Քաջազնունի. Ռուսական բանակի փախուստը կովկասյան ճակատից

22 հոկտեմբեր 2015

գազանունի
Քաջազնունի

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել հատվածներ Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից, որը ավելի հայտնի է Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքով: Զուգահեռաբար մենք նաև ներկայացնում ենք հատվածներ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ և Արշակ Ջամալյանի ՔԱՋԱԶՆՈՒՆԻՆ և Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ հատորներից, որոնք պատասխան են Քաջազնունու պնդումներին և մեղադրանքներին: Մինչև տարեվերջ, ԱՆԻ-ն մեկ հատորում ընթերցողի սեղանին կդնի վերոնշյալ երեք գործերը:

1917թ. նոյեմբերի վերջերին սկսվեց ռուս[ական] բանակի կազմալուծումն ու փախուստը կովկասյան ճակատից:

Ճակատը քանդվում էր ու դատարկվում սարսափեցուցիչ արագությամբ:

Հունվարի վերջերին բանակ չկար այլևս: Հայկական փոքրաթիվ զորամասերն էին, որ, մնացած նախկին բանակի վերջին բեկորների հետ, պիտի պահեին այսուհետև Էրզրումի գիծը:

Անդրկովկասի դրությունը դառնում էր շատ վտանգավոր:

Բոլշևիկյան հեղափոխությունն ու օր օրի վրա ծավալվող քաղաքացիական պատերազմը բոլորովին կտրել էին մեր ծայրագավառը Ռուսաստանից:

Կոմիսարիատը, որ դեռ շարունակում էր կառավարել երկիրըԿերենսկու Ժամանակավոր կառավարության անունից, այդ կառավարության տապալումից հետո կորցրել էր իր ոտի տակ հողը: Պետք էր կազմել մի նոր իշխանություն՝ ազգաբնակչության աչքում ավելի հեղինակավոր և ավելի իրավասու՝ պետական գործերը անկախ [կերպով] վարելու համար:

Այդ իշխանությունը հանդես եկավ հանձինս Անդրկովկասյան Սեյմի ու նրանից լիազորված կառավարության:

Սեյմը կազմվեց Համառուսական Սահմանադիր ժողովի համար ընտրված անդրկովկասյան պատվիրակներից՝ եռապատկված թվով (ըստ կուսակցությունների ու սրանց ստացած քվեների): Այսպիսով, մենշևիկները (Վրաստան) Սեյմում ունեցան 36 տեղ, Մուսավաթը (Ադրբեջան)՝ 30 տեղ, Հ. Յ. Դաշնակցությունը (Հայաստան)՝ 27 տեղ:

Սեյմը գումարվեց Թիֆլիսում, որ Անդրկովկասի բնական ու անհերքելի մայրաքաղաքն էր: Առաջին նիստը, որ տեղի ունեցավ 1918թ. փետրվարի 10-ին, ընդունեց Կոմիսարիատի հաշվետվությունն ու հրաժարականը: Ապա, նկատի առնելով, որ մեր ծայրագավառը փաստորեն անջատված է Ռուսաստանից ու հայտնի չէ, թե երբ պիտի վերահաստատվեն կտրված կապերը՝ հայտարարեց Անդրկովկասը Ռամկավար Դաշնակցական Հանրապետություն, իրեն հռչակեց իբրև երկրի միակ օրենսդիր մարմին ու հանձնարարեց վրացի մենշևիկ Ե. Գեգեչկորիին՝ կազմել ժամանակավոր կառավարություն՝ մինստրների դահլիճ, պատասխանատու Սեյմի առաջ:

Սա անջատում չէր Ռուսաստանից, այլ մի փաստացի դրություն, որ ենթադրում էր [որ] պիտի ունենար ժամանակավոր բնույթ միայն: Միջազգային տեսակետից, Անդրկովկասը շարունակում էր մնալ Ռուսաստանի անբաժան մաս:

Թուրքական զորքերը, խրախուսված ռուս[ական] բանակի քայքայումով, արագորեն վերակազմվում էին, կարգի բերվում և աստիճանաբար վերագրավում կորցրած վայրերը: Միաժամանակ, թուրք[ական] հրամանատարությունը (Վեհիպ փաշան) նախաձեռնություն ունեցավ զինադադար ու խաղաղության բանակցություններ առաջարկելու:

Սեյմը որոշեց վերջ դնել պատերազմին ու խաղաղության դաշն կապել թուրքերի հետ:

Առաջին բանակցությունները տեղի ունեցան Տրապիզոնում՝ 1918թ. մարտ ամսին:

Դաշնակցական ֆրակցիային հաջողվեց Սեյմի պահանջների մեջ մտցնել մի առանձին կետ (մեկը չորս հիմնական կետերից). ճանաչել տալ թուրքահայերի ինքնորոշման իրավունքը Օսմանյան պետության շրջանակում:

Այս պահանջին (որ խմբագրված էր շատ անորոշ ու լայն ասպարեզ էր տալիս ամեն կարգի կոմպրոմիսների) թուրքերը անմիջապես տվին մի շատ կարճ ու չոր պատասխան. սա Թուրքիայի ներքին խնդիր է, որի մեջ ոչ ոք իրավունք չպիտի ունենա միջամտելու, եթե մեկ անգամ էլ կրկնվի, թուրքերը վերջ կդնեն ամեն բանակցության:

Ու անդրկովկասցիք այլևս չկրկնեցին:

Չկրկնեցին շատ պարզ պատճառով. Սեյմի որոշումը արդեն իսկ ձևական զիջում էր հայերի պահանջին, երևույթը փրկելու մի միջոց, առանց լրջորեն հետապնդելու դիտավորության: Վրացիները տրամադրություն չունեին (ոչ էլ կարիք) թուրքահայերի սիրույն համար իրենց մի ավելորդ գլխացավանք պատճառելու, իսկ ադրբեջանցիների սրտին շատ ավելի մոտ էին, իհարկե, Թուրքիայի պետական շահերը, քան հայերի վիճակը կամ նույնիսկ Անդրկովկասյան Հանրապետության ապագան: Եվ պատվիրակության հայ անդամները չէին, որ պիտի կարողանային թելադրել իրենց կամքը թաթարներին ու վրացիներին:

Արդար լինելու համար պետք է ավելացնել, որ եթե այն օրվա մեր դաշնակիցները (վրացիներն ու թաթարները) նույնիսկ լրջորեն, անկեղծորեն ցանկանային պաշտպանել հայկական պահանջը, դարձյալ հաջողություն չպիտի ունենային: Ուժերի փոխհարաբերությունը արդեն այնպիսին էր, որ թուրքերը ոչ մի պատճառ չունեին զիջող լինելու: Այդ հասկանում էինք և մենք՝ հայ պատվիրակներս:

Բանակցությունների ու երկարատև վիճաբանությունների առարկան սահմանային խնդիրն էր:

Թուրքերը կանգնած էին այն տեսակետի վրա, որ Անդրկովկասի և Թուրքիայ միջև սահմանները գծված են արդեն Բրեստ-Լիտովսկում՝ ռուս բոլշևիկների հետ կնքված դաշնագրով և որ նրանք եկել են Տրապիզոն ոչ թե մեկ անգամ լուծված խնդիրը նոր վերաքննության առնելու համար, այլ պարզապես բարիդարացիակն կապեր հատատելու իրենց նոր հարևան Անդրկովկասյան Հանրապետության հետ: Իսկ անդրկովկասցիք չէին ուզում ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագրի օրինավորությունը և կանգնած էին այն տեսակետի վրա, որ Թուրքիային հողային զիջումներ անելու իրավունքը պատկանում է միմիայն տեղական (անդրկովկասյան) ժողովուրդներին , նրանց Սեյմին ու կառավարությանը: Այլ խոսքով՝ անդրկովկասյան պատվիրակությունը չէր ուզում ճանաչել սովետական իշխանության իրավասությունը նախ այն պատճառով, որ այդ կառավարությունը Ռուսաստանի համար էլ օրինական չէ, երկրորդ՝ համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, որը հռչակվեց մեծ պատերազմի ընթացքում, Անդրկովկասի տերը անդրկովկասյան ժողովուրդներն են և ոչ ռուսական կառավարությունը, եթե նույնիսկ օրինավոր կառավարություն լիներ այն:

Այս տեսակետը շատ դժվար էր պաշտպանել ոչ միայն այն պատճառով, որ սա մի նոր ու վիճելի տեսակետ էր միջազգային իրավունքում, այլ գլխավորապես այն պատճառով, որ թուրքական բանակը զորեղանում էր օրը օրի վրա, իսկ անդրկովկասյանը՝ քայքայվում: Նորություն չէ՝ միջազգային վեճերում իրավունքը պատկանում է նրան, որի բանակը ավելի զորեղ է:

Շատ դժվար էր նաև այն պատճառով, որ անդրկովկասյան պատվիրակության ներսում էլ չկար համաձայնություն և ցանկությունների նույնություն:

