16.03.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Առաջին անգամ է, որ ի դեմս կառավարության ունենք գործընկեր կողմ, որը հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել, հայտարարել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության մասին Առաջին լրատվականի հարցին:
Սվիտալսկին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ընթացքում ներկայացվել է 13 կետերից կազմված գործողությունների ցանկ, որը նա համարում է չափազանց կարեւոր՝ աղքատության կրճատման, գործազրկության նվազման համար:
Եվրամիության դեսպանը փաստորեն ակնարկում է, որ նախորդ կառավարությունները չեն եղել այդպիսին, հստակ չեն նշել իրենց անելիքը:
Մյուս կողմից, Սվիտալսկին Հայաստանում դեսպան է մի քանի տարի եւ բնականաբար չի կարող խոսել բոլոր կառավարությունների անունից, բայց նա Հայաստանում աշխատել է 2015 թվականից, այսինքն Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի կառավարությունների հետ, մինչեւ թավշյա հեղափոխությունը:
Այդպիսով, Սվիտալսկին առնվազն հայտարարում է, որ Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի կառավարությունները հստակ չէին նշում իրենց անելիքը: Մյուս կողմից, հարց կարող է առաջանալ՝ որ Տիգրան Սարգսյանը նշում էր հստակ, այն էլ ռուսական մամուլում հոդվածի տեսքով, որ Հայաստանի ճանապարհը Եվրոպան է, ի՞նչ եղավ: Եղավ այն, որ Տիգրան Սարգսյանն այսօր ԵՏՄ հանձնաժողովի նախագահն է:
Ըստ այդմ, Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, աչքի առաջ ունենալով այդ օրինակը, իհարկե չէին կարող նշել իրենց անելիքը: Նրանք ուղղակի կսպասեին, թե ով ինչ կասի, գնահատելու համար, թե ու՞մ ասածն անելն է ավելի անվտանգ եւ ապահով՝ իհարկե իրենց համար:
Մյուս կողմից, ներկայիս կառավարությունը մի բան է, նախկինն այլ, եւ Սվիտալսկին ասելով կառավարություն, գուցե նկատի ունի իշխանություն, այլ կերպ ասած՝ նախինի մասին անուղղակի ակնարկն ըստ երեւույթին առնչվում է Սերժ Սարգսյանին, ոչ թե կառավարության ղեկավարներին:
Ըստ այդմ, նա թերեւս նկատի ունի, որ Նիկոլ Փաշինյանը հստակ նշում է, իսկ Սերժ Սարգսյանը հստակ չէր նշում իր անելիքը: Ընդ որում, այստեղ հարկ է ընդհանրապես ուշադրություն դարձնել «նշելու» հանգամանքին: Այսինքն ոչ թե չգիտեր անելիք, այլ չէր նշում հստակ: Այսինքն, Սվիտալսկին ակնարկում է, որ Սարգսյանը փակ էր խաղում: Այդ իմաստով նա թերեւս գիտե նաեւ, որ Սերժ Սարգսյանը փակ էր խաղում ոչ միայն Եվրոպայի, այլ գործնականում բոլորի, եւ գուցե տարօրինակ հնչի՝ նաեւ Ռուսաստանի հետ:
Իհարկե, յուրաքանչյուր ուղղությամբ «փակն» ուներ իր կանոններն ու տրամաբանությունը, բայց «ունիվերսալ» հատկանիշ էր: Հատկանիշ, որն ուներ իր պատճառները, եւ դրանք միայն անձի բնույթի մեջ չէին, այլ նաեւ հանգամանքների:
Սերժ Սարգսյանը չուներ լեգիտիմություն, հետեւաբար նա չէր կարող վստահ նշել իր անելիքը, որովհետեւ չգիտեր՝ կստացվի՞ անել, թե՞ ոչ: Ընդ որում, նա չուներ ոչ միայն հանրային լեգիտիմություն, այլ նաեւ ներիշխանական, ներհամակարգային: Նա չէր վստահում այն իշխող համակարգին, որն ինքն էլ գլխավորում էր, որովհետեւ ամենից լավ էր ճանաչում այդ համակարգն ու հստակ գիտեր, որ դրան չի կարելի վստահել որեւէ բան:
Սարգսյանը դրա համար նաեւ չվստահեց իշխանությունն ու գնաց «վա բանկ»՝ երրորդ վարչապետության, չայած դրա բոլոր քաղաքական ռիսկերին, ընդ որում ոչ միայն ներքին, այլեւ արտաքին:
Այլ կերպ ասած, այստեղ իհարկե փոխվել է այն, որ Հայաստանի իշխանությունն ունի լեգիտիմություն եւ կարող է տարբեր արտաքին գործընկերների հետ խոսել շատ հստակ եւ կոնկրետ: Այլ հարց է, թե ինչ կստացվի այդ խոսակցության արդյունքում: Բայց այստեղ է նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխության առանցքային հանգամանքներից մեկը՝ Հայաստանը լեզու է առել, Հայաստանը ստացել է խոսելու կարողություն, բոլորի հետ:
Եվ այստեղ է նաեւ Հայաստանում տեղի ունեցածի միջազգային լեգիտիմության «գաղտնիքը» կամ գրավականներից մեկը, որովհետեւ այդպիսով բոլորն էլ ստացել են Հայաստանի հետ վերջապես խոսելու հնարավորություն, եւ Սվիտալսկին մասնավորապես Եվրոպայի անունից գործնականում արձանագրում է հենց այդ հանգամանքը, որ վերջապես կարող են խոսել Հայաստանի հետ:
Այլ հարց է, որ յուրաքանչյուր կենտրոն արդեն կունենա խոսելու իր օրակարգը, բայց բոլորն էլ Հայաստանի հետ խոսելու շատ բան ունեն, եւ որքան էլ տարօրինակ թվա, գործնականում բոլորն էլ թե ռեգիոնալ, թե ընդհուպ աշարհքաղաքական էական խնդիրների առաջ են կանգնել պարբերաբար, երբ ունեցել են Հայաստանի հետ խոսելու մեծ թվով հարցեր, սակայն չեն ունեցել դրա հնարավորությունը:
lragir.am/2019/03/16/426308/