28.01.2019 – m.armeniasputnik.am:
Վիտալի Բալասանյանը հիշեցրել է, որ հայկական կողմն արդեն իսկ զիջումներ է արել` 4 անգամ։ Նոր զիջումներ ադրբեջանական կողմին Արցախն ու Հայաստանը չեն անելու։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Պատերազմը մեզ պարտադրվել է, մենք պարտադրված ենք մտել պատերազմի մեջ։ Այսօր, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, ասաց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Մենք գտնվել ենք շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գտնվել է շրջափակման մեջ։ Մենք պարտադրված մտել ենք պատերազմի մեջ։ Մենք ընդունել ենք մեզ պարտադրված պատերազմը։ 1988թ.–ին մենք, հիմք ընդունելով ԽՍՀՄ սահմանադրության ազգերի ինքնորոշման իրավունքի հոդվածը, գնացինք ինքնորոշման։ Բայց դրա դիմաց մեզ պարտադրեցին այդ պատերազմը»,– ասաց Բալասանյանը` հիշեցնելով, որ 1920թ.–ին ԼՂԻՄ–ը բռնակցվել էր Ադրբեջանին։
Այսօր էլ Բալասանյանի համոզմամբ ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի ժողովուրդը պատերազմ չեն ցանկանում։ Բայց խաղաղության համար անհրաժեշտ է այն երաշխավորող փաստաթուղթ, որը, նրա խոսքով, պետք է կնքվի ԵԱՀԿ ՄԽ–ի հովանու ներքո։
Իսկ խաղաղության դիմաց տարածքներ զիջելու հարցին, Բալասանյանը «միանշանակ` ո՛չ» պատասխանեց։
«Արցախյան ժողովուրդը և համայն հայությունը պատրաստ չեն որևէ տարածքային զիջման` ինչ-որ բանի դիմաց։ Մենք ժամանակին այդ զիջումներն արել ենք։ Մենք 1988-ին զիջումներ արել ենք, 1991-ին զիջումներ արել ենք, երբ Արցախը այն ժամանակ անկախ հռչակվեց` Հայաստանին միանալու փոխարեն։ 1991-94թթ–ին զիջել ենք, երբ Ադրբեջանում վիճակը վատ էր, մենք պահպանել ենք ՄԱԿ—ի 4 բանաձևերը, իսկ իրենք այդ ընթացքում զորք էին կուտակում։ Մենք 1994թ–ի մայիսի 12-ին զիջել ենք։ Մենք 4 անգամ Ադրբեջանին զիջել ենք»,– ասաց Բալասանյանը։
Նրա խոսքով` Հայաստանն ու Արցախն Ադրբեջանին զիջել են անգամ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմն արդեն պատրաստ էր հակահարձակողական պատերազմի։
Այդուհանդերձ, բանակցային գործընթացը, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի համոզմամբ, անհրաժեշտ է։
https://m.armeniasputnik.am/karabah/20190128/16986857/armenia-karabax-adrbejan-vitali-balasanyan.html?