Վրացիները առանձնապես շահագրգռված էին Բաթումի և Աջարիայի խնդրով և այս շրջանը (ամբողջովին կամ գեթ մասամբ) փրկելու համար պատրաստ էին Ղարսն ու Արդահանը զիջելու թուրքերին: Դրան հակառակ, հայերին պետք էր Ղարսը և այստեղ մի բան շահելու համար մենք պատրաստ էինք շատ մեծ զիջումներ անելու Աջարիայում: Իսկ ադրբեջանցիների ցանկությունն էր, որ Աջարիան կազմի մի առանձին Հարավ-Արևմտյան մուսուլմանական հանրապետություն, իբրև չորրորդ (կամ հինգերորդ, եթե հաշվի առնենք նաև Դաղստանը) անդամ Անդրկովկասյան Դաշնակցության: Հակառակ դեպքում, կգերադասեին, որ Աջարիան կցվի Թուրքիային ու համենայն դեպս համաձայն չէին Վրաստանին տալու: Ինչ վերաբերում է Ղարսին ու Արդահանին, ադրբեջանցիները անվերապահորեն կանգնած էին թուրքական տեսակետի վրա՝ սրանք թուրքական հողեր են ու պետք է հանձնվեն Թուրքիային:

Թուրքերը շատ լավ տեղյակ էին այս ներքին անհամաձայնությունների մասին և պինդ կանգնած էին իրենց պահանջների վրա:

Կար և մի ուրիշ պահանջ, որ երկար վիճաբանությունների առարկա եղավ: Թուրքերը պնդում էին, որ Անդրկովկասը պիտի հայտարարի իր անջատումը Ռուսաստանից, որպեսզի կարելի լինի դաշն կնքել նրա հետ:

Անդրկովկասցիները առաջկում էին, թե Անդրկովկասը փաստորեն անջատված է արդեն ու փաստորեն անկախ է… բայց թուրքերը իրավացիորեն պատասխանում էին, թե միջազգային դաշինք ստորագրելու համար բավական չէ փաստացի կացությունը, հարկավոր է նաև իրավական դրություն, որ ձեռք է բերվում միայն որոշ ձևականություններ կատարելուց հետո:

Անպտուղ բանակցությունները շարունակվեցին մի ամբողջ ամիս:

Թուրքերի համար անձեռնտու չէր այս ձգձգումը (հակառակ պարագայում նրանք ամեն հնարավորություն ունեին շատ կարճ կտրելու): Ժամանակն անցնում էր, մեր ռազմական ուժն ու դիմադրական կարողությունը շարունակ պակասում էր, թուրքերինը՝ ավելանում:

Իրողությունն այն էր, որ մինչ Տրապիզոնում պատվիրակությունները նիստերի էին հավաքվում ու անվերջ թղթեր գրում իրար, թուրքական բանակը անարգել շարունակում էր իր առաջխաղացումը: Մարտի վերջերին գրավված էր արդեն Էրզրումը, իսկ ապրիլի առաջին օրերին՝ Բաթումը:

Բայց և այնպես, Սեյմը դեռ չէր ուզում ճանաչել իր պարտությունը, չէր վճռում անձնատուր լինել: Երբ պարզվեց վերջնականապես, որ թուրքերը մտադրություն չունեն ոչ մի զիջում անելու Բրեստ-Լիտովսկի դաշնագրի պայմաններից, Սեյմը ետ կանչեց իր պատվիրակությունը, Տրապիզոնի բանակցությունները խզվեցին (երևույթները փրկելու համար պատվիրակությունները այդ խզումը ժամանակավոր ընդհատում անվանեցին):

Ներքին անհամաձայնությունները ու միմյանց բացառող հակումները, որ առաջին օրվանից արդեն գոյություն ունեին Սեյմի ու Դաշնակցական կառավարության ներսում, այժմ հրապարակ էին եկել շատ շաշտված կերպով:

Թուրքերի հաջողություններն ու աճող զորությունը թև էին տվել ադրբեջանցիներին. սրանց պատվիրակները Տրապիզոնում հնարավորություն ունեին (և ինչ կասկած, որ օգտագործեցին այդ հնարավորությունը) երկար խորհրդակցելու թուրքերի հետ և մի ընդհանուր գործելակերպ մշակլու: Սեյմում ադրբեջանցիները այլևս չէին քաշվում ցուցադրելու, որ ամբողջովին Թուրքիայի կողմն են: Պաշտպանելով և զարգացնելով թուրքերի տեսակետը, պահանջում էին, որ անմիջապես հայտարարվի Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից: Ապա պահանջում էին զիջող լինել թուրքերի վերաբերմամբ, համաձայնության գալ նրանց հետ ու դադարեցնլ պատերազմը, հայտարարելով, որ «մուսուլմանական դեմոկրատիայի կրոնական զգացումը թույլ չի տալիս նրան գործուն մասնակցություն ունենալու Թուրքիայի դեմ մղվող պատերազմում»:

Այս խոսքը, որ ասվել է Սեյմում մուսավաթական բանախոսի բերանով, պետք էր թարգմանել պարզապես այն իմաստով, որ պատերազմը շարունակելու դեպքում անդրկովկասյան թաթարները ոչ միայն չեն լինելու մեզ հետ (փաստորեն, նրանք երբեք էլ չեն եղել մեզ հետ, երբեք չեն կռվել թուրքական ճակատում), այլ կլինեն մեր դեմ:

Վրացիները (գլխավորապես Սեյմի մենշևիկյան հատվածը) տատանվում էին մի քիչ:

Երկու հոսանք կար սրանջ մեջ, երկու տարբեր օրիենտացիա՝ ռուսական և գերմանա-թուրքական: Առաջինները չէին ուզում կտրվել վերջնականապես Ռուսաստանից և Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը համարում էին միանգամայն անընդունելի, կարծում էին, որ պատերազմը պակաս չարիք է, քան այդպիսի պայմաններով կնքած հաշտությունը: Երկրորդ հոսանքը հակառակ էր Ռուսաստանին, ռուսական վտանգը Վրաստանի անկախության համար համարվում էր ավելի մեծ, քան թուրքականը և պատրաստ էր ամենամեծ զիջումների՝ Թուրքիայի հետ հասկացողության գալու համար (պարզը ասած, հույս ուներ, թե Հայաստանի հաշվին կհաջողի փրկել Վրաստանի համար եթե ոչ ամբողջ Աջարիան, գեթ Բաթում քաղաքն ու նավահանգիստը):

Հայերը (Սեյմում դաշնակցական ֆրակցիան) ոչ ուզում էին անջատվել Ռուսաստանից, ոչ էլ որևէ բարի բան ունեին սպասելու թուրքերից: Հայերը ամենից ավելի շահագրգռված էին զենքով կանգնեցնելու թուրքերի արշավանքը, որովհետև գիտեին, որ ամենից ավելի տուժողը (թերևս միակ տուժողը), իրենք են լինելու և որովհետև դեռ հույս ունեին ռազմական հաջողության վրա: Ապրիլ ամսին Ալեքսանդրապոլում գումարվեց, հատկապես այս խնդրի համար, հայ Ազգային ժողովը, որը, հակառակ տողերիս գրողի զեկուցման, վճռեց մերժել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ու շարունակել պատերազմը:

Բայց իրականացնել այդ որոշումը չէր տրված մեզ, որովհետև մենք չէինք դրության տերը, իսկ ոչ իսկ մեր սեփական բախտի տերը:

Վրացիների տատանումները երկար չտևիցին՝ գերմանա-թուրքական թևը հաղթանակեց ու այդ հաղթանակի առաջին արտահայտությունը եղավ այն, որ ապրիլի 22-ին Սեյմը հանդիասավորապես հայտարարեց Անդրկովակսի անջատումը Ռուսաստանից:

Այս առթիվ վրացի ու թաթար առաջնորդները խանդավառ ճառեր արտասանեցին Սեյմում: Դաշնակցական խմբակցությունը միացավ անջատման առաջաիկին առանց ճառի, մի հատիկ կարճ ու զուսպ նախադասությունով:

Հեշտ սրտով չեր, որ մենք արեցինք այդ, բայց չանել չէինք կարող: եթե հակառակ արտահայտվեինք, Անդրկովկասյան դաշնակցային հանրապետությունը իսկույն պիտի քանդվեր, վրացիներն ու ադրբեջանցիները իսկույն պիտի հաշտվեին թուրքրի հետ և թողնեին մեզ մենակ երես առ երես Վեհիբ փաշայի բանակի դեմ: Մենակ, որովհետև Ռուսաստանը (ոչ բոլշևիկյանը, ոչ հակաբոլշևիկյանը) այն ժամին չեր կարող հասնել օգնության, եթե նույնիսկ կամենար: Ոչ միայն մենակ, այլ նաև թիկունքից մեծապես վտանգված, որովհեըև պարզ էր որ թուրքերի հետ միասին մեզ պիտի զարնեին նաև ադրբեջանցիները (ով գիտի, գուցե և վրացիները՝ Ախալքալակը, Լոռին ու Փամբակը ամբողջովին գրավելու համար):

Մենք ամենից ավելի կարիք ունեինք Անդրկովկասյան դաշնությանը, չէինք ուզում, որ նա քանդվի իսկ եթե քանդվելու է՝ որքան կարելի է ուշ քանդվի: ահա թե ինչու հարկադրված էինք հետևելու մեր դաշնակից դրացիների քայլերին:

Շարունակելի

http://www.aniarc.am/2015/10/22/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail