այս հարցում և ենթադրաբար նրանք էլ երևի թե իրենց միջոցներով ստուգել են` տունը ինչպիսի պատկանելիություն ունի: Հակված եմ կարծելու, որ երևի թե ճիշտ է, որ տունը պատկանում է Չարենցին: Եթե նույնիսկ դա այդպես էլ չէ, ապա միգուցե կողքի տունն է եղել և «չուգունի մոստի» դիմացի այդ տարածքը մեզ համար ունի խորհրդանշական իմաստ:

Արդյո՞ք տունը հայտնվել է ազգայնականների թիրախում և նման ձեռագիրը չի առնչվում Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ, որով հնարավոր է քվեներ կորզել ազգայնականներից:

-Տարբեր տեղեկույթյուններով տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններում Կարսում ազգայնականները որոշակիորեն թուլացրել են իրենց դիրքերը: Միգուցե քաղաքապետը գնացել է այդ քայլին այս ազգայնամոլական ընտրազանգվածին ավելի կոնսոլիդացնելու և նոր ոգևորության լիցք տալու համար:

Մենք պետք է հետևենք, թե ինչպես է տեղական մամուլը Կարսի այս խնդիրը արծարծելու, ինչպիսի քարոզչական հնարքներով են սրան անդրադառնալու: Այդտեղից ավելի հստակ կլինի, թե դա արված է, որպեսզի հագուրդ տրվի ազգայնամոլների ինչ-ինչ ցանկություններին, թե սա մի փոքր այլ իմաստ ունի: Բայց դեպքերը և այդ կառույցի տեղը չեմ կարծում, որ քաղաքաշինական մեծ ծրագրի համար խոչընդոտ էր: Դա այնպիսի մի հատվածում է գտնվում, որ հենց միայն այդ կիսախարխուլ շենքի փլուզումը անպայմանորեն կասկածներ է առաջ բերում, որովհետև կողքինը չի քանդված, հետևինը չի քանդված, հենց այդ շենքն է քանդված: Այստեղ չեն կարող կասկածներ չլինել:

Գիտենք, որ Հայաստանից տարբեր շրջանակներ ուզում էին այդ շենքը գնել և դարձնել թանգարան: Իհարկե այդ ծրագրին խոչընդոտում էին թուրքական տարբեր մակարդակի իշխանություններ: Գիտեմ, որ շենքի նախկին սեփականատերը շատ բարձր գին էր պահանջում այդ տան համար: Անգամ Կարսի սանդղակներով դա աներևակայելի, ֆանտաստիկ գին էր, թե ինչպես կարելի է այդ խարխուլ շենքը գնահատել այդքան բարձր:

Մի քանի փորձեր են եղել գնելու, սակայն չի ստացվել: Եթե չեմ սխալվում «Հրանտ Դինք» հիմնադրամն էլ էր այդ պրոցեսների մեջ ընդգրկված և իմ տեղեկություններով շենքը գնել էր: Ի վերջո շենքի սեփականատեր էր դարձել «Anadolu Kultur» հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալան: Գիտենք, որ Օսման Քավալան հիմա ձերբակալված է բավական ծանր մեղադրանքով և այստեղ միգուցե կարող է դեր խաղացած լինել, որ շենքի սեփականատերը մի մարդ է, որը համարվում է հակաէրդողանական ճամբարի ներկայացուցիչ: Միգուցե դա էլ ավելի է խրախուսել քաղաքապետին գնալ դեպի նման վանդալիզմի:

Կարծում եմ՝ շենքն իրենից ճարտարապետական մեծ արժեք չէր ներկայացնում, որովհետև մեկ հարկ կիսաքանդված պատեր էին: Բայց կարող էր դառնալ շատ հետաքրքիր կենտրոն: Կարևորը դրական միֆն էր, որը կառուցվում է: Հիմա մենք ունենք Թումանյանի տուն-թանգարան կամ հենց Չարենցի տուն-թանգարանը Երևանում, կամ նմանատիպ տուն-թանգարաններ: Հասարակությունը այդքան չի հետաքրքրվում, թե իրոք Թումանյանը այդ տանը ապրել է, թե ոչ: Կարևոր է դրական առասպելը, որ կառուցվում է: Փաստորեն մեզ զրկեցին այդ դրական առասպելը և Կարսում չարենցյան սիմվոլիկ ներկայությունը վերստեղծելու հնարավորությունից:

Ինչի՞ հիման վրա տունը դարձավ զբոսաշրջիկների այցելության վայր և ե՞րբվանից է ձևավորվել այդ ավանդույթը:

-Ես, եթե չեմ սխալվում, այն ժամանակվանից, երբ որ սկսեցին տուրիստական առաջին խմբերը այցելել Արևմտյան Հայաստան հենց սկզբից կամ կարճ ժամանակ անց այդ խնդիրը առաջ եկավ: Կարսի այդ խորհրդանշական վայրերում` Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը և շուրջ բոլորը, այդ այգին, որը նույնպես Չարենցի «Երկիր Նաիրի» պոեմում շատ հետաքրքիր նկարագրվում է, տարբեր իրադարձություններ են տեղի ունենում: Անգամ Օրհան Փամուկի գրքերում հետաքրքիր ձևով նկարագրված է հենց Չարենցի տան դիմաց ընկած այդ այգին: Տուրիստական ընկերությունների ղեկավարները հետաքրքրվում էին Չարենցի տան գոյությամբ և կարծես թե որոշակի հետազոտությունների, տարբեր համեմատությունների արդյունքում է հենց որոշվել, որ դա է Չարենցի տունը: Տուրիստական տարբեր խմբերը միակարծիք են, որ հենց այդ տունն է:

Ըստ տարբեր աղբյուրների` Չարենցը այդ շենքում բնակվել է 1917-1920թթ., այսինքն նաև առաջին հանրապետության տարիներին: Իսկ շենքը ռուսական ոճի, կամ ինչպես ասում են բալթյան ոճի կառույց է եղել և նմանատիպ շենքեր Կարսում էլի պահպանված են: Հստակ որոշել, թե շենքի, որ հատվածն է պատկանել Չարենցին մի փոքր դժվար է, այնուամենայնիվ պետք է մոտենանք հարցին խորհրդանշական առումով, որ այդ տարածքում է ապրել Չարենցը: Հիմա այդ տարածքից պահպանվել է երկու պատ, ուրեմն այդ երկու պատն էլ մեզ համար ունի խորհրդանշական իմաստ: Մենք այստեղ չենք իրականացնում փաստագրական հետազոտություն, թե Չարենցի տան պատուհանը կոնկրետ, որ մեկն է եղել, որ կողմ է նայել: Մենք ասում ենք, որ մեզ համար այդ տարածքը խորհրդանշական և յուրահատուկ տարածք է: Վանդալիզմը իրականացվել է տարածքի նկատմամբ, կապ չունի թե որ պատն է փլուզվել, կարևոր է այն, որ թիրախ է ընտրված հայերիս համար խորհրդանշական այդ տարածքը և անգամ այդ տարածքում եղած կիսախարխուլ կառույցը թուրքական իշխանությունների և հասարակության համար փաստորեն դառնում է թիրախ:

Հարցազրույցը` Էլեն Քոքչյանի

Աղբյուր` Ermenihaber.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail