Հայաստանը փակեց Ադրբեջանի ճանապարհը. Զատուլինին ոտքի հանեցին

08.03.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Բաքվի արտգործնախարար Մամեդյարովը դժգոհել է պաշտոնական Երեւանի հայտարարություններից, կապված Արցախի բանակցային կողմ դառնալու հետ: Նրա խոսքով, «օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն, եւ դա է կայուն խաղաղության գրավականը:

Մամեդյարովը փաստորեն կրկնում է այն, ինչ ակնարկել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինը՝ ռուս հայտնի «լազարեւահենը», որը օրերս հայտարարել էր, թե կարգավորումը շատ հեշտ է՝ հայերը վերադարձնում են 7 շրջաններ, իսկ Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը:

Թվում է, թե Բաքուն անկախության մասին բան չի ասում, այսինքն Զատուլինն ասում է ավելին, քան Մամեդյարովը: Իրականում նրանք ասում են նույն բանը, որովհետեւ 7 շրջանների վերադարձի մասին որեւէ հայտարարություններն ինչ կոնֆիգուրացիայով էլ որ հնչեն, դրանք այն են, ինչ ասում է Բաքուն:

Եվ այստեղ էլ բանակցային ամբողջ ծուղակն է, որում եղել է հայկական կողմը անցնող քսանհինգ տարում, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հաջորդական գլխավորությամբ քննարկելով հարցեր, թե ինչի՞ դիմաց պետք է հանձնվեն այդ շրջանները:

Իսկ Բաքվին հետաքրքիր չի եղել, թե ինչի դիմաց: Նրան հետաքրքիր է հենց քննարկման պրոցեսն ինքնին: Դրանով նա լեգիտիմացնում է իր իրավունքները: Դա է նաեւ պատճառը, որ Բաքուն չի ընդունել տարբեր փուլերում ներկայացված առաջարկներ, որոնք, թվում է, թե պետք է լինեին ընդունելի: Օրինակ Կազանի պլանը, երբ Սերժ Սարգսյանը համաձայն էր հանձնել 5 շրջան՝ թեեւ մի առիթով անգամ 7-ն էր ասել, դրա դիմաց որեւէ կոնկրետ կարգավիճակ չամրագրելով:

Բայց Բաքուն մերժել է: Ինչու՞, որովհետեւ նրա համար բանակցային գործընթաց կոչվածը լուծել է տարածքների հանդեպ իրավունքի լեգիտիմացման հարց, որը ամբողջի ռազմավարության փաթեթի կարեւոր մաս է: Բաքուն առաջնորդվում է ամբողջի ռազմավարությամբ, տարածքները նրա համար ամբողջի, ոչ թե խաղաղության հասնելու ճանապարհ են: Հայկական կողմը քսանհինգ տարի նրան տվել է այդ ճանապարհով գնալու հնարավորությունը:

Դեռ պարզ չէ, թե ինչ կլիներ, եթե Բաքուն մի քիչ էլ քայլեր այդ ճանապարհով՝ Ռուսաստանի գործուն օժանդակությամբ, եւ գրոհը կազմակերպեին ոչ թե 2016-ին, այլ մեկ-երկու տարի ավելի ուշ, ավելի ուժգին նախապատրաստելով այն եւ զուգահեռ ավելի ինտենսիվ քայքայելով Հայաստանի սուբյեկտությունը եւ ինքնիշխանությունը: Պարզ չէ, թե ինչ կլիներ այդ դեպքում, եթե ԱՄՆ-ն 2016-ի ապրիլին չգնահատեր գործնականում անխուսափելին եւ ուղղակի չմղեր Բաքվին ֆալստարտի, համոզված, որ այդ փուլում հայկական զինուժն ու հանրությունը դեռեւս ունեն դիմադրության բավարար ներուժ եւ լիովին զրկված չեն դրանից:

Ներկայում Երեւանը Բաքվին զրկում է ամբողջի ռազմավարության այդ ճանապարհից, փակելով տարածքների նկատմամբ իրավունքի «լեգիտիմության» ճանապարհը եւ հակառակը՝ հայտարարում դրանց հանդեպ հայկական իրավունքի մասին, իսկ դրա անմիջական կրող հայտարարում Արցախի իշխանությանը:

Պատահական չէ, որ Մամեդյարովը շտապում է Ռուսաստան, իսկ այնտեղից էլ լսվում է Զատուլինի ձայնը: Որովհետեւ շատ կարեւոր է, որ հնչի այսպես կոչված հայամետի ձայն, որպեսզի հայամետ ձայնով ազդարարվի Ադրբեջանի քողարկված իրավունքի մասին:

Հայաստանից չկա որեւէ մեկի պատասխան ձայնը, որոնք թավշյա հեղափոխությունից հետո ձայնալարերի ամբողջ ուժով մեղադրում են նոր իշխանությանը «հող հանձնելու» համար:

www.lragir.am/2019/03/08/424039/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail