4 մարտ, 2019 15:45
Կարսը մերը կլիներ, ուրեմն՝ հող տալ-չտալը միայն մեր որոշելիքը չէ
Այս գրությունը ընդամենը արձագանք է և ոչ պատասխան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, որը վերջերս Արցախի ափամերձ հատված այցելության ընթացքում ասել էր․«Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ, ընդհակառակը, մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»։
Այս գրությունը հիշեցում է բոլոր նրանց, որոնք Սևր են երազում, Քուռ-Արաքսյան Միջագետք են երազում, Բաքվում թեյ են երազում, ծովից ծով Հայաստան են երազում։
Այս գրությունը ներկա կամ նախկին իշխանությունների հայրենասիրությունն ու վճռականությունը կասկածի տակ դնելու փորձ չէ։ Եվ ոչ էլ՝ պարտվողականության քարոզ կամ խաղաղության ու պատերազմի բանավեճի հրահրում։
Սա ընդամենը մեր վերջին 100 տարվա պատմության վերլուծության իմ համեստ փորձն է։
Եվ այսպես՝ հող տալ-չտալու մասին խոսակցությունը հայ քաղաքական մտքի պատմության մաս է կազմում ավելի քան 100 տարի։
Դու կարող ես զօր ու գիշեր խոսել ոչ մի թիզ հող չտալու մասին, բայց տարածաշրջանային, միջազգային և ներքաղաքական այնպիսի գործընթացների մեջ ներքաշվես, որ ստիպված լինես զիջել ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ։
Կարևորն այն չէ, որ դու հրապարակային խոսում ես հող չտալու մասին։ Հետո ինչ, որ չես ուզում զիջել։ Շատ ավելի կարևոր է, որ դու չվարես այնպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն, որ փրկվելու միակ տարբերակը լինի հենց հող զիջելը։
Ընդհակառակը, դու կարող ես խոսել խաղաղության, փոխզիջումների մասին, ազգայնական շրջանակների կողմից մեղադրվես դավաճանության և պետական շահը ոտքի տակ տալու մեջ, համարվես թուրքասեր, բայց վարես այնպիսի քաղաքականություն, որ ստիպված չլինես մի թիզ հող անգամ զիջել թուրքերին և կամ պահես հնարավոր առավելագույնը։
1918 թվականի առաջին ամիսներին Տրապիզոնի բանակցություններում հայերը Բրեստ-Լիտովսկի պայմանները համարում էին առավելագույն զիջում, բայց դրան հաջորդած Բաթումի բանակցություններում, որոնք սկսվեցին մայիսի 11-ին և ավարտցվեցին հունիսի առաջին օրերին, ստիպված եղան համաձայնվել 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի գոյության հետ և շնորհակալություն հայտնել Օսմանյան կայսրության սուլթանին, որ գոյություն ունի անկախ Հայաստան։
Նրանք, ովքեր այսօր դատապարտում են ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունուն և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանին, որոնք ստորագրեցին Բաթումի դաշնագիրը թուրքերի հետ, պետք է կարողանան բացատրել, թե ինչ պետք է անեին Հայաստանի պետական շահով առաջնորդվող և ուղնուծուծով հայությանը նվիրյալ այս գործիչները։
Չստորագրեին Բաթումը, որ Հայաստան, ապա՝ Խորհրդայաին Հայաստան, ապա՝ մեր ժամանակների Հայաստան չունենայի՞նք։
Բաթումը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ու հավանաբար նաև մեր սխալների հետևանք էր։ Ուրեմն, պետք էր հանաձայնվել գոնե 10-12 հազարի հետ, որովհետև Բաթումը վերջին արարն էր։ Հաջորդը ՀՀ ծնունդն էր՝ մի հրաշք, որ կարող էր նաև չլինել, եթե մենք ավելին պահանջեինք ու չստանայինք ոչինչ, ինչպես եղավ երկու տարի հետո։
