29.03.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջին դեմքերի հանդիպումը: Տեղում աշխատող լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը արդեն լքել են հանդիպման վայրը՝ Բրիստոլ հյուրանոցը:
Համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները դեռեւս չեն արել որեւէ հայտարարություն, թեեւ գործնականում բոլորը մինչ հանդիպումն այն եզրահանգման էին, որ չկա որեւէ բեկումնային բանի սպասելու մթնոլորտ եւ հիմք: Ընդ որում, աներկբա է, որ գործնականում այդ հիմքը ոչ միայն չկար Վիեննայից առաջ, այլ խոշոր հաշվով տեսանելի չէ ապագայում: Դա անշուշտ հիանալի հասկանում են թե բանակցությանը մասնակից կողմերը, թե միջնորդ համանախագահները, թե նաեւ այն ուժային կենտրոնները, որոնք ֆորմալ կարգավիճակ այդ գործընթացում չունեն, սակայն ունեն առանցքային դերակատարում:
Այդ իրավիճակը գործնականում չափազանց հստակ, եւ ողբերգականորեն հստակ բոլորի աչքի առաջ դրսեւորվեց ապրիլյան քառօրյայի հետեւանքով: Այդ իմաստով, նույնիսկ խորհրդանշական է, որ Վիեննայի ներկայիս հանդիպումը տեղի ունեցավ Արցախի դեմ ադրբեջանական այդ ագրեսիայի երրորդ տարելիցի նախաշեմին:
Երեք տարի անց իրավիճակն արցախյան հարցում արդեն իսկ պետք է լիներ բոլորովին այլ մթնոլորտում եւ տրամաբանության մեջ, բայց Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու դիվանագիտությունն անկարող եղան ապրիլյան ագրեսիային հայկական բանակի տված հակահարվածի քաղաքական կապիտալիզացիայի հարցում: Առաջին շաբաթներին եւ ամիսներին հնչեցին խրոխտ հայտարարություններ, նախաապրիլյան վտանգավոր տրամաբանությունը փոխելուն միտված քաղաքական հայտարարություններ, սակայն դրանք չունեցան շարունակություն:
Ընդհանուր առմամբ, պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունը չուներ շարունակության համար կարեւորագույնը՝ լեգիտիմությունը, ինչը հատկապես ցավալի կերպով արտահայտվեց Վիեննայի 2016-ի մայիսյան նվեր-օրակարգից երկու ամիս անց Հայաստանում ստեղծված հուլիսյան ճգնաժամի պայմաններում:
Հայաստանը իրավիճակը փոխելու հնարավորություն վերստին ստացավ 2018-ի ապրիլին: Ընդ որում, հատկանշական է այն, որ մինչ այդ, Ադրբեջանի նախագահը 2018-ի հոկտեմբերին նախատեսված նախագահի հերթական ընտրությունը մի քանի ամիս առաջ տվեց՝ բերելով ապրիլ: Ի՞նչ էր պատրաստում Ալիեւը, այստեղ մեկնաբանությունները եղել են բազմազան, սակայն Հայաստանի թավշյա հեղափոխությունն անկասկած խառնեց նրա խաղաքարտերը, ստեղծելով բավականին բարդ իրավիճակ:
Դրանից հետո Հայաստանի նոր վարչապետը բարձրաձայնեց Արցախի սուբյեկտության մասին, հայտարարեց, որ պատերազմի դեպքում պատասխանատուն կլինի Ռուսաստանը, իսկ ԱԱԾ պետն էլ հայտարարեց, որ չկա հանձնելու տարածք եւ պետք է վերաբնակեցնել Արաքսի հովիտը:
Մայիսի 12-ին էլ Երեւանը հայտարարեց, որ հրաժարվում է մադրիդյան սկզբունքները բանակցային հիմք ընդունելուց եւ համանախագահներին առաջարկում է աշխատել նոր սկզբունքների շուրջ: Ընդ որում, Երեւանը ներկայացրեց նաեւ իր փաստարկները՝ ԵԱՀԿ, ինչպես նաեւ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ստորագրություններով:
Այդ իրավիճակում տեղի ունեցավ Վիեննան, թեեւ Ադրբեջանը հայտարարում էր, որ ձեւաչափի փոփոխությունն իր համար անընդունելի է: Ինչ են խոսել Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանն այդ պայմաններում: Գուցե հնչի տարօրինակ, սակայն այդ հանգամանքը սկզբունքորեն դառնում է երկրորդական, որովհետեւ այդ հանդիպումը խոշոր հաշվով անհրաժեշտ էր ավելի շուտ Ադրբեջանի նախագահին՝ ցայտնոտում չլինելու համար:
Հայաստանին անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը համանախագահ ուժային կենտրոնների, եւ ոչ ֆորմալ շահառու կենտրոնների հետ: Այդ կենտրոններն ունեն իրենց ռազմավարությունն ու շահը, որը հնարավոր է համադրել լոկ ստատուս-քվոյի պահպանման շուրջ: Խախտման տրամաբանության շուրջ այդ շահը համադրելի չէ: Երեւանը նախորդ քառորդ դարում գործնականում խաղացել է ոչ թե նրանց միջեւ ստատուս-քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի հնարավորության վրա, այլ հակառակը՝ խախտման շուրջ կոնսենսուսի բացակայության վրա:
Այլ կերպ ասած, սկզբունքորեն իրավիճակը պարզ է՝ Հայաստանը ուժային այդ խոշոր կենտրոնների հակասությունների վրա խաղալուց, թավշյա հեղափոխությունից հետո անցնում է ուժային այդ կենտրոնների հետ խաղալու ռեժիմի:
lragir.am/2019/03/29/430251/