Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

27 ՓԵՏՐՈՒԱՐ 2019 –

Ադրբեջանի Գյանջա քաղաքի (Գանձակ) ռազմական հանցագործությունների դատարանը գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանի տարածքում դիվերսիաների և ահաբեկչությունների կազմակերպման համար»։

Դատավարությունն անցել է փակ ռեժիմով։ Այն մեկնարկել է անցյալ տարվա նոյեմբերի 6-ին։ Նույն ժամանակահատվածում ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրեց, որ Ադրբեջանը գերիների փոխանակության առաջարկ է արել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նման առաջարկ չի ստացել։

2018-ի նոյեմբերի կեսին Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում էին փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին։

Մի քանի օր անց մամուլի ասուլիսին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով փոխանակման խնդրին, անընդունելի է համարել բերդավանցիների բողոքի ցույցը։

***

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը 2018-ի հուլիսի 21-ին այցելել էր Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Հուլիսի 15-ին բերդավանցի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Ադրբեջանում Ղազարյանին ներկայացրել են որպես հայ դիվերսանտ։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։
Բերդավանը գրեթե կպած է Ադրբեջանի սահմանին։ Ինչպե՞ս կարող էր Կարեն Ղազարյանը հայտնվել սահմանից այն կողմ։ Գյուղում ամենատարբեր վարկածներ են շրջանառվում։ Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Կարենի մասին տեղեկատվություն չի հրապարակում՝ ասելով, որ այդ հարցով երկխոսության մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի համապատասխան կառույցների հետ։

Այս տարվա փետրվարին Արցախում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել ադրբեջանցի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն։ 

Ներկայում Ադրբեջանում գերության մեջ են գտնվում նաև Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Բացի Էլնուր Հուսեյնզադեից հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով։

Կարդացե՛ք թեմայի շուրջ Թաթուլ Հակոբյանի սյունակը։

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ

aniarc.am/2019/02/27/karen-ghazaryan-20-year-prison-february-2019/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail