15.03.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Արցախի հարցի առնչությամբ մարտի 12-ին վարչապետ Փաշինյանի արած «ծրագրային» հայտարարությունն ու նախօրեին էլ Ազատության հրապարակում բարեկարգման քաղաքապետարանի ծրագրերի առաջացրած լարվածությունը որոշակիորեն ստվերեցին Հայաստան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը: Իսկ այցն ունեցավ նշանակալի դրվագ: Խոսքը հայ-վրացական բարեկամության հավաստիացումների մասին չէ:
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի հետ հանդիպմանը Սոլոմե Զուրաբիշվիլին դարձավ Բաքու կատարած իր այցի ընթացքում արած հայտարարությունների առիթով Երեւանի դժգոհության ունկնդիր: Արարատ Միրզոյանը, որ օրեր առաջ Բաքվում հակահայկական ակցիայի մասնակից ռուսաստանցի պատգամավորներին էր նախատել՝ ՌԴ Պետդումայի ամբիոնից, Հայաստանի խորհրդարանում էլ հայտնեց դժգոհությունը Բաքվում Վրաստանի նախագահի արած հայտարարությունների կապակցությամբ:
Սալոմե Զուրաբիշվիլին դրանք արել էր փետրվարի 27-ին, երբ, ի դեպ, մեկնարկում էր Հայաստանի վարչապետի այցն Իրան, որն անշուշտ ուներ ռեգիոնալ, իսկ գուցե նույնիսկ ավելի լայն նշանակություն եւ իմաստ:
Վրաստանի նախագահը նշել էր, որ Վրաստանն ու Ադրբեջանը գործնականում ճակատագրակից են եւ կորցրել են տարածքներ, ենթարկվել են բռնությունների, տեղահանման եւ այլն: Ի պատասխան Երեւանի դժգոհության եւ հայտարարության, որ հակամարտությունները չեն կարող լինել նույնական, Վրաստանի նախագահը համաձայնելով դրան, նշել էր նաեւ Թբիլիսիի դժգոհությունը այն կապակցությամբ, որ Արցախից պատվիրակություններ, այցեր են լինում Աբխազիա եւ Հարավային Օսիա եւ այնտեղ էլ «նույնացվում» ճակատագրերը:
Այլ կերպ ասած, Սալոմե Զուրաբիշվիլին Երեւանին ակնարկել էր, որ Վրաստանի պահվածքը «պատասխան» պահվածք է:
Հայ-վրացական այդ «փոխհրաձգությունը» տհաճ է, միաժամանակ քաղաքականապես աննպատակահարմար, ընդ որում երկու կողմի համար էլ: Միաժամանակ, հատկանշական է մի հանգամանք: Արցախի եւ Աբխազիայի, Հարավային Օսիայի կապեր կան տարիներ, մինչդեռ Վրաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա երբեք չի արել այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք հնչեցրել է Սոլոմե Զուրաբիշվիլին Բաքվում:
Այդուհանդերձ, բացարձակապես անտեղի, քաղաքականապես աննպատակահարմար է նաեւ զբաղվել պարզաբանումով, թե ով է արել առաջինն ու ով է տվել պատասխանը:
Երեւանն ու Թբիլիսին միեւնույն նավի վրա են, որքան էլ տարօրինակ չհնչի, այստեղից բխող անհրաժեշտություններով: Այդ ռազմավարական, խորքային անհրաժեշտությունների ֆոնին շատ փոքր խնդիր է Արցախի կապերը աբխազ-օսական կողմերի հետ: Դրանք անշուշտ տհաճ են Թբիլիսիի համար, ինչպես Երեւանի համար կարող է տհաճ լինել Թբիլիսիի տարիների գործակցությունը Հայաստանը շրջափակող քաղաքական եւ տնտեսական թուրք-ադրբեջանական նախագծերին:
Բայց, Երեւանի համար միաժամանակ հասկանալի եւ ընկալելի է եղել, որ Վրաստանն այստեղ ունի նաեւ իր շահերը, ինչպես որ Արցախն էլ որպես չճանաչված սուբյեկտ ունի իր որոշակի անհրաժեշտությունները: Եվ այդ անհրաժեշտություններից բխող, թեկուզ Թբիլիսի համար տհաճ քայլերն իրենց այսպես ասած քաղաքական հետեւանքի «ներուժով» բացարձակապես համեմատելի չեն այն խորքային հետեւանքի հետ, որ կարող է ունենալ նույն Թբիլիսիի համար հայ-վրացական լարվածությունը:
Դրանք ամենեւին այն խնդիրները չեն, որ տան փոխադարձ դեմարշի տեղիք, այն էլ մի ֆոնին, երբ հայ-վրացական հարաբերությունը կարծես թե վերելքի, նոր հնարավորության ճանապարհի վրա է, հաշվի առնելով Հայաստանում փոփոխությունն ու ինքնիշխան կարողությունների բարձրացումը: Միաժամանակ հատկանշական է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը առաջին հանդիպումը ունեցավ Բոլնիսում՝ Վրաստանի իր գործընկերոջ հետ, այդպիսով ի ցույց դնելով Հայաստանի ռազմավարական մոտեցումները:
Հայաստանն ու Վրաստանը մի նավի վրա են, եւ դա համենայն դեպս շատ ավելի լավ են գիտակցում ռեգիոնալ այլ խաղացողներ՝ Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, որոնք պարբերաբար փորձում են ճոճել այդ նավը, ամենափոքր առիթներն իսկ օգտագործելով:
lragir.am/2019/03/15/425888/