16.03.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագիրը, որը փաստացի հայկական արյունով եւ հայկական տարածքների հաշվին գրված փաստաթուղթ էր: Այն կանխորոշում էր հայերի հետագա ճակատագիրը, կամ այլ կերպ ասած հայկական սուբյեկտությունն ու հայկական ապագա պետականությունը կանխարգելող փաստաթուղթ էր, որի կնքումից անցել է 98 տարի:
Ռուսաստանն ու Թուրքիան այսօր էլ հարգում ու պատվում են պայմանագիրը, նշում դրա հոբելյանները, պատրաստվում 100-ամյակին, մեզ՝ հայերիս համար 100-րդ տարելիցին:
Ինչպե՞ս են նշելու Ռուսաստանն ու Թուրքիան իրենց համար այդ հոբելյանը: Ռուս-թուրքական պայմանագիրը 98 տարի առաջ ձեւավորեց Կովկասի ստատուս-քվոն, հայկական կյանքերի, հայկական պետականության ապագայի, Հայաստանի շահի եւ անվտանգության հաշվին:
Մեդվեդեւն Էրդողանին է նվիրում Մոսկվայի պայմանագրի նկարը՝ ի հավատարմություն ռուսական կողմի
Այդ ստատուս-քվոն այժմ գոյություն չունի: Արցախյան շարժմամբ եւ պատերազմի հաղթանակով Հայաստանն ու Արցախը փոխեցին ռուս-թուրքական պայմանագրով հաստատված իրավիճակը: Իհարկե պայմանագրի բոլոր հետեւանքները վերացված չեն, սակայն սկզբունքորեն այն քանդված է, եւ քանդել են հայերը:
Միաժամանակ սակայն քանդված չէ այդ պայմանագրով սահմանված ռուս-թուրքական դաշինքը, որը շարունակում է կառուցված լինել հայկական շահի ու անվտանգության վրա: Մյուս կողմից, Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում դաշնակից չեն: Ի՞նչ են, ամբողջապես պարզ չէ: Նրանց երկուսի համար էլ իրավիճակը բարդ է: Ռուս-թուրքական պայմանագիրը գործնականում սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ եւ շատ վաղուց: Այդ իմաստով, Արցախի հաղթանակով հայերը մեծ հաշվով փրկել են Ռուսաստանին:
Մյուս կողմից սակայն, Ռուսաստանում այդ իրողությունն ավելի շատ ընկալվել է իբրեւ հայերի պարտավորություն, ոչ թե օժանդակություն եւ մեծահոգություն, որը պետք է առաջացնի երախտագիտության եւ պարտքի զգացում: Ռուսաստանում շարունակում են համոզված լինել, որ հայերն են իրենց պարտք, ընդ որում ցմահ: Ըստ այդմ, հայկական հաղթանակները ընդունելով որպես պարտքի վերադարձ, Ռուսաստանը փորձել է դրանք դիտարկել Թուրքիայի հետ հարաբերության մանրադրամ:
Փոխվե՞լ է արդյոք այդ հարցում որեւէ բան, կամ կարո՞ղ է փոխվել: Ապրիլյան քառօրյայից հետո ինչ որ բան փոխվել է, մարտավարական իմաստով, բայց խնդիրը ռազմավարությունն է, այսինքն մոտեցումների, պատկերացումների փոփոխությունը: Դա կա՞, թե չկա եւ ռուսները շարունակում են համարել, որ հայերն են իրենց պարտք:
Մյուս կողմից, ռուս-թուրքական դարի ավարտին շրջադարձային իրավիճակում է Ռուսաստանը: Ռուսաստանը գործնականում կանգնած է ընտրության առաջ՝ ու՞մ հանձնվել, Թուրքիային, Չինաստանի՞ն, թե՞ Արեւմուտքին: Ընդ որում, հատկանշական է, որ Թուրքիան ու Չինաստանը չեն սպասում որոշման, նրանք վերցնում են Ռուսաստանը, ամեն մեկը յուրովի:
Սակայն, դրա փոխարեն Մոսկվան դիմակայության մեջ է Արեւմուտքի հետ, գործնականում միակ սուբյեկտի, որը Ռուսաստանին առաջարկում է դեր, եւ այդ դերը սպասավորի դերը, կամ «սուլթանի սիրուհու» դերը չէ, այլ ռեգիոնալ խաղացողի դեր, որն իհարկե ցածր է ռուսների հավակնությունից, սակայն մյուս կողմից օգնելու է պահպանել ռուսական պետականությունը կամ պետականությունը պահպանել ռուսական:
Բայց դրա համար Ռուսաստանը պետք է սկզբունքորեն փոխի իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ, որովհետեւ հատման կետը ընտրված է Կովկասը եւ Հայաստանը, մի շարք պատճառներով, եւ Մոսկվան պետք է գա գիտակցման, որ Հայաստանը չէ պարտք, ինքն է պարտք Հայաստանին: Մեծապետականության բարդույթի համար դա չափազանց դժվար գիտակցվող հանգամանք է, առավել եւս, որ այն բավական ծանր ու բարդ գիտակցվող է նաեւ թերարժեքության բարդույթի համար, որով վարակված է հայության մի զգալի մաս:
Բայց թե հայկական, թե ռուսական պետականության համար փրկօղակը այդ բարդույթի, ըստ այդմ հայերի Ռուսաստանին հավերժ պարտք լինելու վտանգավոր մոլորությունից ազատվելն է: Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը գնում է այդ ճանապարհով, աստիճանաբար, դժվար, բայց ազատվելով պատմա-հոգեբանական այդ բարդույթներից եւ կարծրատիպերից: Ռուսաստանը կամ կօգտվի դրանից եւ կգնա այդ ճանապարհով, որով տանում է Հայաստանը, կամ նրանով, որով կտանի օրինակ Զատուլինը: Այդ դեպքում Հայաստանը այլեւս ոչնչով չի կարող օգնել, առավել եւս փրկել իր հաշվին:
www.lragir.am/2019/03/16/426186/