06.03.2019 | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի միջազգային իրավունքի համաձայն։ «Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարևոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել», ասել է նա։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, երբ փաստորեն ԵՄ-ում ևս Փաշինյան-Ալիև ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները ողջունվում են։
Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այդ զրույցների մեջ, որովհետև բանակցային գործընթաց չկա, կան ինչ-որ շփումներ։ Փաշինյանը պարզ ու հստակ ինչ-որ սկզբունքներ է որդեգրել և Ադրբեջանի առաջ դրել է մի կարևոր բան, ինչի մասին հայտարարել է ԵՄ-ում, որ Հայաստանը գտնում է, որ ցանկացած լուծում պետք է լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։ Սա ժամանակին ողջունվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից, որպես համարձակ քայլ։ Այս անգամ Փաշինյանը հայտարարեց, որ մենք սպասում ենք, որ Ադրբեջանն էլ նման հայտարարություն կանի, որը հիմք կդառնա վերականգնելու բանակցային գործընթացը, բայց նման բան չկա։ Սա մի պարզ պայման է, որն ամբողջ աշխարհի համար հասկանալի է։ Այսինքն եթե Ադրբեջանը դա չի անում, նա ցանկություն չունի խնդիրը լուծելու այդ սկզբունքներով։ Իսկ եթե չունի, ուրեմն բանակցություններն անիմաստ են։
Ասվել է նաև, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ընտրված իշխանությունների հետ, որը ևս մերժվում է։ Հիմա Եվրոպայում ինչ պետք է ասեն, որ խաղաղությունը լավ բան է, բանակցությունները լավ բան են, անիմաստ հայտարարություններ, ձեռքերը լվանալու և հեռանալու մի քայլ։ Որովհետև նրանք որևէ հստակ ազդեցություն իրավիճակի վրա չեն կարողանալու ունենալ։ Նրանց ազդեցությունը կլիներ այն, որ հայտարարեին, որ Ղարաբաղի ժողովուրդը լուծել է կարգավիճակի հարցը և պետք է բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ։ Նրանք նման բան չէին կարող անել, հետևաբար միայն խոսքերով ամփոփում են վիճակն ու վերջ։
Առաջիկայում ծրագրվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, մինչ այդ էլ ԱԳ նախարարների մակարդակով էր տեղի ունեցել հանդիպում։ Հերթական ոչինչ չտվող հանդիպումնե՞րն են սրանք, թե կարևոր են։
Վերջերս ԱԳ նախարարն էլ հայտարարեց, թե բա ի՞նչ անես, բանակցությունների այլընտրանքը կատաստրոֆա է։ Մի բան է ասել, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասել։ Այսինքն՝ ասել է՝ աննպատակ բանակցություններն էլ են լավ բան։ Աննպատակ բանակցությունները շատ վատ բան են։ Դրանք 20 տարի անց բերել են ապրիլյան պատերազմի։ Մեր հանրությունը պետք է դա շատ լավ հասկանա, որ չի կարելի աննպատակ բանակցություններ վարել։ Կարծես թե վերջերս մի քիչ լրջացել են, ես լսեցի ԱԱԾ տնօրենի ելույթը Իրանի սահմանին, որտեղ արդեն կարծես թե մարդիկ փորձում են ավելի լուրջ խոսել, որ մենք որևէ նպատակ չունենք սրան-նրան ինչ-որ տարածքներ նվիրել, մեր ժողովուրդը պետք է այստեղ ապրի։ Սա արդեն լուրջ մոտեցում է։ Հայաստանի հանրությունը սարսափած է, որին 30 տարի սարսափի մեջ են պահել, որ թուրքերը մեզ մորթելու են, կոտորելու են, ու լռել են։ Հազարից մեկն է փորձել իր կարծիքն ասել, սա սարսափած հասարակություն է։
Պետք է այս բաները հաղթահարենք, որ գանք տեսնենք, թե հայտարարությունների, ներկայացված առաջարկությունների մեջ ինչն է նպատակային, արդիական, և ինչն է հին աշխարհից։ Պետք է հասկանանք աշխարհը, մինչդեռ միֆեր ենք ստեղծել, թե աշխարհը մեզ դեմ է, մենք աշխարհի դեմ ենք, վատ է լինելու։ Այդ ամենից պետք է դուրս գալ։ Բայց կարծում եմ՝ մեր հասարակությունում մեծ թվով մարդիկ կան, որ ուզում են ամեն ինչ վերադարձնել հնին։ Անցյալից ստվերներ են հանում, բերում իրականություն, վաղուց մոռացված դեմքեր են հայտնվում և այլն։ Կարծես թե հանրությունն ուզում է վերադառնալ ստի աշխարհը, որտեղ 30 տարի ապրել է։ Սա վտանգավոր բան է, որը պետք է հաղթահարել։ Պետք է փորձեն հանրությանը հասկացնել՝ ինչ է կատարվում, ինչ է կատարվել, մինչդեռ որոշ շրջանակներ ամեն կերպ փորձում են կասկածներ մտցնել ամեն ինչի նկատմամբ։ Ասենք, ինչո՞ւ է Իրանի նախագահը այդպես ճոխ ձևով ընդունել ՀՀ վարչապետին, երևի մի վատ բան կա, ինչու է Ռուսաստանը այսպիսի բան ասել, սրա վերջը վատ է լինելու։
Այսինքն հանրությանը սարսափեցնելու մոլուցքը այս 30 տարվա մեջ բոլորն օգտագործել են, թե իշխանությունը, թե ընդդիմությունը։ Դա խորը նստած է հանրության մեջ։ Մարդիկ էին դուրս գալիս, թե ուզում եմ նախագահ լինեմ, հարցնում են՝ ինչու ես ուզում, ասում է դուրս եմ եկել, կյանքս դրել եմ, որովհետև վիճակը վատ է։ Անընդհատ հասարակությանը սարսափեցրել ու սարսափեցնում են։ Սա պետք է հանել մարդկանց միջից։
Ավելին, վերջերս «ոչ մի թիզ հող» կարգախոսով ակցիաներ եղան, մինչդեռ նման թեմա օրակարգում չկա։
Խնդիրն այն է, որ երբ Հայաստանում տեղի է ունեցել այս հեղափոխությունը, ահագին մարդիկ մնացել են կյանքից դուրս։ Խնդիրը միայն գողերն ու օլիգարխները չեն, որոնց ցույց են տվել իրենց տեղն ու ասել՝ գնացեք գործ արեք։ Խնդիրը ահռելի քանակի զանգվածն է, որը տասնամյակներով օգտվում էր էդ վիճակից, ամեն մեկն իր մակարդակով։ Հիմա այդ բոլոր մարդիկ մնացել են կյանքից դուրս՝ այսպես կոչված քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, կեղտոտ ծառայություններ մատուցողներ, լրատվամիջոցներ։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչքան մեծ զանգված է։ Մարդիկ կորցրել են արևի տակ իրենց տեղը, և սկսվել է այլանդակ մի գործընթաց, որը կարելի է բնորոշել որպես չարագուշակություն։ Երբ հետևից չարություն են քարոզում։ Ես հիշում եմ 1990-ականների սկզբից այդ չարության հոսքը, որը հորդում էր ամեն տեղից։ Հիմա էլ դա կա և հեղափոխության մասնակիցներից, որոնք սկսել են դժգոհել, և նրանցից, որոնք ամեն ինչ կորցրել են, և ուրիշներից։ Հիմա Հայաստանում մենք այդ վիճակում ենք, որ վայ, մամա ջան, ոնց է լինելու, ամեն ինչ կորավ, մեր վերջը եկել է։ Դրա համար ես հիմա չեմ ուզում մամուլին դիմեմ, որովհետև չեմ տեսնում, որ այդ մարդիկ ուզում են ինչ-որ հարցերի պատասխաններ ստանալ։ Անգամ մի շատ հեղինակավոր կայք, որը հարցեր է տվել, տեսագրել են իրենց ստուդիայում, չի դրել այդ նյութը, որովհետև իրենց ուզածը չի հնչել։ Այ էսպիսի բաների հետ մենք գործ ունենք։ Հույս ունեմ, սա էլ կհաղթահարվի, որ կարողանանք գալ մի կոնկրետ վիճակի և գործընթացները առաջ տանենք։
Հայաստանին ողջունում են ամբողջ աշխարհում, տեսնում ենք, թե արտաքին քաղաքական ինչ գործընթացներ են կատարվում, ինչեր են առաջարկում։ Փոխանակ այս հարցերով զբաղվենք, գիշերը մոմ են վառում և Աստծուց խնդրում՝ պատժիր, ոչնչացրու, որ մենք ճիշտ դուրս գանք։ Այս վիճակը ես արդեն մի անգամ տեսել եմ 1980-ական, 90-ականներին։ Դա ահավոր երևույթ է, որը հիմա տեղեկատվական դաշտում իշխում է։ Մի շատ հայտնի քաղաքական գործիչ, որի անունը չեմ ուզում տալ, երբ հարցրել են՝ այս ինչ է կատարվում, նա ասել է՝ ի տարբերություն մեռած մարդու, որին կարելի է հուղարկավորել և ազատվել նրանից, մեռած հասարակությանը հնարավոր չէ հուղարկավորել, նա նեխում է մեր ոտքերի տակ և իր գարշահոտով բոլորիս վարակում։ Ֆանտաստիկ միտք է ասել։ Մեզ մոտ հիմա այդ վիճակն է։
Տեսակետ կա, որ իշխանությունների հռետորաբանության մեջ Արցախի խնդրի հետ կապված հստակություն է մտել։ Համամի՞տ եք այս տեսակետին։
Ակնհայտ է, որ պարզ ու հստակ մտել է, և դա է այս նեխած հասարակությանը վերջնականապես սարսափեցրել։ Սրանք իրական բաներ են, կատակներ չեն։ Մեր թշնամիներն էլ Ադրբեջանում շփոթված են, մեռած են ու թաղած չեն։ Ի վերջո, հստակ հարցեր են դրվել, որ ձեզ հետ ոչ ոք կատակ չի անում, հերիք է։ Բայց տեսեք, թե Հայաստանում այդ մասին ոնց են լռում. Սորոսից են խոսում, չգիտեմ ինչից են խոսում։ Սա ցույց է տալիս, որ մենք բուժվելու կարիք ունենք։
lragir.am/2019/03/06/423152/?