20 ՄԱՐՏ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ – ԱՇԽԱՐՀ:
Կարեն Մկրտչյանը, Սևան Արթինը և Մհեր Ծատուրյանը ծնվել և երկար տարիներ ապրել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ժամանակի ընթացքում Կարեն Մկրտչյանը բնակություն է հաստատել Կանադայում, Սևան Արթինը՝ Անգլիայում, Լիբանանում մնացել է ընկերներից միայն Մհերը: Այսօր, սակայն, նրանք տեղափոխվել ու բնակություն են հաստատել Հայաստանում: Նրանց միավորել է արևելյան հացամթերքի՝ առայժմ փոքրիկ «Գոլդեն բեյքրի» («Golden Bakery») արտադրամասը, որը նրանք միասին հիմնել են Երևանում:
Կարեն Մկրտչյանը «Ռիվիերա Կապիտալ» («Riviera Capital») ներդրումային ընկերության հիմնադիրն է: Վերջինիս նպատակը Հայաստանում ներդրումները քաջալերելն է: «Հայաստանում նախագծեր կամ հետաքրքիր ներդրումային ծրագրեր գտնելով (որոնք, մեր կարծիքով, գրավիչ կարող են լինել) և «փաթեթավորելով»՝ ներկայացնում ենք ներդրողներին: Եթե հավանության է արժանանում, հետագայում, արդեն, մենք դա կառավարում ենք, ընդհանուր վերահսկողություն իրականացնում՝ վստահանալով, որ ներդրողի գումարը ճիշտ ձևով է կառավարվում, չի փոշիանում: Այս իմաստով, դառնում ենք ներդրողի աչքն ու ականջը երկրում: Հույս ունենք, որ մեր աշխատանքը կքաջալերի, որպեսզի հավելյալ ներդրումներ կատարվեն: «Գոլդեն բեյքրի»-ին ընկերության առաջին նախագիծն է: Ունենք նաև այլ ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են»,-հետ զրույցում նշում է Կարեն Մկրտչյանը:
Հարցին՝ ինչո՞ւ որշեցին ներդրողներ գտնել արևելյան հացամթերք արտադրող ընկերության համար, Կարեն Մկրտչյանը պատասխանում է. «Մեծացել եմ Լիբանանում, 20 տարի ապրել եմ Կանադայում, արդեն 3 տարի է՝ տեղափոխվել եմ Հայաստան: Այս հացը լավ եմ ճանաչում: Գործընկերներս նույնպես Լիբանանից են: Հասկացանք, որ Հայաստանում այս հացատեսակի որակավոր տարբերակը չկա, իսկ շուկայում պահանջարկ կա: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցինք ճիշտ ձևով ձեռնարկել այս գործը: Այս ամենի արդյունքում Մհերն իր ընտանիքով տեղափոխվեց Հայաստան: Իրականում արևելյան հացի արտադրամաս հիմնելու գաղափարը հենց նրանն է: Մեր ընկերությունն օգնեց, որ այն իրագործենք: Մեր մյուս ընկերը՝ Սևան Արթինը, Անգլիայում լոնդոնյան բանկերից մեկի Միջին Արևելյան մասի տնօրեն էր և ուներ կապեր միջինարևելյան ներդրողների հետ: Ինքն էլ իր դերը խաղաց այս գործում այն իմաստով, որ ԱՄԷ-ից ներդրող գտավ: Նրանք ցանկանում են ավելի մեծ ներդրումներ կատարել Հայաստանում: Սա առաջին փորձն է: Հույս ունենք, որ թե´ իրենք, թե´ իրենց մյուս գործընկերները կքաջալերվեն՝ հավելյալ ներդրումներ կատարելու Հայաստանում»:
Թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվեց ««Գոլդեն բեյքրի»-ին: Արդյունքում, և´ Մհերը, և´ Սևանը տեղափոխվեցին Հայաստան:
«Սևանը ծնունդով Լիբանանից է, սակայն Լոնդոնում է ապրել մոտ 20 տարի: Նա ներդրողի ներկայացուցիչն է և ««Գոլդեն բեյքրի»-ի գործադիր տնօրենը: Կարծում եմ՝ մեծ հաջողությունների կհասնենք: Հետաքրքիրն այն է, որ երեքս միմյանց ճանաչում էինք, սակայն տարբեր երկրներում էինք ապրում, այսօր, սակայն, միավորվեցինք Հայաստանում»,-նշում է Կարեն Մկրտչյանը:
Մհեր Ծատուրյանը «Գոլդեն բեյքրի»-ի ընդհանուր կառավարիչն է: Նա 8 տարի հացամթերք արտադրող լիբանանյան ամենամեծ ընկերության տնօրենների խորհրդում է աշխատել: Այսօր որոշել է կուտակած փորձը հայրենիքում կիրառել: «Մտածեցի իրականացնել Հայաստանում այն պարզ պատճառով, որ այսօր շատ մարդիկ կան, որոնք ցանկություն ունեն այս հացն օգտագործել: Այն ո´չ միայն Մերձավոր Արևելքի երկրներում ապրող հայերին է ծանոթ, այլև հատուկ է Արաբական երկրներին: Հացամթերքը, որն այսօր մենք արտադրում ենք, կոչվում է պիտա, որը մենք արաբական հաց ենք անվանում: Կանադայում, Ամերիկայում, Ֆրանսիայում, անգամ Ավստրալիայում, կա այս հացատեսակը»,- պատմում է Մհեր Ծատուրյանը և հավելում՝ գաղափարը Կարենին է ներկայացրել, որն էլ հավանել ու ներդրողներ է գտել: Ինքն էլ սեպտեմբերին եկել ու հաստատվել է Հայաստանում, թեև տնտանիքը մոտ 2 տարի՝ այստեղ է:
«Հայաստանյան կյանքը, լիբանանյանի համեմատությամբ, շատ հանդարտ է, ամենօրյա սթրես չկա, հեզասահ է: Մենք Լիբանանում վարժվել ենք ավելի արագ տեմպի: Նախապատրաստական աշխատանքներից հետո փետրվարի 19-ին սկսեցինք առաջին արտադրությունն արդեն վաճառքի նպատակով: Առաքում ենք երևանյան մի քանի մեծ ու փոքր խանութներ՝ SAS, Carrefour և այլն, ռեստորաններ: Արդեն բավականին գնորդներ ունենք: Բոլորը շատ գոհ են մեր հացի որակից: Մենք էլ աշխատում ենք շատ զգույշ լինել, բարեխիղճ աշխատել, որպեսզի մեր գնորդների վստահությունը չկորցնենք: Այս պահին 6 աշխատող ունենք արտադրամասում, առաջիկայում թիվը կավելանաս և մենք հնարավորություն կունենանք մեծացնել արտադրանքի ծավալը»,-ասաց Մհեր Ծատուրյանը:
Գաղափարը կյանքի կոչելու ընթացքում եղել են դժվարություններ, սակայն, ինչպես նշում է Մհերը, կարողացել են հաղթահարել. «Դեռ սեպտեմբերին պետք է սկսեինք մեր աշխատանքը: Սակայն նորոգություններ կատարելիս՝ գործը շատ ուշացավ: Հայաստանում, ճիշտ է, շատ լավ աշխատողներ կան, բայց հակառակն էլ կա: Մարդիկ պետք է ավելի արագ լինեն, աշխատանքի նկատմամբ մտայնությունը պետք է փոխվի, աշխատողը պետք է ավելի պատասխանատու լինի իր կատարած աշխատանքի համար»:
«Գոլդեն բեյքրի»-ի նպատակը ո´չ միայն արևելյան հացամթերք նախընտրող մարդկանց պահանջարկը գոհացնելն է, այլև Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը. «Հույս ունենք մեր այս քայլով քաջալերել մեր այն ընկերներին, որոնք կարող են գալ Հայաստան և ներդրումներ անել, գործ հիմնել, աշխատատեղեր ստեղծել: Այդ քայլով նրանք մեծ օգուտ կտան Հայաստանին: Սեպտեմբերին, երբ արտադրամասի համար տարածք էինք փնտրում, տեսանք, թե որքան շատ կիսաքանդ գործարաններ կան, որոնք տարիներ ի վեր անգործության են մատնվել այն դեպքում, երբ ժամանակին գործուն արտադրամասեր են եղել: Իսկ նման գործարաններին նոր կյանք տալով՝ մեծ օգուտ կարող ենք տալ մեր երկրին, հետևաբար, ինչու պարապուրդի մատնել այդ ամենը»,-նշում է Մհեր Ծատուրյանը:
Արդեն մեկ ամիս է՝ «Գոլդեն բեյքրի» արևելյան հացամթերքի արտադրամասը սկսել է իր արտադրանքը՝ փորձելով կայուն տեղ զբաղեցնել շուկայում: Ընկերությունը նպատակ ունի արտադրանքը նաև մարզեր առաքել: Գյումրիից, արդեն, հետաքրքրված են հացատեսակով: Ծրագրում են նաև Հայաստանից դուրս արտահանել: Ժամանակի ընթացքում այլ հացատեսակներ ևս կսկսեն արտադրել: Հետաքրքրիր շատ գաղափարներ կան, և «Գոլդեն բեյքրի»-ի պատասխանատուները հուսով են՝ մոտ ապագայում կկարողանան իրկանացնել:
Լուսինե Աբրահամյան
hayernaysor.am/archives/306206?