Թուրքիայի իսլամացված հայերը. նրանք նշանակություն ունե՞ն ձեզ համար (Հարցազրույց Րաֆֆի Պետրոսյանի հետ)

04 ՄԱՐՏ 2019 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ՅՕԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Անուշ Մելքոնյան, Լոնդոն

Ձեզ համար նշանակություն ունե՞ն Թուրքիայի իսլամացված հայերը։ Րաֆֆի Պետրոսյանի համար ունեն. նա քաջ կանադահայ է, ով տասնամյակից ավել զբաղված է այս քիչ հայտնի ու շատ սխալ հասկացված հայերի պաշտպանությամբ։ Նրա կատարած աշխատանքը ներկայացվել է մի քանի տասնյակ հոդվածների տեսքով, որոնք հիմա ընդգրկվել են մեկ գրքում՝ բացահայտելով անցած երկար ճանապարհի մանրամասները։ Շնորհավորում ենք Ձեզ, պարո՛ն Պետրոսյան, «Տրավմա ու ճկունություն. Թուրքիայի ծպտյալ, բացահայտ ու այլևս չթաքնվող հայերը» վերնագրով գրքի կապակցությամբ.

– Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհորդությունը՝ բացահայտելու Թուրքիայի իսլամացված հայերին:
– Հրանտ Դինքի շնորհիվ սկսվեց իմ հետաքրքրությունը իսլամացված հայերի նկատմամբ։ Նա տարված էր նրանցով ու միշտ ասում էր. «Մենք մշտապես խոսում ենք մահացածների ու 1915 թ. հետո գնացածների մասին, ժամանակն է խոսել ողջ մնացածների մասին»։ Նրա հետ մի խոսակցության ժամանակ հարցրեցի. «Դուք ինչպե՞ս եք հասկանում, որ նրանք իսլամացված հայեր են»: Նրա պատասխանն ինձ իսկապես տպավորեց. ասաց` «Ես նրանց ճանաչում եմ աչքերից, նրանք գիտեն, որ ես գիտեմ»։ Հետո, երբ ընդգրկվեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքներում, իմ սեփական աչքերով տեսա հարյուրավոր ծպտյալ հայերի ու կապ հաստատեցի նրանց հետ։ Ես հասկացա, որ մեծ թվով ծպտյալ հայերի գոյությունն իրականություն է, և դրանով պետք է կիսվել Հայաստանում ու Սփյուռքում ապրող մյուս հայերի հետ։

-Երբ սկսել եք ուսումանսիրել իսլամացված հայերի խնդիրները, ուենցել ե՞ք էթիկական սկզբունքներ:

-Իմ կարծիքով, երբ որևէ մեկն ունի հայկական ծագում, անկախ նրանից, թե քրիստոնյա է, մուսուլման, հավատացյալ թե աթեիստ, նա հայ է։ Մարդիկ կարող են ընտրել կամ փոխել իրենց կրոնը, սակայն չեն կարող ընտրել իրենց էթնիկ ծագումը, և եթե նրանք որոշել են վերադառնալ իրենց իրական արմատներին, լեզվին ու կրոնին, ոչ ոք իրավունք չունի խանգարելու նրանց կամ դատողություն անելու դրա դեմ։ Հետևաբար, ես կողջունեմ այն իսլամացված հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին ու ինքնությանը՝ անկախ կրոնից։ Մենք պետք է հիշենք, որ այդ մարդիկ գիտակցված որոշում են կայացնում բացահայտվելու որպես հայեր՝ հաշվի առնելով բոլոր վտանգներն ու իրենց ապրուստը կորցնելու, խտրական վերաբերմունքի ենթարկվելու և իրենց ընկերներից, հարևաններից ու նույնիսկ սեփական ընտանիքի անդամներից սպառնալիքներ ստանալու ռիսկերը։

– Թուրքիայի իսլամացված հայերի մասին դուք գրել եք մոտ 50 հոդվածներ։ Ինչպիսի՞ արձագանքներ եք ստացել Ձեր հայ ընթերցողների կողմից:

-Բազմաթիվ հայեր զարմանում են, երբ իմանում են ծպտյալ հայերի մասին։ Նրանց արձագանքները մեծամասամբ դրական են, ու նրանք տեղափոխվում են կարդալու անհավանական պատմություններ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների կամ իրենց հայկական արմատներին վերադառնալու ցանկության մասին։ Բայց կա նաև կասկած, որ ծպտյալ հայերը իսկական հայեր չեն կամ պետք է չընդունվեն որպես իսկական հայեր, մինչև որ մերժեն իսլամն ու ընդունեն քրիստոնեությունը։

-Ինչպիսի՞ն են թուրքերի արձագանքները Ձեր գործերի վերաբերյալ:

-Բացի թուրք մեծամասնության կողմից բնական բացասական արձագանքների, որոնք պայմանավորված են պետության պաշտոնական ժխտողականությամբ, անակնկալ կերպով եղան մեծ թվով թուրք ընթերցողներ, որոնք երախտապարտ էին լսելու նոր փաստեր հայերի կամ ծպտյալ հայերի մասին, հատկապես լավ հայտնի թուրք արվեստագետներ, հեղինակներ կամ քաղաքական գործիչներ, որոնք, պարզվեց, հայ են։ Ես թուրքերից ստացել եմ նաև բազմաթիվ գաղտնի նամակներ, որոնցով նրանք ինձ բացահայտում էին իրենց ծպտյալ հայկական ինքնությունը։

– Ինչպե՞ս եք փոխվել Ձեր անցած ճանապարհի ընթացքում։ Վերանայե՞լ եք սեփական որոշ մտքեր։

– Առաջին անգամ ծպտյալ հայերի հետ իմ առնչությունը սահմանափակվել է Դիարբեքիրով՝ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքներով։ Սակայն եկեղեցու բացումից քիչ ժամանակ անց՝ այնտեղ անցկացրած իմ առաջին համերգից ու այդ իրադարձությունների վերաբերյալ մի քանի հոդվածներից հետո, Թուրքիայի բազմաթիվ այլ շրջաններից հարյուրավոր ծպտյալ հայեր սկսեցին կապ հաստատել ինձ հետ։ Ինձ համար բացահայտում էր այն, որ ծպտյալ հայերը մեծ թվով տարածված են Թուրքիայի արևելքով, հյուսիս-արևելքով ու հարավարևելքով մեկ, ինչպես նաև՝ արևմտյան մեծ քաղաքներում։ Ես որոշեցի, որ բավական չէ միայն գրել նրանց մասին, այլև՝ մենք պետք է օգնենք նրանց, ովքեր ցանակում են վերադառնալ իրենց արմատներին։ Ես սկսեցի դա Դիարբեքիրում, Դերսիմում ու Ստամբուլում լեզվի դասեր կազմակերպելուց։ Հետո սկսեցի ծրագրել ճանապարհորդություն դեպի Հայաստան՝ ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ։ Երբ այդ միջոցառումներն ու հոդվածներս լավ հայտնի դարձան, ավելի ու ավելի շատ ծպտյալ հայեր սկսեցին «բացահայտվել» ու ինձ հետ կապ հաստատել, բայց որ ավելի կարևոր է՝ կապ հաստատել մեկը մյուսի հետ։ Ես որոշեցի կազմակերպել «Վերածննդի նախագիծ» խորագիրը կրող միջոցառումները, որով ստեղծվեց ծպտյալ հայերի մի հսկայական ցանց՝ ապահովելով նրանց միջև համագործակցությունը, հաղորդակցությունն ու մեկը մյուսին աջակցելը։

