18 ՄԱՐՏ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Յիրաւի, ոչ այլ կերպ, քան միջպետական խարդաւանքի զոհ կարելի է համարել թալիշ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մէկի` քաղաքագէտ, հասարակական գործիչ ու հրապարակախօս Ֆախրէտտին Ապպասովին կամ, ինչպէս ինքն է ներկայանում` ընդգծելով իր ազգային ինքնութիւնը, Ապոսզոտային: Ինչպէս ամենայն ցնծութեամբ տեղեկացնում են Պաքուի լրատուամիջոցները, վերջերս` փետրուարի 28-ին, Ռուսաստանի իրաւապահ մարմինները, ընդառաջելով պաշտօնական Պաքուի դիմումին, նրան արտայանձնել են Ազրպէյճանի իրաւապահ մարմիններին, եւ նոյն օրը Ֆախրէտտին Ապոսզոտան ձեռնաշղթաներ հագած` յայտնուել է Պաքուի օդակայանում, որտեղից եւ անմիջապէս փոխադրուել է Ազգային անվտանգութեան ծառայութեան մեկուսարան:
Դա երեւի թէ կարելի է համարել նախագահ Իլհամ Ալիեւի վերջին երկու-երեք տարում այս էլ քանիերորդ, այսպէս կոչուած, «իրաւական», իսկ, ըստ էութեան, հակաիրաւական յաջողութիւնը «վհուկների որսում»: Ազրպէյճանում «վհուկներն» այն ընդդիմադիր քաղաքական գործիչներն են, որոնք տակաւին երկրում են եւ կամ մշտական հալածանքներից ու հետապնդումներից, աւելի՛ն, ֆիզիքական ոչնչացման իրական սպառնալիքներից մազապուրծ լքել են այն եւ ապաստան գտել այլ պետութիւններում` հաւատացած լինելով, թէ դրանցում իրենց անվտանգութիւնն ու ազատ կենսագործունէութիւնը երաշխաւորուած են: խօսքը վերաբերում է, մանաւանդ, յետխորհրդային տարածքի նորանկախ պետութիւններին, մասնաւորապէս` Վրաստանին, Պիելոռուսիային, Ռուսաստանին:
Սակայն, միջպետական խարդաւանքների սարդոստայնի միջոցով ի վերջոյ նրանք բոլորն էլ կամ նրանցից շատերը «որսացուել» ու յայտնուել են բանտային ճաղերի ետեւում: Յիշեցման կարգով նշեմ, որ այդ դառը ճակատագրին են արժանացել Ազրպէյճանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցութեան նախագահի տեղակալ Կէօզալ Պայրամլին, լրագրող Աֆղան Մուխթարլին, այլախոհ այլ քաղաքական գործիչներ, որոնք, ինչպէս յայտնի է, անցեալ տարի, առերեւոյթ առանց վրացական իշխանութիւնների գիտութեան ազրպէյճանական յատուկ ծառայութիւնների կողմից Թիլֆլիսում եւ կամ վրաց-ազրպէյճանական սահմանի վրացական հատուածում առեւանգուել, ձերբակալուել ու փոխադրուել են Ազրպէյճան:
Վերյիշենք նաեւ Պիելոռուսիայի իշխանութիւնների կողմից ազգութեամբ հրեայ պլոկեր, Ռուսաստանի եւ Իսրայէլի քաղաքացի Ալեքսանտր Լափշինին Ազրպէյճանին արտայանձնելու միջազգային հնչեղութեան աղմկայարոյց դէպքը: Իսկ թէ որքան օրինապահ են նշուած երկրների իշխանութիւնները, կարելի է դատել Պիելոռուսիայի նախագահ Ալեքանտր Լուքաշենքոյի թէկուզեւ մէկ յայտարարութեամբ. «Իլհամի մէկ հեռախօսազանգն ինձ եւ կամ իմ հեռախօսազանգն իրեն` ու բոլոր հարցերը լուծւում են»:
Արդեօք, նոյն կերպ, Ալիեւ-Փութին մէկ հեռախօսազանգային պայմանաւորուածութեա՞մբ չէ լուծուել նաեւ թալիշ ընդդիմադիր գործիչ Ֆախրէտտին Ապոսզոտայի արտայանձնման խնդիրը` շրջանցելով նման պարագաներում օրէնսդրօրէն ամրագրուած ընթացակարգերը` որպէս իրաւական հրամայականներ: Այլապէս սպիտակ շորի վրայ սեւ թելով արուած կարկատան է յիշեցնում Ռուսաստանում ապաստանած թալիշ գործչի թէ՛ ձերբակալութեան, թէ՛ երկարատեւ կալանաւորման եւ թէ՛ բուն արտայանձնման ամբողջ շղթան:
Ինչպէս յայտնի է, Ապոսզոտան Ռուսաստան է տեղափոխուել դեռեւս 1994-ին, եւ, պարզւում է, այդ երկրի իրաւապահ մարմինները միայն քառորդ դար անց են ճշդել, որ նա այդտեղ բնակւում է առանց մշտական կամ ժամանակաւոր կեցութեան իրաւունքի: Թէկուզ իրականում նա երբեք էլ չի թաքնուել իշխանութիւններից. զբաղուել է գիտական ու հասարակական գործունէութեամբ, Ս. Փեթերպուրկում տարիներ շարունակ լոյս է ընծայել «Թոլըշ» անուանմամբ թերթ, հանդէս եկել հրապարակային ելոյթներով` որպէս գիտնական մասնակցելով տարաբնոյթ գիտաժողովների ու «կլոր սեղանների»: Ընդ որում, ինչպէս Ռուսաստանում, նոյնպէս եւ Հայաստանում: Այսինքն ունեցել է նաեւ ազատ ելումուտի իրաւունք:
Միեւնոյն ժամանակ Ապոսզոտան ռուսական դատարան է դիմել քաղաքացիական հայցերով, որոնցից առաջինը` ՌԴ տարածքում իրեն ժամանակաւոր ապաստանի, իսկ երկրորդը` փախստականի կարգավիճակի տրամադրումը գաղթականութեան մարմինների կողմից մերժուելու վերաբերեալ գործերով: Դա նշանակում է, որ նա մինչ այդ նման խնդրանքներով դիմել էր իշխանութիւններին, սակայն երկու դէպքում էլ մերժում էր ստացել: Այսինքն մշտապէս գտնւում էր իրաւապահ մարմինների աչքի առաջ, եւ խօսք անգամ լինել չի կարող ընդյատակ մտնելու մասին: Բայց ահա բաւական էր, որպէսզի Պաքու քաղաքի Սապայիլի շրջանային դատարանն անցեալ տարուայ յուլիսի 14-ին քրէական գործ յարուցեր ու քրէական հետախուզում յայտարարէր Ապոսզոտայի նկատմամբ, որպէսզի մօտ երկու ամիս անց` սեպտեմբերի 6-ին, նա Մոսկուայում ձերբակալուէր ու երկարատեւ պահուէր մերձմոսկովեան Քոլոմնա քաղաքի հետաքննչական մեկուսարանում` որպէս ՌԴ-ում կեցութեան կանոնները կոպտօրէն խախտած, այսինքն` ապօրինի բնակուող գաղթականի: Բայց շարունակենք հետեւել իրադարձութիւնների զարգացման շղթային: Պ
արզւում է, որ Մոսկուայի մարզի Լիւպերեցքու քաղաքային դատարանում նախատեսուած էին դատական նիստեր` քննարկելու համար Ֆախրէտտին Ապոսզոտայի ներկայացրած վերոյիշեալ հայցադիմումները: Մանաւանդ որ մէկ շաբաթ անց` մարտի 6-ին լրանում էր նրա ձերբակալութեան ժամկէտը: Բայց երկու նիստերն էլ անսպասելի յետաձգուեցին, առաջինը տեղափոխուեց մարտի 13-ը, իսկ երկրորդը` մարտի 18-ը: Լա՛ւ, փորձենք դա պատճառաբանել դատարանի գերծանրաբեռնուութեամբ: Արտառոցը, սակայն, այն է, որ դատական նիստերը յետաձգելու մասին Լիւպերեցքու դատարանի որոշումներն ընդունուել են այն ժամանակ, երբ դրանից մէկ օր առաջ, այսինքն` փետրուարի 27-ին, Ապոսզոտան արդէն Քոլոմնայի մեկուսարանում չէր:
Նա, բառիս բուն իմաստով, անհետացել էր: Աւելի ճիշդ` նրան անհետացրել էին առեւանգելով ուղղակի արգելափակման վայրից` ներկայացնելով Ռուսաստանի Գլխաւոր դատախազութեան պաշտօնական նամակը կալանաւորին իբր թէ ազատ արձակելու մասին: Եւ, այսպէս ասած, «ազատել էին», անգամ թոյլ չտալով, որպէսզի բանտախցից վերցնի իր իրերը: «Ազատել» ու տարել էին անյայտ ուղղութեամբ:
Միայն յաջորդ օրերին է, որ, ինչպէս չարախնդրօրէն հաղորդել են Պաքուի լրատուամիջոցները, Լիւպերեցքու քաղաքային դատարանի վճռով Ֆախրէտտին Ապպասովը, նոյն ինքը` Ֆախրէտտին Ապոսզոտան, արտայանձնուել է Ազրպէյճանի իրաւապահ մարմիններին` անուշադրութեան մատնելով, որ արտայանձնման իրաւական ընթացակարգում վերջին վճռական խօսքը պատկանում է ոչ ամենեւին քաղաքային ենթադաս դատական ատեանին: Համաձայնէք, որ այդ ամէնը յիշեցնում է ոչ այլ ինչ, քան` իւրօրինակ արկածային շարժանկարի բեմագիր, որտեղ իրաւական կամայականութիւնների յորձանուտում, այնուամենայնիւ, անկախ հեղինակների մտայղացումից, ի վերջոյ բացայայտւում է բուն ճշմարտութիւնը: Իսկ ճշմարտութիւնն այն է, որ ինչպէս ընդդիմադիր գործիչներ Կէօզալ Պայրամլու եւ Աֆղան Մուխթարլու, նրանց միւս համախոհների պարագայում է տեղի ունեցել Վրաստանում, Ալեքսանտր Լափշինի պարագայում` Պիելառուսիայում, նոյն բեմագիրը գործել է նաեւ Ռուսաստանում` Ֆախրէտտին Ապոսզոտայի առնչութեամբ: Ասել է թէ` յետխորհրդային տարածքի այդ եւ այլ հանրապետութիւններում օրէնքն ու օրինականութիւնը գրոշ չարժեն, անկախ նրանից, թէ ինչպիսի՛ մեծադղորդ հրամայականներով է նրանց սահմանադրութիւններում ամրագրուած օրէնքի գերակայութիւնն իշխանութեան անխտիր բոլոր ճիւղերի ու նրանց ղեկավարների, անգամ պետութիւնների առաջին դէմքերի որոշումների նկատմամբ: Յատկապէս եթէ դրանք կայացւում են այդ բարձրաստիճան պաշտօնեաների զուտ անձնական փոխյարաբերութիւնների ու դրանցից բխող պարտաւորութիւնների գետնի վրայ:
Ի դէպ, երեւի թէ աւելորդ չէ նշել, որ ներկայումս եւրոպական երկրներում ապաստանած են մեծ թուով ազրպէյճանցի վտարանդի քաղաքական գործիչներ, որոնց մշտական սուր քննադատութեան թիրախում է գտնւում Ազրպէյճանի իշխանութիւնների, անձամբ նախագահ Իլհամ Ալիեւի գործունէութիւնը` իր բռնապետական, հակաժողովրդավարական էութեամբ, փտածութեան, քլանայնութեան, կողոպտչութեան եւ այլ բացասական բաղադրիչներով հանդերձ: Ու չնայած Ազրպէյճանի իշխանութիւնների յամառ ու հետեւողական ջանքերին` հասնել այդ գործիչների միջազգային հետախուզմանն ու արտայանձնմանը, թէ՛ Ինթերփոլը եւ թէ՛ եւրոպական պետութիւնների դատական ատեանները շարունակում են անհաղորդ մնալ Պաքուից իրենց յղուող բոլոր խնդրագրերին ու պահանջագրերին, բնականաբար, հաւուր պատշաճի արժեւորելով եւ աչքի բիբի պէս պահպանելով մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները:
Այնուամենայնիւ, տեղի է ունեցել անօրինականութեան հերթական իրողութիւնը: Եւ թալիշ մտաւորական, ազգային գործիչ Ֆախրէտտին Ապոսզոտան ներկայումս ազրպէյճանական բանտախցում է` ենթարկուելով ամէնօրեայ հարցաքննութիւնների, որոնք, չի բացառւում, ինչպէս մէկ տասնամեակ առաջ իր մէկ այլ ազգակցի` «Թալըշի Սատօ» («Թալիշցիների Ձայնը») թերթի խմբագիր, Ազրպէյճանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի լեզուաբանութեան հիմնարկի գիտական աշխատակից Նովրուզալի Մամետովի պարագայում էր, ուղեկցւում են անմարդկային դաժանութիւններով:
Ինչպէս յայտնի է, անուանի թալիշ մտաւորականը, չդիմանալով բանտային կտտանքներին ու խոշտանգումներին, չստանալով անգամ տարրական բուժօգնութիւն, մահացել էր 2009-ի օգոստոսի 17-ին` ձերբակալութիւնից երկուսուկէս տարի անց: Վերջերս` մահուանից տաս տարի անց է միայն, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն արձագանգել է նրա որբեւայրի Մարիամ Մամետովայի հայցին եւ Մարդու իրաւունքների միջազգային համաձայնագրի մի շարք յօդուածների հիման վրայ բեկանել ազրպէյճանական դատարանի դատավճիռը` պարտաւորեցնելով որպէս փոխհատուցում հանգուցեալի ընտանիքին վճարել 20 հազար եւրօ ու եւս 4 հազար եւրօ` կատարուած դատական ծախսերի դիմաց: Ընդամէնը: Մարդու կեանքը գնահատուել է ընդհանուր առմամբ 24 հազար եւրօ:
Ոչ աւելի: Թէկուզ աւելին էլ անիմաստ է, քանզի, միեւնոյնն է, Ազրպէյճանում պահպանւում է մարդու ու նրա հիմնարար իրաւունքների դէմ նոր անօրինութիւնների հաւանականութիւնը: Մանաւանդ` ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչների նկատմամբ, տուեալ պարագայում` թալիշ ժողովրդի ու նրա առաջադէմ գործիչների նկատմամբ, որոնք խիզախում են բորբոք պահել հարազատ ժողովրդի ազգային ինքնութեան կրակը, փրկել նրան ուծացման եւ անհետացման յարաճուն վտանգից, պահպանել մայրենի լեզուն` թալիշերէնը, զարգացնել ու սերունդներին փոխանցել դարերէ ի վեր նախնեաց ստեղծած հոգեւոր ու մշակութային արժէքները, ի վերջոյ` հասնել սեփական ազգային պետականութեան կայացմանը:
Իսկ թէ թալիշ ժողովրդի համար ի՛նչ աստիճան հրատապ է այդ պայքարը, վկայում են առկայ իրողութիւնները:
Հակիրճ տեղեկանքի տեսքով նշենք, որ թալիշներն իսլամի շիա ուղղութեանը պատկանող ժողովուրդ են: Որպէս բնիկներ` հնագոյն ժամանակներից ապրում են Թալիշստանում, որը, բաժանուած լինելով երկու մասի, տեղաբաշխուած է Ազրպէյճանի հարաւարեւելեան եւ Իրանի հիւսիսարեւմտեան հատուածներում, Կասպից ծովի ափին: հիւսիսային մասը, որը մտնում է Ազրպէյճանի կազմի մէջ, պաշտօնապէս կոչւում է «Հարաւային գօտի»: Իսկ հարաւային մասը, մտնելով Իրանի կազմի մէջ, կոչւում է Կիլանի օսթանգիլանի օսթան: Թալիշստանի մայրաքաղաքն է համարւում լենքորան կամ, ինչպէս թալիշներն են անուանում` Լանքոպա քաղաքը, որը գտնւում է Ազրպէյճանի ծովափնեայ հարաւում: Թալիշերէնը հիւսիսարեւմտեան իրանական լեզու է, որն օգտագործւում է հիմնականում կենցաղում: Ազրպէյճանում թալիշներն ազգային դպրոցներ չունեն եւ կրթութիւն են ստանում ազրպէյճաներէն լեզուով: Թալիշախօս բնակչութեան թուաքանակի վերաբերեալ տուեալները տատանւում են` ըստ տարբեր աղբիւրների, իւրաքանչիւր կողմում` մօտաւորապէս 1 միլիոն:
Ազրպէյճանում, պաշտօնական տուեալների համաձայն, 87 հազար թալիշ կայ: Թէկուզ, ինչպէս պնդում են թալիշ ազգային գործիչները, միայն Ազրպէյճանում թալիշների թիւը հասնում է երկու միլիոնի: Բանն այն է, նշում են նրանք, որ թալիշների անձնագրերում, ինչպէս որ մահմետական դաւանանքի ոչ թուրքական այլ ազգային փոքրամասնութիւնների պարագայում է, պարտադրաբար արձանագրւում է ազրպէյճանական ազգութիւն: Մասնաւորապէս այդ տեսակէտին է Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալըշի Սատօ» թերթի թղթակից Շահին Միրզոյեւը, որ վերջերս քաղաքական ապաստան է ստացել Երեւանում: Նրա խօսքով, միայն վերջին տարիներին իշխանութիւնների ճնշումների պատճառով Ազրպէյճանը լքել է աւելի քան 300 հազար թալիշ: Ի դէպ, Հայաստանի գաղթականութեան ծառայութեան տուեալներով, վերջին հինգ տարում Հայաստանում քաղաքական ապաստան է ստացել Ազրպէյճանի թալիշ ազգութեան 10 քաղաքացի:
Թալիշական հարցի առաջին սրումը տեղի է ունեցել 1918թ., երբ թալիշ-մուղանական շրջանները հրաժարուել են ենթարկուել արհեստածին մուսաւաթական Ազրպէյճանին: Նոյն թուականի օգոստոսի 4-ին ստեղծուել է Մուղանի ժամանակաւոր ռազմական տիքթաթուրան, որը կոչւում էր Մուղանական տիքթաթուրա: Հետագայում, 1919-ի մայիսի 15-18 հռչակուել է Մուղանի Խորհրդային Հանրապետութիւնը` Խորհրդային Ռուսաստանի կազմում, սակայն երկու ամիս անց` յուլիսի 23-25 մուսաւաթական զօրքերը գրաւել եւ կազմալուծել են այն:
Ազրպէյճանական լծի դէմ թալիշների երկրորդ ապստամբութիւնը տեղի է ունեցել 1993թ. ամրան խառնակ շրջանում, երբ դաշտային հրամանատար Սուրեթ Հուսէյնովի Պաքու մտած խռովարար ջոկատները տապալեցին ժողճակատային նախագահ Ապուլֆազ Էլչիպէյին` իշխանութեան գլուխ կանգնեցնելով Ազրպէյճանից փաստացի անկախացած Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան խորհրդարանի` Միլլի մեճլիսի նախագահ Հայտար Ալիեւին: Հէնց վերջինիս հետեւողական ու նպատակասլաց ջանքերի շնորհիւ է, որ տեղի է ունեցել այդ իշխանափոխութիւնը:
Արդիւնքում տեղի ունեցաւ առաջին դէմքերի փոխատեղում` Էլչիպէյը յունիսի 17-ին Պաքուից ինքնաթիռով փախաւ Նախիջեւան` իր ծննդավայր, Օրտուպատի շրջանի Քալաքի գիւղ (նախկինում Քաղաքիկ հայկական, ներկայումս լրիւ հայաթափ բնակավայր, որի վերջին 60 հայ բնակիչները բռնագաղթեցին 88-ի նոյեմբերին), իսկ Ալիեւը «ճերմակ ձիու վրայ» Նախիջեւանից ժամանեց Պաքու: Մի քանի օր անց` յունիսի 21-ին, մի խումբ թալիշ սպաներ դաշտային հրամանատար Ալիքրամ Հումմաթովի (Հումմաթզոտա) գլխաւորութեամբ Լենքորանում հռչակեցին Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետութիւնը` թալիշաբնակ եօթ շրջանի ընդգրկմամբ, ինչն էլ աւելի խորացրեց ընդհանուր ռազմաքաղաքական ճգնաժամը:
Մինչ այդ` տակաւին 1991-92թթ, թալիշական աշխարհազօրային գումարտակները ազրպէյճանական բանակի կազմում, նոյն գնդապետ Հումմաթովի ընդհանուր հրամանատարութեամբ, որ նշանակուել էր Ազրպէյճանի պաշտպանութեան փոխնախարար, հերթափոխային կարգով փոխարինելով միմեանց, մարտեր էին մղում Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի դէմ` հիմնականում Մարտակերտի շրջանի Կուսապատ գիւղի ուղղութեամբ: Սակայն թալիշական աշխարհազօրայինները հետագայում դադարեցրին իրենց մասնակցութիւնն արցախահայութեան դէմ Ազրպէյճանի սանձազերծած պատերազմին ու վերադարձան հայրենի երկրամաս:
Թալիշները, ըստ երեւոյթին, սկսել էին գիտակցել, որ անհեթեթութիւն է զոհեր տալ յանուն իրենց ժողովրդին ճնշող ազրպէյճանական իշխանութիւնների, եւ որ հայերն իրենց թշնամի չեն, հետեւաբար իմաստ չկայ կռուել հայերի դէմ ու անիմաստ զոհեր տալ: Լենքորանում ու թալիշաբնակ միւս շրջաններում կազմաւորուեցին իշխանութեան տեղական մարմիններ, հրաւիրուեց հիմնադիր ժողով` Միլլի մեճլիս, որի առաջին նախագահ ընտրուեց Ֆախրէտտին Ապոսզոտան:
Ալիքրամ Հումմաթովը երկու անգամ հանդիպել է Ազրպէյճանի նոր ղեկավար Հայտար Ալիեւին, սակայն նրանք ընդհանուր յայտարարի չեկան: Միեւնոյն ժամանակ ապստամբութիւնը թալիշ բնակչութեան կողմից զգալի աջակցութիւն չէր ստացել, ինչի արդիւնքում երկու ամիս անց` օգոստոսի 23-ին նորաստեղծ ինքնավարութիւնը տապալուեց: Ալիքրամ Հումմաթովին մահապատժի դատապարտեցին:
Սակայն 10 տարի անց նա ազատ արձակուեց բանտից ու տարագրուեց Հոլանտա, որտեղ եւ քաղաքական ապաստան ստացաւ: 2013թ. սեպտեմբերին Ալիքրամ Հումմաթովը Երեւանի պետհամալսարանի հրաւէրով հիւրընկալուել է Հայաստանում` մասնակցելով ԵՊՀ իրանագիտութեան ամպիոնի կողմից մշակուած «Թալիշագիտութիւն» մասնագիտութեան մագիստրոսական ծրագրի ներկայացման արարողութեանը: Այցի ծրագրի շրջանակներում նա հիւրընկալուել է նաեւ Արցախում` հանդիպումներ ունենալով խորհրդարանում ու պետհամալսարանում:
Թալիշական ազգային շարժումն ի սկզբանէ եւ այսօր էլ միասնական չէ: Գոյութիւն ունի երկու թեւ` չափաւորների եւ անկախականների: Չափաւորներն ինքնավարութեան են ձգտում Ազրպէյճանի կազմում: Այդ դիրքորոշմանն էր նաեւ Ֆախրէտտին Ապոսզոտան: Հետագայում նա սկզբունքօրէն փոխեց իր դիրքորոշումը` բացայայտ խօսելով անկախ թալիշական պետութեան ստեղծման մասին: Հաշուի առնելով, որ Հայտար Ալիեւը ջանում էր բանտարկութիւններով, սպանութիւններով խեղդել թալիշական ազգային շարժումը, անգամ չափաւորները հասկացան, որ Ազրպէյճանի իշխանութիւնների հետ լեզու գտնել հնարաւոր չէ: Ապոսզոտայի պնդմամբ. «Խախտելով Ազրպէյճանի ոչ թուրքական բնիկ ժողովուրդների սովորական եւ, ըստ էութեան, բնականոն իրաւունքները, իշխանութիւնը երկիրը հռչակում է «թուրքական», իսկ փանթուրքիզմի գաղափարախօսութիւնը բարձրացնում մինչեւ պաշտօնական պետական մակարդակի»: Նա Ազրպէյճանի ղեկավարութեանը մեղադրում է խտրականութեան եւ թալիշների ուծացման քաղաքականութեան, ժողովրդի ազգային ու մշակութային կազմակերպման որեւէ ձեւ չթոյլատրելու մէջ:
Ապոսզոտան Ազրպէյճանը դիտարկում է որպէս արհեստական կազմաւորում, իր իսկ արտայայտութեամբ` «Ռուսաստանի ապօրինի զաւակ, որ նետուել է պատմութեան ասպարէզ», ընդ որում` նշելով, որ Ազրպէյճանի քաղաքացիներն այդպէս էլ չեն ձեւաւորուել որպէս մէկ միասնական, համախումբ ազգ»: Նշենք նաեւ, որ Ֆախրէտտին Ապոսզոտան առաջին անգամ Հայաստան է այցելել 2005թ.` Ծաղկաձորում մասնակցելով թալիշագիտութեանը նուիրուած առաջին միջազգային խորհրդաժողովին, որտեղ հանդէս է եկել «Թալիշական լեզուի ու ժողովրդի պաշտպանութիւնը» զեկուցմամբ: Երկրորդ անգամ նա Երեւան է ժամանել 2011-ին` մասնակցելով թալիշագիտութեանը նուիրուած երկրորդ միջազգային խորհրդաժողովին: Այդ այցերի համար Ազրպէյճանի իշխանութիւնները ներկայումս մեղադրում են նրան` համարելով դրանք իբր թէ յանցաւոր գործակցութիւն Հայաստանի ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների հետ:
Ազրպէյճանական բանտում յայտնուած Ֆախրէտտին Ապոսզոտայի ճակատագիրը խոր անհանգստութիւն է առաջ բերել ոչ միայն իր համախոհների, այլեւ ողջ թալիշ ժողովրդի շրջանում: Ինչպէս նշւում է այդ մասին Թալիշական ազգային շարժման յայտարարութեան մէջ, որ օրերս հրապարակուել է շարժման առաջնորդ Ալիքրամ Հումմաթովի ստորագրութեամբ, դա անօրինակութեան եւ յանցաւոր դաւադրութեան ճչացող դէպք է, որ կատարուել է ինչպէս ռուսաստանեան, նոյնպէս եւ ազրպէյճանական պաշտօնատարների կողմից: «Մեզ հանգամանալի յայտնի է,- ասւում է յայտարարութեան մէջ,- որ Ռուսաստանի իշխանութիւնները, ընդհուպ` մինչեւ առաջին դէմքերը, իրազեկուած էին Ֆախրէտտին Ապոսզոտայի ձերբակալութեան ու նրա հետապնդումների մասին»: Յայտարարութեան հեղինակի համոզմամբ, «Նրա յանձնումը կարող էր տեղի ունենալ միայն Ռուսաստանի իշխանութիւնների թողտուութեամբ կամ լիակատար հաւանութեամբ: Իսկ դա իր հերթին հաւասարութեան նշան է դնում Պաքուի յանցագործ վարչախմբի եւ ռուսաստանեան իշխանութիւնների միջեւ, ինչը խրախուսում է թալիշ ժողովրդի եւ թալիշական մտաւորականութեան ոչնչացմանն ուղղուած նրա (Ազրպէյճանի,- խմբ.) յարձակողապաշտ քաղաքականութիւնը»:
Ի լրումն նշեմ, որ Հայաստանում անցած տարիներին զգալի աշխատանք է կատարուել թալիշագիտութեան տարբեր ոլորտների զարգացման ուղղութեամբ. ինչպէս նշուեց, անցկացուել են թալիշագիտութեանը նուիրուած խորհրդաժողովներ, հրատարկուել են մի շարք գրքեր` թալիշ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ, իսկ 2013թ. գործարկուել է առ այսօր գործող «Թալիշստանի ձայն» ռատիոկայանը, որի թողարկումները սկսեցին հեռարձակուել Արցախից:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
aztagdaily.com/archives/431092