27 ՄԱՐՏ 2019 – ԿԻԶԱԿԷՏ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Կոշտ ու աղմկայարոյց քաղաքական գնահատական պարունակող այս վերնագիրն է կրում Մարտի սկզբներին Թալիշական ազգային շարժման տարածած յայտարարութիւնը՝ Շարժման փոխնախագահ, ընդդիմադիր հասարակական ու քաղաքական գործիչ, հրապարակախօս Ֆախրադդին Աբոսզոդային (Աբբասով, Աբբասզադէ) Ռուսաստանի կողմից Ադրբեջանին, այսպէս կոչուած, «արտայանձնելու», իրականում՝ նրան առեւանգելու եւ գաղտագողի Ադրբեջան փոխադրելու փաստի կապակցութեամբ: Յայտարարութիւնը ստորագրել է Շարժման առաջնորդ, 1993թ. ամրանն ընդամէնը երկու ամիս գոյատեւած Թալիշ-Մուղանեան Ինքնավար Հանրապետութեան նախագահ, ներկայումս Նիդեռլանդների Թագաւորութիւնում որպէս քաղաքական վտարանդի ապաստանած Ալիքրամ Հումմաթզոդան (Հումմաթովը):
Աբոսզոդային Ադրբեջան բերելու մասին առաջինը, ընդ որում՝ ամենայն ցնծութեամբ, տեղեկացրել են Բաքուի լրատուամիջոցները, նշելով, թէ Ռուսաստանի իրաւապահ մարմինները, ընդառաջելով պաշտօնական Բաքուի դիմումին, Փետրուարի 28ին նրան արտայանձնել են Ադրբեջանի իրենց գործընկերներին, եւ նոյն օրը Ֆախրադդին Աբբասովը ձեռնաշղթաներ հագած յայտնուել է Բաքուի օդանաւակայանում, որտեղից եւ անմիջապէս փոխադրուել է պետական անվտանգութեան ծառայութեան մեկուսարան:
Յաջորդ օրերին լայն հանրութեանը յայտնի դարձան այդ հակաիրաւական գործողութեան որոշակի արկածային բնոյթի հանգամանքները: Պարզուեց, որ Աբոսզոդան, Ռուսաստանի իրաւապահ մարմինների կողմից ձերբակալուած լինելով դեռեւս անցեալ տարուայ Սեպտեմբերի 6ին՝ Մոսկուայի մարզի իր բնակութեան վայրում՝ Լիւբերցի քաղաքում, պահւում էր Կոլոմնա քաղաքի հետաքննչական մեկուսարանում՝ մեղադրուելով ՌԴում կեցութեան կանոնները կոպտօրէն խախտելու, այսինքն՝ երկրի տարածքում ապօրինի բնակուելու մէջ: Մինչ այդ՝ շուրջ երկու ամիս առաջ, Յուլիսի 14ին, Բաքու քաղաքի Սաբայիլի շրջանային դատարանը քրէական գործ էր յարուցել ու հետախուզում յայտարարել Աբոսզօդայի նկատմամբ, ինչը, դժուար չէ կռահել, իրական ազդակ էր Ռուսաստանում նրան ձերբակալելու համար: Նոյնը պնդում է նաեւ Ռուսաստանում Amnesty International միջազգային կազմակերպութեան ներկայացուցչութեան տնօրէն Նատալեա Զուէագինան, նշելով, որ Ֆախրադդին Աբբասովի ձերբակալութիւնն իրականացուել է Ադրբեջանի անվտանգութեան ծառայութիւնների պահանջով: Սակայն, անկախ նրանից, թէ ինչպէս եւ ում պահանջով է դա տեղի ունեցել, այնուամենայնիւ, այս տարուայ Մարտի 6ին պէտք է լրանար նրա նկատմամբ սահմանուած խափանման միջոցի ժամկէտը: Ըստ երեւոյթին, ձերբակալութեան մօտ 5ամսեայ ժամկէտը ծախսուել էր նրան արտայանձնելու խնդրի շուրջ Մոսկուա-Բաքու պայմանաւորուածութեան կայացման վրայ:
Իսկ թէ որքան իրաւաչափ էր Ռուսաստանում Ֆախրադդին Աբոսզօդային ներկայացուած մեղադրանքը, դատէք ինքներդ: Աբոսզօդան Ռուսաստանում ապրում էր 1994-2005թթ. եւ 2008 թուականից մինչեւ վերջերս՝ ժամանակաւոր կեցութեան իրաւունքով: Սպառւում կամ սպառուել էր այդ իրաւունքի ժամկէտը: Մինչ այդ նա քանիցս դիմել էր ՌԴ միգրացիոն մարմիններին՝ խնդրելով ՌԴ տարածքում ժամանակաւոր ապաստան, իսկ մէկ այլ դիմումով՝ փախստականի կարգավիճակ տրամադրել իրեն: Երկու դիմումներն էլ, սակայն, անհիմն կերպով մերժուել են: Ուստի եւ նա համապատասխան դիմումներ է ներկայացրել մերձմոսկովեան Լիւբերցիի քաղաքային դատարան՝ իր նախորդ դիմումները մերժուելու վերաբերեալ: Դրանք նախատեսուած էին քննութեան առնել Փետրուարի 27ի դատական նիստում: Սակայն նոյն այդ օրը իրաւապահ մարմինների ոմն աշխատակիցներ եկել էին Կոլոմնայի արգելափակման վայր ու, ներկայացնելով Ռուսաստանի Գլխաւոր դատախազութեան պաշտօնական նամակը կալանաւորին իբր թէ ազատ արձակելու մասին, իրենց հետ տարել են Աբոսզօդային, անգամ թոյլ չտալով վերցնել բանտախցի իր իրերը: Երեւի թէ զաւեշտ հնչի. Լիւբերցիի քաղաքային դատարանը պէտք էր Փետրուարի 27ին դատական նիստ գումարեր թալիշ կալանաւորի առաջին դիմումը քնելու համար, բայց, պարզելով, որ նոյն օրը նա անորոշ հանգամանքներում անհետացել է մեկուսարանից, յետաձգում է դիմումների քննութեան ժամկէտները՝ յետաձգելով դրանք մինչեւ, համապատասխանաբար, Մարտի 13ը եւ Մարտի 18ը: Ու ստացուել է այն, ինչ ժողովրդական առածն է յուշում՝ հարսանիքից յետոյ դհոլ-զուռնայ:
Մինչ Ֆախրադդին Աբոսզօդայի հասարակական-քաղաքական գործունէութեանն ու հայեացքներին անդրադառնալը՝ կարծում եմ, արժէ թէկուզ հպանցիկ յետադարձ հայեացք ձգել թալիշ ժողովրդի եւ նրա ազգային ընդվզումների պատմութեանը:
Եւ այսպէս, թալիշներն իսլամի շիիթական ուղղութեանը պատկանող ժողովուրդ են: Հնագոյն ժամանակներից, որպէս բնիկ ազգութիւն, ապրում են Թալիշստանում, որը 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի աւարտից յետոյ՝ Գիւլիստանի պայմանագրով բաժանուած լինելով երկու մասի, տեղաբաշխուած է ներկայիս Ադրբեջանի հարաւ-արեւելեան եւ Իրանի հիւսիս-արեւմտեան հատուածներում, Կասպից ծովի մերձակայքում: Հիւսիսային մասը մտնում է Ադրբեջանի կազմի մէջ եւ պաշտօնապէս կոչւում է «հարաւային գօտի»: Իսկ Իրանի կազմի մէջ գտնուող հարաւայինը կոչւում է Գիլանի Օսթան: Թալիշստանի մայրաքաղաք է համարւում Լենքորան կամ, ինչպէս թալիշներն են անուանում՝ Լանկոբա քաղաքը, որը գտնւում է Ադրբեջանի մերձկասպեայ հարաւ-արեւելքում: Թալիշերէնը հիւսիս-արեւմտեան իրանական լեզու է, որն օգտագործւում է հիմնականում ժողովրդի կենցաղում: Ադրբեջանում թալիշներն ազգային դպրոցներ չունեն եւ կրթութիւն են ստանում ադրբեջաներէն լեզուով: Թալիշախօս բնակչութեան թուաքանակի վերաբերեալ տուեալները տատանւում են: Ըստ տարբեր աղբիւրների՝ իւրաքանչիւր կողմում ապրում է մօտաւորապէս 1 միլիոն թալիշ: Ադրբեջանում, պաշտօնական տուեալների համաձայն, այդ ցուցանիշը հազիւ 87 հազար է կազմում: Թէկուզ, ինչպէս պնդում են թալիշ ազգային գործիչները, միայն Ադրբեջանում թալիշների թիւը հասնում է երկու միլիոնի: Բանն այն է, նշում են նրանք, որ թալիշների անձնագրերում, ինչպէս որ մահմեդական դաւանանքի ոչ թիւրքական այլ ազգային փոքրամասնութիւնների պարագայում է, պարտադրաբար արձանագրւում է ադրբեջանական ազգութիւն: Մասնաւորապէս, Թալիշական ազգային շարժման մասնակից, «Թալըշի սադոյ» թերթի թղթակից Շահին Միրզոեւի պնդմամբ՝ միայն վերջին տարիներին իշխանութիւնների ճնշումների հետեւանքով Ադրբեջանը լքել է աւելի քան 300 հազար թալիշ:
Անցած հարիւրամեակում թալիշ ժողովրդի առաջին ազգային վերազարթօնքն արձանագրուել է դարասկզբին, երբ Ռուսաստանի կայսրութեան փլուզումից եւ բոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ թալիշ ազգութեան հոծ բնակութեամբ մի շարք տարածքներ 1918թ. հրաժարուեցին մտնել արհեստածին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան ենթակայութեան տակ: Նոյն թուականի Օգոստոսի 4ին ստեղծուեց Մուղանի ժամանակաւոր ռազմական դիկտատուրան, որը հակիրճ կոչւում էր Մուղանական դիկտատուրա: Յետագայում, 1919ի Մայիսի 15-18ին հռչակուեց Մուղանի Խորհրդային Հանրապետութիւնը ՌՖԽՍՀի կազմում: Սակայն, չստանալով Խորհրդային Ռուսաստանի հարկ եղած զինական աջակցութիւնը, նորահռչակ թալիշական պետական կազմաւորումն ի զօրու չեղաւ դիմակայել մուսաւաթական զօրքերի ճնշմանը եւ Յուլիսի 23- 25ին տապալուեց: Այդ ժամանակից ի վեր, աւելի քան եօթ տասնամեակ շարունակ, պատմութիւնը չի արձանագրել թալիշ ժողովրդի որեւէ զանգուածային ընդվզում Ադրբեջանի ինչպէս մուսաւաթական, նոյնպէս եւ կարմիր գունաւորմամբ պատմական ասպարէզ իջած խորհրդային իշխանութիւնների հետեւողական հալածանքների ու ճնշումների, համատարած ուծացման քաղաքականութեան դէմ:
Թալիշցիների երկրորդ ազգային վերազարթօնքը մեկնարկեց միայն 1993թ. ամրան խառնակ շրջանում, երբ Բաքւում տապալուեց Աբուլֆազ Էլչիբէյի գլխաւորած ժողճակատային իշխանութիւնը եւ պետութեան գլուխ կարգուեց Ադրբեջանից փաստացի անկախացած Նախիջեւանի ԻՀ Միլլի մէջլիսի նախագահ Հէյդար Ալիեւը, ում նպատակասլաց ջանքերի շնորհիւ էլ Ադրբեջանում իրականացուել էր այդ իշխանափոխութիւնը: Արդիւնքում Էլչիբէյը Յունիսի 17ին Բաքուից ինքնաթիռով փախաւ Նախիջեւան՝ իր ծննդավայր, Օրդուբադի շրջանի Քեալաքի գիւղ (նախկինում՝ բնիկ հայկական Քաղաքիկ, ներկայումս լրիւ հայաթափ բնակավայր, որի վերջին 60 հայ բնակիչները բռնագաղթեցին 88ի Նոյեմբերին), իսկ Ալիեւը «ճերմակ ձիու վրայ» Նախիջեւանից ժամանեց Բաքու: Մի քանի օր անց, Յունիսի 21ին, մի խումբ թալիշ սպաներ դաշտային հրամանատար Ալիքրամ Հումմաթովի (Հումմաթզոդա) գլխաւորութեամբ Լենքորանում հռչակեցին Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետութիւնը թալիշաբնակ եօթ շրջանի ընդգրկմամբ, ինչն էլ աւելի խորացրեց Ադրբեջանի ընդհանուր ռազմաքաղաքական ճգնաժամը: Մինչ այդ, 1991-92թթ. թալիշական աշխարհազօրային գումարտակները ժողճակատային բանակի կազմում, գնդապետ Հումմաթովի ընդհանուր հրամանատարութեամբ, որ նշանակուել էր Ադրբեջանի պաշտպանութեան փոխնախարար, հերթափոխային կարգով փոխարինելով միմեանց, մարտեր էին մղում Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի դէմ՝ հիմնականում Մարտակերտի շրջանի ուղղութեամբ: Սակայն թալիշցիները յետագայում դադարեցրին իրենց մասնակցութիւնն արցախահայութեան դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու վերադարձան հայրենի երկրամաս: Թալիշցիներն ըստ երեւոյթին սկսել էին գիտակցել, որ անհեթեթութիւն է կռուել իրենց ժողովրդին ճնշող ադրբեջանական իշխանութիւնների համար, եւ՝ որ հայերն իրենց թշնամի չեն, հետեւաբար իմաստ չկայ կռուել հայերի դէմ ու անիմաստ զոհեր տալ: Լենքորանում ու թալիշաբնակ միւս շրջաններրում կազմաւորուեցին իշխանութեան տեղական մարմիններ, հրաւիրուեց հիմնադիր ժողով՝ Միլլի Մէջլիս, որի առաջին նախագահ ընտրուեց Ֆախրադդին Աբոսզոդան, իսկ Ալիքրամ Հումմաթով-Հումմաթզոդան դարձաւ նորաստեղծ թալիշական ինքնավարութեան նախագահը: Սակայն ապստամբութիւնը թալիշ բնակչութեան կողմից զգալի աջակցութիւն չէր ստացել, ինչի արդիւնքում երկու ամիս անց, Օգոստոսի 23ին թալիշական ինքնավարութիւնը տապալուեց: Ալիքրամ Հումմաթովին դատապարտեցին մահապատժի: Սակայն 10 տարի անց նա ազատ արձակուեց բանտից ու տարագրուեց Նիդեռլանդներ, որտեղ եւ բնակւում է առ այսօր:
Թալիշական ազգային շարժումն ի սկզբանէ եւ այսօր էլ միասնական չէ: Գոյութիւն ունի երկու թեւ՝ չափաւորների եւ անկախականների: Չափաւորներն ինքնավարութեան են ձգտում Ադրբեջանի կազմում: Ի սկզբանէ այդ դիրքորոշմանն էր նաեւ Ֆախրադդին Աբոսզոդան: Յետագայում նա սկզբունքօրէն փոխեց իր դիրքորոշումը՝ բացայայտ խօսելով անկախ թալիշական պետութեան ստեղծման մասին: Աբոսզոդայի պնդմամբ՝ «Խախտելով Ադրբեջանի ոչ-թուրքական բնիկ ժողովուրդների սովորական եւ, ըստ էութեան, բնականոն իրաւունքները, իշխանութիւնը երկիրը հռչակում է «թուրքական», իսկ պանթուրքիզմի գաղափարախօսութիւնը բարձրացնում մինչեւ պաշտօնական պետական մակարդակի: Նա Ադրբեջանի ղեկավարութեանը մեղադրում է խտրականութեան եւ թալիշների ուծացման քաղաքականութեան, ժողովրդի ազգային ու մշակութային կազմակերպման որեւէ ձեւ չթոյլատրելու մէջ: Աբոսզոդան Ադրբեջանը դիտարկում է որպէս արհեստական կազմաւորում, իր իսկ արտայայտութեամբ՝ «Ռուսաստանի ապօրինի զաւակ, որ նետուել է պատմութեան ասպարէզ», ընդ որում՝ նշելով, որ Ադրբեջանի քաղաքացիներն այդպէս էլ չեն ձեւաւորուել որպէս մէկ միասնական, համախումբ ազգ:
Նշենք նաեւ, որ Ֆախրադդին Աբոսզոդան առաջին անգամ Հայաստան է այցելել 2005թ.՝ Ծաղկաձորում մասնակցելով թալիշագիտութեանը նուիրուած առաջին միջազգային խորհրդաժողովին, որտեղ հանդէս է եկել «Թալիշական լեզուի ու ժողովրդի պաշտպանութիւնը» զեկուցմամբ, ապա եւ 2011ին՝ մասնակցելով երկրորդ միջազգային խորհրդաժողովին: Այդ այցերի համար Բաքուն ներկայումս մեղադրում է նրան՝ դրանք որակելով իբր թէ յանցաւոր գործակցութիւն Հայաստանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների հետ, միով բանիւ՝ պետական դաւաճանութիւն:
Իսկ Ալիքրամ Հումմաթզոդան Հայաստանում հիւրընկալուել է 2013թ. Սեպտեմբերին՝ ԵՊՀ հրաւէրով, մասնակցելով համալսարանի իրանագիտութեան ամբիոնի կողմից մշակուած «Թալիշագիտութիւն» մասնագիտութեան մագիստրոսական ծրագրի ներկայացման արարողութեանը: Այցի ծրագրի շրջանակներում նա ժամանել է նաեւ Արցախ՝ հանդիպումներ ունենալով ԱՀ խորհրդարանում եւ Արցախի պետական համալսարանում: «Տղամարդու պէս կռուել եմ, իսկ այժմ տղամարդու պէս հաշտութեան ձեռք եմ մեկնում: Այո, ես կռուել եմ Ղարաբաղում, սակայն այսօր ես ատում եմ պատերազմը, եւ չեմ ցանկանում, որ այն կրկնուի», ասել էր նա այցի օրերին:
asbarez.com/arm/341069/Ռուսաստանը-Դաւաճանել-Է-Թալիշներին/