1919-ի աշնանը կորցրեցինք Նախիջևանը։ Ո՞վ էր ուզում, որ կորցնենք։ Ոչ ոք։ Բայց կորցրեցինք։
1919 թվականի աշնանը ամերիկացիները վարչապետ Խատիսյանին առաջարկում էին լեզու գտնել քեմալականների հետ։ Այդ ժամանակ Հայաստանը արդեն ընդլայնվել էր։ Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը հեռացել էր հայոց գրավյալ հողից։ Հետագայում Խատիսյանը պիտի իր գրքում ափսոսանքով ընդգծեր, որ իրենք ականջալուր չեղան ամերիկացիներին, քայլ չարեցին քեմալականների հետ շփումներ գտնելու ուղղությամբ, իսկ մեկ տարի անց ընկան նույն քեմալականների հարվածների տակ և ստիպված եղան գրավված Ալեքսանդրապոլում՝ Գյումրի, թուրքերի հետ նոր դաշնագիր կնքել։
Ես կամ որևէ հետազոտող, պատմաբան չեն կարող պնդել, որ եթե 1919-ի աշնանը թուրքերի հետ լեզու գտնելու քաղաքականությունը հաղթեր, ապա հնարավոր կլիներ խուսափել Կարսի աղետից։ Խնդիրն այն է, որ մենք այլևս անիմաստ էինք համարում թուրքերի հետ խոսել, համարելով, որ հիվանդը մեռնում է։
1920 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ն հետ քաշվեց Ղարաբաղից, 1921-1923-ը Արցախը կցվեց Խորհրդային Ադրբեջանին։
Ո՞վ էր ուզում, որ այսպես լիներ։ 1919-ի աշնանը Հայաստանում չկար որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որը լսել անգամ ուզեր «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում» մղձավանջը, բացի հայ մի դեսպանից։ Հանգամանքների բերումով և բավարար ուժ չունենալու հետևանքով մենք ստիպված եղանք 70 տարի համակերպվել Արցախի՝ Ադրբեջանի կազմում գոյության հետ։
1991-1994-ին մենք ուժ ունեցանք և հետ բերեցինք Արցախը։
Երբ 1920 թվականի օգոստոսի 10-ին Արշակ Ջամալյանն ու Արտաշես Բաբալյանը ռուս բոլշևիկների հետ կնքում էին համաձայնագիր, որով ժամանակավորապես հրաժարվում էին Լեռնային Ղարաբաղից, Զանգեզուրից և Նախիջևանից, դա չէին անում նրա համար, որովհետև քիչ հայրենասեր էին կամ պարտվողական էին, այլ որովհետև այլընտրանք չէր մնացել։
Ոսկյա գրիչով 1920-ի նույն օրը՝ օգոստոսի 10-ին, Ավետիս Ահարոնյանը Սևրի երազանքի տակ էր ստորագրում, որ մեզ պիտի բերեր 160 հազար կիլոմետրանոց Հայաստան։
Երբ 1920-ի սեպտեմբերից նոյեմբեր ՀՀ-ն կորցրեց Սարիղամիշը, Կարսը, Արդահանը և Սուրմալուն, ապա՝ Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտավայրը, դա հայրենասիրության պակասից չէր։
Որևէ մեկը՝ լինի 1920 թվականի պետական այրը կամ 2019-ի ղեկավարը, չեն ուզում մի թիզ հող անգամ զիջել։ Բայց ստիպված են լինում։ Ես չեմ ասում, որ այսօր էլ են ստիպված լինելու զիջել, ընդամենը հիշեցնում եմ մեր պատմության դառը էջերը, երբ ստիպված ենք եղել հողեր զիջել ու հարյուրավոր հատորներ ենք գրել, թե ինչ դաժան է ճակատագիրը և ինչ վատն են մեր հարևաններն ու թե ինչքան անխիղճ են ռուսները, բրիտանացիները, ֆրանսիացիները․․․
Մենք չէինք ուզում զիջել Կարսը․․․
Մենք չէինք ուզում զիջել մեր փառավոր անցյալը՝ Բագրատունյաց Անին․․․
Բայց ստիպված եղանք զիջել։
Սա ցավալի, բայց իրական պատմությունն է։
Լուսանկարում՝ Կարսի բերդը
civilnet.am/news/2019/03/04/Կարսը-մեր-կլիներ-ուրեմն՝-հող-տալ-չտալը-միայն-մեր-որոշելիքը-չէ/355826?