19 ՄԱՐՏ 2019 – ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
1991թ. մարտի կեսերին Մոսկվա այցելեց Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: Նրա հնգօրյա այցը ներառեց նաև Ուկրաինան, Ադրբեջանը և Ղազախստանը: Մարտի 11-ին և 12-ին Օզալը Մոսկվայում հանդիպումներ ունեցավ ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի և Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Բորիս Ելցինի հետ: Թուրքիան և Ռուսաստանը կնքեցին բարեկամության և փոխադարձ համագործակցության պայմանագիր:
Հենց այդ օրերին Երևանում ՀՅԴ-ն պահանջում էր հրավիրել նստաշրջան և ապօրինի ճանաչել 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի` Հայաստանին վերաբերող կետերը: Դաշնակցականները նստացույց կազմակերպեցին Գերագույն խորհրդի շենքի առաջ: Հայաստանի խորհրդարանի 112 պատգամավորներ դիմել էին Գերագույն խորհրդի նախագահությանը` արտահերթ նստաշրջանում քննարկելու և չեղյալ համարելու պայմանագրի նշված կետերը: Փաստորեն, ՀՅԴ-ն պահանջում էր այն, ինչ գրված էր ՀՀՇ-ի ծրագիր-նախագծում:
Պատմաբան պատգամավոր Կտրիճ Սարդարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. ՙՈչ մի հայ չի կարող մոռանալ իր պատմական տարածքները: Պահանջատիրություն ասածը դատարկ բան է այսօր: Դա ձեռնտու է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Հայաստանի անկախությանը: Մարդիկ կան, որոնք անցնելով ՀՀՇ-ի սթափ քաղաքական դպրոցը, պնդում են, որ 1921թ. պայմանագիրը պիտի վերանայվի՚:
Պատգամավոր Վանո Սիրադեղյանը նշեց, որ ՀՅԴ-ն կոմունիստների նման միշտ ռուսամետ է եղել, և իրենց պահանջով ցանկանում են նորից Հայաստանը կախման մեջ դնել Ռուսաստանից` թշնամացնելով Թուրքիայի հետ: Պատգամավորներ Բաբկեն Արարքցյանը և Խոսրով Հարությունյանը դեմ արտահայտվեցին թե նստաշրջան հրավիրելուն և թե հարցն ընդհանրապես քննարկելուն:
Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը պետք է բոլոր ՙկողմ՚ պատգամավորներին մեկ-մեկ համոզի, որ այդ հարցի քննարկումը այսօր անիմաստ է` նշելով, որ որոշ ուժեր շահարկում և օգտագործում են այս հարցը իշխանության հասնելու նկրտումներով: ՙԵս երբեք այդպիսի որոշում չեմ ստորագրի: Ես կպայքարեմ մինչև վերջ, թույլ չտալու համար այդպիսի արկածախնդրություն, որովհետև զգում եմ իմ պատասխանատվությունը: Եթե դուք 7000 ստորագրություն եք հավաքել, ես կես միլիոն կհավաքեմ: Մի բան էլ շատ էժանագին կերպով այստեղ շահարկվեց` սփյուռքի հեռագրերը: Վաղն ևեթ հաղորդեք արտասահմանի թերթերում, որ Փարիզում և Նյու Յորքում նարինջ ուտող հայն իրավունք չունի մեզ քաղաքականություն թելադրել, որովհետև ԼՂ-ում և Հայաստանում ոչ թե փարիզեցին է զոհվում, այլ հայաստանցին: Հայաստանցի երեխան է այստեղ սովից մեռնում՚:
Այս և Հայաստանի ներքաղաքական կյանքում Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ տեսակետների տարբերությունը և դրանից ծնվող վեճերը, ինչ-որ տեղ դառնում էին անիմաստ, քանի որ խնդիրը և լուծումը ոչ թե Հայաստանում էր, այլ Թուրքիայում:
Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու դիմաց պահանջում էր չհետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ստորագրել փաստաթուղթ` հրաժարվելով հողային ամեն պահանջից: Ավելին, որևէ տարածքային պահանջի անուղղակի ակնարկն իսկ արժանանում էր թուրքերի խիստ հակազդեցությանը: 1991թ. մայիսին գրեթե բոլոր թուրքական թերթերն արձագանքեցին Տեր-Պետրոսյանի այն խոսքերին, որի Կարսը նախապես Հայաստանի մաս էր կազմում, բայց հետո Թուրքիան տիրացավ, և հայերը տեղահան արվեցին: ՙԱրգումենտի ի ֆակտի՚ ռուսական շաբաթաթերթի հետ զրույցում Տեր-Պետրոսյանը Կարսի պատմությունը և հայերի տեղահանությունը համեմատել էր Լեռնային Ղարաբաղի հետ, որտեղ հայ ժողովուրդը բռնի տեղահանության վտանգի տակ է: Դեսպան Վուրալը հայտարարեց, որ Կարսը միշտ էլ թուրքական քաղաք է եղել:
Հայ-թուրքական հարաբերություններին Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Գերագույն խորհրդի 1991թ. հունիսյան իր ելույթում: Նա ասաց, որ Մոսկվան չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հայերը մի օր կհասկանան ուրիշի վրա հույս դնելու քաղաքականության անհեռանկարայնությունը, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու փորձը Մոսկվային զայրացնում է, քանի որ խախտվում է իր աչքում դարերով ձևավորված հայի կերպարը. ՙՎաղը, կամենում ենք դա, թե ոչ, ռուսները կարող են հեռանալ Անդրկովկասից: 1918թ. գնացին, 1942-ին պատրաստ էին հեռանալ, եթե Ստալինգրադն ընկներ, հիմա էլ կգնան: Հետո ինչպե՞ս ենք ապրելու այս հարևանությամբ` մեր պահանջատիրությամբ, բոլորի հետ թշնամանալով: Եթե այսօրվանից չստեղծենք մեր անվտանգության երաշխիքները, վաղը կարող ենք ազգը կործանել՚:
Հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ստորագրվեցին այն համաձայնագրերը, որոնցով հայ-թուրքական սահմանում մնացին ռուս սահմանապահները, իսկ Գյումրիում ձևավորվեց ռուսական 102-րդ ռազմահանգրվանը: Դա տեղի ունեցավ 1992-ի երկրորդ կեսին, իսկ դրանից մեկ տարի առաջ Հայաստանի ղեկավարությունն ու անձամբ Տեր-Պետրոսյանը դեռ հավատում էին, թե Անկարան Երևանի հետ կհաստատի հարաբերություններ:
Թաթուլ Հակոբյան
aniarc.am/2019/03/15/anm-arf-15-march-1991-moscow-treaty/?