– Դուք Դիարբեքիր չեք վերադարձել 2015 թ. ի վեր, երբ սկսվեցին բախումներ տարածաշրջանում։ Մոտ ապագայում գնալու պլաններ ունե՞ք:
-Ցավոք սրտի, թուրքական պետության ու քրդական պարամիլիտար ուժերի միջև բախումները կտրուկ ազդել են Թուրքիայի արևելքում ու հյուսիս-արևելքում բնակվող ողջ բնակչության վրա՝ ծպտյալ հայերը ներառյալ։ Հազարավոր շենքեր ու ամբողջական թաղամասեր ավերվել են, որոշ շենքեր գրավվել ու բռնագրավվել են թուրքական պետության կողմից, այդ թվում՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ու եկեղեցու հիմնադրամին պատկանող ողջ գույքը։ Գեղեցիկ վերակառուցված եկեղեցին պետության անվտանգության ուժերի կողմից վերածվել է ռազմական շտաբի՝ պատճառ հանդիսանալով եկեղեցու ավերմանն ու թալանին։ Բարեբախտաբար, եկեղեցու հիմնադրամի պաշտոնյաները կարողացան վերացնել բռնագրավման օրենքն, ու մենք հուսով ենք, որ մոտ ապագայում կառավարությունը կսկսի իր հաշվին եկեղեցու վերակառուցուման գործընթացը։ Ես չեմ պլանավորում Թուրքիա գնալ, քանի դեռ այնտեղ չեն վերականգնվել խաղաղությունն ու ժողովրդավարությունը։

-Ինչպիսի՞ն է քաղաքի ներկայիս դրությունն ու այնտեղի ծպտյալ ու ոչ ծպտյալ հայերի վիճակը:
– Դիարբեքիրը դեռևս պաշարման մեջ գտնվող քաղաք է։ Հատուկ թաղամասեր համարվում ենք արգելված գոտիներ, այդ թվում՝ Սուրբ Կիրակոս եկեղեցու հարակից տարածքը։ Ծպտյալ ու ոչ այդքան ծպտյալ հայերը տառապել են տեղացի մյուս բնակչության հետ միասին։ Որոշ մարդիկ կորցրել են իրենց տները, իրենց աշխատանքը։ Այդ պայմաններում անհնարին է մտածել որևէ հայկական հասարակական ակտիվության մասին՝ լեզվի դասեր կամ ճանապարհորդություն դեպի Հայաստան, քանի որ մարդիկ վերադարձել են գոյատևման ռեժիմին։ Նման միջոցառումներ կազմակերպելու փոխարեն` «Վերածննդի նախագիծը» նրանց տրամադրում է աջակցություն այլ վայրեր տեղափոխվելու, կապ հաստատելու ու իրավաբանական օգնություն տրամադրելու համար։

-Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:

– Չնայած պայմանները հիմա բարենպաստ չեն՝  ես հուսով եմ վերսկսել մեր աշխատանքը ծպտյալ հայերի հետ, օգնել նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայկական արմատներին, լեզվին, մշակույթին կամ որոշ դեպքերում՝ քրիստոնեությանը։ Ես ճանաչում եմ բազմաթիվ իսլամացված հայերի, որոնք նույն ցանկություններն ունեն. բազմաթիվ ծպտյալ հայեր դեռևս շարունակում են տանը առցանց հայոց լեզուն սովորել, Թուրքիայի բազմաթիվ շրջաններից մեկը մյուսի հետ կապ են պահպանում, ամուսնանում միմյանց հետ,  հայկական անուններ տալիս իրենց նորածիններին ու մեկնում արտերկիր՝ մկրտվելու։ Ես սպասում եմ, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին մոտ ապագայում կվերանորոգվի, որտեղ ծպտյալ հայերը կրկին ամեն ամիս կհավաքվեն՝ նախաճաշելու, համերգների, լեզվի դասերի, հասարակական միջոցառումների, մկրտության ու ամուսնությունների համար։ Ես նաև հուսով եմ, որ կվերսկսվեն Թուրքիայի տարբեր շրջաններում գտնվող ծպտյալ հայերի ճանապարհորդությունները դեպի Հայաստան, որոնք կհանգեցնեն թուրքերի ու հայերի միջև երկխոսությունը՝ հիմնված պատմական փաստերի վրա և ուղղված խաղաղ ապագային։

https://massispost.com/2019/02/turkeys-islamized-armenians-do-they-matter-to-you-an-interview-with-raffi-bedrosyan/?fbclid=IwAR2Re0Ud4pT4jhVtr62MdrKBArsAPnzUOsURi8osRKREN9cD9X0D2yPV4Kg

Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail