«Անդաստիարակ, անշնորհք, ստոր, տականք». Էրդողանը պատասխանել է Նոր Զելանդիայի մզկիթում հարձակում իրականացրած անձին, որի «թիրախների» թվում նշվել էր նաև իր անունը
15 ՄԱՐՏ 2019 –:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում այսօր առավոտյան կրակ բացած 28-ամյա Բրենթոն Տարանտի՝ հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ը, որում ավստրալացին իր «թիրախների» թվում նշել է նաև Թուրքիայի ղեկավարի անունը:
«Այս ստոր տականքը, այս մարդասպանը հայտարարություն էլ է հրապարակել: Այդ հայտարարության մեջ էլ բոլոր մուսուլմանների հետ միասին թիրախավորել է մեր երկիրը, ժողովրդին ու ինձ անձամբ: Ասում է, թե Բոսֆորի եվրոպական ափը չեք անցնելու, թե չէ պիտի գա Ստամբուլ, մեզ բոլորիս սպանի, մեզ մեր հողերից արտաքսի, Այա Սոֆիան մինարեթներից փրկի: Այս բառերն իրականում արտահայտում է նրանց գլխում և սրտում եղած բուռն ցանկությունը», – ասել է Էրդողանը:
Նա հիշեցրել է, որ իր քաղաքական գործունեության առաջին տարիներին բանտում է հայտնվել հենց իսլամական բանաստեղծության ընթերցման համար, որտեղ պատմվում էր մզկիթների ու մինարեթների մասին:
«Դու այդ ո՞ր ժողովրդի հետ ես այդպես խոսում, ի՞նչ ես խոսում: Քո ամբողջ մարմինը ռումբերով էլ պատված լինի, հետո ի՞նչ: Անդաստիարակ, անշնորհք, ստոր, տականք», – ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում սպանդ իրականացրած տղամարդը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:
Նա նաև «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:
«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին:
Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», – գրել էր հրաձիգը:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել:
tert.am/am/news/2019/03/15/