04 ՄԱՐՏ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Հնարաւոր է` առաջին հայեացքից տարօրինակ թուայ վերնագիրը: Իրօք, ի՞նչ ասել է` միջազգային մարդասիրական իրաւունքի միջազգային հետախուզում: Կարծես թէ անիմաստ` անհեթեթ է հնչում: Բայց եթէ փորձենք այն ընկալել առկայ գրեթէ համարժէք իրողութիւնից բխող փոխաբերական իմաստով, ապա, կարծում եմ, ամէն ինչ տեղը կ՛ընկնի:
Եւ քանի որ խօսքը վերաբերում է այնպիսի մի համընդունելի իրաւական արժէքի, ինչպիսին միջազգային մարդասիրական իրաւունքն է, ուստի, որպէս ամփոփ տեղեկանք, նշեմ, որ այն ներկայացնում է միջազգային իրաւական սկզբունքների մի համախումբ, որն իր մէջ ներառում է Ժընեւեան համաձայնագրերը, լրացուցիչ արձանագրութիւններով հանդերձ, Լա Հէյի համաձայնագրերը, ինչպէս նաեւ` դրանց յաջորդող պայմանագրերը, նախադէպային իրաւունքը եւ միջազգային սովորութեան իրաւունքը:
Մասնաւորապէս, Ժընեւեան համաձայնագրերը` լրացուցիչ արձանագրութիւններով հանդերձ, նախատեսում են հետեւեալ չորս տարախմբի անձանց պաշտպանութեան ու նրանց նկատմամբ վարուելակերպի իրաւական հիմքերը. գործող բանակներում վիրաւորներ, հիւանդներ, ծովային զինուած ուժերում վիրաւորուած, հիւանդ եւ նաւաբեկեալ անդամներ, ռազմագերիներ, քաղաքացիական բնակչութիւն: Ընդհանուր առմամբ, միջազգային մարդասիրական իրաւունքը մշակուել է մարդասիրական մտահոգութիւնների եւ ռազմական անհրաժեշտութեան միջեւ հաւասարակշռութիւնը պահպանելու համար եւ պատերազմը ենթարկել է օրէնքի գերակայութեանը` սահմանափակելով դրա կործանարար ազդեցութիւնն ու մեղմացնելով մարդկային տառապանքը:
Ուշադրութիւն դարձրէք համաձայնագրի արտայայտութեան վրայ` «մեղմացնելով մարդկային տառապանքը»: Հին կտակարանում նկարագրւում է այսպիսի մի յատկանշական դրուագ. Իսրայէլի թագաւորը, հետեւելով Եղիա մարգարէի յորդորին` խնայել թշնամու բանտարկեալներին, կանխում է նրանց կոտորածը: Ի պատասխան թագաւորի հարցի` Եղիան ասում է. «Դու պէտք չէ կոտորես նրանց: Դու կը սպանէի՞ր նրանց, ում գերի ես վերցրել քո սրով ու աղեղով: Տուր նրանց հաց ու ջուր, նրանք կ՛ուտեն ու կը խմեն եւ կը գնան իրենց տիրոջ մօտ»: Ի դէպ, իսլամական իրաւունքի մասնագէտները նոյնպէս փաստում են, որ բանտարկեալը պէտք դէ սպաննուի, քանի որ նա «չի կարող պատասխանատուութիւն կրել պատերազմողների հասարակ արարքների համար»:
Ի լրումն նշեմ նաեւ, որ միջազգային մարդասիրական իրաւունքի մաս կազմող նոյն այդ Ժընեւեան համաձայնագրերը ներկայումս ունեն համընդհանուր մասնակցութիւն, այսինքն ստորագրուած են աշխարհի 194 երկրի կողմից ու տարածւում են գրեթէ բոլոր միջազգային եւ միջպետական ընդհարումների նկատմամբ: Բայց ահա արի ու տես, որ Ազրպէյճանում, որի իշխանութիւնները եւս պաշտօնապէս միացել են այդ համաձայնագրերին, ոչ միայն հաւուր պատշաճի չեն յարգում միջազգային այդ համընդհանուր պարտադիր իրաւական կանոնները, այլեւ, առանձնակի քամահրանքով վերաբերուելով այդ հրամայականներին, պարբերաբար կոպտօրէն ու նաեւ, շեշտում եմ, անպատիժ խախտում են դրանք:
Որպէս այդ հակաիրաւական պահուածքի թէկուզեւ միայն վերջին թարմ դրսեւորումներ` վերյիշենք 2016թ. ապրիլեան կարճատեւ պատերազմի օրերին, պատերազմ, որ նախաձեռնել ու սանձազերծել էր Պաքուն, յարձակման թիրախ դարձած Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի տարեց բնակիչներ Վալերի եւ Ռազմելա Խալափեաններ ամուսնական զոյգի, Մարուսեա Խալափեանի խոշտանգումներն ու սպանութիւնը` գիւղ ներթափանցած ազրպէյճանական բանակի ելուզակային խմբի կողմից, Արցախի Պաշտպանութեան բանակի գերեվարուած շարքային զինուոր Քեարամ Սլոյեանի գլխատումն ու հրապարակաւ ցուցադրումը, Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչների գաղտագողի առեւանգումներն ու նրանց նկատմամբ կիրառուող անմարդկային դաժանութիւնները` կեանքի համար անհամատեղելի տարաբնոյթ խոշտանգումների տեսքով: Ինչպէս դա ներկայումս տեղի է ունենում ազրպէյճանական առեւանգումների զոհ դարձած երեք հայ պատանդների` Արսէն Բաղդասարեանի, Կարէն Ղազարեանի, Զաւէն Կարապետեանի պարագայում:
Պատանդ վերցուած տարաբախտ հայերից անգամ նրանք, ում յաջողուել է միջազգային ատեանների ու մարդասիրական կառոյցների յամառ ու տեւական միջամտութեան շնորհիւ դուրս կորզել, ազատել Ազրպէյճանի արգելափակման վայրերից, հայրենիք վերադառնալուց յետոյ, ցաւօք, երկար չեն ապրել. ամիսներ անց, չդիմանալով բանտային պայմաններում կրած տանջանքների ծանր հետեւանքներին` վաղաժամ կնքել են իրենց մահկանացուն: Մինչդեռ հայ խաղաղ քաղաքացիներին պատանդ վերցնելն ու գերութեան մէջ պահելը միջազգային մարդասիրական իրաւունքի կանոնների, ինչպէս նաեւ «Պատանդներ վերցնելու դէմ պայքարի մասին» միջազգային համաձայնագրի կոպիտ խախտում է, ինչի մասին հայկական կողմը մշտապէս բարձրաձայնում է:
Վերյիշենք Ռուսաստանի եւ Իսրայէլի երկքաղաքացի, ռուս-հրեայ ծագմամբ ճանապարհորդ, պլոկեր Ալեքսանտր Լափշինի չարչարանաց, տառապալի ոդիսականը Պաքուի բանտերում: Վերյիշենք Ռուսաստանի հայազգի քաղաքացի Մարատ Ուելտանով-Գալուստեանի բանտարկութիւնը Պաքւում եւ առ այսօր յարուցուող խոչընդոտները` նրան ազատելու եւ կամ որպէս բանտարկեալի Ռուսաստանի իրաւապահ մարմիններին արտայանձնելու խնդրում:
Կարելի է ամենայն վստահութեամբ արձանագրել, որ մարդն առհասարակ որեւէ արժէք չունի, այլ կերպ` գրոշ չարժէ Ազրպէյճանի բռնատիրական եւ, ըստ էութեան, ֆաշիստական վարչախմբի համար: Անկախ տուեալ մարդու քաղաքացիութիւնից եւ ազգութիւնից:
Նոյնիսկ սեփական քաղաքացիների անվտանգութիւնն ու ազատ ապրելու իրաւունքը երաշխաւորուած չեն Ազրպէյճանում, թէկուզ եւ այդ իրաւական երաշխիքներն ամրագրուած են ինչպէս սահմանադրութեան, նոյնպէս եւ օրէնսդրութեան մէջ: Յայտնի ռուսական իմաստնութիւնն ասում է. «Մարդը ենթադրում է, Աստուած` կարգադրում»: Եթէ վերափոխենք իմաստնութեան ենթակաները` չափորոշելու համար օրէնքի եւ իրականութեան յարաբերակցութիւնն Ազրպէյճանում, ապա այն կը ստանայ հետեւեալ պատկերը. «Օրէնքը ենթադրում է, իրականութիւնը կարգադրում»: Եւ իրօք, այդ երկրում բացարձակ է օրէնքի նկատմամբ իրականութեան գերակայութիւնը:
Այլ կերպ ասած. օրէնքում ամրագրուած հրամայականները ստորադաս են իրականութեան փաստացի հրամայականներին, ինչը բնորոշ է բռնատիրական կառավարման ենթակայ հանրութիւններին: Պատահական չէ, որ Ֆրիտըմ Հաուս միջազգային կազմակերպութիւնը վերջերս հրապարակուած «ազատութիւնն աշխարհում 2019» իր զեկոյցում հերթական անգամ Ազրպէյճանը դասել է անազատ երկրների շարքին: Ի դէպ, զեկուցագրում անազատների նոյն այդ շարքին է դասուած նաեւ Ազրպէյճանի, այսպէս կոչուած, «աւագ եղբայր» Թուրքիան: Հայոց հների ասած. «Նմանը զնմանը գտանէ»:
Իսկ որպէսզի յստակ, շօշափելի պատկերացում կազմուի, թէ Ազրպէյճանում ինչպէս է խախտւում սեփական քաղաքացիների ազատ, ապահով ապրելու իրաւունքի միջազգային իրաւական կանոնը եւ, դարձեալ, ինչպէս է խախտւում «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատուութիւնը նուաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դէմ» միջազգային համաձայնագիրը, խորհուրդ կը տայի ծանօթանալ Ազրպէյճանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի օրեր առաջ` փետրուարի 5-ին տարածած յայտարարութեանը` քաղաքական դրդապատճառներով ձերբակալուած ու դատապարտուած անձանց հանդէպ բռնութիւն եւ խոշտանգումներ կիրառելու կապակցութեամբ:
Յայտարարութեան մէջ խոր մտահոգութիւն է արտայայտւում Կոպուստան փակ դրութեամբ բանտում եւ ներքին գործերի նախարարութեան կազմակերպուած յանցագործութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութիւնում, այսպէս կոչուած` «պանտբաժնում» (պանտիթային, աւազակային բաժին.- խմբ.), քաղբանտարկեալների նկատմամբ իրականացուող կտտանքների մասին մերթ ընդ մերթ դուրս սպրդող տեղեկութիւններով: Մասնաւորապէս յայտնւում է, որ նարդարանցի կալանաւորներ, «Մուսուլմանական միութիւն» շարժման նախագահ Թալեհ Պաղիրզատէն եւ կազմակերպութեան անդամներ Ապաս Հիւսէյնն ու Ճապար Ճապարլին միջնադարեան կտտանքների են ենթարկւում Կոպուստան բանտում:
Նրանցից Պաղիրզատէն բանտախցում մշտապէս պահւում է ձեռնաշղթաների մէջ, առանց որեւէ խելամիտ հիմնաւորման` զրկուած է մաքուր օդ շնչելու եւ ցնցուղ ընդունելու իրաւունքից, հարազատների ու դատապաշտպանի հետ հանդիպելու հնարաւորութիւնից: Իսկ ահա Հիւսէյնին երեք անգամ ձեռնաշղթայ են հագցրել, իսկ ոտքերը դրել երկաթէ կապանքների մէջ, բերանը եւ աչքերը փակել կպչուն ժապաւէնով, քանի դեռ նրա միւս բախտակիցներին խոշտանգում էին: Խեղդելու չափ այնքան ամուր էին սեղմել նրա կոկորդը, որ օրեր շարունակ հազիւ էր կարողանում ջուր խմել: Երրորդ կալանաւորը` Ճապարլին, դաժան ծեծի է ենթարկուել, լրջօրէն վնասուել են ծնօտն ու կրծքավանդակը:
Ընդ որում, յայտնւում է, բանտապետ Աֆթանտիլ Ալիեւն անձամբ մասնակցում է խոշտանգումներին: Իսկ ահա ետաբեկի (Հիւսիսային Արցախի պատմական ետաբակը, ներկայումս` շրջկենտրոն.- խմբ.) տեղական կառավարման իշխանութեան նախկին ղեկավար Սալեհ Ռուսթամլին եւ նրա ազգական Վիտատի Ռուսթամլին, Ազրպէյճանի ժողովրդական ճակատի կուսակցական գործիչներ Պապակ Հասանովը, Ակիլ Մահեռամովը եւ Ռուսլան Նասիրլին, դատախազ Սանան Փաշայեւի կարգադրութեամբ, նախնական քննութեան ժամանակ, Ժողճակատի նախագահ Ալի Քերիմլու դէմ կեղծ ցուցմունքներ կորզելու համար, նախարարութեան «պանտբաժնում» ենթարկուել են դաժան կտտանքների, այդ թւում` ելեկտրացնցման միջոցով: Ընդ որում, «պանտբաժնում» կան կալանաւորների կտտանքների ենթարկելու համար նախատեսուած յատուկ սենեակներ:
Ազգային խորհուրդն այն տեսակէտին է, որ անօրինական վերաբերմունքը թոյլատրուել է պետութեան ղեկավարի կողմից, հաշուի առնելով, որ կալանաւորները, առանձնապէս նրանք, որոնք ճանաչուած են որպէս քաղաքական բանտարկեալներ, քանիցս, անգամ` դատարանում, յայտնել, հաստատել են խոշտանգումների փաստերը: Հակառակ դէպքում, նշում են յայտարարութեան հեղինակները, խոշտանգումների վերաբերեալ տեղեկութիւնները բաւարար կը լինէին, որպէսզի նա` նախագահը, միջոցներ ձեռնարկէր ու պատժէր կտտանք կիրառողներին:
Ինչ խօսք, չկամենալով հանդերձ, իշխանութիւնները վերջապէս արձագանգեցին հնչած բողոքներին` տեսչական ստուգման համար խնդրոյ առարկայ քրէակատարողական հիմնարկ ուղարկելով… Ազրպէյճանի մարդու իրաւունքների գրասենեակի մի խումբ աշխատակիցների: Բայց կայացած ստուգումների արդիւնքում բացայայտուեցին կալանաւորների ընդամէնը մի քանի մանրմունր կենցաղային խնդիրներ, եւ ոչ աւելին: Մարդը, քաղաքացին, ում ազատութիւնն ու կեանքի ապահովութիւնը երաշխաւորուած են Ազրպէյճանի սահմանադրութեամբ եւ օրէնքներով, որպէս առաւել ազդու ու պարտադիր հրամայականներ` միջազգային իրաւական կանոններով, դարձեալ մնացին անուշադրութեան ու անտարբերութեան լուսանցքում:
Իրաւական եւ անգամ բարոյական սկզբունքների հետ ոչ մի առնչութիւն չունեցող նոյն այդ վերաբերմունքին ենք ականատես նաեւ այն պահուածքում, որպիսին դարձեալ վերջերս որդեգրել է պաշտօնական Պաքուն: Խօսքը վերաբերում է ազրպէյճանցի պայմանագրային զինծառայող Էլնուր Հիւսէյնզատէի ճակատագրին:
Ազրպէյճանի զինուած ուժերի 157-րդ մոթոհրաձգային գնդի հետախուզական վաշտի զինծառայող Հիւսէյնզատեն 2017թ. փետրուարի 1-ին Մրտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղութեամբ խափանարար-հետախուզական խմբի կազմում ապօրինի հատել էր Արցախի Հանրապետութեան զինուած ուժերի կողմից պահպանուող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամատ, որից յետոյ ձերբակալուել է պետական սահմանի հսկողութիւնն իրականացնող դիրքապահների կողմից:
Արցախի Հանրապետութեան ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանի 2018թ. փետրուարի 9-ի դատավճռով Արցախի սահմանն ապօրինի հատելու համար քրէական օրէնսգրքի 350-րդ յօդուածով նա դատապարտուել էր ազատազրկման` երկու տարուայ ժամկէտով: Ընդ որում, պատժի կարճ ժամկէտը պայմանաւորուած էր նրանով, որ սահմանախախտ խափանարարը ծանր կամ առանձնակի ծանր յանցագործութիւններ չի գործել Արցախի տարածքում: Եւ ահա, Արցախի ոստիկանութեան քրէակատարողական հիմնարկում պատժի երկամեայ ժամկէտը լրանալու օրն իսկ, փետրուարի 2-ին, Հիւսէյնզատէն ազատ է արձակուել` իր իսկ յօժար կամքով տեղափոխուելով երրորդ երկիր:
Իր այդ խնդրանքը նա շարադրել է Արցախի Հանրապետութեան նախագահին մինչ այդ ուղղած դիմումում: «Ես,- բանտից դուրս գալու օրը, արդէն ազատութեան մէջ լրագրողներին ասել էր նա,- դիմել եմ Արցախի նախագահին` խնդրելով, որ ինձ ազատութիւն պարգեւի: Գրել եմ, որ ես պատիժ եմ կրում որպէս գերի զինծառայող, բայց ես մարդ չեմ սպաննել: Շատ շնորհակալութիւն` Արցախի նախագահին, որ ինձ հիմա ազատութեան են բաց թողում»: Հիւսէյնզատէի խոստովանութեամբ, ինքը չի ցանկանում Ազրպէյճան վերադառնալ:
«Ես ուզում եմ, որ ինձ կա՛մ երրորդ պետութիւն ուղարկեն, կա՛մ էլ, եթէ թողնեն, այստեղ մնամ, այստեղ էլ կ՛ապրեմ: Ցանկացած պետութիւն, որն ինձ կ՛ընդունի, այնտեղ էլ կ՛ապրեմ, բացի Ազրպէյճանից: Ճշմարտութիւնն ասելու համար այնտեղ կարող են ինձ սպաննել, միշտ այդպէս են անում Ազրպէյճանում: Կարող են նաեւ չսպաննել, բայց ես այլեւս չեմ կարողանայ այնտեղ ապրել», յայտարարել էր Արցախում պատիժը կրած երիտասարդը:
Եւ ահա թւում է, թէ Ազրպէյճանում պէտք է որ ուրախանային արցախեան քրէակատարողական հիմնարկից սեփական քաղաքացու ու զինծառայողի ազատ արձակման լուրով: Բայց ամենեւին էլ այդպէս չէ: Աւելի՛ն. պարզւում է` Հիւսէյնզատէն իր հայրենիքում մեղադրւում է պետական դաւաճանութեան մէջ եւ, ինչպէս նշւում է Ազրպէյճանի գլխաւոր դատախազութեան հաղորդագրութեան մէջ, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է յայտարարուած դեռեւս 2017-ի փետրուարի 1-ին, եւ այն ուժի մէջ է առ այսօր: Այսինքն տուն հասնելուն պէս նա յայտնուելու է բանտային ճաղերի ետեւում: Երիտասարդ ազրպէյճանցին կարծես թէ բռան միջից հոտ էր քաշել` ճիշդ կանխագուշակելով, թէ հայրենիքում ինչ է սպասւում իրեն: Ի դէպ, չնայած Էլնուր Հիւսէյնզատէն ազատ է արձակուել փետրուարի 2-ին, ազրպէյճանական կողմը նրա մասին «յիշել է» միայն մի քանի օր անց, ընդ որում, յիշել է սպառնալիքի հեղեղով:
Յատկանշական է, որ դեռեւս անցեալ տարուայ դեկտեմբերի սկզբներին Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն էր տարածել առ այն, որ հանրապետութեան իշխանութիւնները պատրաստակամ են օրէնքի շրջանակներում դիտարկել Ազրպէյճանի քաղաքացի Էլնուր Հիւսէյնզատէին ազատ արձակելու հնարաւորութիւնը: Նման քայլի դիմաց պաշտօնական Ստեփանակերտն ակնկալում էր Ազպրպէյճանի համարժէք գործողութիւնները` ուղղուած հայ պատանդների ազատ արձակմանը եւ, առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնյայտ առողջական խնդիրներ:
Ազրպէյճանական կողմը փաստօրէն մերժել է առաջարկութիւնը` բացարձակ անտարբերութիւն ցուցաբերելով ինչպէս իր քաղաքացու ճակատագրի, այնպէս էլ միջազգային մարդասիրական իրաւունքով ստանձնած իր պարտաւորութիւնների հանդէպ: Միեւնոյն ժամանակ Պաքուն շարունակում էր պնդել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչը ենթադրում է ոչ այլ բան, քան մինչ այդ Արցախում դատապարտուած Տիլհամ Ասկերովի եւ Շահպազ Կուլիեւի ազատ արձակումը, ովքեր մեղաւոր են ճանաչուել ազգային ատելութեան շարժառիթներով անչափահասի առեւանգման ու սպանութեան եւ մի շարք այլ ծանր յանցագործութիւնների մէջ: Երեւի թէ Պաքուին նոյնչափ հետաքրքրէր նաեւ Հիւսէյնզատէի ճակատագիրը, եթէ նա նոյնպէս սպանութիւն կամ մէկ այլ ծանր յանցագործութիւն կատարած լինէր Արցախում: Բայց քանի որ նա հայ չէր սպաննել, ուստի եւ իմաստ չունէր զբաղուել նրա ազատման հարցով:
Ասել է թէ` հարցն այդ, թէկուզ եւ ներքին լսարանի համար, լուրջ քարոզչական նախադէպ չէր պարունակում ու չէր կարող յանցագործ հայասպանին հերոսացնելու հերթական առիթ ծառայել, ինչպէս դա տեղի է ունեցել Ազրպէյճանի զինուած ուժերի սպայ Ռամիլ Սաֆարովի պարագայում, ով Պուտափեշթում գիշերը կացնահարել, սպաննել էր սենեակում քնած իր համադասարանցուն` հայոց բանակի սպայ Գուրգէն Մարգարեանին: Եւ ինչպէս դա տեղի է ունեցել շարքային Քեարամ Սլոյեանի գլխատման պարագայում, երբ Ազրպէյճանի զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարը` նոյն ինքը` նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ շնորհակալութիւն է յայտնել ու պարգեւատրել, ասել է թէ` հերոսացրել եզիտի զինուորի գլխատումն իրականացրած իր դահիճ զօրականին:
Էլնուր Հիւսեյնզատէն, փաստօրէն, կատարել է միջազգային մարդասիրական իրաւունքին պահանջներին համահունչ քայլ, հնարաւոր է` անգամ ծանօթ չլինելով այդ իրաւունքի դրոյթներին: Չկամենալով վերադառնալ հայրենիք ու նախընտրելով բնակուել մէկ այլ` երրորդ երկրում, նա իրականում ինքնակամ հրաժարուել է անձամբ մասնակցել Ազրպէյճանի կողմից Արցախի եւ Հայաստանի դէմ մղուող պատերազմին: «Բացի մարդկային, մարդասիրական վերաբերմունքից` ես այստեղ ուրիշ ոչինչ չեմ տեսել», լրագրողներին յայտնել է Հիւսէյնզատէն:
Իր հերթին, միջազգային հետախուզում յայտարարելով նրա նկատմամբ, ստացւում է, որ Պաքուն այդպիսով իսկ անուղղակի կերպով միջազգային հետախուզում է յայտարարել Միջազգային մարդասիրական իրաւունքի եւ դրա արժեհամակարգի մէջ ընդգրկուած միջազգային համաձայնագրերի ու պայմանագրերի նկատմամբ` ակամայ թէ իրեն, թէ՛ եւրոպական կառոյցներին եւ թէ՛ միջազգային հետախուզումներ իրականացնող Ինթերփոլին նետելով, այսպէս ասած, դատաիրաւական գորդեան հանգոյցի մէջ, որի հատումը, ինչ խօսք, անասելի վեր է Իլհամ Ալիեւի թրի զօրութիւնից:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար