Ղարաբաղ կոմիտեի առաջին հայտարարությունը. մարտի 19, 1988թ

19 ՄԱՐՏ 2019 – ԱՐՑԱԽԵԱՆ ՕՐԱԳԻՐ:

Ծանոթ.- ԱՆԻ-ն հրապարակում է Ղարաբաղյան շարժման կազմկոմիտեի առաջին գրավոր հայտարարությունը (թռուցիկ), որը թվագրված է 1988-ի մարտ 19-ով: Տեքստի հեղինակը Ղարաբաղ կոմիտեի համակարգող, ՀՀՇ-ի գաղափարախոսներից առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: 

  1. Մեր շարժումը ձևավորվեց, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը արտահայտեց Հայաստանին վերամիավորվելու իր արդար և բնական ցանկությունը, որը վավերացվեց ԼՂԻՄ Մարզային խորհրդի փետրվարի 20-ի որոշմամբ: Եվ քանի դեռ Ղարաբաղը շարունակում է իր արդար պայքարը, մենք իրավունք չունենք նրան մենակ թողնել:
  1. Շարժման նպատակն է՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրությամբ, հասնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության օրինական պահանջի բավարարմանը:
  1. Կենտրոնական ու տեղական մամուլի, լրատվական գործակալությունների ու հեռուստատեսության խեղաթյուրված ինֆորմացիան, իշխանությունների հանցավոր անճարակությունը կամա թե ակամա բոր-բոքեցին ամբոխի վայրենի կրքերը, որոնք հանգեցրին Սումգայիթի ջարդին: Բոլոր մեղավորները պետք է արժանի պատիժ կրեն օրենքի առաջ: Բայց նույնիսկ այդ սարսափելի դեպքերը չկարողացան շեղել մեր ժողովրդին իր ընտրած ճանապարհից, չհանգեցրին ազգամիջյան ընդհարումների Հայաստանում: Դա մեկ անգամ ևս ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին և ամբողջ  աշխարհին ցույց տվեց, որ շարժումը ոչ թե ազգամիջյան ընդհարում կամ թշնամություն է, այլ արդար, դեմոկրատական, սահմանադրական շարժում, որն իր պայքարում օգտագործում է ողջ քաղաքակիրթ աշխարհի ընդունած ձևերն ու միջոցները:
  1. Շարժումն ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ: Մեր սկզբունքն է՝ խաղաղ ու համերաշխ ապրել հարևան բոլոր ժողովուրդների հետ: Բայց հանրահայտ է, որ խաղաղությունը և համերաշխությունը կայուն են լինում միայն այն դեպքում, երբ չեն ոտնահարվում ժողովրդի ազգային շահերը:
  1. Համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս, որ որևէ ժողովուրդ կամ պետություն չի կարող ունենալ հովանավոր ժողովուրդներ կամ պետություններ, այլ կարող է ունենալ դաշնակիցներ, որոնց դաշինքը պայմանավորվում է ընդհանուր շահերով և այդ շահերը պաշտպանելու յուրաքանչյուրի ընդունակությամբ: Չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական ազգային շահեր: Մեր միակ հենարանը մեր ժողովրդի հավաքական ուժն է:
  1. Շարժումը կրոնական երանգ չունի, և մենք գտնում ենք, որ ճիշտ չէ այն տեսակետը, թե կա հայ ժողվորդին սպառնացող որևէ կրոնական շարժում: Խաչակրաց արշավանքները վաղուց ավարտվել են: Այժմ ժողովուրդների փոխհարաբերություններում ազգային և պետական շահերը շատ ավելի մեծ դեր են խաղում, քան կրոնական ընդհանրություններն ու հակասությունները:
  1. Շարժումը մերժում է շարունակ քարոզվող այն սխալ և կեղծ “դիվանագիտությունը”, որն օգտագործում է համաժողովրդական քծնանքը և հավատարմության անտեղի հավաստումները: Համաշխարհային պատմության մեջ դեռ ոչ մի հարց չի լուծվել նման ճանապարհով: Մեր միակ հենարանը մեր ժողովրդի հավաքական ուժն է:
  1. Եթե ոմանց թվում է, թե մեր ժողովրդի արդար շարժումը կարելի է կասեցնել սումգայիթներով, ապա նրանք չարաչար սխալվում են:

www.aniarc.am/2019/03/19/karabakh-committe-19-march-1988/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail