Ծուղակն Արցախի համար. Մոսկվայից Ալիեւին արված առաջարկը

14.03.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստի ժամանակ եղել է Արցախում, այսինքն շարունակել է գտնվել այնտեղ, ուր մեկնել էր Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին ընդառաջ, որը մարտի 5-ին էր: Սերժ Սարգսյանը մասնակցել էր Արցախում այդ առիթով հանդիսավոր միջոցառմանը:

Փաստորեն Սարգսյանը մնացել է Արցախում, տեւական ժամանակ: Ըստ մամուլի հրապարակման, նա ցանկացել է մնալ հենց նիստի համար, դրանից հետո տրամադրություն շոշափելու նպատակով: Ի՞նչ տրամադրություն պետք է շոշափեր Սերժ Սարգսյանը: Արդյոք նիստից հետո պետք է հարցներ Բակո Սահակյանից, թե ինչ էր խոսում Նիկոլ Փաշինյանը:

Թե՞ Սերժ Սարգսյանի Արցախ տեւական այցն ուներ այլ նպատակ, եւ Սարգսյանը դրանով ինքն է «խոսում» Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ խոշոր հաշվով Նիկոլ Փաշինյանի քաղաքական արդյունավետությունն է Սերժ Սարգսյանի հետնախագահական անվտանգության գրավականը: Ի վերջո աներկբա է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգը Սերժ Սարգսյանի հանդեպ լցված է անվստահությամբ եւ կասկածով, որի «գերագույն գլխավոր հրամանատարն» է Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանն էլ փորձում է աշխատել երկու «ճակատից», Ռուսաստան՝ Կոնստանտին «Լազարեւիչ» Զատուլինի միջոցով, եւ Արցախի իշխանական որոշ շրջանակներ: Ընդ որում, վերջին շրջանում արվեց այդ երկու «ճակատների» միավորման փորձ, երբ Լազարեւսկի կոմիտեի մոսկովյան հավաքին հրավիրվեց Արցախի կառավարության անդամը: Թվում է, որ դա բավական մեծ ռեվերանս էր Արցախի նկատմամբ, որը նույնիսկ Բաքվի դժգոհությունն էր հարուցել: Պարզվեց, որ դա ընդամենը առիթ էր, որպեսզի Կոնստանտին «Լազարեւիչը» իրականում ռեվերանս անի հենց Բաքվին՝ Արցախի տարածքների հանձնման անհրաժեշտության մասին հայտարարությամբ:

Փաստացի, դա Լազարեւսկի կոմիտեի առաջարկն էր Ալիեւին, որ ակումբը կարող է դառնալ «բանակցային հարթակ»՝ յուրօրինակ միջնորդ, Հայաստանի նախկին իշխող համակարգի եւ Ալիեւի միջեւ, այն «հիմնական սկզբունքների» շուրջ, որ իբրեւ «բանակցության հիմք» ընդունվել են նախկինում, մասնավորապես «մադրիդյան սկզբունքների» տեսքով 2007 թվականի նոյեմբերին:

Հատկանշական է, որ Լազարեւսկի այդ կոմբինացիան տեղի է ունենում այն իրադարձությանն ընդառաջ, որ եղավ Ստեփանակերտում մարտի 12-ին, երբ Հայաստանի վարչապետը Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում փաստացի հայտարարեց արցախյան կարգավորման գործընթացի հին շրջափուլի տրամաբանության մերժման եւ նոր սկզբունքների շուրջ բանակցության անհրաժեշտության մասին:

Այդ ֆոնին, Կոնստանտին «Լազարեւիչ» Զատուլինի իբրեւ թե հայանպաստ հայտարարությունը գործնականում Ալիեւին ուղղված ելք էր. եթե Փաշինյանը հրաժարվում է քեզ հետ «մադրիդյան սկզբունքներից» խոսելուց եւ համանախագահներին առաջարկում է նրանց հետ խոսել այլ հարցերի մասին, ապա դու կարող ես Լազարեւսկի կոմիտեում խոսել այն մարդկանց հետ, իհարկե միջնորդավորված, որոնց հետ ունեցել ես «մադրիդյան պայմանավորվածությունները»:

Կօգտվի՞ դրանից Ալիեւը: Այստեղ շատ կարեւոր է, որ Արցախը դուրս գա այդ ծուղակից եւ երկրորդ անգամ Լազարեւսկի կոմիտեին մասնակից ուղարկի այն բանից հետո միայն, երբ Կոնստանտին Լազարեւիչը հրապարակավ կհրաժարվի ոչ միայն «մադրիդյան սկզբունքներից», այլ կբարձրացնի նաեւ ռուս-թուրքական պայմանագրերից հրաժարվելու հարցը՝ հատկապես դրանց 100-ամյակին ընդառաջ:

lragir.am/2019/03/14/425736/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail