13.03.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Համակարծիք ենք այն հարցում, որ հակամարտությունները նույնական չեն լինում, Երեւանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, նշելով, որ Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման սկզբունքի հանդեպ հարգանքով:
Հայաստանի նախագահի հայտարարությունը հատուկ ուշադրության է արժանի այն հայտարարության պատճառով, որ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին արել էր Բաքու կատարած այցի ընթացքում, փետրվարի 27-ին: Բաքվում նա խոսել էր այն մասին, որ Վրաստանն ու Ադրբեջանը ճակատագրակից են տարածքային ամբողջության ոտնահարվածության առումով:
Փաստացի, Վրաստանի նախագահը նույնացրել էր աբխազական, հարավ-օսական հարցերը Արցախի հարցի հետ: Մի բան էր, երբ հնչում է տարածքային ամբողջության հարգման մասին հայտարարություն, ինչն արել են նաեւ այլ պետություններ՝ Ադրբեջանի հանդեպ, մեկ այլ բան, երբ խոսվում է տարածքային ամբողջության խախտվածության մասին: Դա բավական խոշոր վրիպում էր, որ թույլ էր տվել բարեկամ Վրաստանի նախագահը, առավել եւս հաշվի առնելով այն, որ Սալոմե Զուրաբիշվիլին ամենեւին անփորձ չէ միջազգային հարաբերություններում եւ եղել է նաեւ Վրաստանի արտգործնախարար, Սահակաշվիլու նախագահության շրջանում:
Վրաստանի նախագահը Երեւանում ընդունե՞լ է, որ սխալվել է Բաքվում, թույլ տվել վրիպում Հայաստանի նկատմամբ, ընդ որում ոչ միայն զուտ քաղաքական-դիվանագիտական տեսանկյունից, այլ նաեւ իրական քաղաքականության տրամաբանության: Արմեն Սարգսյանի հայտարարությունից, որ համակարծիք են հակամարտությունների նույնական չլինելու հարցում, պետք է ենթադրել, որ Վրաստանի նախագահն ընդունել է վրիպումը:
Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Հայաստան գործնականում զուգադիպում է գրեթե պատմական շրջափուլի, նկատի ունենալով Արցախում մարտի 12-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդի համատեղ նիստն ու Հայաստանի վարչապետի հայտարարությունը:
Այդ հայտարարությունը գործնականում հայկական քաղաքականության լայն շարժի մասին է, ոչ միայն զուտ Արցախի հարցի: Ավելին, դա գուցե առավելապես հենց լայն շարժի մասին է՝ Արցախի հարցի առիթով ու հիմքով: Իսկ այդ հարցը գործնականում ռեգիոնալ ռազմա-քաղաքական անվտանգության համակարգի հիմքն է, որտեղ առանցքային շահառու է նաեւ Վրաստանը: Նաեւ այդ իմաստով է, որ Վրաստանի նախագահը Բաքվում արած հայտարարությամբ թույլ էր տվել իրական քաղաքական տրամաբանության մեջ լուրջ վրիպում, գործնականում աջակցություն հայտնելով հենց Վրաստանի տարածքային ամբողջության սպառնալիքի աղբյուրին: Բանն այն է, որ Ադրբեջանի ռեգիոնալ քաղաքականությունը Վրաստանի տարածքային ամբողջության ու անվտանգության սպառնալիքի աղբյուր է:
Ադրբեջանի ռազմական շանտաժի պետական քաղաքականությունը ռեգիոնը պահում է ապակայունացման ռիսկի ներքո, իսկ ապակայունացումը չի սահմանափակվելու միայն հայ-ադրբեջանական տիրույթով եւ առնչվելու է Վրաստանին, համենայնդեպս քանի դեռ այստեղ բավարար չէ ՆԱՏՕ ինստիտուցիոնալ ներկայացվածության աստիճանը՝ վտանգներն «էքզիստենցիալ» մակարդակում կանխելու եւ ընդհանուր ռեգիոնալ անվտանգության համակարգն առավել բազմաշերտ ինստիտուցիոնալացվածությամբ հավասարակշռելու եւ ամրապնդելու համար:
Այդ իմաստով էլ խորհրդանշական է, որ Վրաստանի նախագահը Հայաստան է այցելում Հայաստանում ՆԱՏՕ շաբաթի ընթացքում, հաշվի առնելով այն առանցքային նշանակությունը, որ Կովկասի անվտանգության, այդ թվում Վրաստանի անվտանգության համալիրի հարցում ունի Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը:
lragir.am/2019/03/13/425174/