«Հայաստանում չեն ճանաչում սփիւռքը». Եւրոպայի հայերի համագումարի նախագահ Կարօ Յակոբեան

Հարցազրոյց – Աննա Զախարեան / azadkhosk /

Եւրոպայի հայերի համագումարի նախագահ Կարօ Յակոբեանը կարծում է, որ սփիւռքի 95 տոկոսը այս կամ այն պատճառով որեւէ մասնակցութիւն չունի սփիւռքի ու Հայաստանի կեանքին՝ պարփակուած լինելով ինքն իր մէջ: Նա կարծում է, որ Սփիւռքի նախարարութեան փոխարէն ստեղծուելիք կառոյցի հիմնական նպատակներից մէկը պէտք է լինի այդ մարդկանց հետ համագործակցութիւնը: Կարօ Յակոբեանի հետ մեր զրոյցը՝ ստորեւ.

– Պարոն Յակոբեան, Դուք պարբերաբար լինում էք Հայաստանում: Այս անգամ որն է այցելութեան նպատակը, եթէ, իհարկէ, անձնական չէ:

– Յաճախ եմ գալիս Հայաստան, տարին մի քանի անգամ: Բայց այս անգամ մի քիչ աւելի երկար եմ մնալու եւ հիմնականում նպատակը այն է, որ կազմակերպութեան կողմից այստեղ կան աշխատանքներ, որոնք կարելի է շարունակել՝ Սփիւռք-Հայաստան կապերի ամրապնդմանն ուղղուած հանդիպումներ եւ այլն: Անցեալ անգամ, երբ որ եկայ Հայաստան, մի քանի անգամ հանդիպեցի կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի հետ, եւ նկատի ունենալով իմ մասնագիտութիւնը տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, շուետական կրթական շրջանակներում երկարամեայ փորձը, որ ունէի, ցանկութիւն յայտնեցի փոխանցել այստեղ: Եւ հասանք այն եզրակացութեան, որ լաւ կը լինէր աւագ դպրոցների այն ուսուցիչների համար, ովքեր դասաւանդում են տուեալ առարկան, վերապատրաստման կուրսեր կազմակերպել: Ծրագիր ունեմ: Հիմա սպասում եմ: Սա առաջին քայլն է: Յետոյ կարելի է այս ծրագիրը ընդլայնել: Յաջորդ շաբաթուանից մտածեցի Արտաշատի աւագ դպրոցում աշակերտներին սովորեցնել ծրագրաւորոմ, վեբ դիզայն եւ այլն, ըստ իրենց ցանկութեան: Սա աւելի շատ անձնական ձեռնարկ է, որովհետեւ երբ նայեցի հանրակրթութեան համապատասխան ծրագրերը, տեսայ, որ բաւական աշխատանքի անհրաժեշտութիւն կայ: Ծրագրերը շատ հնացած են, լրիւ բարեփոխման կարիք կայ, այս ուղղութեամբ հարկաւոր է աշխատանք տանել, մանաւանդ նկատի ունենալով ԿԳ նախարարութեան հիմնական նպատակադրումները կամ ընդհանրապէս երկրում ՏՏ ոլորտի զարգացումը: Թումոն կայ, շատ լաւ է, բայց հանրակրթութիւնը ուրիշ է: Ամբողջ երկրով մէկ պէտք է տարածուի:

– Կառավարութիւնը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայ ուղղութիւններից մէկը: Դուք, որպէս մասնագէտ, նոյնպէ՞ս տեսնում էք այդ պոտենցիալը: Նպատակը իրատեսակա՞ն է, ըստ ձեզ:

– Շատ լաւ պոտենցիալ կայ: Վերապատրաստումը որ սկսուի, առաջին փուլում կ’ընդգրկուի 20-25 ուսուցիչ: Յետոյ նրանց միջից կարելի է ընտրել 5-ին, որոնք իրենք կարող են շարունակել: Ցանցային կերպով շատ կարճ Ժամանակում հնարաւոր կը լինի ամբողջ ուսուցիչներին վերապատասրատել եւ տարածել կրթական համակարգում: Համալսարանի իւրաքանչիւր ճիւղ կարիք ունի ՏՏ-ի, ծրագրաւորման, առանց ծրագրաւորման հնարաւոր չէ: Եւ եթէ այդ արմատը ունենանք, այն ժամանակ դիւրին կը լինի նաեւ համալսարանում: Հնարաւոր էր համալսարանում դասաւանդել ուսանողներին, բայց դա կը դառնայ միայն այդ խմբի հարցը, իսկ այս պարագայում առաւել նպատակայարամար էր այս գիտութիւնը տարածել դպրոցական շրջանում, հիմք դնել այդտեղ:

– Պարոն Յակոբեան, երբ յեղափոխութիւնից յետոյ պարզ դարձաւ, որ իշխանութիւնները մտադիր են լուծարել սփիւռքի նախարարութիւնը, բողոքի ալիք բարձրացաւ, չնայած նախարարութեան ստեղծումն էլ դժգոհութիւնների տեղիք էր տուել: Ձեր դիտարկումներով, սփիւռքի հետ յարաբերութիւններում նախարարութեան առկայութիւնը իսկապէ՞ս սկզբունքային նշանակութիւն ունի եւ ինչքանո՞վ է ընդունելի վարչապետի յայտարարութիւնը, որ վարչապետի աշխատակազմը կ’ունենայ սփիւռքի գծով յատուկ յանձնարարութիւնների դեսպան:

– Այս հարցին պատասխան տալու համար հարկաւոր է նախ խօսել մտածուած եւ յետոյ համակողմանի, որպէսզի թիւրիմացութիւնների առիթ չտայ, եւ մարդը իմանայ իսկապես ինչը ինչոց է: Մեր կարծիքով, երբ յեղափոխութիւնից յետոյ խօսուեց նոր Հայաստանի մասին, պիտի նաեւ լինի նոր սփիւռք: Նոր Հայաստան, նոր սփիւռք: Մենք սեպտեմբերին ունեցանք Եւրոպայի մակարդակով (գուցէ եւ ամբոջ սփիւռքի մէջ) առաջին համաժողովը, որին մասնակցեցին Եւրոպայի 10-12 երկրներից ներկայացուցիչներ, խորհրդակցեցինք՝ ինչն է մեր նպատակը, ինչ կարող ենք անել այս ուղղութեամբ: Այսինքն՝ այդ աշխատանքը մենք սկսեցինք՝ նոր որակ տալու Հայաստան եւ Սփիւռք կապերին: Խնդիրը այստեղ այնքան ձեւը չէր, որքան որակը: Եւ այս առումով հսկայական փոփոխութիւններ պէտք է լինէին նաեւ Սփիւռքում: Եւ սփիւռք-Հայաստան այս կապերի մէջ պիտի նայել նախարարութեան տասը տարիների աշխատանքը, արդիւնքը տեսնել, եւ տեսնել, թէ ինչ կառոյց պէտք է ունենալ ապագայում ու ինչ բովանդակութիւն: Իրականութիւնը այն է, որ սփիւռքի նախարարութիւնը չարդարացրեց սպասելիքները: Թէպէտեւ մշակութային գետնում, հայապահպանման գետնում բաւականին դրական աշխատանքներ կատարեցին, բայց դա սփիւռքի նախարարութեան ֆունկցիա չէ: Նախարարութիւնը պիտի ունենայ իր իւրայատուկ ֆունկցիան, բովանդակութիւնը եւ այլն: Ընդհանրապէս բոլոր փոփոխութիւնների վերաբերեալ կայ երկու մօտեցում՝ մէկը պահպանողական, մէկը՝ զարգացում, փոփոխութիւն, ռեֆորմ կատարելու: Եւ սա արդէն քաղաքական բնոյթ ունի: Կուսակցութիւնները (Դաշնակցութիւնն աւելի շատ, Հնչակեանը եւ Ռամկավարը՝ ոչ այդքան), եկեղեցին, այն կառոյցներն են, որ ընդհանրապէս փոփոխութեանը դէմ են: Արամ կաթողիկոսը անցեալ օրն էր ասում՝ ի՞նչ նոր Հայաստանի մասին է խօսքը. Հայաստանը մէկ է: Մարդը բովանդակութիւնը չի նայում՝ նոր Հայաստան ասելով ինչ ենք հասկանում: Նոր Հայաստան ասելով նկատի ունենք բովանդակութիւնը՝ ինչ հեռանկարներ կան տնտեսական, քաղաքական միջավայրում: Իսկ եթէ նոր Հայաստան չպիտի լինի, նոր սփիւռք էլ իմաստ չունի, սփիւռքը պիտի մնայ նոյն կերպով: Այս առումով մեր մօտեցումը միշտ եղել է, որ հիմնականում կարեւորը որեւէ կառոյցի գոյութիւնն է: Եւ կառավարութեան ծրագրերի մէջ չկար սփիւռքի նկատմամբ անտեսում, այլ ընդհակառակը խորքային մօտեցում էր: Այս առումով մեզ համար այն չէ, որ մենք զգացմունքային կերպով ասենք՝ վայ նախարարութիւնը վերանում է: Ասացի, Սփիւռքի նախարարութիւնը նախարարութեան ֆունկցիա չէր պարունակում իր մէջ: Սա է խնդիրը, չեմ ուզում աւելի խորանալ:

Նոր կառոյցը պէտք է լինի աւելի գործունեայ: Իհարկէ հարկաւոր է նախքան այդ կառոյցի ստեղծումը խորհդրակցութիւն լինի սփիւռքի տարբեր մարմինների հետ: Ասւում է սփիւռքի հիմնական ներկայացուցիչների հետ պէտք է խօսուի: Բայց հիմնական ներկայացուցիչ ասելով ինչ ենք հասկանում: Չպիտի մենք անտեսենք որեւէ կառոյց, որեւէ կազմակերպութիւն, որեւէ նոյնիսկ անհատ, որ հետաքրքրուած է եղել: Հնարաւոր չէ բոլորի հետ խորհրդակցութիւն ունենալ, բայց կարելի է հանրային դարձնել այս հարցը: Այս փոխյարաբերութիւնները պիտի մեր կարծիքով ունենան համընդհանուր բնոյթ, ոչ միակողմանի, ինչպէս անցեալում է եղել: Կարելի է ասել 95 տոկոս հայութիւնը ընդհանրապէս որեւէ կազմակերպութեան հետ կապ չունի, այս 95 տոկոսը անտեսուած ուժ է: Դրա պատճառները տարբեր են եղել: Նոր կառոյցի նպատակը պէտք է լինի այդ 95 տոկոսը: Երբ որ խօսւում է սփիւռքի պոտենցիալի մասին՝ տնտեսական, գիտական, կրթական, այս 95 տոկոսի մօտ է իրականում: Եւ եթէ իշխանութիւնը, կառավարութիւնը սփիւռքի կառոյցները կարողանան այս սփիւռքի մի որոշակի զգալի մասը ներգրաւել ազգային գործի մէջ, մենք ազգային առումով յաջողութիւն կ’ունենանք:

– Նախադրեալներ տեսնո՞ւմ էք, որ դա կը յաջողուի:

– Այո, այսիքն՝ մենք պիտի նայենք՝ այս բոլորին ներգրաւելու համար ինչ միջոցներ են հարկաւոր եւ ինչ գործողութիւններ պիտի կատարուին: Առաջին հերթին պէտք է ճանաչել սփիւռքը: Ցաւօք Հայատանի մէջ չեն ճանաչում սփիւռքը: Մի մասը գուցէ պատճառը այն է, որ այդ կապերը այնպէս են եղել, որ սխալ մօտեցում ունենան սփիւռքի կառոյցների մասին, մի մասն էլ այն է, որ սփիւռքում նաեւ ինքնաճանաչման հարցը այնպէս չէ դրուած: …Այսպիսի մի խնդիր կայ, թէ ինչու է սփիւռքը այսքան ցրիւ, հակասութիւններ կան եւ այլն: Կայ դպրոց, կայ մամուլ, կայ եկեղեցի: Եւ կան կուսակցութիւններ: Աւանդակա՛ն, այս բառը գործածենք: Կուսակցութիւնները սփիւռքում իրենց բնական, քաղաքական աշխատանքի միջավայրը կորցրին: Կուսակցութիւնների հիմնական նպատակն է հասնել իշխանութեան՝ իրագործելու իրենց քաղաքական նպատակները: Երբ որ այդ կառոյցները կորցնում են իրենց երկիրը, աշխատելու վայրը, գոյութիւնը պահելու համար պիտի զբաղուեն մշակոյթով, դպրոցով, եկեղեցով, եւ առաջանում է ազգային-հասարակական կառոյցների կուսակցականացում: Երբ որ ադպէս է լինում, այստեղից առաջանում են բախումները, նախանձը, տարաձայնութիւնները, մրցակցութիւնը: Եւ ունենք այն, ինչ ունենք: Հիմքը սա է: Կուսակցութիւնները պատրաստ չեն փոխելու իրենց մենաշնորհ ձեւը: Հայաստանի մէջ վերացել կամ վերանում է մենաշնորհը: Սփիւռքում էլ պիտի վերանայ: Այս իրականութիւնը փոխելու համար ամէնից կարեւոր գրաւականը Հայաստանի, յեղափոխակա՛ն Հայաստանի ներգործութիւնն է, որին մարդիկ արդէն վստահում են: Հայաստանն այն ուժն է, որ այդ հնարաւորութիւնը ունի աջակից լինելու սփիւռքի բոլոր ուժերին՝ կուսակցութիւններից սկսած մինչեւ եկեղեցի, որպէսզի կարողանայ համախմբուել: Սփիւռքի այս նոր կառոյցը պիտի այդ ուղղութեամբ աշխատի: Եթէ նպատակը լինի դա, հսկայական ալիք կը ստեղծի սփիւռքի մէջ: Մարդիկ սպասողական վիճակի մէջ են, չգիտեն ինչ անեն, ում հետ կապուեն, ում հետ չկապուեն, ինչ հնարաւորութիւններ կան: Եթէ Հայաստանի իշխանութիւնների աջակցութիւնը չլինի, շատ դժուար է:

azadkhosk.com/hartsazerouyts8901.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail