25 ՄԱՐՏ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԹՈՒՐՔԻԱ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Ադրբեջանը վերցնում է Կարսն ու Իգդիրը. նպատակը նույնն է՝ Հայաստանը խեղդել տնտեսական շրջափակման մեջ
1921 թ. մարտի 16-ի ռուս–թուրքական «ավազակային գործարքի» կնքումից գրեթե 100 տարի անց պատմության արձագանքները տակավին շատպարզորոշ են լսվում։ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ առնել այդ պայմանագրով ՀայաստանիՀանրապետությունից օտարված Կարսն ու Իգդիրը և նախադրյալներ ստեղծել Հայաստանի շուրջ թուրք–ադրբեջանական օղակը սեղմելու համար։
Այս օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ստորագրված տխրահռչակ պայմանագրի շուրջ քննարկումները։ Այս «ավազակային գործարքով» (բնորոշումը ականավոր հայ պատմաբան, երջանկահիշատակ Բաբկեն Հարությունյանինն է) ամրագրվեց Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության Կարսի մարզի և Սուրմալուի գավառի բռնազավթումը, ինչպես նաև Նախիջևանի բռնակցումը խորհրդային Ադրբեջանին՝ Թուրքիայի և Ռուսաստանի խնամակալության ներքո։ Ու մինչ Հայաստանում որոշ լրատվական, փորձագիտական և քաղաքական շրջանակներ բարձրաձայնում են այս փաստաթղթի և դրա հիման վրա ավելի ուշ (1921 թ. հոկտեմբերի 13-ին) ստորագրված Կարսի պայմանագրի անօրինականության և դրանց չեղարկման անհրաժեշտության մասին, Թուրքիայի «կրտսեր եղբայրը»՝ Հայաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ գտնվող հարևան Ադրբեջանը այդ նույն տարածքներում հետևողական քաղաքականությամբ ուժեղացնում է իր ազդեցությունը՝ ըստ երևույթին հետապնդելով Հայաստանի շրջափակումը խորացնելու հեռահար ծրագիրը։
Թուրք–ադրբեջանական փոխշահավետ գործարք
Թուրքական “Gazeteduvar” լրատվական կայքը գրել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանից պահանջել է Հայաստանի հետ սահմանակից նահանգները հանձնել ազգայնական ուժերին «հայամետ» քրդական ուժերին հաղթելու հնարավորությունից զրկելու համար։ Թուրքիայում այս ամսվա վերջին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, և ինչպես թուրքական լրատվամիջոցն է նշում է՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Կարսում և Իգդիրում թեկնածուներ չի առաջադրելու, այլ պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) թեկնածուներին։
Հարցին իր վերջին հարցազրույցում անդրադարձել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ ասելով, որ Հայաստանին սահմանակից թուրքական նահանգներում իրականացվող այս քաղաքականությունն իրականում փոխշահավետ համագործակցություն է Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Թուրքիային պետք է ամեն կերպ չեզոքացնել քրդական վտանգը, որպեսզի քրդերն իշխանություն չստանան տեղական ինքնակառավարման մարմիններում և չկարողանան թեկուզ տեղական մակարդակով իրենց հուզող հարցեր բարձրացնել։ Եվ այդ խնդիրը լուծվում է այս շրջանները ադրբեջանական բնակչությամբ վերաբնակեցնելու և ՏԻՄ-երը ադրբեջանամետ ուժերին հանձնելու միջոցով։ Ադրբեջանցիներն էլ, բնակչության մեծամասնությունը չկազմելով, իրենց ձեռքում են պահում ՏԻՄ-երը, և բնականաբար, այդ քաղաքներն ու նահանգները դառնում են Ադրբեջանի քարոզչական և այլ քաղաքականության համար հենարաններ։
Թուրքական բարդույթ՝ «հայկական բաղադրիչի» նկատմամբ
Թուրքագետը մի քանի հանգամանք է առանձնացրել խնդրի էությունը ավելի լավ բացատրելու համար։ Նախ, ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում գերքաղաքականացված բնույթ ունեն և էականորեն տարբերվում են այլ երկրներում տեղի ունեցող համանման ընտրություններից։ ՏԻՄ ընտրությունները վերջին 2-3 տասնամյակներին շատ կարևոր դեր են խաղացել ներքաղաքական պայքարում։ Չմոռանանք, որ նույն Էրդողանը քաղաքականություն է մտել ՏԻՄ ընտրություններով՝ պայքարելով թաղապետի պաշտոնի համար, ընտրվելով Ստամբուլի քաղաքապետ և այլն։
Մյուս կարևոր հանգամանքը «հայկական բաղադրիչն» է Հայաստանին սահմանակից նահանգներում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների և մարզկենտրոններում քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Մելքոնյանի խոսքերով՝ դա ևս մի «զգայուն կետ» է, որը գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել։ Օրինակ, անցած, նախանցած ընտրություններին, երբ Իգդիրում և այլ հատվածներում հաղթեցին քրդամետ ուժերը, դա դարձավ համապետական քննարկման նյութ. «Ձևակերպումը հետևյալն էր՝ անվտանգության խնդիր է, որ քրդերը հասան հայկական սահման, որ հայ-թուրքական սահմանն արդեն գտնվում է անվստահելի ձեռքերում և այլն։ Այսինքն` այստեղ կա, եթե կարելի է ասել, նաև պետական որոշակի կոմպլեքս»։
Կարսի ադրբեջանցի քաղաքապետն է քանդել տվել Չարենցի տունը
Մյուս բաղադրիչն այն է, որ այս տարածքներում քրդական հոծ բնակչությունը անհանգստացնում է Թուրքիայի կենտրոնական իշխանություններին, ուստի այստեղ սիստեմատիկ կերպով վերաբնակեցում է իրականացվում, ավելացվում է ադրբեջանական բնակչության թիվը, ու փաստորեն հայ-թուրքական սահմանին ավելանում է «ադրբեջանական կոմպոնենտը», ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ տուրիստական խմբերի պարագայում, թե՛ ևս մեկ սահմանային կետով մեզ շրջապատելով ադրբեջանցիներով։ Օրինակ՝ Կարսի քաղաքապետը ադրբեջանցի է և դրա հետևանքն այն է, որ Կարսի պատմական հայկական շենքերը արդեն տևական ժամանակ է՝ քանդվում են։
«Եվ Չարենցի տան քանդումն էլ հենց այդ համատեքստում կարող ենք ընկալել»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը՝ ավելացնելով, որ հիմա Կարսը փաստորեն դառնում է ադրբեջանական վերահսկողության քաղաք, ինչը նշանակում է քաղաքի հայկական նկարագրի վերացում, Հայաստանի անմիջական սահմանին ագրեսիվ օջախների առկայություն։ Եվ նույնը կարող ենք ասել Իգդիրի պարագայում։
Փոխադարձ «լավություն»
Թուրքիայի քաղաքական հարցերի մեկ այլ հայաստանցի մասնագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) Ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը բավական բարձր է գնահատում թուրքական մամուլի հրապարակած այդ տեղեկության հավանականությունը, ըստ որի՝ Էրդողանը, ընդառաջելով Ալիևի խնդրանքին, Կարսի և Իգդիրի նահանգները, ըստ էության, զիջել է Ազգայնական շարժում կուսակցությանը։ Եվ եթե դա իրոք այդպես է, ապա Էրդողանի կողմից Ալիևի այդ խնդրանքը բավարարելու հարցում կարևոր դեր է խաղացել այն հանգամանքը, որ Ալիևն էլ իր հերթին նախորդ տարի բավարարել էր Էրդողանի խնդրանքը՝ Անդրանատոլիական (TANAP) գազատարի բացումն իրականացնելով նախատեսված ժամկետից ավելի շուտ՝ 2018 թ․ հունիսի 12-ին, այսինքն` հունիսի 24-ին Թուրքիայում նշանակված արտահերթ խորհրդարանական ու նախագահական չափազանց կարևոր ընտրություններից առաջ։ Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նախագահն այդպիսով նպաստել է Էրդողանի իմիջի բարձրացմանը և հավելյալ քվեներ ստանալուն։ Էրդողանը, բնականաբար, նաև հաշվի է առնում տնտեսական այն մեծ օգուտները, որոնք Թուրքիան ստանում է Ադրբեջանի հետ համագործակցությունից։
Քրդական ու ներքաղաքական գործոններ
Գաբրիելյանը ևս այս համատեքստում կարևորում է քրդական գործոնը. «Էրդողանի կողմից Ալիևի խնդրանքի ընդունման մյուս պատճառը կարող է լինել քրդական գործոնը։ Թե՛ ԱԶԿ-ը, թե՛ ԱՇԿ-ը (և անգամ ազգայնական ուղղվածությամբ ընդդիմադիր Լավ կուսակցությունը), թե՛ Ադրբեջանը մտահոգ են Կարսի, Իգդիրի և հարակից նահանգներում քրդերի գործոնի աճի կապակցությամբ։ 2014 թ․ ՏԻՄ ընտրություններից սկսած՝ քրդերը տարբեր տիպի ընտրություններում շարունակ հաղթում են Իգդիրում, երբեմն նաև Կարսում։ Սա մտահոգում է նաև Ադրբեջանին, որը որոշակի ազդեցություն ունի Կարսում ու Իգդիրում և հուսով է, որ այն կարող է մեծացվել, եթե Կարսում ու Իգդիրում հաղթեն ոչ թե քուրդ, այլ ազգայնամոլ թեկնածուները։ Բացի դրանից՝ վերջին շրջանում հաճախակիացել են Կարսի ու Իգդիրի նահանգներում և ընդհանրապես տվյալ տարածաշրջանում քրդերի ու ադրբեջանցիների բախումների մասին լուրերը, և քրդերի դերի նվազումը նույնպես բխում է Ադրբեջանի շահերից»։
Կան նաև Թուրքիայի ներքաղաքական որոշ հանգամանքներ։ ՄԱՀՀԻ Ասոցացված փորձագետի կարծիքով՝ Կարսի ու Իգդիրի (ինչպես նաև Քըրքլարելի) նահանգներում ԱԶԿ-ի կողմից թեկնածուներ չառաջադրելու հարցում իր դերը կարող էր ունենալ նաև այն, որ ԱՇԿ-ն իր հերթին հրաժարվել է թեկնածուներ առաջադրել Թուրքիայի մի շարք նահանգներում՝ հօգուտ ԱԶԿ-ի։
«Նույն Ալիևի խնդրանքով Էրդողանը կարող է նաև վարչական ռեսուրսների չարաշահման դիմել, քանի որ անգամ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության (ԺԴԿ) հանդեպ 2015-ից ուժգնացած հալածանքները չեն երաշխավորում ԱՇԿ թեկնածուների հաղթանակը։ Մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են Թուրքիայի համար. դրանցով ավարտվելու է վերջին ամիսների «ընտրական մարաթոնը», և Թուրքիայում հաստատվելու է 4․5-ամյա ընտրական դադար (արտահերթ ընտրությունների բացակայության դեպքում)»։
Պատուհան Նախիջևանի համար
Հայկ Գաբրիելյանը համաձայն է այն տեսակետին, որ Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից նահանգներում Ադրբեջանի ակտիվությունն ու ադրբեջանական գործոնի ազդեցության ընդլայնումը կարելի է դիտարկել Հայաստանի շրջափակման և Հայաստանի շուրջ օղակը սեղմելու քաղաքականության համատեքստում՝ հաշվի առնելով այն, որ Հայաստան-Թուրքիա սահմանի մեծ մասը բաժին է ընկնում հենց Կարսի ու Իգդիրի նահանգներին։ Ու ինչն է ամենաուշագրավը, որ Մոսկվայի պայմանագրով Թուրքիային միացված հայկական այս երկու շրջանները, որտեղ այսօր աճում է ադրբեջանական ազդեցությունը, կարևոր նշանակություն ունեն նույն պայմանագրով Հայաստանից օտարված և Թուրքիայի «քավորությամբ» Ադրբեջանին միացված Նախիջևանի համար։ Թուրքագետն ասում է, որ ադրբեջանական այս անկլավի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության համար Կարսի ու Իգդիրի նահանգներն, ըստ էության, պատուհան են դեպի Թուրքիայի մնացյալ հատված և այդպիսով՝ դեպի Եվրոպա, ինչպես նաև դեպի «բուն Ադրբեջան»։
Ալիևի գերնպատակը մնում է նույնը
Հայկ Գաբրիելյանը մատնանշում է շատ կոնկրետ գործոններ, թե Կարսում և Իգդիրում Ադրբեջանի ներկայությունն ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի համար։ Ու ստացվում է, որ Բաքուն իր այս ակտիվությամբ նախադրյալներ է ստեղծում հետագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխարգելելու համար։
«Եթե Կարսում ու Իգդիրում հաղթեն ազգայնամոլ թեկնածուները, ապա, բնականաբար, կուժեղացվի ադրբեջանամետ և դրան զուգահեռ հակահայկական և հակաքրդական գործունեությունը։ Լուրջ քայլեր կձեռնարկվեն տարածաշրջանում քրդերի դիրքերի թուլացման, Ադրբեջանի դիրքերի, ադրբեջանական տարրի ուժեղացման (ադրբեջանական բնակչության մեծացման) ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կարող է ազգայնամոլների միջոցով ուժեղացնել իր շահերը Թուրքիայում լոբբինգի ենթարկելը։ Դա կարող է առնչվել ինչպես Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցմանը, այնպես էլ Մեծամորի ատոմակայանի գործունեությունից Իգդիրում բողոքի ակցիաներ կազմակերպելուն, հակահայկական տրամադրություններ բորբոքելուն»։
Եվ վերջապես, եթե Թուրքիայի իշխանությունները հետագայում փորձեն գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ադրբեջանական կողմը, մեր զրուցակցի խոսքերով, կարող է Հայաստանին սահմանակից Կարսի ու Իգդիրի բնակչության շրջանում կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ և այդկերպ նույնպես փորձել հակազդել այդ գործընթացին։
«Ստացվում է, որ Կարսի ու Իգդիրի նահանգներում սեփական դիրքերի ամրապնդումն Ադրբեջանին անհրաժեշտ է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավոր նոր փորձը կանխարգելելու տեսանկյունից։ Այսպիսով, Ադրբեջանը փորձում է սեղմել Հայաստանի շուրջ օղակը, սակայն դեռ վաղ է խոսել Հայաստանի համար այս ամենը որպես ուղղակի կամ անուղղակի սպառնալիք համարելու մասին, հատկապես երբ ՏԻՄ ընտրությունները դեռ չեն էլ կայացել։ Ամեն դեպքում չպետք է աչքաթող անել Իլհամ Ալիևի «թուրքական նախաձեռնությունները», որի գերնպատակը տարիներ ի վեր շարունակում է մնալ նույնը՝ Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ խեղդելը»,- եզրափակեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։
https://www.1in.am/2528883.html
akunq.net/am/?p=65425