Հայաստանն անջատում է ռուս-թուրքական «թթվածինը»

29.03.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Մարտի 29-ին Անթալիայում հանդիպելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, երկու երկրների փոխհարաբերության համակարգման գործընթացի շրջանակում: Այդ հանդիպումը սակայն ուշադրության կարող է արժանանալ այն հանգամանքի բերումով, որ փաստացի լինելու է նույն օրը Վիեննայում տեղի ունեցող Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը զուգահեռ:

Ունե՞ն երկու հանդիպումները բովանդակային առնչություն, թերեւս այո, կամ ավելի ճիշտ՝ չեն կարող չունենալ, թեեւ իհարկե այդ բովանդակությունը կլինի Լավրով-Չավուշօղլու հանդիպման օրակարգի մի մասն ընդամենը:

Բայց թերեւս կարեւոր մասը, հաշվի առնելով այն, որ Արցախի հարցում Երեւանի նոր մոտեցումները, որ վարչապետ Փաշինյանը փորձում է ներդնել գործընթաց, ունեն լիովին նոր ռեգիոնալ իրողություն ձեւավորելու ներուժ: Իսկ այդ իրողությունը առնչվելու է նաեւ ռուս-թուրքական հարաբերությանը: Եթե Արցախի հարցում Երեւանը փոխում է «մադրիդյան» տրամաբանությունը եւ իրավիճակը վերադարձնում 1994-95 թվականների իրավա-քաղաքական տրամաբանության դաշտ, դա նշանակում է, որ ռեգիոնալ ռազմա-քաղաքական համատեքստում վերականգնվում է հայկական կողմի ռազմական հաղթանակի դիրքը:

Հայկական կողմն իրավիճակը փորձում է վերադարձնել գործնականում այն կետին, որտեղից տեղի է ունեցել ժողովրդավարության առաջատարի կարգավիճակից հայկական շեղումը, այդպիսով դնելով ռազմական հաղթանակի էֆեկտը քաղաքական-դիվանագիտական ասպարեզում ոչնչացնող գործընթացի մեկնարկը: Թավշյա հեղափոխությունը տալիս է դրա հնարավորությունը, ինչն էլ փորձում է կապիտալիզացնել Նիկոլ Փաշինյանը, լավ պատկերացնելով, որ հակառակ դեպքում՝ իրավիճակը թողնելով անցնող քառորդ դարում արմատավորված տրամաբանության դաշտում, ժամանակի ընթացքում հայտնվելու է դրա ռազմա-քաղաքական ճնշման ներքո, եւ չի օգնելու անգամ լեգիտիմությունը:

Երեւանի այդ քաղաքականությունը սկզբունքային հարցեր է առաջ բերում ռուս-թուրքական օրակարգում, որը անցնող հարյուրամյակում կառուցվել է հայկական շահերի, անվտանգության, հայկական արյան ու տարածքների վրա, ամրագրված լինելով Մոսկվայի հայտնի պայմանագրով եւ դրա քաղաքական տրամաբանությամբ:

Դրա գերաշխույժ փուլ էր 2013-2016 թվականների շրջանը, որը հայկական կողմի համար դարձալ բերեց որոշակի կորուստների:

Այստեղ է խոշոր հաշվով խորքային խնդիրը, որի համատեքստում է նաեւ հայկական պետականության համար առանցքային Արցախի հարցը: Դրանում նախորդ քառորդ դարի ընթացքում քայլ առ քայլ առաջ մղված տրամաբանությունը գործնականում ռուս-թուրքական պայմանագրի «թթվածնի բալոնն» է, որը պետք է անջատել:

Դա չի նշանակում, որ Ռուսաստանն ու Թուրքիան դրանից դադարելու են շնչել: Նրանք պարզապես դադարելու են շնչել հայերի հաշվին, եւ նույնիսկ գուցե աստիճանաբար սկսելու են առնվազն խորհել այն մասին, որ հարկ կլինի շնչել հայերի հետ ներդաշնակ:

lragir.am/2019/03/29/430095/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail