Ահաբեկչական սպառնալիքները եւ Հայաստանի անվտանգային միջավայրը

25 ՄԱՐՏ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Կարէն Վերանեան

Տարածաշրջանային հարցերու փորձագէտ

Նոր Զելանտայի Քրայսթչըրչ քաղաքի մզկիթների վրայ ահաբեկչական յարձակումները դարձեալ ցնցեցին ամբողջ միջազգային հանրութիւնը. ահաբեկչութեան զոհ դարձաւ շուրջ 5 տասնեակ մարդ։

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մէկը համարուող Նոր Զելանտայում տեղի ունեցած ահաբեկչութիւնները վերահաստատում են, որ այսօր որեւէ պետութիւն, ինչպէս տեսականօրէն, այնպէս էլ գործնականում, ապահովագրուած չէ ահաբեկչութիւններից։ IHS Markit միջազգային փորձագիտական ընկերութեան Jane’s (JTIC)` ահաբեկչութեան խնդիրների հետազօտութիւնների կենտրոնի զեկոյցի համաձայն` 2018 թ. ընթացքում կենտրոնի կողմից արձանագրուել է ոչ կառավարական զինուած խմբաւորումների կողմից իրականացուած 15.321 ահաբեկչութիւն, որոնց հետեւանքով զոհուել է զինուորական չհանդիսացող 13.483 մարդ։ Կեդրոնի փորձագիտական տուեալներով` 2017 թ. Համեմատութեամբ, 2018 թ. ընթացքում գրանցուած ահաբեկչութիւնների թուաքանակը 33.2%-ով նուազել է։ Ընդ որում` 2018 թ. արձանագրուած ահաբեկչութիւնների թուաքանակը, ըստ զեկոյցի տուեալների, ամենացածրն է եղել 2011 թ.-ից ի վեր։

«Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս» (Global Terrorism Index) վարկանիշային զեկոյցը. Հարաւային Կովկաս

Սիտնիի համալսարանի Institute for Economics and Peace-ի «Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս» վարկանիշային զեկոյցը (Global Terrorism Index) որոշում է երկրներում ահաբեկչութեան ազդեցութեան մակարդակը (The impact of terrorism)՝ հիմնուելով 4 հիմնական չափորոշիչների վրայ։ Դրանք են՝ ահաբեկչութիւնների քանակ, զոհերի թիւ, տուժածների թիւ եւ նիւթական վնասի մակարդակ։ Հետազօտութեան փորձագիտական գնահատականներով` ահաբեկչութիւնը սահմանւում է որպէս ապօրինի զինուած խմբաւորումների, կազմակերպութիւնների կողմից սպառնալիք կամ ուժի իրական կիրառում, որոնք փորձում են հասնել իրենց քաղաքական, սոցիալական ու կրօնական նպատակներին բռնութեան ու սպառնալիքի, վախի մթնոլորտի ձեւաւորման միջոցով։ Զեկոյցի մեթոտաբանութեամբ` որքան բարձր է պետութեան ամփոփ դիրքային միաւորը, այնքան այն համարւում է ահաբեկչութեան ազդեցութեան տեսանկիւնից քիչ խոցելի։

«Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս – 2015 թ.» վարկանիշային զեկոյցում հարաւկովկասեան երկրներից ահաբեկչութեան ազդեցութեան ցուցանիշով ամենախոցելի մակարդակում էր Վրաստանը՝ զեկոյցում ներառուած 124 երկրների շարքում զբաղեցնելով 71-րդ հորիզոնականը։ Վրաստանին վարկանիշային արդիւնքով յաջորդում էր Ատրպէյճանը, որը 93-րդ դիրքում էր։ Հարաւկովկասեան երկրներից ահաբեկչութեան ազդեցութեան ցուցանիշով լաւագոյն արդիւնքը Հայաստանինն էր՝ 116-րդ դիրքով։ Կազմակերպութեան 2015 թ. վարկանիշային զեկոյցում մեր հարեւան երկրներից խիստ խոցելի խմբում էր Թուրքիան՝ 27-րդ դիրք։ Նրան ոչ մեծ տարբերութեամբ զիջում էր Իրանը՝ 39-րդ հորիզոնական։

Կազմակերպութեան 2016 թ. վարկանիշային հետազօտութիւնում ընդգրկուած 130 պետութիւնների շարքում հարաւկովկասեան հանրապետութիւններից ահաբեկչութեան ազդեցութեան ցուցանիշով կրկին ամենաբարենպաստ դիրքում Հայաստանն էր՝ 108-րդ հորիզոնական։ Հայաստանին յաջորդում էր Ատրպէյճանը, որը զբաղեցրել էր զեկոյցի 106-րդ հորիզոնականը։ Հարաւային Կովկասի երկրներից ամենախոցելի արդիւնքը կրկին Վրաստանինն էր՝ 87-րդ հորիզոնական։ 2016 թ. վարկանիշային տուեալներով` Թուրքիան յայտնուել էր 14-րդ դիրքում։

2017 թ. վարկանիշային զեկոյցի տուեալներով` մեծացել է ահաբեկչութեան ազդեցութեան ռիսկայնութեան աստիճանը Հայաստանի դէպքում։ Զեկոյցում ընդգրկուած 130 պետութունների շարքում Հայաստանը զբաղեցնում էր 75-րդ դիրքը, Վրաստանը 77-րդն էր։ Հարաւկովկասեան երկրներից լաւագոյն ցուցանիշը Ատրպէյճանինն էր՝ 95-րդ դիրքով։ «Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս – 2017 թ.» վարկանիշային զեկոյցում Թուրքիայի ցուցանիշը բացասական միտում է ունեցել՝ յայտնուել է 9-րդ հորիզոնականում։

«Կլոպալ ահաբեկչութեան ինտեքս – 2018 թ.» զեկոյցում ներառուած 138 պետութիւնների շարքում Հայաստանը գտնւում է 83-րդ դիրքում՝ կրկին յայտնուելով հարաւկովկասեան երկրների շարքում ահաբեկչութեան ազդեցութեան ռիսկայնութեան ամենացածր մակարդակում։ Հայաստանին յաջորդում են Վրաստանն ու Ատրպէյճանը՝ համապատասխանաբար 89 եւ 98-րդ հորիզոնականներով։ 2018 թ. զեկոյցում հարեւան Թուրքիան 12-րդ դիրքում է։

Պէտք է նկատել, որ վարկանիշային այս զեկոյցների մեթոտաբանութիւնում, որպէս ահաբեկչութեան խթան հանդիսացող գլխաւոր գործօններից մէկը, դիտարկւում են հակամարտութիւնները։ Կարող ենք ենթադրել, որ վերջին երկու տարիներին զեկոյցում Հայաստանին տրուած համեմատաբար ցածր ցուցանիշները ուղղակիօրէն պայմանաւորուած են արցախա-ատրպէյճանական, հայ-ատրպէյճանական սահմանային սրացումներով ու յատկապէս՝ ապրիլեան ռազմական գործողութիւններով։ Սա իր հերթին թոյլ է տալիս հետեւութիւն անել, որ հայ-ատրպէյճանական դիմակայութիւնում Պաքուի ակրեսիւ դիրքորոշումը եւ գործողութիւնները դիտւում են որպէս ահաբեկչութեան իրականացման հնարաւորութեան տեսանկիւնից պոտենցիալ գործօններ կամ պարունակում են ահաբեկչութեան տարրեր, դրսեւորումներ։ Այլապէս` անհասկանալի է զեկոյցում, վերջին երկու տարիների կտրուածքով, Հայաստանի վարկանիշային ցուցանիշների անկման միտումը՝ հաշուի առնելով Հայաստանի ներքին անվտանգութեան միջավայրի բաւական բարձր մակարդակը։

Մէկ այլ՝ Global Finance ամսագրի կողմից հրապարակուող «Աշխարհի երկրների անվտանգութիւնը» 2019 թ. վարկանիշային զեկոյցով հարաւկովկասեան երկրներից ամենաանվտանգն է համարուել Վրաստանը, որը զեկոյցում ներառուած 128 պետութիւնների շարքում զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։ Վրաստանին յաջորդում է Հայաստանը՝ 62-րդ դիրքով։ Հարաւային Կովկասի երկրների շարքում անվտանգութեան ցուցանիշով ամենաանբարենպաստ դիրքում յայտնուել է Ատրպէյճանը՝ 71-րդ հորիզոնական։ Վարկանիշային այս զեկոյցի մեթոտաբանութիւնը հիմնւում է 3 ցուցիչների վրայ՝ տուեալ պետութիւնում կամ առանձին տարածքում պատերազմի կամ խաղաղութեան գործօնը, անհատի անվտանգութեան գործօնը եւ բնական աղէտների ռիսքը։

Տարածաշրջանը եւ Հայաստանի անվտանգութիւնը

Թէեւ Հայաստանն կարող ենք համարել մեր տարածաշրջանի, ինչու` ոչ, նաեւ միջազգային մակարդակով ամենաանվտանգ երկրներից մէկը, այդուհանդերձ, միջազգային յարաբերութիւնների քաոսային իրադրութիւնը, մերձաւորարեւելեան տարածաշրջանում անկայունութիւնը, տարբեր շահերի խտացուածութեամբ աչքի ընկնող հարաւկովկասեան գործընթացները, ընդհանուր առմամբ, շարունակում են պարունակել անվտանգութեան տեսանկիւնից ռիսքային տարրեր ու միտումներ, որոնք կարող են անուղղակի կամ ուղղակի անդրադառնալ այդ թւում եւ Հայաստանի վրայ։ Աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր տրամաբանութիւնում շարունակում է պահպանել այժմէութիւնը, այսպէս կոչուած, թիթեռնիկի ազդեցութիւնը, որը բնութագրում է մի շարք քաոսային գործընթացների կամ համակարգերի առանձնայատկութիւնները։ Ըստ այդ տերմինի` համակարգի նկատմամբ աննշան ազդեցութիւնը կարող է ունենալ խոշոր եւ անկանխատեսելի հետեւանքներ լրիւ այլ վայրում։ Այդ տեսանկիւնից` չպէտք է բացառել, որ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչութիւնների հետեւանքներ ունենան Մերձաւոր Արեւելք, Թուրքիա, զուգահեռաբար՝ նաեւ եւրոպական ուղղութեամբ՝ ենթադրելով դրսեւորումներ այլ հարթութիւններում ու երեւոյթներում։ Աւելին` այսօր շատ է խօսւում այն մասին, որ սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցում դրական միտումների, հակահաբեկչական պայքարում որոշակի յաջողութիւնների արդիւնքում «Իսլամական պետութիւն» (ԻՊ) խմբաւորումը փորձում է ապակենտրոնացնել իր մարտավարութիւնը՝ ահաբեկչական գործողութիւնները տեղափոխելով այլ պետութիւններ։

Թերեւս այժմէութիւն չի կորցրել Վրաստանում ԻՊ ահաբեկչական խմբաւորման հնարաւոր ներթափանցման եւ գործունէութեան ծաւալման վերաբերեալ թեմատիկան։ Արծարծւում էր Պանկիսի կիրճում ահաբեկիչների հնարաւոր տեղակայման, ռազմական ճամբարի առկայութեան հարցը։ Գաղտնիք չէ, որ Պանկիսի կիրճում վերապատրաստուած եւ Սիրիայի, Իրաքի ահաբեկչական գործողութիւններին աշխուժօրէն մասնակցած` ահաբեկչական խմբաւորման «վրաստանեան» ներկայացուցիչներից շատերը բարձր դիրքեր են զբաղեցրել ԻՊ ղեկավար շրջանակում։

Խորհրդանշական էր 2015 թ. Նոյեմբերին G-20 գագաթնաժողովում Ռուսիոյ նախագահ Փութինի յայտարարութիւնը, ըստ որի` ԻՊ-ն ֆինանսաւորւում է շուրջ 40 երկրից, այդ թւում` քսանեակի որոշ պետութիւններից։ Դրան յաջորդեց «Իզվեստիա» թերթում հրապարակուած յօդուածը, որում խօսւում էր ԱՊՀ (Անկախ Պետութիւնների Համագործակցութիւն) երկրներից, առաջին հերթին՝ Ղազախստանից ու Ատրպէյճանից ԻՊ-ին խոշոր ֆինանսական յատկացումների մասին։ ԻՊ-ում Ատրպէյճանի քաղաքացիների ներգրաւմանը նպաստում են վերջին տարիներին հարեւան երկրում իսլամիստական արմատական հոսանքների աշխուժացման միտումները։

Հայաստանի դէպքում նախ մտահոգիչ են Թուրքիայի կողմից սահմանային խախտումների միտումները, մարտահրաւէրները։ Ի հարկէ, ահաբեկչական հնարաւոր ներթափանցման հնարաւորութիւնները ցածր ռիսքային են հայ-թուրքական սահմանի ուղղութեամբ, նախ` այն պատճառով, որ Ռուսիոյ սահմանապահների կողմից Թուրքիայի հետ սահմանային վերահսկողութիւնն իրականացւում է բաւական բարձր արդիւնաւէտութեամբ։ Այդուհանդերձ, նշեալ իրողութիւնը չպէտք է թուլացնի հայկական կողմի զգօնութիւնը, մանաւանդ` վերջին շրջանում հայ-թուրքական սահմանախախտումների միջադէպերը յաճախակի են դարձել, ինչը պէտք է դիտարկել որպէս Հայաստանում յեղափոխական փուլում Թուրքիայի կողմից սահմանային անվտանգութեան մակարդակը, սահմանապահների զգօնութիւնը փորձարկելու հնարաւորութիւն։ Յիշեցնենք, որ սահմանային խախտման դէպքերից մէկի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ (Ռուսաստանի Անվտանգութեան Դաշնային Ծառայութիւն) Սահմանապահ վարչութեան աշխատակիցների կողմից յայտնաբերուած սահմանախախտի բջջային հեռախօսում առկայ էին պետական սահմանին տեղակայուած ինժեներական կառոյցների եւ պատնէշների լուսանկարներ ու ֆայլեր։

Միւս կողմից` փորձագէտների մի մասը սահմանային անվտանգութեան տեսանկիւնից առաւել խոցելի է համարում հայ-իրանական սահմանը։ Որպէս հիմք` դիտարկում են Իրանի տարածքից այդ երկրի քաղաքացի հանդիսացող` ազգութեամբ ատրպէյճանցիներից եկող հնարաւոր ռիսքերը, որոնք կարող են կապ ունենալ Թուրքիայի կամ Ատրպէյճանի յատուկ ծառայութիւնների հետ։ Միեւնոյն ժամանակ նշենք, որ Հայաստանի սահմանապահ ծառայութիւնը, ինչպէս եւ ներքին ու արտաքին հետախուզութիւնը բաւական արդիւնաւէտ են իրականացնում իրենց ծառայողական պարտականութիւնները։

horizonweekly.ca/en/ահաբեկչական-սպառնալիքները-եւ-հայաստ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail