Ժխտողականությունը ցեղասպանության մի մասն է. «Հայրերի մեղքը» գրքի հեղինակը՝ Թուրքիայի քաղաքականության մասին

16 ՄԱՐՏ 2019 – ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ:

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրերի մեղքը» գիրքն ապացուցում է, որ երիտթուրքերի կողմից իրականացված հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը և Թուրքիայի Հանրապետության կողմից դրա հերքումը նույնչափ հանցավոր ակտեր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի հեղինակ, Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալը Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված քննարկմանը պատմեց գրքի մասին:

«Այս գիրքը փիլիսոփայություն և պատմություն է: Ես մտածում եմ, որ Թուրքիայի ժխտողականությունը և ցեղասպանությունը նույնն են: Ես Հայոց ցեղասպանության մասին գիտեի, երբ դեռ երեխա էի: Մենք պետք է հիշենք դա: Այն, որ ցեղասպանությունը կատարվել է, կասկածի ենթակա չէ: Հարց է, թե ինչու է դա կատարվել, և ինչու են այն մերժում: Ահա, թե ինչի մասին է իմ գիրքը: Ժխտողականությունը ցեղասպանության մի մասն է։ Թուրքերը ժխտում են ցեղասպանությունը, նշանակում է՝ նրանք շարունակում են ցեղասպանությունը: Դրանք նույն բաներն են: Ցանկացած մեկը, ով կարծում է, որ ժխտողականությունը և ցեղասպանությունը տարբեր բաներ են, սխալվում է»,-ասաց հեղինակը:

Նա նշեց՝ ուզում է ցույց տալ, թե Ամերիկան ու Եվրոպան ինչու պիտի սիրեն ու ընդունեն ճշմարտությունը: «Եվրոպան 40 տարի առաջվանից գիտեր, որ ցեղասպանություն կարող է լինել, և ոչինչ չի արել՝ բացի համագործակցության եզրեր գտնելուց: Ամեն ինչ մնացել է թղթի վրա»,-նկատեց գրքի հեղինակը:

Նա նկատեց, որ քարտեզի վրա Արևմտյան Հայաստանը կոչվել է Արևմտյան Հայաստան մինչ 2-րդ Համաշխարհայինը: Շվոն Նաշ Մարշալը նշեց՝ Թուրքիան, որքան ցանկանա, դա կարող է կոչել Արևելյան Անատոլիա, բայց գիտենք, որ դա կոչվել է Հայաստան: «Երբեք կասկածի տակ չդնեք դա: Ինձ համար հարցն է՝ ինչու են այն մերժում: Եվ շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Թուրքիայի ժխտողականությունը ողջ աշխարհին հանցակից է դարձնում»,-նշեց նա:

Անդրադառնալով գիրքը գրելու պատճառներին՝ հեղինակը նշեց, որ Հայոց ցեղասպանության տարիներին շատ ամերիկացիներ միլիոնավոր դոլարներ են վճարել հայերի կյանքը փրկելու համար, դպրոցներ են կառուցել, երեխաներ են փրկել: Եվ իր նախնիները եղել են այդ մարդկանցից մեկը: Նա շեշտեց՝ ինքն այն ընտանիքի զավակն է, որը երբեք չի մոռացել Հայոց ցեղասպանությունը:

Շվոն Նաշ Մարշալը նաև հայերեն խոսել է սովորել, նշում է՝ շատ գեղեցիկ լեզու է:

«Հայրերի մեղքը» գրքի շնորհանդեսը կայացել է Արցախում նախորդ տարի աշնանը:

armenpress.am/arm/news/967818.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail