11.03.2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ – / iravunk /
Ջավախքում բնակվող հայության եւ Ռուսաստանի ջավախահայերի կոչ-դիմումը
Մեր վեհանիստ Ջավախքի լեռնահոգի ու քաջասիրտ աշխարհասփյուռ Ջավախքցինե’ր,
Ձե’զ ձեր հայրենի բնօրրանից տեղահանեցին ու օտարության գիրկը նետեցին դժվար պայմաններն ու ապրուստ հայթայթելու անորոշ վիճակը: Հիմա մեզ բյուր պատճառներ են ստիպում լքել հայրենական մեր տները ու կրկին դառնալ թափառական ու գաղթական:
Ջավախքցին միշտ եղել է քաջ ու ամուր կամքի տեր իր սարերի պես: Եղել է ազնիվ ու անկեղծ, պարզ ու մաքուր իր օդ ու ջրի պես: Ջավախքցու սեղանը միշը բաց ու լի է եղել իր քրտնաթոր աշխատանքի վաստակով: Ջավախքցու սիրտը միշտ մեծ է եղել բարեկամությամբ ու նվիրվածությամբ: Ջավախքցին խարդավանքից ու խաբեբայությունից, չարությունից ու դավաճանությունից հեռու է: Ջավախքցին այս բարձր սարերի ծերպերը գրկած, իր տաժանակիր գոյատևմամբ ու համբերությամբ, իր ազնիվ աշխատանքով ապրող մարդն է, ում երկրի իշխանությունները օր օրի սեղմում են ծերպերին ու ամեն հնարք գործադրում, որ նա լքի իր տունն ու օջախը ու դառնա թափառական, բայց ոչ ոք չի էլ կռահում, որ բնությանը հաղթողը մարդուց չի վախենա:
Մենք` հիմնաբնիկներս, ունենք պողպատի համառություն, մեզ ծռել ու կոտրել անհնար է, մեզ հետ միայն բարեկամության, ազնվության ու հավատարմության լեզվով կարող են խոսել: Մեզ ճնշել, ստիպել ու կոտրել անհնար է. մենք կարող ենք լռել, համբերել, հնարավորություն տալ, որ ուղղեն մեր հանդեպ կատարած սխալները, բայց դավադրությամբ մեր դեմ ելնողներին մենք չենք ների, գուցե մենք գիտենք ինչ է ներելը, դիմանալը, բայց մենք չգիտենք ինչ է զիջելը, պարտվելը: Մեր արյան մեջ հոսում է աղեղնավոր Հայկի արյունը: Մենք բարի ու քաջ ենք ու ամեն ոսոխ միշտ էլ պարտվել է մեր առաջ: Բնույթով ու գենետիկորեն հայը միշտ հաղթող է, անմրցելի ու անպարտելի:
Երկրի ղեկավարներին` որպես ի գիտություն, ազերներին հաճոյացող ոչ մի քրիստոնյա փառք չի ունենալու. ավարտը նույն է լինելու, ինչն ունեցավ նույն մահմեդական Նադիր շահի ոսկու փայլից կուրացած Թաթուլ իշխանին ուրացող իր կնոջ հետ:
Այո’, քրիստոնյա երկրում մեր հայրենիքի հետ անշահավետ հարաբերությունները գերադասող մեր Վրաստանի իշխանությունը, նավթի ու Թուրքիայի փալաս-փուլուսի շահը գերադասելով կրոնական ու եղբայրական հարաբերություններից, մեզ` Ջավախքցիներիս, դրել ու չեն թողնում շնչել, փոխարենը` հաճոյանում են մուսուլմանական աշխարհին…
Ջավախքը մի տեսակ քավության նոխազ է ու պետական եկամտի աղբյուրներից հիմնականը: Իշխանություններն ուղղակի ճնշման ու հարստահարման բոլոր սլաքները ուղղել են Ջավախքի վրա. հողերը կամ վերցնում են, կամ ահավոր հարկեր դնում , հասարակ անասնապահությունը դարձրել են գերշահույթի կիզակետ ու էլ չեն հարցնում քեզ շահ կա, թե չէ` մինչև վերջին թեթրին հարկերի ու տուգանքների սպառնալիքով հափշտակում են մեր ձեռքից: Ամբողջ Վրաստանը ման գաս մի ՃՈ-ի մեքենա չի պատահի, արի-հասի Նինոծմինդա` ամեն երրորդը նրանց մեքենաներն են ու ամեն քայլափոխին տուգանում են հարկի-անհարկի: Հայկական դպրոցները փակելու վտանգի ու սպառնալիքի ներքո` բոլոր առարկաներից հայկական դասագրքերի 80%-ը վրացերենով է, հայ տնօրեններին ուզում են փոխարինել վրացիներով, որ այդ գործընթացներն անխոչընդոտ արագացնեն: Հիվանդանոցը նվիրեցին ոմն մեկին, ու այն դարձրին թանկավճար կլինիկա, որտեղ հայ աշխատողներին վճարում են իրենց աշխատավարձի կեսի չափով, իսկ շատերին տարբեր պատճառաբանությամբ ուղղակի հեռացրեցին աշխատանքից: Ոստիկանությունում նույնպես հայերը աշխատում են միայն ցածր սպայական կազմում: Պաշտոնները հայերի համար չեն, իսկ եղած բարձաստիճան ոստիկաններին էլ տարբեր պատճառներով որակազրկել են: Պաշտոն կարող ես ունենալ միայն ազգանվանդ վեջում «շվիլի» կամ «ձե» ավելացնելու դեպքում: Բոլոր ոլորտներում ճնշումը մեծ ու անտանելի է:
Վրաստանում մի տեսակ պաշտոնական է դառնում հայատյացությունը: Դա ակնհայտ է մամուլում: Դա անթաքույց է ժողովրդի մեջ: Դա հրապարակային է միջպետական ելույթներում: Վրացական իշխանությունները հայկական համարանիշներով մեքենաները և հատկապես բեռնափոխադրամիջոցները դիտավորյալ առանց պատճառի ու պատճառաբանության օրերով ու շաբաթներով կանգնեցնում են ռուս-վրացական սահմանին` Լարսի անցակետում, որտեղ խեղճ վարորդները օրերով սոված ու ծարավ են մնում, վառելանյութի կարիք են ունենում ու դրանց գումարած այն վնասը ,որ փոխադրվող ապրանքը փչանում է, որի համար պատասխանատվություն չի կրում վրացական կողմը: Եւ այդ երևույթի վրա աչքերը փակում է նաև հայկական դեսպանատունը, որի հիմնական գործառույթն իր երկրի քաղաքացիներին օգնելն է, մինչդեռ աթոռապաշտ ու եկեղեցուրաց որոշ եկեղեցականների ու որոշ պաշտոնյաների հետ ինչ-որ անկարևոր միջոցառումների ու ցուցահանդեսների է մասնակցում, նկարվում, գցում կայք` որպես աշխատանքի պատասխանատվության կարևոր գործընթաց:
Մեզ մնում է պայքարել, որ դիմագրավենք այս փորձություններին , որ տերը մնանք մեր օջախի, մեր տուն ու տեղին, որ հուսալքությունը մեզ չհաղթի ու չլքենք մեր բնօրրանը:
Չնայած որ ՋԱՎԱԽՔԻ մեր շատ ու շատ զավակներ դարձել են աշխարհասփյուռ ,բայց հայրենի հողի կարոտը, նրանց սերը, նվիրվածությունն ու հայրենասիրությունը ավելի է կրկնապատկել, քանզի նրանք իրենց ազնիվ վաստակից մեծ բաժիններ են ներդնում մեր հայրենի Ջավախքը հզորացնելու և զարգացնելու համար: Եթե հզոր է Ջավախքի համայնքը սփյուռքում, ուրեմն մեզ թույլ չեն տա, որ հողը երերա այս հողին ու ջրին կառչած իրենց հայրենակիցների ոտքի տակ: Մենք երախտապարտ ենք Ջավախքի բոլոր զավակներին, ովքեր իրենց վաստակը ներդնում են հայ Ջավախքի պահպանությանը, նպաստում Ջավախահայի զարգացման ու զորացմանը: Նրանց անունները ոսկե տառերով կգրվեն Ջավախահայ պատմության էջերում:
Ջավախքի բարերարների եկեղեցաշինության հաշվին հարստացած եկեղեցականների ու հուշակոթողների ձևական պահպանության ոլորտ պահելու փոխարեն, որտեղ միայն մի քանիսն են կուշտ ու անհոգ, լավ կլինի զարգացնենք Ջավախքի ժողովրդի աշխատանքի պայմանները, որ ձեր հարազատները ձեզ ձեր հայրական օջախներում սպասեն հպարտությամբ ու խանդաղատանքով (թե չէ, միևնույն է Ջավախքում յուրաքանչյուր եկեղեցի ի վերջո արժանանալու է Գումբուրդոի եկեղեցու Ճակատագրին,քանզի մեր հոգևոր հայրերը Պետրոս Գետադարձի բնույթի տեր անձիք են ու սիրով են զիջում ու հանձնում մերը ուրիշին):
Ջավախքը հայ ջավախքցու տունն է: Հայը չի հեռանալու իր հողից: Մենք արմատներով ամուր կպած ենք այս հողին: Այս հողում են պահված մեր սրբությունների մասունքները: Մեր ապ ու պապերի,մեր հայրերի ու հարազատների գերեզմանները, մենք չենք թողնի այս հողը ինչ էլ որ լինի: Մենք կպայքարենք մեր դեմ ծառացած այս դաժան ճակատագրի դեմ ու չենք պարտվի ,դա մեզ թույլ չեն տա մեր սուրբ գերեզմանները, մեր եկեղեցիները, (թեկուզ նույնիսկ մեր եկեղեցականներն են շեղվել հավատքից ու հենվել են շահի ու բիզնեսի վրա), բայց մենք պարտավոր ենք պայքարել մեր հայեցի ապրելու ու արարելու համար, որ մեր սերունդները լինեն ավելի վստահ ու ամուր կանգնեն պապենական այս հողի վրա, որ մեր զավակները տեսնեն մեր պայքարն ու հասկանան, որ իրենք քաջածին են, վիշապազարմ, որ իրենց հայրերը կյանքի գնով պայքարեցին այստեղ, այս աշխարհում մոռացված խուլ անկյունում իրենց ուրույն տեղը չկորցնելու և հաստատուն մնալու այս հողի վրա, ուր ամեն թիզ հող, իր մեջ մեր կամքի ու այստեղ իրավատեր լինելու գենետիկ կոդն է կրում , որի անուն է ԳՈՒԳԱՐՔ:
Ոչ մի ուժ չի կարող կոտրել Ջավախքցու կամքը` լինի դա դավադրություն, լինի շովինիստական գաղափար, թե` իշխանություն. Ջավախքցին ամուր է իր բնավորությամբ ու աշխարհասփյուռ իր զավակներով, որոնք թույլ չեն տա կոտրել Ջավախքի ողնաշարը,որն իրենք են:
Լավագույն հարգանքներով`
“Ռուսաստանի Ջավախքի սփյուռք” հասարակական կազմակերպություն
https://www.iravunk.com/news/79425?