Թուրքիայում հայտնաբերված հռոմեական շրջանի սարկոֆագը թալանված է եղել գանձախույզների կողմից

27 ՄԱՐՏ 2019 – ՄՇԱԿՈՅԹ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ:

Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիք շրջանում ուշ հռոմեական շրջանի սարկոֆագ է հայտնաբերվել:

Իզնիքի այգեգործներից մեկն իր այգում պատահաբար հայտնաբերել է հողի տակ թաղված քանդակազարդ սարկոֆագը: Շրջանի թանգարանի մասնագետների պեղումների արդյունքում դուրս հանված սարկոֆագը թվագրվում է 3-րդ դարով:

Յոթ տոննա կշռող սարկոֆագը, սակայն, արդեն հարձակման է ենթարկված եղել գանձ որոնողների կողմից: Նշվում է, որ վերջիններս կոտրել են սարկոֆագի կափարիչի մի մասը և բացված անցքով ներս մտել ու թալանել այն:

Գեղեցիկ քանդակներով զարդարված սարկոֆագը տեղափոխվել է Իզնիքի թանգարան:

Նշենք, որ Թուրքիայում մեծ տարածում ունի այդտեղ ապրած քրիստոնեական ժողովուրդների ու հատկապես հայերի թաքցրած ոսկիները փնտրելու մոլուցքը:

Գանձախույզների կործանարար գործունեության հետևանքով ավերվել կամ անդառնալիորեն վնասվել են բազմաթիվ հայկական պատմական ու մշակութային հուշարձաններ, պղծվել են հայկական գերեզմանոցներ:

ermenihaber.am/am/news/2019/03/27/Թուրքիա-հռոմ-գանձախույզ/151320

Facebooktwitterredditpinterestlinkedinmail