«Մոսկվայի պայմանագիրը Հայաստանի գերեզմանաքարն է» (տեսանյութ)

Մարտ 16,2016 | Քաղաքականություն :

95 տարի առաջ այս օրը կնքված Մոսկվայի պայմանագրով Հայաստանի հսկայական տարածքներ Խորհրդային Ռուսաստանը նվիրաբերեց Օսմանյան Թուրքիային։

«Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության պայմանագիրը, ըստ էության, Հայաստանի գերեզմանաքարն է։ Ցեղասպանությունը սկսվեց, երկիրն ավիրվելով եկավ և հանգուցալուծվեց Հայաստանի խնդիրը՝ 2 գիշատիչների կամքով»,- նշում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Հայերը զրկվեցին Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից, պատմական Արարատ սարից։ 70 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրից մնաց 29000-ը։ Պատմաբան Ավետիս Հարությունյանն ասում է. «Եթե նկատի ունենանք, որ քննարկվել է մի երկրի տարածքային խնդիր, որտեղ այդ երկիրը իր մասնակցությունը չի բերել, չեղարկման խնդիրը, շատ հավանական է, կդառնա արդիական, դա ժամանակի խնդիր է»։

Պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային տրամադրեց նաև 10 000 000 ռուբլի՝ ոսկով գումար, զենք-զինամթերք, հանդերձանք։ Համաշխարհային հեղափոխության տենդով վարակված ռուսների այս հոգածությունն ուներ իր պատճառները։ «Աշխարհի երկրները չէին ճանաչում առաջին խորհրդային պետության ստեղծումը։ Ռուսաստանը միջազգային առումով մեկուսացված էր և Ռուսաստանի համար ձեռնտու էր ունենալ դաշնակիցներ»,- ասում է պարոն Հարությունյանը։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հնարավոր չի համարում 1921 թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական Բարեկամության ու եղբայրության պայմանագրի խզումը։ Ըստ հիմնավորման՝ միջազգային պրակտիկայում խաղաղության պայմանագրերը, որոնք որոշում են երկրների միջև սահմանները, ենթակա չեն չեղարկման:

Լևոն Շիրինյանը հակադարձում է. «Ես հարց եմ տալիս ռուսներին՝ ո՞ր միջազգային իրավունքի սկզբունքով է դա կողոպտվել Հայաստանից, հայ ժողովրդի իրավունքը հայրենիքի հանդեպ ո՞ր սկզբունքով է վերացվել»։

Անկախ զարգացումներից՝ Հայաստանի երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում առաջնային կարող է լինել Մոսկվայի պայմանագրի չեղարկումը։ «Հայկական դիվանագիտությունը այսօր ռուսների հետ կարող է աշխատել՝ դուք այդ պայմանագիրը ծնողներից մեկն եք, եթե ոչ հիմնականը»,- նշում է Լևոն Շիրինյանը։

Դրան չի խանգարում նաև 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագիրը։ Այդ ժամանակ ռուս բոլշևիկյան կառավարության և Ստալինի ճնշմամբ Հայաստանի կառավարությանը պարտադրվեց ընդունել Մոսկվայի պայմանագրի դրույթները։

a1plus.am/1441289.html?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail