Խաղաղութեան Չեն Նախապատրաստւում, Պատրաստւում Են Պատերազմին…

30 ՄԱՐՏ 2019 – ԿԻԶԱԿԷՏ:

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

0000MariRoseԱմիսներ է մեր վարչապետից լսում ենք միեւնոյն պատասխանը Արցախի հարցում. «Հակամարտութեան կարգաւորման հարցում առանցքային նշանակութիւն ունի Արցախի ներգրաւուածութիւնը եւ որ Արցախը պէտք է վարի բանակցութիւնները»:

Մարտ 12ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան խորհուրդի նիստում, Հայաստանի վարչապետը կրկին առաջնորդուեց նոյն կարգախօսով, մինչ Արցախեան ճակատագիրը հսկող ԵԱՀԿի Մինսկի համանախագահները ոչ միայն գոհ չեն այդ առաջարկից, այլեւ անուղղակիօրէն քննադատում են բանակցութիւններում Արցախը ներգրաւելու առաջարկը, չեն ուզում որեւէ փոփոխութիւն մտցնել:

Ինչպէս գիտէք, 27 տարի առաջ՝ 1992թ. Մարտ 24ին որոշուեց Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ համաժողով հրաւիրել Մինսկում, որը սակայն տեղի ունեցաւ մէկ ամիս անց, ոչ թէ Մինսկում՝ այլ Հռոմում, Յունիս 1-5ը, սակայն չգիտես ինչու այն պահպանեց Մինսկի անուանումը եւ ԵԱՀԿ համանախագահները շարունակեցին գործել այդ անուան տակ: Մինչ օրս գործող այդ խմբի պարբերական հանդիպումներին, ընդունուած որոշումներին ու կարգաչափերին, անշուշտ ոչ ամբողջութեամբ, գոնէ մասամբ տեղեակ ենք Հայաստան-Ադրբեջան երկկողմանի հանդիպումների առաջարկներին, որոնք գլխապտոյտ են առաջացնում տեղանուններից սկսած՝ Մադրիդեան, Պրահեան, Կազանեան, Քի Ուեստի, Վիեննայի տարբերակներից, «փաթեթային», «փուլային» լուծումներով վերջացրած:

Տարիներ շարունակ լսում ենք մեր ազատագրած սեփական, պատմական տարածքների յանձնման տարբերակներ, ոչ թէ մեր իշխանութիւններից, այլ աւելի շատ Ադրբեջանական կողմից: Լսում ենք տարածքների «փոխանակումներ» անուանումով տարբերակներ, չհասկանալով որը ինչի հետ ենք փոխանակում: Արցախի ողջ ժողովրդին տարիներ ի վեր պահում ենք պատերազմի սարսափի կախեալ վիճակում եւ հանգստանում ու մխիթարւում ենք, որ անարդիւնք ձգձգւում են բանակցութիւնները, գուցէեւ մտածում, որ դա յաւէտ է տեւելու: Հայի հոգեբանութիւն: Ո՞վ գիտէ:

Տարիներ շարունակ քննադատել, անարգանքի սիւնին ենք գամել, ինքս անձամբ, մեր երկու իրարյաջորդ նախագահներին, որ բազում անարդարութիւնների հետ միատեղ շարունակել են առաջին նախագահի Արցախադաւ գործունէութիւնը, որ իրենք Արցախի ազատագրմանը մասնակից լինելով եւ արցախցի լինելով հանդերձ, հանդուրժեցին յաղթանակած Արցախը պարտուողի բանակցութիւններին պարտադրելու իրողութիւնը, որ չեղեալ չհամարեցին այդ բանակցութիւնները:

Երբ անցեալ տարի իշխանափոխութիւնը տեղի ունեցաւ, մեր գլխաւոր սպասումը, Արցախի քաղաքական վիճակում որոշակի եւ կտրուկ փոփոխութիւն տեսնելն էր: Սակայն ցաւօք սրտի այդ փոփոխութիւնը տեղի չունեցաւ եւ Արցախի հարցը ինչպէս սպասելի էր կրկին թէժացել է այսօր:

Երբ լրջօրէն քննում ենք Արցախի բանակցութիւնների այսօրուայ իրավիճակը, տեսնում ենք, որ մեր նոր վարչապետը իր նոր առաքելութեամբ, իր նոր առաջարկով, յաղթած Արցախը յաղթող, արդէն իրեն հաստատած կողմից, դարձնում է ոչ միայն պարտուած, աւելին՝ ինքնորոշման իրաւունք խնդրող երկրամաս, ուր ժողովուրդը ինքը պիտի որոշի իր կարգավիճակը: Բայց չէ՞ որ արցախահայութիւնն արդէն 1988թ. միահամուռ ձայնով շահել էր իր ինքնութեան իրաւունքը:

Նորից եմ ուզում յիշեցնել, որ եթէ պատեհ ու անպատեհ ամէն առիթով մեզ յիշեցնում ու պարտադրում են ընդունել երկրում կատարած «յեղափոխութիւնը», ապա պէտք էր, որ յեղափոխութիւնը գլխիվայր շրջեր եւ չեղեալ համարեր մինչ այդ կատարուած, ստորագրուած ներքին եւ արտաքին բոլոր տեսակի պայմանաւորուածութիւնները, այդ թւում ամէնից առաջ Արցախի հարցը, որի հիմնական առանցքը՝ ազատագրուած Արցախը զիջուող բանակցութիւններին գերի դարձնելն էր: Չէ՞ որ յեղափոխութիւն բառն ինքնին ներքին յեղաշրջում է պարտադրում:

Մի պահ մոռանանք, որ Արցախի այս գերիվար վիճակը մեր առաջին նախագահ ԼՏՊի պարտադրանքը, ոխն էր Արցախցիներին, դաւաճանի «նուէրը» Շուշին ազատագրողներին եւ մինչ օրս ոչ մէկը պատասխանատուութեան չի կանչում նրան: Բայց մենք ոչ թէ պատերազմով ուրիշի հողն ենք գրաւել, այլ մեր տարածքներն ենք ազատագրել: Սրանք երկու տարբեր իրավիճակներ են:

Եթէ մեր առաջին նախագահը Արցախը կանգնեցրեց այս իրավիճակի առջեւ դա չի նշանակում, որ շարունակելու ենք ընդունել այն եւ մեր երկիրը կրկին կանգնեցնել վտանգի առջեւ: Ժամանակները փոխուած են, բոլոր խաբէութիւն-գործարքները բացայայտւում են ու չենք կարող նախկին պարտադրանքով այսօր ապրել:

Անհերքելի փաստ է, որ Արցախը ազատագրել է իր ժողովուրդը ինքնակամօրէն, իր ուժերով, իր զոհերով, իր մաքառումով ու իր տառապանքով: Օտարերկրեայ բանակները չեն օգնել այդ ազատագրումին, որ այսօր բանակցութիւնների հարց է դառնում՝ ի՞նչը, ազատագրուա՞ծը – պիտի ետ վերադարձնել, ո՞ւմ – թշնամու՞ն, ո՞ր տրամաբանութեամբ կամ ո՞ր երկրի կամ ո՞ր միջազգային օրէնքով:

Մեր վարչապետը անվերջ շեշտում է՝ որ Արցախը անկախ է, որովհետեւ այն չի մասնակցել ու մասնակցում Հայաստանի ընտրութիւններին, հետեւաբար եւ Արցախը ինքը պիտի իր ինքորոշման հարցը լուծի:

Իսկ ես ուզում եմ հարցնել, որպէս յեղափոխութիւն հռչակած վարչապետի, նախ ինչո՞ւ իր գահակալութեան առաջին իսկ պահից Արցախը Հայաստանի տարածք չհռչակեց, աւելին՝ չվերականգնեց, չվերահաստատեց 1989թ. Դեկտ. 1ի ԼՂն Հայաստանին Միաւորելու Հայաստանի Գերագոյն խորհուրդի ընդունած որոշումը, որն օրինական էր միջազգային բոլոր իրաւասութիւններով: Չէ՞ որ որպէս երկրի նոր վարչապետ իր իրաւունքն էր գործուած սխալները ճշդելու:

Իրապէս ես ցաւում եմ, որ մեր ժողովուրդը քաղաքական պատրաստուածութիւն ու գիտակցութիւն չունենալու պատճառով հեշտօրէն ենթակայ է դառնում տիրող քարոզչութեանը, առանց հարցադրման ընդունում այն, ինչը գոռում-գոչումներով մեծամասնութեան ձայն է դառնում: Անշուշտ դրա պատճառը նաեւ մեր միատարր լինելու եւ փոքրաթիւութեան մէջ է, միեւնոյն մտածողութեամբ հեշտօրէն առաջնորդուելու յատկութեան մէջ: Այդ է պատճառը, որ ժողովուրդը նոյնիսկ չի ընդվզում, երբ իր հողի ամենաանհրաժեշտ բռնագրաւած տարածքների՝ Շահումեանի եւ Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների բնակեցումն է թափ առնում:

Նոյնքան զարմանալի եւ անընդունելի է մեր վարչապետի «ժողովուրդների՛ն խաղաղութեան նախապատրաստելու համատեղ աշխատանքի» կոչը:

Եթէ որեւէ մէկը ինձ ապացուցի կամ համոզի, որեւէ դէպք պատերազմող կամ յաղթող երկրների պատմութեան մէջ, որ խաղաղութեան համար նախապատրաստում են ժողովուրդներին, ես իրապէս կը լռեմ:

Որքան գիտենք ժողովրդին նախապատրաստում են պատերազմին եւ ոչ՝ խաղաղութեանը:

Նոյնիսկ դպրոցականն անգամ գիտէ, որ խաղաղութունը գալիս է պատերազմից յետոյ, ինքնստինքեան եւ յաղթող կողմն է բերում այն, իսկ պարտուող կողմին ստիպում են ընդունել խաղաղութիւնը:

Գալով մեր իրավիճակին՝ Արցախը որպէս յաղթող երկիր եւ ժողովուրդ, արդէն 26 տարի ընդունել է խաղաղութիւնը եւ ապրում ու բարգաւաճում է այդ խաղաղաղութեան արդիւնքում: Այսօրուայ շեփորահարուող խաղաղութիւնը արդեօք մեր տարածքների զիջումներին ժողովրդին նախապատրաստելու քարոզչութիւն չէ՞: Եւ որպէսզի այն մերկապարանոց չհնչի մեր վարչապետը յայտարարում է, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պիտի ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար եւ որ դա իր ներդրումն է Ադրբեջանի ժողովրդին խաղաղութեան նախապատրաստելու գործում»:

Այդ ո՞ր իրաւունքով ենք Ադրբեջանի ժողովրդի մասին մտածելու:

Ո՞ւր էր մեր վարչապետը, երբ ադրբեջանցիները հայաթափում էին ողջ արցախեան տարածքը, ամենավայրի միջոցներով այրում էին հայերին իրենց տներում, սպաննում էին թուրքին յատուկ անմարդկային վայրագութեամբ: Արցախցի իւրաքանչիւր ընտանիք դեռ այդ կորուստների խորը սպիներով է ապրում: Եւ եթէ հիմա մեր վարչապետին թւում է, որ իր քարոզներով փոխելու է թուրք ժողովրդի վերաբերմունքը կամ յղկելու է նրանց, չարաչար սխալւում է: Նրանց արեան մէջ է այդ վայրագութիւնը, տիրելու, ուրիշի հողին ու ունեցուածքին տէր կանգնելու, իրենցը դարձնելու մոլուցքը:

Իսկ մեր ժողովրդին անհրաժեշտ է մտքով, հոգով, տնտեսապէս եւ զէնքով պատերազմին նախապատրաստել:

Բաւական է, որքան յոյսներս դնենք Մինսկի եւ այլ խմբակների, երկրների միջնորդութեանը: Ոչ մէկը չի կարող պաշտպանել մեզ այնպէս, ինչպէս ինքներս մեզ կարող ենք պաշտպանել:

Առանց պատերազմի խաղաղութիւն չես շահի, խաղաղութիւնը չեն մուրում այն շահում են եւ արդէն Արցախցին անցել է այդ ճանապարհի դառնութիւնը մի քանի անգամներ, պատրաստ է պատերազմով պաշտպանելու իր իւրաքանչիւր թիզ հողը, գիտէ խաղաղութեան գինը, մնում է մենք՝ ժողովուրդս միահամուռ ոտքի կանգնենք եւ թիկունք կանգնենք ու մասնակցենք դրան, մերժենք որեւէ զիջում, որեւէ պարտադրանք, որեւէ փոխանակում:

Ժամանակն է, որ ոչ թէ մեր ժողովրդին, ես Արցախի ժողովրդին էլ նկատի ունեմ, որպէս ամբողջական միաւոր, հաշտեցնենք քարոզչութիւններով հողերի զիջմանն ու այդ անհեթեթ խաղաղութեան հաշտեցման բարբաջանքին, այլ բարձրաձայնենք եւ պահանջենք աւելին՝ 1921թ. բոլշեւիկների առանց մեր լիազօրութեան մեր տարածքների անօրէն յանձնումը Ադրբեջանին, դեռ աւելին՝ մինչեւ իսկ նրանց առ ու ծախը քեմալականների հետ, պահանջենք դրանց լուծարքը:

Բաւ է այլեւս կորցնողի եւ զիջողի հոգեբանութեամբ մեր այս հոգեմաշ խնդրող-սպասողի գոյատեւումը:

Մեր երկրի տարածքները պաշտպանելը մինչեւ օրս յանձնել էինք մեր իշխանութիւններին, բայց ինչպէս տեսնում ենք իշխանութիւնները իրենց շահերն են տեսնում այդ իրաւունքների մէջ, ուստի մեր պարտքն է նրանց ուղղորդելը եւ այս գործում մեծ անելիք ունի ՀՅԴ, որը միշտ եղել է առաջատար ուժ Արցախի ազատագրման մէջ:

Մինչ մեր պաշտպանութեան նախարարը հանգստացնում է մեզ, որ անհանգստանալու պատճառ չունենք, միւս կողմից լսում ենք Ադրբեջանի յայտարարութիւնները ողջ Հայաստանը իրենցը համարելու յոխորտանքները, տեսնում ենք թէ Ադրբեջանը ռազմական ինչպիսի թէժ պատրաստութեան մէջ է, յատկապէս իր դիրքերն է ամրացնում Նախիջեւանում:

Մենք պարտաւոր ենք սթափօրէն ընդունելու պատերազմի վտանգը եւ ազգովին նախապատրաստուելու պատերազմին, որ յետոյ ըստ մեր ազգային սովորութեան իրար չմեղադրենք:

Ժամանակն է ոտքի կանգնենք եւ պաշտպանենք ոչ միայն մեր ներկայ տարածքները, այլեւ անցեալ իրաւունքները:

15 Մարտ, 2019թ.

Սան Ֆրանսիսքօ

asbarez.com/arm/341472/Խաղաղութեան-Չեն-Նախապատրաստւում-Պատ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail