08 ՄԱՐՏ 2019 – ԿԻԶԱԿԷՏ:
ՌՈՒԲԷՆ ՄԵՀՐԱԲԵԱՆ
Օրերս յայտնի դարձաւ, որ Ռուսաստանում քաղաքական ապաստան հայցող, սակայն մերձմոսկովեան մեկուսարաններից մէկում Ալիեւի ռեժիմի (վարչագարկի-Խմբ.) պահանջով յայտնուած, Ադրբեջանում թալիշական ազգային շարժման ղեկավար Ֆահրադին Աբոսզօդան «կորել» է: Դրա յաջորդ օրը պարզ դարձաւ, որ Աբոսզօդային ուղղակի ձեռնաշղթաներով յանձնել են Բաքուին, արհամարհելով այն պարզ փաստը, որ նրա կեանքին ուղղակի վտանգ է սպառնում:
Պահն ընտրուած էր, ինչպէս պարոն Լաւրովը կ՛ասէր, «առանձնայատուկ նրբագեղութեամբ»՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպման պայմանաւորուածութեան ձեռքբերման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեան եւ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան կատարած երկօրեայ պաշտօնական այցի օրերին: Հարցը զուտ բարոյական հարթութեան վրայ ոչ միայն որեւէ քննութեան չի դիմանում, այլեւ ցոյց է տալիս այն անդունդը, որը բաժանում է Ռուսաստանը ժամանակակից քաղաքակիրթ երկիր կոչուելուց:
Հանրութեանը յայտնի, հրապարակային գործող անհատ, գիտնական, ով ունի համոզմունքներ, նաեւ ունակութիւն եւ քաջութիւն՝ դրանք արտայայտելու համար, երբեւէ բռնութիւն չկիրառած եւ բռնութեան կոչ չարած, ժամանել էր Ռուսաստան՝ հաշուեյարդարից խուսափելու եւ քաղաքական ապաստան հայցելու նպատակով: Բացի դրանից, Աբոսզօդան միշտ առանձնացել է առանձնայատուկ համակրանքով՝ «իւրայիններին չյանձնող» Ռուսաստանի նկատմամբ, եւ ահա՝ նա յանձնւում է մսագործների, որոնց «հերոսը» Սաֆարովն է, իսկ դաժան բռնութիւնը համարւում է որպէս ոչ միայն նորմա (կանոն-Խմբ.), այլեւ՝ «հայրենասիրութիւն»:
Յայտնի չէ նաեւ, եղե՞լ է, արդեօք, դատաքննութիւն, թէ՞ ոչ, եւ ո՞ր իրաւունքով են յանձնել կամ արտայանձնել նրան Ադրբեջանին: Եւ նոյնիսկ եթէ այդ դատաքննութիւնը եղել է, ապա ինչ է նշանակում Վիշինսկու «դպրոցով» թրծուած «ռուսական դատարան» կամ «արդարադատութիւն ռուսական ձեւով»՝ բաւական է յիշել յետխորհրդային ժամանակաշրջանի բազմաթիւ խայտառակ դէպքեր, սկսած բանտում մահացած Վասիլի Ալեքսանեանից եւ Սերգէյ Մագնիտսկուց, վերջացած մեր հայրենակից Լեւոն Հայրապետեանով: Այս ամէնն աւելի քան հասկանալի է եւ հասկանալի՝ իր ողջ հրէշաւորութեամբ, հաստատապէս՝ ոչ զարմանալի:
Սակայն ոչ պակաս կարեւոր է այս քայլի քաղաքական ուղերձը: Որքան էլ որ Թալիշական կազմակերպութիւններից ամօթանքներով լի բաց նամակներ եւ դիմումներ յղեն Մոսկուա, միեւնոյնն է՝ «Մոսկուան արցունքներին չի հաւատում», սեւ գործն արուած է, եւ Աբոսզօդան Ադրբեջանում է, հարցերն այլեւս պէտք է ուղղել այնտեղ, փորձելով միջազգային հանրութեան ճնշում բանեցնել, քանզի տեղի «իրաւապաշտպանները» ձեռքերը լուացել են եւ իրենց լռութեամբ վկայում են, որ իրենց մսագործ առաջնորդի հետ միակարծիք են առ այն, որ Աբոսզօդան իր կոչերով չկռուել ընդդէմ հայերի՝ «հայրենիքի դաւաճան է», ընդ որում, բնականաբար, ոչ թէ իր հայրենիքի՝ Թալիշստանի, այլ նրանց պատկերացրած «հայրենիքի», որտեղ երազում են, թէ երբ է իրենց գլխաւոր հրամանատարը «տալու թիւ մէկ հրամանը»՝ գրոհելու «օկուպացուած» («գրաւուած»-Խմբ.) Արցախը եւ «մաքրելու թշնամի հայերից»:
Իրանի հետ սահմանակից, Արաքսի հոսանքի ստորին հատուածին կից շրջաններում բնակուող թալիշների ինքնութեան պահպանման, ինքնավարութեան ջատագով, ինքնահռչակ Թալիշ-Մուղանեան ինքնավար հանրապետութեան խորհրդարանի ղեկավարը լինելով, Աբոսզօդան մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ հանդէս եկել հրապարակային ելոյթներով, որոնցում չի թաքցրել իր դրական վերաբերմունքը Հայաստանի, ազատագրուած Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ:
Այսօր նրա կեանքին վտանգ է սպառնում, եւ հարցն Ադրբեջանին «վատութիւն» անելու հարթութեան վրայ չէ, այլ Հայաստանի պետութեան անվտանգութեանն առնչուող խնդիր է, ինչպէս նաեւ բարոյական պարտքը՝ օժանդակել նրա ազատման գործին եւ իրաւունքների պաշտպանութեանը, օգտագործելով իր պետական եւ հասարակական ինստիտուցիոնալ ներուժը:
Ոչ միայն թալիշների, այլեւ հայերի եւ ոչ հայերի համար է սա կարեւոր դաս, որ յանուն Ազատութեան պայքարի ճանապարհին Ռուսաստանը ոչ թէ խնդիրը լուծում է, թէկուզ ժամանակաւոր, այլ ինքնին խնդիր, եւ «իւրայիններին չյանձնելը» նրանց չի վերաբերւում, քանզի նման իդէալներով առաջնորդուող անձինք ի սկզբանէ չե՛ն կարող ներկայիս Ռուսաստանի համար լինել «իւրային»: Այնտեղ «իւրային» կարող է լինել Պերմեակովը, կամ ներկայումս ռուսական բազայում թաքնուած, Գիւմրիում հաւաքարար կնոջը սպաննելու մէջ մեղադրուող ոմն Ռազգիլդեայեւը, Եանուկովիչը, կամ «Մարտի 1ի գործով» հետախուզման մէջ գտնուող, Հայաստանից փախած Միքայէլ Յարութիւնեանը, բայց ոչ Աբոսզօդան:
Տոտալիտար ԽՍՀՄի քաղաքականութիւնն Ադրբեջանում, ուղղուած բոլոր կովկասեան եւ իրանալեզու ժողովուրդների արհեստական թուրքացմանը, ուղղուած էր հէնց այսպիսի բարքերով եւ բարոյականութեամբ առաջնորդուող կազմաւորման ձեւաւորմանը, իսկ ներկայումս՝ մինչեւ ատամները զինելով ուղղւում է նրան, որ կայսրութեան թուլացման փուլում յուսալիօրէն, տափաստանի բնազդով առաջ տանի իրենց «արժէքները», թոյլ տալով յոյս փայփայել, թէ մի օր կը բացուի նաեւ կայսրութեան վերադարձի ճանապարհը:
Հարիւր տարի առաջ դա աշխատեց Թուրքիայի պարագայում… Բարեկամ թալիշներին հայկական փորձից մնում է միայն մէկ դաս քաղել, որ վճռորոշ պահին յոյսը կարող են դնել միայն սեփական կամքի եւ վճռականութեան, առողջ բանականութեան եւ միասնականութեան վրայ: Իսկ հայերի մօտ չի կարող չառաջանալ մի հարց. ի՞նչն է խանգարելու ռուսներին յետայսու Ադրբեջանին յանձնել իւրաքանչիւր հայի կամ ոչ հայի, ով, ասենք, «խախտելով Ադրբեջանի օրէնքը», այցելել է Արցախ, մանաւանդ մասնակցել պատերազմին, պաշտպանելով Արցախը… Ադրբեջանից սկզբունքօրէն տարբերուող արժեհամակարգով առաջնորդուող Հայաստանը պէտք է դառնայ բռնապետութիւնների դէմ պայքարողների համար մի յոյսի փարոս, իսկ անհրաժեշտութեան դէպքում՝ նաեւ յուսալի ապաստան:
Եւ… հեռու մնացէ՛ք Ռուսաստանից, որքան հնարաւոր է հեռու:
Ամբողջական յօդուածը կարող էք կարդալ այս հասցէով՝ «ԱՌԱՒՕՏ»
asbarez.com/arm/339474/Ինչո՞ւ-Եղբայրաբար-Զոհաբերեցին-Թալ/