20 ՄԱՐՏ 2019 – ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս հրապարակման վերջում դնում ենք նաև Քոչարյանի գրքի այն հատվածը, որտեղ կծու և հեգնական խոսք կա Շիրխանյանի մասին:
Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով.
1. 1992 թիվ, հունիս ամիս։ Ստեփանակերտի հրապարակը և մարզադաշտը լցված էր 35000 փախստականներով Շահումյանից և Մարտակերտից։ Ես եկա քո մոտ և ասացի, որ նրանց բոլորին պետք է տեղավորել Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում, իսկ ես կպայմանավորվեմ Հայաստանի կառավարության հետ, որ ամեն ընտանիքին օգնություն տրվի, քանի որ երկրաշարժից, ադրբեջանահայ փախստականներից հետո Հայաստանում ոչ մի ազատ հանրակացարան, հյուրանոց, դպրոց չկար։ Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախստականների ևս մեկ խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։ Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախստականներով, բոբիկ, ցնցոտիավոր ծեր ու մանուկներով, սոված ու ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք Հայաստան, Ղարաբաղում տեղ չկա։ Տեսարանը ահավոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ և ասացի՝ «դու անասուն ես»։ Բռունցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։ Արդյունքում Արցախը զրկվեց 35000 բնակչից, և Հայաստանի փախստականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղթեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատելության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների նկատմամբ։ Ես այդ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։
Դե, իհարկե, Ստեփանակերտը, Լաչինը, Վանքը, Մարտունին, Սարսանգը, Քարինտակը, ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին և այլ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ, սահմանից «հեռու» են 50-100 կմ, ինչպես դու ես գրում քո «писулька»-ում։ Պարզվում է՝ դու Արցախի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։
Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բոլորովին էլ մանրուքներ չեն։
2. 1998 թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ։
3. 1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո և ԼՂՀ ՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավել քան լարված հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։
4. Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։ Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն և սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պայքարի միջոցով, ոչ թե տեռորով։
4. Խաբելով Կարեն Դեմիրճյանին՝ Վազգենին դրդեցիր վերջինիս հետ դաշինքի։ Դու սարսափում էիր այդ դաշինքից, որովհետև երկուսից էլ ահավոր վախենում էիր։ Քո վախկոտությունը, թե գոռոզությունը թույլ չտվեցին, որ մասնակցես «Միասնություն» դաշինքի՝ Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին, ինչը Վազգենը և Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։
5. 1999թ. ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, որովհետև չէր ուզում երեսդ տեսնել, և ուղարկեց ինձ։ Դու կատաղած էիր, եկար նիստի, ու քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆ-ում։ Նման բան երբեք չէր եղել, որ Գերագույն գլխավոր հրամանատարին նախարարը անձամբ չդիմավորեր։ Բայց դու քո գոռոզ և կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավոր հրամանատար։
6. 1999 թ. ապրիլին Վազգենը կտրականապես հրաժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի 50-ամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստիպեց ինձ գնալ։ Հայաստանի և Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։ Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը, տեղափոխեց սրահ, որտեղ իմ, քո և Վարդան Օսկանյանի իրերը մանրակրկիտ ստուգեցին, թիկնապահներիդ զինաթափեցին։ Հաջորդ օրը «Վաշինգտոն պոստ»-ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ և պահանջեցի վերադառնալ։ Հայությանը և Հայաստանի պետությանը հասցված էր խորը վիրավորանք, բայց դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ամբողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։ Դու ևս մեկ անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի և հայության հանդեպ դու պատասխանատվության, պատվախնդրության, հարգանքի որևէ զգացմունք չունես։ Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞, նաև այն, թե ինչպես խայտառակվեցիր ապրիլի 24-ին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։
7. 1999թ. հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հանձնելու ժամանակ, հայտարարվեց, որ բյուջեն ունի 37 մլրդ դրամի ճեղքվածք, սակայն մեկ շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղքվածքը… 137 մլրդ դրամ է։ Ո՞ւր կորավ քո երկամյա կառավարման ժամանակ այդ հսկա գումարը։ Մեկ շաբաթ անց պարզվեց, որ կորել է նաև 400 մլն դոլար, ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ գազամատակարարման ցանցի դիմաց տրված գազի գումարը, որը պետք է մուտքագրվեր բյուջե, բայց բյուջեն մեկ լումա էլ չէր ստացել։ Եվ դու խոսում ես խաբեբայության և խաբեբաների մասի՞ն։
8. 1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին։
9. 1999 թ. հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակի գործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս երեքի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս երեքով, հասցրել ես 1.5 մլրդ $-ի վնաս։ Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազմաթիվ խարդախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնանկ արվեիր, նորմալը՝ դատվեիր, սակայն 27-ը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի ավելի էին լարվում:
10. 1999 թ. օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։
11. 1999 թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը նշեց, որ շատ ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ նման փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը շատ ծանր ավարտվեց»։ Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գոռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շրխկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։
12. 1999 թ. սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին 8 ժուչոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։
13. 1999 թ. սեպտեմբեր. ԱՄՆ այցը Վազգենին մտահոգել էր ևս մեկ խնդրով։ Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիրավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ մարդկանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ մարդիկ, որոնցից մեկը պարտավորվեց ներդնել 200 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտնած ու վախվորած։ Վազգենը սկսել էր թալանաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, բայց այն նույնպես խափանվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալանած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։
14. 1999 թ. հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։ Քո՝ Հայաստանի շահերին վնասող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ ուղղակի հայհոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա, բայց զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բոլորովին չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։ Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գոռոզ ու ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել միայն քծնողներ, խլուրդներ, արժանապատվությունից զուրկ մարդիկ։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ կանխատեսելով, որ դա կբերի խորը հակասությունների հայության երկու հատվածների միջև, ինչին մենք բոլորս ականատես և վնասների, կորուստների կրողներ եղանք։
15. Հոկտեմբերի 27-ին ես ԱԺ-ում էի, երբ դեռ լսվում էին կրակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և անմիջապես զանգեցի քո օգնական Ալիկին՝ հայտնելով, որ այդ տականքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։ Այնուհետև զանգել եմ ևս չորս անգամ, քանի որ դու չէիր գալիս։ Վերջապես եկար երեքուկես ժամ ուշացումով։ Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով.
1. Վախենում էիր, որ Վազգենի թիմը քեզ կոչնչացնի։
2. Սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ժողովուրդը ոճրագործին կհերոսացնի։
3. Սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ուժերի ներգրավումով։
4. Հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգրոհի դահլիճի վրա, կոչնչացնի տականքներին, և դու կունենաս թիմը ոչնչացնելու բոլոր հիմքերը։
5. Հանդիպումդ տականքի հետ ուշացրիր 13 ժամ, որպեսզի նրանք արյունաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար։ Նման հաշվարկ կարող էիր անել միայն դու։
16. Ուշացման այս բոլոր պատճառները եղել են միասնաբար, և դու քո ուշացումով սպանեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևէ մեկի փրկության համար։ ԱԺ գալուց հետո ևս 9 ժամ սպասեցիր ու նոր միայն հանդիպեցիր վիժվածքին։ Ո՞վ էր խաղում զոհերի արյան վրա՝ իմ ցուցա՞կը, թե՞ անձամբ դու։
17. Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։ Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին։
18. «Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են Ռուսաստանից
«Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էրԵլցինի հանձնարարությամբ: Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտանգությունում»: Նորից ստում ես։ Դու ինքդ էիր խնդրել Ելցինին, որ օգնի, բայց դու «Ալֆա» չես տեսել, չես խոսել, չես տեղավորել, քո մարդկանցից ոչ ոք նրանց հետ չի շփվել, որովհետև մենք այդ հնարավորություններդ փակել էինք, նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի ենթակայության տակ և հաջորդ օրը վերադարձել Մոսկվա։ Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գրոհի ԱԺ դահլիճի վրա, ոչնչացնի ոճրագործներին, ձեռի հետ նաև մի քանի ուրիշներին, որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղադրելու էր ռուսներին, և այլևս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու։ Ինչ խոսք, փայլուն ու նորից՝ թրքաբարո պլան էր։
19. ԱԺ գալուց 9 ժամ անց հանդիպեցիր ոճրագործին, ազգի դավաճանին՝ խախտելով նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր կանոնները՝ առանց ձայնագրման և առանց վկայի, բայց քո «դարի ստեղծագործությունում» կա մի պարբերություն, որը, կամ չես կարդացել, կամ չես հասկացել։ «Անսահման ու չիրացված
Հհավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին էր արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «նեխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խանգարում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, և իր համար գլխավոր սպառնալիք էր համարում Վազգեն Սարգսյանին»: Դու սրանով քեզ լրիվ մերկացրել ես՝ որպես նրա համախոհ և կարեկից։ Այս բառերը տվյալ պահին քո հոգեվիճակի արտացոլումն էին։ Դե, իհարկե, Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպառնալիք։ Չեմ բացառում, որ ձեր ջերմ զրույցի ընթացքում ինքդ ես նրան սա առաջարկել՝ որպես ոճրագործության մոտիվ։
20. Հիմա ցուցակի մասին, որը քեզ է հանձնվել կեսգիշերին, ոչ թե երեկոյան ժամը 8-ին, ինչպես դու, սովորականի պես, ստում ես։ Այդ ցուցակը 18 տարի դարձրել ես դրոշ՝ առանց հասկանալու, որ այդ ցուցակով դու ոչ կարող ես արդարանալ, ոչ էլ 27-ում քո անմեղությունը ապացուցել։
Ավելին՝ քեզ ցուցադրում ես որպես միջակություն և ղեկավարելու անընդունակ մարդ։ Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք։ Չգործադրեցինք և սխալվեցինք։ Ինչ վերաբերում է ցուցակում նշված անձանց՝ դրանք բոլորը Վազգենի ամենամտերիմներն են և բարձր որակի մասնագետներ։ Քո նշանակածները տասնապատիկ զիջում էին նրանց մասնագիտական, Հայաստանին մատուցած ծառայությունների, հայրենասիրության և բարոյականության առումով։
21. Բայցևայնպես ՊՆ-ի և դաչայի հանդիպումներից հետո դու համակերպվեցիր այն մտքի հետ, որ հրաժարականը անխուսափելի է, և մեզանից ժամանակ խնդրեցիր, որ թույլ տանք մասնակցես Ստամբուլի վեհաժողովին, վերադառնաս ու հրաժարական տաս։ Մենք համաձայնեցինք՝ սովոր լինելով տրված խոսքին հավատալ։ Չեմ ուզում անդրադառնալ քո նկարագրած շահաբասական մուտքին ՊՆ, որը հիմնավորապես սուտ է, ախր մարդը պետք է գոնե մի քիչ ամոթ ունենա։ Դու գնացիր Ստամբուլ, քո ստորագրությունը դրեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ, վերադարձար ու գործի դրեցիր քո ամենասիրած կանոնը՝«բաժանիր, որ տիրես», որին դու տիրապետում ես կատարելապես։ Մի քանիսին գեներալական կոչում տվեցիր, մյուսներին՝ պաշտոններ, խոստումներ, և քեզ հաջողվեց մարտի դաշտում կայացած վազգենական կուռ թիմը ջլատել, պառակտել, ոչնչացնել և հրաժարականի հարցը օրակարգից հանել՝ օգտվելով հարթված, քո կողմից մշտապես օգտագործված խարդախության, խաբեբայության թրքաբարո ճանապարհը։ Հետաքրքիր է՝ այս մասին Նոբելյան մրցանակի հավակնող «գրքումդ» գրե՞լ ես։
22. Հիմա ևս մեկ մեջբերում քո ստեղծագործական մտքի փայլատակումից. «Ի դեպ, Շիրխանյանի մասին
Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Եթե դա եղել է քո համոզմունքը.
1. Ինչո՞ւ մեկ տարում երեք անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, ընդ որում՝ երկու անգամ, երբ Վազգենը արդեն չկար։ Այդքան խիզախություն, տղամարդկություն չունեի՞ր, գոնե մեկ անգամ ձեռդ խփեիր սեղանին ու հրաժարվեիր ինձ նախարար-փոխվարչապետ նշանակելուց։ Փոխարենը՝ թիկունքից, Վազգենի ականջին բամբասում էիր, հա՞։ Հիմա ո՞վ է բանսարկուն և խաբեբան։
2. Եթե ես սահմանից հեռու եմ եղել 100 կամ 50 կմ, իմ՝ Արցախում եղած գյուղերի մեկ տոկոսի չափով դու եղե՞լ ես Հայաստանի սահմանամերձ գյուղերում, թե՞ դու մինչև հիմա չես հասկացել, որ կոնֆլիկտը նախևառաջ հայ-ադրբեջանական էր, և Նոյեմբերյանից մինչև Մեղրի, բոլոր սահմանամերձ գյուղերը Ադրբեջանի կողմից թիրախավորված էին, գնդակոծվում և ռմբակոծվում էին։
3. Ինչո՞ւ էիր Ստեփանակերտում վազվզում ինձ պատշաճ հյուրասիրելու համար, սեղանին ճոռո կենացներ ասում։
Ընդհանրապես, քո գործը և խոսքը երբևէ համատեղվե՞լ են։
23. 1999թ. դեկտեմբեր. ԵԿՄ համագումարի իմ ելույթում ասացի, որ իշխանության վստահության լիմիտը սպառվել է, և անհրաժեշտ է անցկացնել նախագահական նոր ընտրություններ։ Դահլիճը ողջունեց ծափահարություններով։ Դու և Սերժը խուճապի մեջ էիք, գուցե դա է՞լ էր բանսարկություն։
Հիմա դու ասում ես, որ վերադառնում ես քաղաքականություն։ Գալիս ես Մեղրին թուրքերին հանձնելո՞ւ, ազատագրված հողերը նախկին շեֆերիդ հանձնելո՞ւ, Թիֆլիսում հայտարարելու, որ Հայաստանը Ջավախքում ոչ մի խնդիր չունի՞, թե՞ թալանդ շարունակելու։ Իսկ ո՞վ է քեզ սպասում։ Դու այդպես էլ չհասկացար, որ հայաստանցիները քեզ ատում են, Սփյուռքը՝ նույնպես։ Մի՞թե 10 տարում ոչ մի անգամ չզգացիր, որ դու քո տեղում չես, որ դու ծիծաղելի ես նախագահի դերում։ Հիմա դու պետք է ժողովրդին ասեիր հետևյալը՝ ներեցեք, հայեր, շանտղություն եմ արել, ձեզ թալանելով՝ միլիարդներ եմ կուտակել, շատ վնասներ եմ պատճառել ձեզ, հիմա, ինչքանը որ մնացել է, բերել եմ հետ տամ ձեզ, եթե կարող եք, ներեցեք ինձ։ Եթե հայ ես, սա պետք է անես։ Հեչ անհարմար չե՞ս զգում, որ քո և Սերժի փոխարեն Փաշինյանն է ժողովրդից ներողություն խնդրում, մի մարդ, որը ոչ սպանել է, ոչ թալանել է, ոչ էլ կեղծել է, իսկ դու և Սերժը երեսներդ պադոշ դարձրած՝ նորից իշխանության եք ձգտում։
Առայժմ այսքանը, կսպասեմ Մյունխհաուզենի նոր սխրագործությունների հրապարակմանը։
aniarc.am/2019/03/20/vahan-shirkhanyan-robert-kocharyan-open-letter-march-2019/?