Ադրբեջանն իրականացնում է Արցախի օկուպացված տարածքների բնակեցման քաղաքականություն. Արցախի ԱԳՆ
10.03.2019 – Տարածաշրջան:Աշխարհում, Հայաստան, Արցախ, Ադրբեջան – Թեմա: Քաղաքականություն:
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը NEWS.am-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե Արաքսավանի կառուցման ծրագիրը խախտում է Ժնևի կոնվենցիաները և դրանց Լրացուցիչ արձանագրությունները։
Մարտի սկզբին մեկնաբանելով Արցախի հարավում Արաքսավան բնակավայրի կառուցման ծրագրերը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ քայլը որակել է որպես Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ Արաքսավանի մասին հայտարարություններն «ակնհայտ հարձակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող երկարամյա բանակցային գործընթացի վրա»։ Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարությունները։
Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակի համար իր պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու փորձ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առավել մեծ վնաս է հասցնում ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումները բանակցային գործընթացի շուրջ,հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկողության լիարժեք մեխանիզմների ներդրման մերժումը, հասարակությանը խաղաղության նախապատրաստելու չկամությունը, հասարակական խաղաղարար նախաձեռնությունների տապալումը, պատերազմի քարոզչությունը, հայատյացության արմատավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը, Արցախի մեկուսացման փորձերը և այլն։
Նույնչափ մերկապարանոց են նաև ադրբեջանական կողմի մեղադրանքները Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտման մասին։ Այդ հարցը վաղուց պաշտոնական Բաքվի կողմից ինչպես բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել, այնպես էլ բազմիցս հերքվել է:
Արաքսավանի հարցը պետք է դիտարկվի Արցախի օկուպացված տարածքներից ևԱդրբեջանից հայ ներքին տեղահանվածների ու փախստականների մարդու իրավունքների ուկյանքի համար արժանապատիվ պայմանների ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։ Այդ մարդիկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման քաղաքականության շրջանակներում ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված էթնիկ զտումների և տեղահանության զոհ են դարձել։ Ադրբեջանից և Արցախի օկուպացված տարածքներից հայ փախստականների և ներքին տեղահանվածների կողմից բնակության նոր տարածքներում հաստատվելը չի կարող քննադատության առարկա հանդիսանալ՝հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նյութական և բարոյական վնասի փոխհատուցում վճարել նրանց, այլև շարունակում են խախտել նրանց իրավունքները՝ խոչընդոտելով փախստականների հարցերով զբաղվող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների Արցախ այցերը։
Ընդհանուր առմամբ, Ժնևի կոնվենցիաների խախտման մասին Բաքվի մեղադրանքներն ավելի քան կեղծ են, հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, մասնավորապես, Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի մասի բնակեցման պետական քաղաքականություն։
news.am/arm/news/500487.html?