
13.03.2019 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կարեւոր արդյունք է ունեցել: Փաստացի հայտարարվել է, որ Ստեփանակերտը Երեւանին մանդատ չի տվել իր անունից բանակցություններ վարելու:
Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ», – ասել է Փաշինյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ ասել է, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտի հիմքում դրված է 1994-1995 թվականների հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի իրականացումը, որը զգալի խթան կլինի խաղաղության գործընթացն առաջ տանելու համար:
Ստեփանակերտը հիշեցնում է, որ 1994 թվականին Երեւանին հրադադարի համաձայնագիր ստորագրելու մանդատ չի տվել: Ինչպես եւ մանդատ չի տվել Հայաստանի նախկին ղեկավարությանը Արցախի անունից բանակցելու, որը փաստորեն գործել է առանց պաշտոնական մանդատի:
Բանակցությունների մանդատի փոխանցման մեխանիզմ գոյություն չունի: Տրամաբանությունը հուշում է, որ եթե Ստեփանակերտը ճիշտ համարի այդ քայլը, մանդատի պատվիրակումը կարող է իրագործվել Արցախի խորհրդարանի մակարդակով: Այսինքն, ժողովրդի ընտրած ներկայացուցիչները պետք է հայտարարեն, որ բանակցելու իրավունքը հանձնում են Հայաստանին, եւ այդ ժամանակ Երեւանը կկարողանա լիիրավ մասնակցել բանակցություններին:
Բայց երեկ Հայաստանի կառավարությունը Ստեփանակերտում չի ստացել այդպիսի մանդատ, վարչապետն էլ այդ նպատակով չէր էլ գնացել: Եթե ավելի խորը նայենք, Հայաստանի ու Արցախի ԱԽ-երի համանտեղ նիստը պետք էր այդ մանդատի բացակայությունը հաստատելու համար:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Ալիեւի հետ բանակցություններին, որը, ըստ ամենայնի, կկայանա ապրիլի սկզբին ԱՄՆ-ում: Եթե հանդիպումը կայանա, ապա Ստեփանակերտի նիստից հետո այն լրիվ այլ ձեւաչափ է ունենալու. առանց Արցախի մանդատի Հայաստանը լիազորված չէ բանակցելու կարգավորման հարցերով:
Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապել է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Ղարաբաղի հայության» մասին ու Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով Ստեփանակերտում, դրանով իսկ լիազորություններ է ստանձնել խոսելու Ղարաբաղի անունից: Իրականում ամեն ինչ ընդհակառակն է:
Արցախն ու Հայաստանն իրոք կարող են քննարկել «ազգային օրակարգը» ու անվտանգության հարցեր, բայց ղարաբաղյան կարգավորման ու տարածաշրջանային խաղաղության բանալիները միշտ Ստեփանակերտում են եղել, եւ անգամ Հայաստանում իշխանության եկած «ղարաբաղցիները» չեն կարողացել սեփականաշնորհել այդ բանալիները ու բանակցելու պաշտոնական մանդատ ստանալ: Ստեփանակերտը ոչ ոքի չի լիազորել խոսել իր անունից, եւ ինչ-որ պահի, երբ բանը հասել է որոշակի պայմանավորվածությունների, Հայաստանի ղեկավարները ստիպված են եղել Ղարաբաղ մեկնել ու հերթական մերժումը ստանալ: Այդպես շատ անառողջ պայմանավորվածություններ են վիժեցվել:
www.lragir.am/2019/03/13/425328/





