Հայաստանը պատերազմ կսկսի, բայց տարածքներ չի զիջի

22 Մարտ 2019 – Հասարակություն:

Արցախյան զարգացումներում նկատվող արագացումները կարծես թե շփոթություն են առաջացրել մեր երկրի քաղաքական եւ փորձագիտական որոշակի շրջանակներում: Եվ, իհարկե, այդ շփոթվածությունն ամենեւին էլ պատահական չէ:

Մենք կշարունակենք այսպիսի շփոթվածության նոպաներ ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասկացել, որ մեր հույսը պետք է դնենք ոչ թե ուրիշների կողմից արված ինչ-որ անորոշ ձեւակերպումների, այլ հստակ ձեւակերպված մեր դիրքորոշումների վրա:

Այս առումով, քանի դեռ բանակցություններից առաջ մեր երկրում ընթացող ներհասարակական քննարկումներում մենք ավելի շատ հոգ կտանենք ոչ թե մեր մոտեցումներըն ավելի հստակ դարձնելու, այլ այն համանախագահների համար ավելի ընդունելի ձեւակերպելու համար, քանի դեռ բուն բանակցություններում մեր նպատակը կլինի ոչ թե մեր երկրի ռազմաքաղաքական նկրտումներն Ադրբեջանին պարտադրելը, այլ լայնածավալ պատերազմը հետաձգելը, մենք ոչ միայն չենք խուսափի շփոթվածության այդպիսի չափաբաժիններից, այլ ավելի կմոտեցնենք լայնածավալ պատերազմը:

Այս իմաստով մենք վերջապես պետք է գիտակցենք, որ վերջերս նկատվող ադրբեջանական աննախադեպ ակտիվության հիմքում ընկած են ոչ թե այդ երկրի նավթն ու նավթադոլարները, ոչ թե նրա բանակն ու բանակի սպառազինվածությունը, այլ նրանց ռազմաքաղաքական դիրքորոշումների հստակեցվածությունը:

Հարցն այն է, որ զինադադարի հաջորդ օրվանից սկսած մինչեւ մեր օրերը Ադրբեջանն առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ եթե Հայաստանն իր վերահսկողությանը չվերադարձնի հարակից յոթ շրջանները, ինքը պատերազմ կսկսի, իսկ դրան հակառակ՝ երկու պատերազմներում այդ երկրին հաղթած Հայաստանը, չգիտես ինչու, այդպես էլ չի կարողանում Ադրբեջանին եւ համանախագահներին հստակորեն ասել, որ Հայաստանը պատերազմ կսկսի, բայց Ադրբեջանին տարածքներ չի զիջի:

Իսկ այդպես ասելու ժամանակները վաղուց արդեն եղել են: Այնպես որ, մեզ մնում է ընդամենը արձանագրել եւ գործել ըստ ժամանակների հրամայականների:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

hraparak.am/post/1982826757?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail