02-04-2019 16:47:13 | Հայաստան | Հասարակություն
Պատերազմ չլինելու միակ երաշխիքը մեր ամբողջական ուժի և սթափ գիտակցության մեջ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատերազմ չլինելու միակ երաշխիքը մեր ամբողջական ուժի և սթափ գիտակցության մեջ է:
Այս մասին Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը:
Ըստ նրա՝ Հայոց բանակը Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորն է և պետական դաշտում կայացած միակ կառույցը:
«Պատերազմը մինչ օրս չի ավարտվել, ժամանակավոր զինադադարը չի նշանակում պատերազմի ավարտ, և ոչ էլ որևէ մարտական գործողության վերսկսում՝ լինի լայնամասշտաբ, տեղային, թե
դիվերսիոն, դա չի նշանակում նոր սկիզբ: Դա պարզապես Ադրբեջանի ձեռագիրն է, որը եղել է միշտ: Ապրիլյանով սկսվեց թշնամու առաջխաղացումը, որը կարող էր և բերել հետագայում լայնամասշտաբ գործողությունների, այսինքն՝ տվյալ մարտական գործողությունները կարող էին զարգանալ, դառնալ լայնամասշտաբ գործողություններ»,- նկատեց Գ. Գևորգյանը:
Նրա խոսքերով՝ այդ ժամանակ Հայաստանը քաղաքական-բանակցային դաշտում ուներ բավականին ամուր դիրքեր, ինչը նպաստել է, որպեսզի Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով խնդրի դադարեցնել ռազմական գործողությունները:
Անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարություններին՝ ռազմական գործիչն ընդգծեց, որ անկախ անձերից, ՀՀ ՊՆ ղեկավարը չի կարող պարտվողական մտածելակերպ ունենալ, հետևաբար նախարար Տոնոյանի հայտարարությունները նա ողջունելի համարեց:
Գ. Գևորգյանի կարծիքով՝ նախկին իշխանությունների օրոք էլ ՊՆ ղեկավարությունն այլ դիրքորոշում և օրակարգ չի ունեցել:
«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն էլ նշեց, որ Ապրիլյան պատերազմից շատ-շատ դասեր
կարելի է քաղել թե ռազմավարական, թե դիրքային առումով:
«Ինչ վերաբերում է մեր բանակին, այո՛, ես միշտ վստահ եմ ու հաճախ եմ ասում, որ այդ 18 տարեկան զինվորներին դիրքերի վրա տեսնելով՝ ես ավելի հանգիստ եմ վերադառնում»,- շեշտեց Վ. Սիսլյանը:
nt.am/am/news/266838/